Գլխավոր տեղեկություն
Համար
N 195-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.06.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2024

600.0195.19.06.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունիսի 2024 թվականի

N 195-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 122-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի «Միջազգային կապուղիների և տվյալների հոսքերի աշխարհագրական երթուղիների համաձայնեցման մասին» N 122-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (այսուհետ՝ Օպերատոր) Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանը հատող միջազգային կապուղիների կամ տվյալների հոսքերի վարձակալման կամ ձեռքբերման դեպքում, նախքան այդ կապուղիների կամ հոսքերի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս աշխարհագրական երթուղու (այսուհետ՝ Երթուղի) կազմակերպումը նախապես ստանում է դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) համաձայնությունը.

2) Հանձնաժողովը Երթուղու կազմակերպման վերաբերյալ Օպերատորի դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնին (այսուհետ՝ Իրավասու մարմին)՝ ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից դիրքորոշում ստանալու նպատակով.

3) Իրավասու մարմինը Հանձնաժողովի կողմից Երթուղու կազմակերպման վերաբերյալ Օպերատորի դիմումը ստանալուց հետո, երեսուն աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ դիրքորոշումն ուղարկում է Հանձնաժողով: Լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված սույն ենթակետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել ևս երեսուն աշխատանքային օրով՝ այդ մասին տեղեկացնելով Հանձնաժողովին.

4) Երթուղու կազմակերպման համաձայնեցման գործընթացի շրջանակում՝ Օպերատորից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր): Հանձնաժողովը, սույն ենթակետում նշված լրացուցիչ տեղեկությունների (փաստաթղթեր) ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ տեղեկացվելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Օպերատորին և վերջինիս կողմից նշված տեղեկություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Իրավասու մարմնին.

5) Իրավասու մարմինը, սույն կետի 4-րդ ենթակետին համապատասխան տեղեկությունները (փաստաթղթերը) ստանալուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում դիմումի վերաբերյալ դիրքորոշումն ուղարկում է Հանձնաժողով։

6) Իրավասու մարմնի դիրքորոշումը սույն կետի 3-րդ կամ 5-րդ ենթակետերով սահմանված ժամկետներում չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական.

7) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում սույն կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև սույն կետի 5-րդ ենթակետի համաձայն Հանձնաժողովին Իրավասու մարմնի վերջնական դիրքորոշում ներկայացնելը, իսկ չներկայացնելու դեպքում՝ մինչև նույն ենթակետում նշված ժամկետի ավարտը։

8) սույն կետի 3-րդ ենթակետով նշված՝ Իրավասու մարմնի դիրքորոշումը ստանալուց հետո, իսկ վերջինիս դիրքորոշումը չստանալու դեպքում՝ նույն ենթակետում նշված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը Օպերատորին Երթուղու կազմակերպման վերաբերյալ տրամադրում է համաձայնություն կամ մերժում համաձայնության տրամադրումը:

9) Երթուղու կազմակերպման վերաբերյալ Հանձնաժողովը համաձայնություն տրամադրում կամ մերժում է գրավոր, ընդ որում համաձայնության տրամադրման դեպքում Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել նաև Երթուղու կազմակերպման պարտադիր պայմաններ.

10) Հանձնաժողովը Երթուղու կազմակերպման վերաբերյալ համաձայնության տրամադրումը մերժում է, եթե Երթուղու կազմակերպումը Իրավասու մարմնի գնահատմամբ հակասում է ազգային անվտանգությանը կամ պետական շահերին.

11) Երթուղու կազմակերպման վերաբերյալ գործարքը կարող է կնքվել Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու պահից վեցամսյա ժամկետում, բացառությամբ՝ Օպերատորի հիմնավորմամբ Հանձնաժողովի որոշմամբ ավելի երկար ժամկետ սահմանվելու դեպքերի: Գործարքի կնքման նշված ժամկետը կարող է երկարաձգվել Օպերատորի դիմումի հիման վրա՝ այն Հանձնաժողովի կողմից հիմնավոր համարվելու դեպքում․

12) Երթուղու կազմակերպման վերաբերյալ գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Օպերատորը Հանձնաժողով է ներկայացնում դրա կնքումը հավաստող համապատասխան փաստաթղթի (այդ թվում՝ պայմանագիր, համաձայնագիր) պատճենը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս աշխարհագրական երթուղու կազմակերպման վերաբերյալ գործարքների կնքումը հավաստող համապատասխան փաստաթղթերի (այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր) պատճենները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

ք. Երևան

19 հունիսի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան