Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-114-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.07.2009-28.04.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.718
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի հունիսի 10-ին

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով կարգավորվում են իրավաբանական անձանց ֆիրմային անվանումների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները։

 

Հոդված 2. Ֆիրմային անվանումների մասին օրենսդրությունը

 

1. Ֆիրմային անվանումների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի փաթեթ, որն անհրաժեշտ է ֆիրմային անվանման գրանցման համար.

հայտատու՝ գրանցվող իրավաբանական անձի հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձ կամ գրանցված իրավաբանական անձ, որը հայտ է ներկայացնում պետական ռեգիստր, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

փորձաքննություն՝ ֆիրմային անվանման համապատասխանության ստուգումը ֆիրմային անվանման գրանցման համար սույն օրենքով սահմանված պահանջներին.

փորձաքննության եզրակացություն՝ ֆիրմային անվանման գրանցման կամ գրանցումը մերժելու մասին մտավոր սեփականության հարցերով պետական լիազոր մարմնի համապատասխան փորձագիտական եզրակացությունը.

փորձաքննության մարմին՝ մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը, սույն օրենքի համաձայն, իրականացնում է ֆիրմային անվանումների փորձաքննություն.

ապրանքային նշան՝ ապրանքային և (կամ) սպասարկման նշան:

(3-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-140-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 4. Ֆիրմային անվանումը

 

1. Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո առևտրային իրավաբանական անձը (այսուհետ՝ իրավաբանական անձ) իրականացնում է իր գործունեությունը և տարբերվում այլ իրավաբանական անձանցից:

2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական - իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն։

3. Ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև իրավաբանական անձի գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեության բնույթը բնորոշող բառեր, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա հիմնադիրները կամ մասնակիցները համարում են անհրաժեշտ։

4. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը և ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)՝ ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։

5. Առևտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին:

 

Հոդված 5. Ֆիրմային անվանումների իրավական պահպանությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց ֆիրմային անվանումների իրավական պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով դրանց գրանցման հիման վրա:

2. Օտարերկրյա պետությունում գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը տրամադրվում է սույն օրենքով նախատեսված իրավական պահպանություն, եթե այն տվյալ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի լայնածավալ օգտագործման հետևանքով համընդհանուր ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 6. Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների և անվանումների օգտագործումը

 

1. Ֆիրմային անվանման մեջ հանրահայտ (հայտնի, հռչակավոր) անձի անունը (լրիվ, կրճատ կամ կեղծանուն) կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ նրա մահվան դեպքում՝ նրա ժառանգների համաձայնությամբ։

2. Եթե հանրահայտ անձը կամ նրա անվան օգտագործման համաձայնություն տվող ժառանգները գտնում են, որ իրավաբանական անձի գործունեությունը ստվերում է հանրահայտ անձի հեղինակությունը (վարկը, համբավը, արժանապատվությունը), ապա նա կարող է դիմել դատարան՝ այդ անունը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու իրավունքից իրավաբանական անձին զրկելու և (կամ) պատճառած վնասները փոխհատուցելու պահանջով։

3. Ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

 

1. Ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացվում է պետական ռեգիստր:

1.1. Բանկերը, վարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի օպերատորները, Կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները կամ այդպիսի իրավաբանական անձանց հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

2. Ֆիրմային անվանման գրանցման հայտում նշվում են՝

1) գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա), հայտատուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն).

2) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:

3. Հայտին կցվում են՝

1) սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնությունը կամ թույլտվությունը.

2) լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

4. Հայտը ներկայացվում է հայերեն։

5. Հայտի ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ սույն հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

(7-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-140-Ն)

 

Հոդված 8. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխանող հայտն ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, պետական ռեգիստրը, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տվյալ հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է փորձաքննության մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման գրանցման հնարավորության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

2. Հայտն ստանալու օրվանից հետո` մեկօրյա ժամկետում, փորձաքննության մարմինն անցկացնում է փորձաքննություն՝ որոշելու համար գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված պահանջներին։ Փորձաքննության մարմինը փորձաքննությունն անցկացնում է մտավոր սեփականության հարցերով պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:

3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ բավարարված են սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները, և առկա չեն սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, ապա եզրակացություն է արվում ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին, որն էլեկտրոնային եղանակով մեկօրյա ժամկետում ներկայացվում է Պետական ռեգիստր, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

4. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ բավարարված չեն սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա են սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, ապա եզրակացություն է արվում ֆիրմային անվանման գրանցման անհնարինության մասին, որն էլեկտրոնային եղանակով մեկօրյա ժամկետում ներկայացվում է Պետական ռեգիստր, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

5. Ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Պետական ռեգիստրի, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարվում է տվյալ ֆիրմային անվանումով իրավաբանական անձի կամ նրա կանոնադրությանը համապատասխան` փոփոխության պետական գրանցում:

(8-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-140-Ն) 

 

Հոդված 9. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը

 

1. Որպես ֆիրմային անվանում` գրանցման ենթակա չէ այն անվանումը, որի տարբերակող նշանակության անունը՝

1) համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես որոշակի տեսակի ապրանքի, ծառայության կամ հաստատության անվանում.

2) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ կամ տերմին է.

3) նշում է ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, հատկությունը, արժեքը, ստեղծման նպատակը կամ գովազդում է դա.

4) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը կամ շփոթելու աստիճան նման է դրան: Միջազգային կազմակերպության լրիվ կամ կրճատ անվանմանը շփոթելու աստիճան նման անվանումը կարող է գրանցվել որպես ֆիրմային անվանում միայն տվյալ կազմակերպության համաձայնությամբ.

5) հանդիսանում կամ պարունակում է կեղծ կամ մոլորության մեջ գցող տեղեկություն.

6) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, առաջացնում կամ կարող է առաջացնել անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Որպես ֆիրմային անվանում` չեն կարող գրանցվել այն անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝

1) սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.

2) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որևէ ապրանքային նշանի, պայմանով, որ նշված ֆիրմային անվանման օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ապրանքային նշանի իրավատիրոջը:

3. Ֆիրմային անվանումները համարվում են շփոթելու աստիճան նման, եթե նրանց տարբերակող անունները նույնական կամ շփոթելու աստիճան նման են:

4. Ֆիրմային անվանումը համարվում է ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե նրա տարբերակող անունը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ապրանքային նշանին:

5. Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանմանը, ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման անվանումները կարող են գրանցվել միայն համապատասխանաբար` պահպանվող ֆիրմային անվանման, ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությամբ:

 

Հոդված 10. Ֆիրմային անվանումների փորձաքննության անցկացման տվյալների բազան և դրա համալրումը

 

1. Ֆիրմային անվանումների փորձաքննության անցկացման տվյալների բազան (փորձաքննության բազա), որը վարում է փորձաքննության մարմինը, ներառում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին, ինչպես նաև ապրանքային նշաններին վերաբերող տվյալներ:

2. Պետական ռեգիստրը եռամսյակը մեկ, մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, տեղեկություններ է տրամադրում փորձաքննության մարմնին՝ տվյալ եռամսյակում գրանցված իրավաբանական անձանց, դրանց լուծարման, ինչպես նաև դրանց ֆիրմային անվանումների փոփոխությունների մասին կատարված գրառումների վերաբերյալ:

3. Տրամադրվող տեղեկությունները պետք է պարունակեն իրավաբանական անձի պետական գրանցման համարը և թվականը, գտնվելու վայրը (հասցեն), իսկ լուծարման դեպքում՝ նաև իրավաբանական անձանց գրանցամատյանում այդ մասին գրառում կատարելու թվականը, ինչպես նաև նրա ֆիրմային անվանումն ու դրա գրանցման համարը, որը տվյալ ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին եզրակացության համարն է։

4. Ստացված տեղեկությունների հիման վրա փորձաքննության անցկացման մարմինը համապատասխան գրառումներ է կատարում փորձաքննության բազայում:

 

Հոդված 11. Ֆիրմային անվանումների գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը

 

1. Ֆիրմային անվանումների գրանցման վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` որպես գրանցված իրավաբանական անձանց մասին հրապարակվող տեղեկությունների մաս։

(11-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-140-Ն) 


 
Գ Լ ՈՒ Խ 4

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 12. Ֆիրմային անվանման օգտագործումը

 

1. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում իրավաբանական անձի կողմից այդ անվանման ներքո իրավունքներ և պարտավորություններ ձեռք բերելը, ապրանքներ արտադրելը, ծառայություններ մատուցելը և ֆինանսական գործառնություններ կատարելը:

2. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում նաև տվյալ իրավաբանական անձը նշելու նպատակով ֆիրմային անվանման կիրառումը ցուցանակների, կնիքների, դրոշմակնիքների, ձևաթղթերի, ազդագրերի, ապրանքների, դրանց փաթեթավորման, իրավաբանական անձի (արտադրողի կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակի վրա և իր կողմից արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գովազդներում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ կիրառումները։

3. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի ֆիրմային անվանումը՝ ավելացնելով ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը։

4. Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է, պայմանով որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան:

5. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում:

 

Հոդված 13. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը

 

1. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է տվյալ անվանումով իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից, պատկանում է տվյալ իրավաբանական անձին (այսուհետ նաև՝ ֆիրմային անվանման իրավատեր) և գործում է Հայաստանի Հանրապետությունում նրա գործունեության ողջ ընթացքում:

2. Սույն օրենքին համապատասխան գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ տվյալ իրավաբանական անձը բացառիկ իրավունք ունի`

1) օգտագործելու իր ֆիրմային անվանումը սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված ձևով.

2) արգելելու երրորդ անձանց` օգտագործել իր ֆիրմային անվանումը կամ դրան շփոթելու աստիճան նման անվանում կամ իր ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ֆիրմային անվանման իրավատիրոջը:

3. Ֆիրմային անվանումն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում իրավաբանական անձն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։

4. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը կարող է փոխանցվել միայն նրա վերակազմակերպման դեպքում։

 

Հոդված 14. Ֆիրմային անվանման գրանցման գործողության դադարեցումը

 

1. Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը զրկվում է գործունեության որոշակի ոլորտում ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից, եթե՝

1) օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.

2) օրենքով սահմանված դեպքերում դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.

3) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.

4) իրավաբանական անձը լուծարվել է։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 15. Ֆիրմային անվանումների հետ կապված վեճերի լուծումը

 

1. Ֆիրմային անվանումների գրանցման և օգտագործման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով։

 

Հոդված 16. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար

 

1. Ֆիրմային անվանման օգտագործման՝ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը խախտելու դեպքում նրան պատճառված վնասը պետք է հատուցի խախտողը:

2. Վնաս կրած իրավաբանական անձի պահանջով, նրա հեղինակությունը (վարկը) վերականգնելու նպատակով, խախտողի հաշվին, դատարանի համապատասխան որոշման մասին տեղեկություն է հրապարակվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ լրատվամիջոցում` նշելով նաև, թե ում է պատկանում խախտված իրավունքը։

3. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու դեպքում խախտողի պատրաստած ֆիրմային անվանմամբ ցուցանակները, կնիքները, դրոշմակնիքները, ձևաթղթերը, ազդագրերը և այլ տպագրական հրատարակություններ ենթակա են ոչնչացման։

 

Հոդված 17. Անցումային դրույթներ 

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած ֆիրմային անվանումները շարունակում են պահպանվել սույն օրենքով:

2. Ուժը կորցրած ճանաչել «Ֆիրմային անվանումների մասին  Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 11-ին ընդունված ՀՕ-20 օրենքը:

 

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-114-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2012, ՀՕ-130-Ն 25.07.2012, ՀՕ-114-Ն
19.03.2012, ՀՕ-56-Ն 28.04.2012, ՀՕ-114-Ն
08.06.2009, ՀՕ-140-Ն 11.07.2009, ՀՕ-114-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան