Գլխավոր տեղեկություն
Համար
N 641-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 641-Ն

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ուսումնական փամփուշտներ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 (վերնագիրը լրաց. 14.06.24 N 903-Ն)

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք և ուսումնական փամփուշտներ հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

28.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 27-ի N 641-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ուսումնական փամփուշտներ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը լրաց. 14.06.24 N 903-Ն)

1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների հատկացման կարգի հետ կապված հարաբերությունները։

(1-ին կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 14.06.24 N 903-Ն)

3. Ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների անհրաժեշտ քանակության հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

4. Հաշվառման հիման վրա, ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների պահանջվող քանակությունը ճշտելուց հետո, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։

(4-րդ կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ստանալով հայտը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն) հատկացնում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական զենքը և ուսումնական փամփուշտները:

(5-րդ կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

6. Ոստիկանությունն ուսումնական հաստատություններին ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների հատկացումն իրականացնում է ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանումների միջոցով։

(6-րդ կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

7. Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողն ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների պահման պայմանները և կազմում համապատասխան ակտ:

(7-րդ կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

8․ Զենք և ուսումնական փամփուշտներ պահելու պայմանների համապատասխանության դեպքում ուսումնական զենքը և ուսումնական փամփուշտները հանձնվում է ուսումնական հաստատության զենքի և ուսումնական փամփուշտների պահպանության համար պատասխանատու անձին և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:

(8-րդ կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

9. Ուսումնական հաստատությունները վարում են ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների, այդ թվում՝ նաև ի պահ հանձնված ուսումնական զենքի և ուսումնական փամփուշտների հաշվառման մատյան։

(9-րդ կետը լրաց. 14.06.24 N 903-Ն)

(հավելվածը լրաց. 14.06.24 N 903-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

28.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական: