Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-127-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.699
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մայիսի 19-ին

 

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի 3-րդ հոդվածի 11-րդ կետում «(նրանցից մեկը հրավիրվում է այլ հոգեբուժական կազմակերպությունից)» բառերում «հոգեբուժական» բառը փոխարինել «բժշկական» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

 

«3. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ստացիոնար և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում «տրամադրվում են» բառից հետո հանել «միայն» բառը, իսկ նույն հոդվածը «կարգով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Հոգեբուժական ստացիոնարում հոժարակամ (կամավոր) կարգով գտնվող հիվանդի դուրսգրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ հիվանդի պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդը տվյալ պահին հասարակական վտանգ է ներկայացնում: Այս դեպքում հոգեբուժական այն կազմակերպության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում դիմում է դատարան` քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար: Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության տնօրենը գրավոր ծանուցում է հիվանդի օրինական ներկայացուցչին` ծանուցման մեջ նշելով դուրսգրման օրը և ժամը:»:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 1.2-րդ մասերով.

 

«1.1. Հոգեբուժական կազմակերպություն հոսպիտալացվող անձն իրավունք ունի`

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.

2) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.

3) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.

4) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.

5) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.

6) ստանալու իրավաբանական օգնություն.

7) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.

8) հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ թերթերի և ամսագրերի միջոցով` հաստատելով նամակագրական կապ, հանդիպելով այցելուների հետ.

9) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.

10) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.

11) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.

12) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների:

1.2. Սույն հոդվածի 1.1-րդ մասի 8-րդ, 9-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 12-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված և պարտադիր ամրագրվեն բժշկական փաստաթղթերում:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. հունիսի 9
Երևան
 ՀՕ-127-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան