ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 հունիսի 2024 թ. |
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ` ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարար Գ. Պապոյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի դեկտեմբերի 6-ին Ժնևում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի ապրիլի 4-ի N 476-Ա որոշմամբ հավանություն է տվել «2005 թվականի դեկտեմբերի 6-ին Ժնևում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Ժնևում՝ ստեղծված արտակարգ իրավիճակների վերացման նպատակով զարգացող և նվազ զարգացած երկրների համար թանկարժեք դեղորայքի հասանելիությունն ապահովելու նպատակով:
2. Համաձայն դիմումին կից ներկայացված Արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորման՝ Արձանագրությունը լրացրել է «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագիրը (ԹՐԻՓՍ համաձայնագիր) նոր՝ 31 bis հոդվածով և հավելվածով:
31 bis հոդվածի և ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելվածի դրույթների կիրառումն իրավունք է տալիս դեղամիջոցների ոչ բավարար արտադրական հզորություն ունեցող ԱՀԿ անդամ երկրներին արտակարգ իրավիճակների դեպքում դիմել ԱՀԿ այլ անդամի՝ իր երկրին անհրաժեշտ քանակությամբ դեղորայք ապահովելու համար:
Արձանագրությունը նախատեսում է նաև հարկադիր լիցենզիայի հիման վրա արտադրված դեղորայքի արտահանման մեխանիզմ, որի առավելությունը տեղական արտադրողների կողմից արտոնագրված թանկարժեք դեղամիջոցի արտադրության իրականացումն է դրա կարիքն ունեցող երկրի համար:
ԱՀԿ Գլխավոր խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Արձանագրությանն անդամ երկրների կողմից միանալու վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. 2024 թվականի փետրվարի 26-ի դրությամբ Արձանագրությանը միացել է 111 պետություն:
4. Արձանագրությամբ արգելվում են Արձանագրության որևէ դրույթի առնչությամբ վերապահումները՝ առանց մյուս Անդամների համաձայնության:
5. Համաձայն Արձանագրության 1-ին պարբերության՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Արձանագրության 4-րդ պարբերության համաձայն՝ Արձանագրությունն ուժի մեջ մտնելու պահից ԹՐԻՓՍ համաձայնագիրը փոփոխել Արձանագրության հավելվածում սահմանված կարգով՝ 31-րդ հոդվածից հետո ավելացնելով 31bis հոդվածը և 73-րդ հոդվածից հետո ավելացնելով ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելվածը:
Հիշյալ հավելվածն իր հերթին ունի առդիր, որով սահմանվում է դեղագործության ոլորտում արտադրական կարողությունների գնահատման կարգը, որի համաձայն` համարվում է, որ առավել թույլ զարգացած անդամ երկրները դեղագործության ոլորտում ունեն ոչ բավարար արտադրական կարողություններ կամ բացարձակապես չունեն այդպիսի կարողություններ, իսկ մյուս իրավասու Ներմուծող անդամների դեպքում տվյալ արտադրանքի համար արտադրական կարողությունների անբավարար լինելը կամ դրանց բացակայությունը կարող է սահմանվել հետևյալ եղանակներից որևէ մեկով. տվյալ անդամը սահմանել է, որ դեղագործության ոլորտում բացարձակապես չունի որևէ արտադրական կարողություն, կամ եթե անդամն այդ ոլորտում ունի որոշակի արտադրական կարողություն, ապա այն ուսումնասիրել է այդ կարողությունը և պարզել է, որ բացի արտոնագրատիրոջը պատկանող կամ նրա կողմից վերահսկվող կարողությունից՝ այն ներկայումս բավարար չէ իր կարիքները բավարարելու համար։ Երբ սահմանվում է, որ այդ կարողությունը դարձել է բավարար անդամի կարիքները բավարարելու համար, համակարգն այլևս չի կիրառվում:
6. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, ի հավելումն ԹՐԻՓՍ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների, ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.
1) չվիճարկել ԹՐԻՓՍ համաձայնագրի 31bis հոդվածի և ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելվածի դրույթներին համապատասխան ձեռնարկված միջոցները՝ ՍԱԳՀ 1994-ի (Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագիր) XXIII հոդվածի 1-ին պարբերության «բ» և «գ» ենթապարբերություններին համապատասխան (հոդված 31bis, պարբերություն 4),
2) ԹՐԻՓՍ համաձայնագրի 31bis հոդվածում և ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելվածում սահմանված համակարգի (համակարգ) շրջանակներում ներմուծվող արտադրանքի՝ դրա ներմուծման հիմքում ընկած հանրային առողջապահության նպատակներով օգտագործումն ապահովելու համար, որպես իրավասու Ներմուծող անդամ՝ Հայաստանի Հանրապետության հնարավորության սահմաններում, Հայաստանի Հանրապետության վարչական կարողություններին և առևտրի շեղման ռիսկին համաչափորեն ձեռնարկել ողջամիտ միջոցներ այն արտադրանքի վերաարտահանումը կանխելու համար, որը համակարգի շրջանակներում փաստացի ներմուծվել է Հայաստանի Հանրապետության տարածք (ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելված, պարբերություն 3),
3) ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությունն այն արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքը կանխելու համար, որոնք արտադրվել են համակարգի շրջանակներում և ուղարկվել են Հայաստանի Հանրապետության շուկա ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելվածի դրույթների խախտմամբ՝ օգտագործելով այն միջոցները, որոնք ԹՐԻՓՍ համաձայնագրով պահանջվում է, որ արդեն իսկ հասանելի լինեն (ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելված, պարբերություն 4),
4) ընդունել, որ ցանկալի է խրախուսել դեղագործական ոլորտում տեխնոլոգիաների փոխանցումը և կարողությունների զարգացումն այն խնդիրը վերացնելու համար, որին բախվում են դեղագործության ոլորտում ոչ բավարար կամ բացարձակապես որևէ կարողություն չունեցող անդամները, և համագործակցել ԹՐԻՓՍ համաձայնագրի 66.2-րդ հոդվածով, «ԹՐԻՓՍ համաձայնագրի և հանրային առողջապահության մասին» հռչակագրի 7-րդ պարբերությամբ ամրագրված առաջադրանքը կատարելիս, ինչպես նաև ԹՐԻՓՍ-ի հարցերով խորհրդի ցանկացած այլ վերաբերելի առաջադրանք կատարելիս դեղագործության ոլորտում տեխնոլոգիաների փոխանցմանը և կարողությունների զարգացմանը հատուկ ուշադրություն դարձնելու հարցում (ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելված, պարբերություն 6):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի դեկտեմբերի 6-ին Ժնևում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
4 հունիսի 2024 թվականի ՍԴՈ-1731 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ` ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1731 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2005 թվականի դեկտեմբերի 6-ին Ժնևում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1731 որոշմամբ որոշել է, որ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին Ժնևում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1731 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1731 որոշմամբ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին Ժնևում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
«04» հունիսի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական: