Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-51-Ո-Կ-5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.06.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-51-Ո-Կ-5

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի 
նախագահ

Կ. Անդրեասյանի

 

մասնակցությամբ՝

անդամներ


 

 

 

Ա. Աթաբեկյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Մ. Համբարձումյանի

Էդ. Հովհաննիսյանի

Ք. Մկոյանի

Վ. Քոչարյանի

 

Արդարադատության նախարարի տեղակալ
 

Լ. ԲալՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ


Վճռաբեկ դատարանի դատավոր

Հ. ՍանոՅԱՆԻ
Ա. Սուջյանի

 

Ն. ՀովսեփՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

 

Թ․ Ղուկասյանի

 

2024 թվականի հունիսի 13-ին 

 ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 37-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարությունում 09.02.2023 թվականին ստացված քաղաքացի Ռոբերտ Խաչատրյանի հաղորդումը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի 09.02.2024 թվականի թիվ 17-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 10.04.2024 թվականի թիվ 32-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 22.04.2024 թվականի թիվ 37-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 13.05.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

10.06.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 13.06.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերից, Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 30.05.2019 թվականին և թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 23.02.2022 թվականին կայացրած որոշումներում, Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշմամբ արտահայտած դիրքորոշումներից, դրանց վերաբերյալ տրված մեկնաբանություններից բխում է, որ դատարանը կրում է եզրափակիչ դատական ակտը հրապարակելու պարտականություն, որը կատարվում է դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղելու եղանակով և եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելու պարտականություն, որը կատարվում է առձեռն հանձնելու կամ ուղարկելու եղանակով։

Ընդ որում, օրենսդիրը նշված պարտականությունների կատարման համար սահմանել է հստակ ժամկետներ։ Մասնավորապես վճռի հրապարակումը պետք է կատարվի գործի քննությունն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ կայացված վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել։

Հարկ է նշել, որ թե՜ դատական ակտը հրապարակելու, թե՜ դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ և այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ։

Քննարկվող դեպքում Դատարանը՝ ըստ հայցի Ռոբերտ Խաչատրյանի ընդդեմ «Իսթեյթ ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի՝ վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵԴ/0016/02/19 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) վճռի հրապարակման օր է նշանակել 01.03.2022 թվականը, մինչդեռ վճիռը «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) հրապարակվել է 26.02.2024 թվականին։ Փաստորեն եզրափակիչ դատական ակտը հրապարակվել է ոչ թե գործի քննության ավարտից հետո 15 օրվա ընթացքում՝ այլ ավելի քան 1 տարի 11 ամիս անց։ Գործով Դատարանի 01.03.2022 թվականի վճիռը դատավարության կողմերին է տրամադրվել 26.02.2024 թվականին։ Փաստորեն 01.03.2022 թվականի եզրափակիչ դատական ակտը դատավարության կողմերին տրամադրվել է ոչ թե դրա կայացման օրը կամ առնվազն դրան հաջորդ օրը, այլ հրապարակման նշանակման օրվանից ավելի քան 1 տարի 11 ամիս անց։

Խորհուրդը 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշման շրջանակներում անդրադարձել է նաև դատավարական ժամկետների խախտումներն արդարացնող հանգամանքներին: Խորհրդի իրավական դիրքորոշումը վերաբերում է ոչ թե առհասարակ դատավարական ժամկետի խախտման յուրաքանչյուր դեպքի, այլ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումներին։

Քննարկվող դեպքում պետք է արձանագրել, որ այն դեպքում, երբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման համար օրենքով սահմանված է տասնհինգօրյա ժամկետ, ապա նման ժամկետի ավելի քան 1 տարի 11 ամիսը գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող դիտարկվել դատավարական ժամկետի ողջամիտ խախտում։ Նույն կերպ և այն դեպքում, երբ վճիռը գործին մասնակցող անձին պետք է ուղարկվի դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչև այդ առձեռն չի հանձնվել, ապա նման ժամկետների ավելի քան 1 տարի 11 ամիսը գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող դիտարկվել դատավարական ժամկետի ողջամիտ խախտում։ Բացի այդ, կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատական ակտերի հրապարակման և դատավարության կողմին տրամադրման օրենսդրական ժամկետների խախտումը պայմանավորված չի եղել առավել կարևոր շահի պաշտպանության անհրաժեշտությամբ, ուստի Դատավորն իր վրա դրված պարտականությունները պետք է կատարեր օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում։ Ընդ որում, Դատավորի կողմից վճիռը հրապարակվել և դատավարության կողմերին է տրամադրվել Որոշումը ստանալուց հետո միայն։

Արդյունքում, Գործով Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջը։

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգրքի) 8-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ օրենսդրի կողմից սահմանվել են անհրաժեշտ ու բավարար կարգավորումներ՝ ուղղված դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալուն, ինչը հանդիսանում է երաշխիք նրանց կողմից դատական մատչելիության ու արդար դատաքննության իրենց իրավունքներն արդյունավետ իրացնելու համար, իսկ դրանց ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ՝ բոլորի համատեղ չպահպանումը կարող է հանգեցնել ուշացած արդարադատության։

Դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունն անհրաժեշտ է դիտարկել անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի, դրա տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում։

Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը։ Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։ Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) մի շարք գործերով արտահայտել է դիրքորոշում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ (տե՜ս Stögmülller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը)։

Սահմանադրական դատարանը ևս իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ անդրադարձել է գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջին (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010):

Խորհուրդը նախկինում կայացված որոշմամբ պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը դիտարկել է որպես դատարանի մատչելիության իրավունքի դրսևորում, միաժամանակ օրենքով սահմանված դատավարական ժամկետների իմպերատիվ բնույթի առնչությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով։»։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումներից հետևում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված կարգով և եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին։

Քննարկվող դեպքում Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով սահմանափակվել է Գործով դատավարության կողմերի՝ իրենց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։ Մասնավորապես՝ Դատարանի դրսևորած անգործության արդյունքում Գործով հայցվորը տևական ժամանակ զրկվել է գումարի բռնագանձման վերաբերյալ վճռի հիման վրա ակնկալվող իր ֆինանսական միջոցները տնօրինելու, իսկ պատասխանողը՝ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից։

Այսպիսով՝ Դատարանը, խախտելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, դրանով իսկ սահմանափակել է դատավարության կողմերի՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, ինչը հանգեցրել է դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման։

Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված բացատրությանը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորը չի հերքում իր կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի խախտումներ թույլ տալը, սակայն դատավարական ժամկետները չպահպանելը պատճառաբանում է առողջական վիճակի հետ կապված խնդիրներով, որոնք, ըստ Դատավորի, անհնար են դարձրել մինչև 26.02.2024 թվականը Գործով վճռի հրապարակումը և այն դատավարության կողմերին տրամադրելը։

Դատավորի բացատրությունից և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինիս առողջության հետ կապված խնդիրները ծագել են Գործով վճռի հրապարակման օր հայտարարված ժամկետից հետո, մասնավորապես՝ Դատավորը վճռի հրապարակման օր է նշանակել 01.03.2022 թվականը, մինչդեռ՝ ոտքը կոտրել է 06.03.2022 թվականին։

Նշված հանգամանքով պայմանավորված Դատավորը մինչև 01.05.2022 թվականը գտնվել է անաշխատունակության մեջ։ Դատավորն անաշխատունակության, ինչպես նաև արձակուրդի մեջ է գտնվել նաև 08.08.2022 թվականից մինչև 19.09.2022 թվականը։ Դատավորը նշում է, որ դրանից հետո, շուրջ երեք անգամ, վերջինը՝ 19.10.2022 թվականին ենթարկվել է վիրահատական միջամտության, սակայն մեկամսյա ժամկետում երեք անգամ վիրահատական միջամտությանը ենթարկվելու փաստով պայմանավորված անաշխատունակության մեջ գտնվելու հանգամանքի վերաբերյալ Դատավորի կողմից ապացույց չի ներկայացվել:

Վերոգրյալ փաստերից հետևում է, որ 02.05.2022 թվականից մինչև 07.08.2022 թվականը, շուրջ 3 ամիս Դատավորը ներկայացել է աշխատանքի, սակայն կրկին ձեռնպահ է մնացել իր դատավարական պարտականությունները կատարելուց։ Միաժամանակ ընդունելի համարելով 19.09.2022 թվականից մինչև 19.10.2022 թվականն անաշխատունակության մեջ գտնվելու վերաբերյալ Դատավորի փաստարկը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորի՝ առողջության հետ կապված խնդիրներն ավարտվել են 19.10.2022 թվականին, սակայն նշված ժամկետից հետո մինչև 26.02.2024 թվականը, այսինքն՝ 1 տարի 4 ամսվա ընթացքում կրկին չի հրապարակել և դատավարության կողմերին չի տրամադրել 01.03.2022 թվականին կայացված եզրափակիչ դատական ակտը։

Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն։

Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 5-րդ մասը՝ վարույթ հարուցած մարմինը գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կատարել օրենքով սահմանված ժամկետում դատական ակտերը հրապարակելու, գործին մասնակցող անձանց ուղարկելու դատավարական պարտականությունները։

Դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորը վարույթ հարուցած մարմին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, որ Ռոբերտ Խաչատրյանը 09.02.2023 թվականին խնդրել է Արդարադատության նախարարին Օրենսգրքի 69-րդ, 70-րդ, 142-րդ, 149-րդ հոդվածների կարգավորումներով հարուցել կարգապահական վարույթ իր նկատմամբ՝ պատճառաբանելով, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում՝ 01.03.2022 թվականի դատական ակտը չի հրապարակվել։ Կարգապահական վարույթը հարուցվել է 09.02.2024 թվականին, որի նյութերն ինքը ստացել է 13.02.2024 թվականին։ Նշված վարույթը հարուցվել է Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 4-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով։

Դատավորը նշել է, որ Ռոբերտ Խաչատրյանի ներկայացուցիչը 26.02.2024 թվականին ստացել է վճիռը, այն հրապարակվել է։ Նաև 06.03.2022 թվականին կոտրել է ոտքը և մինչև 01.05.2022 թվականը գտնվել է անաշխատունակության մեջ, 08.08.2022 թվականից մինչև 07.09.2022 թվականը գտնվել է արձակուրդում, սակայն վատառողջ լինելու պատճառով գտնվել է անաշխատունակության մեջ մինչև 19.09.2022 թվականը։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ 3 անգամ, վերջինը՝ 19.10.2022 թվականին, ենթարկվել է վիրահատական միջամտության, դրանից հետո բազմիցս գտնվել է բժշկի հսկողության ներքո։

Ըստ Դատավորի՝ նշված հանգամանքները հաստատում են, որ ուշացումը եղել է առողջական վիճակով պայմանավորված և նշված պատճառաբանությամբ էլ ղեկավարվելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի պահանջներով խնդրել է վարույթը կարճել։ Նշել է, որ ի հավաստումը ներկայացնում է անաշխատունակության թերթիկների, արձակուրդ տրամադրելու հրամանի և դատական ակտի ստացման լուսապատճենները։

Դատավորը 10.06.2024 թվականին կայացած Խորհրդի նիստի ընթացքում հայտնել է, որ 2020 թվականից մինչև 2021 թվականի հունվար ամիսն իր կյանքում տեղի են ունեցել անդառնալի կորուստներ, բացի այդ ոտքի կոտրվածքի և առողջական այլ խնդիրներով պայմանավորված գտնվել է անաշխատունակության վիճակում, սակայն ինքը տվյալ ժամանակահատվածում ևս պարտաճանաչ կերպով ձեռնամուխ է եղել իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը, միաժամանակ նշելով, որ Գործով թույլ տրված թերացումը պայմանավորված է եղել իր կամքից անկախ հանգամանքներով:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. Դատարանի 23.04.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ռոբերտ Խաչատրյանի հայցն ընդդեմ «Իսթեյթ ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ՍՊԸ՝ վնասի հատուցման պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0016/02/19)։

4.2. Դատարանը վճռի հրապարակման օր է նշանակել 01.03.2022 թվականը։

4.3. Դատարանի 01.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է և վճռվել է «Իսթեյթ ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ից հօգուտ Ռոբերտ Խաչատրյանի բռնագանձել 5.100.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցման գումար և 102.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել նաև 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար և 112.000 ՀՀ դրամ՝ որպես կատարված փորձաքննության գումար։

4.4 Վճռի հրապարակման և դատավարության կողմերին դրա օրինակը տրամադրելու պարտականությունը Դատավորի կողմից կատարվել է 26.02.2024 թվականին։

4.5. Դատավորը 2022 թվականի ընթացքում մարտ ամսից մինչև մայիսի 1-ը, սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 18-ը գտնվել է անաշխատունակության մեջ, իսկ մինչ այդ՝ 2020 թվականից 2021 թվականի հունվար ամիսն ընտանիքում ունեցել է անդառնալի կորուստներ:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք թիվ ԵԴ/0016/02/19 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում,

- եթե Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում, ապա արդյո՞ք այն կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Արդարադատության նախարարի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի վերաբերյալ հարցադրմանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է վճիռ:

Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Խորհուրդն իր մի շարք որոշումներով արձանագրել է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ, ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն: Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:

Այդուհանդերձ Խորհուրդն արձանագրում է, որ դատավարական ժամկետների խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով, հակառակ դեպքում անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ Դատարանը վերը նշված վճիռը կայացնելու ժամանակ չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտը օրենքով սահմանված ժամկետում չի հրապարակել և չի ուղարկվել դատավարության մասնակիցներին:

Տվյալ դեպքում Դատարանը, հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած դատական նիստում Գործի քննությունը հայտարարելով ավարտված, դատական ակտի հրապարակման օր է նշանակել՝ 01.03.2022 թվականը, մինչդեռ, այն դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և «Իսթեյթ ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի ներկայացուցչին առձեռն հանձնել է 26.02.2024 թվականին, այն է՝ սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 11 ամիս անց:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտումն ակնհայտ բնույթ է կրում: Խախտված դատավարական նորմը հստակ և որոշակի ամրագրված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին: Քննարկվող իրավիճակում դատավարական ժամկետի խախտման փաստի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, հետևաբար Դատավորի կողմից վճռի հրապարակման հայտարարված օրվանից ավելի քան 1 տարի 11 ամիս հետո հրապարակելը, ինչպես նաև վճռի օրինակը դատավարության կողմերին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելն իր մեջ անհերքելիորեն պարունակում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված իրավանորմերի խախտման հատկանիշներ:

Խորհուրդը 2018 թվականից 2022 թվականը ներառյալ, Դատավորի ունեցած ծանրաբեռնվածության և մինչև սույն կարգապահական վարույթով որոշման կայացման ժամանակահատվածում Դատավորի կյանքում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների հաշվառմամբ՝ ոչ նպատակահարմար համարելով դատավորի վարքագծի կանոնի խախտման փաստի արձանագրումը, հարկ է համարում քննարկման առարկա դարձնել Դատավորի մեղավորության հարցը, որի համատեքստում կարևորում է արձանագրել հետևյալը.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որն, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում՝ դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են, քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական խախտման տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ և օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն: Այսպիսով, օրենսդիրը սահմանելով դատավորի համար կարգապահական պատասխանատվություն առաջացնող հիմքերը, առանձնացրել է կարգապահական խախտման զանցակազմում, ի թիվս այլնի, նաև զանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ մեղքը, իր դրսևորման ձևերով: Հարկ է արձանագրել, որ զանցակազմի տարրերից յուրաքանչյուրն առանձին անհրաժեշտ է, իսկ բոլորը միասին միայն՝ բավարար, որպեսզի առաջանա դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքը: Այսպիսով ակնհայտ է, որ Օրենսգրքի իրավակարգավորումներից ուղղակիորեն հետևում է, որ կարգապահական պատասխանատվություն կարող է առաջանալ միայն Օրենսգրքով նախատեսված արարքում դատավորի մեղքը հաստատված լինելու դեպքում: Հետևաբար մեղքը, որպես կարգապահական խախտման զանցակազմի սուբյեկտիվ կողմի դրսևորում, հանդիսանում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունն ամբողջացնող և թույլատրող վավերապայման:

Տվյալ դեպքում 10.06.2024 թվականին տեղի ունեցած նիստի ընթացքում հայտնված դիրքորոշմամբ Դատավորը նշել է, որ Գործով թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը պայմանավորված է եղել իր կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ իրադարձություններով, մասնավորապես՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում սխրագործությամբ անմահացել է իր որդին, որից հետո ևս ունեցել է անդառնալի կորուստ՝ վախճանվել է հայրը, ինչպես նաև վերոնշյալ դեպքերին հաջորդել են Դատավորի առողջական վիճակի հետ կապված խնդիրները, որոնք արտահայտվել են երկարատև հիվանդությամբ և ոտքի կոտրվածքի հետևանքով տարած վիրահատություններով:

Այս համատեքստում կարևոր է քննարկման առարկա դարձնել նաև ծանր հոգեբանական վիճակի առկայությունը, որն առաջացել է մի շարք իրադարձությունների արդյունքում, որոնք չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունեցել Դատավորի հոգեբանական վիճակի վրա: Մասնավորապես, հոգեբանական ծանրաբեռնվածությունը կարող է արտահայտվել այնպիսի իրավիճակներում, երբ մարդու օրգանիզմը ստացված լուրերի և/կամ իրադարձությունների հետևանքով առաջացած սթրեսի արդյունքում հայտնվում է ծանր հոգեբանական վիճակում: Նման դեպքերում կարևոր է դիտարկել օբյեկտիվ կողմի առկայությունը՝ պայմանով, որ կա նաև սուբյեկտիվ կողմ, որը բաղկացած է նման իրավիճակում հայտնված կոնկրետ անձի հոգեֆիզիոլոգիական որոշակի հատկանիշներից։ Այս պարագայում մեղքի բացակայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է անձի հոգեֆիզիոլոգիական որոշակի վիճակի և օբյեկտիվ չափանիշներից առնվազն մեկի, այն է՝ հոգեբանական ծանրաբեռնվածության առկայությունը:

Խորհուրդը վերոնշյալ անձնական բացառիկ հանգամանքների անհերքելի գոյության հաշվառմամբ անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման մեջ Դատավորի մեղավորության հարցին՝ հարկ է համարում արձանագրել, որ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում Դատավորի որդու՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի սխրագործությամբ անմահանալը, Դատավորի հոր անդառնալի կորուստը, երկարատև հիվանդությունից հետո վերականգնման տևականությունը, ինչպես նաև տարած վիրահատությունների չափազանց մեծ ազդեցությունը Դատավորի ներաշխարհի վրա, անկախ իր կամքից, ստեղծել են հոգեբանական այնպիսի իրավիճակ, որի պարագայում Դատավորը, հոգեբանորեն ծանրաբեռնված լինելով, օբյեկտիվորեն զրկված է եղել կարգապահական խախտման զանցակազմն ամբողջացնող՝ մեղավորության ենթադրյալ գոյությունը գնահատելու և իր գործողության (անգործության) վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելուն ուղղված անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից:

Դատավորին վերագրվող դատավարական իրավունքի խախտման մեջ մեղքի առկայության գնահատման համատեքստում անհրաժեշտ է նաև արձանագրել, որ թեև Դատավորի կյանքում տեղի ունեցող վերոնշյալ իրադարձությունների հետ կապված հոգեբանական ապրումները ձևավորել են սթրեսային ծանր հոգեվիճակ, սակայն դա չի խոչընդոտել ծանրաբեռնվածության պայմաններում իր աշխատանքային պարտականությունները կատարելուն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելուն՝ արտահայտված 2018 թվականից 2022 թվականը ներառող ժամանակահատվածում Դատավորի կողմից ավարտված գործերի քանակով, ինչը Դատավորի հոգեբանական ծանր վիճակի հետ համադրության արդյունքում Խորհրդին տալիս է իրավաչափ և բավարար հիմք արձանագրելու, որ վերոնշյալ ժամանակահատվածում աշխատանքային գործընթացը կազմակերպվել է որոշակի թերացումներով և Գործով թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը պայմանավորված է եղել իրենից անկախ հանգամանքների ուժով հոգեբանական ծանր վիճակում գտնվելով, ինչն էլ օբյեկտիվորեն բացառում է վերագրվող արարքում Դատավորի մեղավորությունը:

Վերոնշյալի ամփոփման արդյունքում Խորհուրդը գտնում է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտման հատկանիշներ պարունակող արարքը, մասնավորապես, թիվ ԵԴ/0016/02/19 քաղաքացիական գործով վճիռը 01.03.2022 թվականին հրապարակելու փոխարեն օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 11 ամիս անց՝ 26.02.2024 թվականին դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը մեղքի բացակայության պարագայում բացառում է Դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 10-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

Անդամներ`


 

 

Ա. Աթաբեկյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Մ. Համբարձումյան

Էդ. Հովհաննիսյան

Ք. Մկոյան

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: