Գլխավոր տեղեկություն
Համար
N 760-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 760-Ն

 

ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 14-րդ ենթակետը, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) զենքի հարդարման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զենքի հարդարման լիցենզիայի ձևը (Ձև 2)՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 18-ի N 760-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերի (այսուհետ՝ զենք) հարդարման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` դիմումատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Զենքի հարդարման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներով ու սույն կարգով:

3. Հայաստանի Հանրապետությունում զենքի հարդարման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՆԳՆ):

(3-րդ կետը փոփ. 27.06.24 N 969-Ն)

4. Լիցենզիա ստանալու համար ՀՀ ՆԳՆ դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:

(4-րդ կետը փոփ. 27.06.24 N 969-Ն)

5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Լիցենզավորված իրավաբանական անձինք պարտավոր են գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

7․ Լիցենզավորման ենթակա զենքի հարդարումը ներառում է զենքի գեղարվեստական ձևավորում, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում։

 

2. ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև հարդարում իրականացնողների, հարդարման ծառայությունից օգտվողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի հարդարման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձանց շենքային, տեխնիկական, տնտեսական պահանջները, այդ թվում՝ զենք պահելու համար նախատեսված զետեղարանները պետք է համապատասխանեն սույն կարգով նախատեսված պայմաններին և պահանջներին:

9․ Զենքի հարդարման լիցենզավորումը թույլատրվում է հարդարման վայրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված իրավաբանական անձանց կողմից զենքը պահելու պայմաններին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար ոստիկանության կողմից համաձայնություն ստանալուց հետո։

10. Զենքի հարդարման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

1) ունենալ իրավաբանական անձի տարածքում պահեստային շինություններ, զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ.

2) իրավաբանական անձի տարածքի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով.

3) տարածքի բոլոր մուտքերի դռները պետք է ունենան անվտանգային ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.

4) շինության, ինչպես նաև անմիջականորեն զենքի հարդարում իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը հարդարում իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի հարդարում իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Զենքի հարդարում իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

11. Դիմումատուն ՀՀ ՆԳՆ է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու դիմում՝ Ձև 1, նշելով՝

ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը դիմումատուն մտադիր է իրականացնել.

2) զենքի հարդարման համար նախատեսված շինության կամ տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, կամ շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման կնքված պայմանագրի պատճենը.

3) զենքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին դիմումատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի պատճենները և զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը.

4) հարդարում իրականացնող անձի անձնագրի և աշխատանքային պայմանագրի պատճենները, զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը․

5) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը.

6) պետական ռեգիստրի գրանցման վկայականի և կազմակերպության կանոնադրության պատճենները:

(11-րդ կետը փոփ. 27.06.24 N 969-Ն)

12. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ՀՀ ՆԳՆ հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

(12-րդ կետը փոփ. 27.06.24 N 969-Ն)

 

 

3. ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

13. ՀՀ ՆԳՆ ստուգում է դիմումատուի կողմից դիմումին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 10-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում ՀՀ ՆԳՆ դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:

(13-րդ կետը փոփ. 27.06.24 N 969-Ն)

14. ՀՀ ՆԳՆ, դիմումատուի կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիան կամ, «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, մերժում է լիցենզիայի տրամադրումը:

(14-րդ կետը փոփ. 27.06.24 N 969-Ն)

15. Լիցենզիայի դիմումի մերժման դեպքում ՀՀ ՆԳՆ դիմումատուին գրավոր ներկայացնում է լիցենզիա ստանալու դիմումը մերժելու որոշումը:

(15-րդ կետը փոփ. 27.06.24 N 969-Ն)

16․ Լիցենզիան տրվում է անժամկետ:

17. Լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված և սահմանված ժամկետում այդ թերությունները չեն վերացվել.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կարգի պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի հարդարմամբ.

4) ապահովված չեն սույն կարգով սահմանված պահանջները կամ պայմանները.

5) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

18. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով:

 

Ձև 1

 

______________________________________________

______________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

______________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

______________________________________________

(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

______________________________________________

(պետական գրանցման համարը)

 

ԴԻՄՈՒՄ

 

ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Խնդրում եմ ինձ տալ ________________________________________________________________________

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. __________________________________________________________________________

2. __________________________________________________________________________

3. __________________________________________________________________________

4. __________________________________________________________________________

5. __________________________________________________________________________

6. __________________________________________________________________________

7. __________________________________________________________________________

8. __________________________________________________________________________

9. __________________________________________________________________________

10. __________________________________________________________________________

 

_____________________________________________________________________________

 

Դիմումատու

____________________

(ստորագրությունը)

 

_____________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 ____ ______________ 20   թ.

(հավելվածը փոփ. 27.06.24 N 969-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 18-ի N 760-Ն որոշման

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

Զ Ե Ն Ք Ի  Հ Ա Ր Դ Ա Ր Մ Ա Ն

 

Սերիա - ՀԳԼ

N___________________

 

Իրավաբանական անձի անվանումը 

 

______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
   
Գտնվելու վայրը
(հասցեն)
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
   

Գործունեության իրականացման
վայրը (հասցեն)

 

______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
   
Գործողության ժամկետը ______________________

 

ՀՀ ներքին գործերի նախարար

 

______________
(ստորագրությունը)

________________
 (անունը, ազգանունը)

     

Կ. Տ.

______ _____________20 թ.  

 

(հավելվածը խմբ. 27.06.24 N 969-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.06.2024, N 969-Ն 28.06.2024, N 760-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան