Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2024

600.0217.03.07.24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 հուլիսի 2024 թվականի

N 217-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷՄՇ կանոնների 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«15. Արտառոց իրավիճակներում՝

1) ՊԷԱ կայանի և ՎԷԱ կայանի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքն իրականացվում է Երաշխավորված մատակարարին՝ Հանձնաժողովի սահմանած սակագներով,

2) ՀԷԱ կայանի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքն իրականացվում է Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողին՝ Հանձնաժողովի սահմանած սակագներով,

3) ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ՄԷԱ կայանի կողմից էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող այն ԷՄՇ առևտրի մասնակցին, որի հաշվեկշռման խմբում տվյալ ՄԷԱ կայանն ընդգրկված է՝ վերջիններիս միջև ձևավորված պայմանագրային գնով,

4) սույն կետի 1-3-րդ ենթակետերում չնշված մյուս դեպքերում էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողին՝ Հանձնաժողովի սահմանած Հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն գնով, բացառությամբ այն Արտադրողների, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է սակագին։ Այդ Արտադրողների դեպքում էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքն իրականացվում է Հանձնաժողովի սահմանած սակագնով: Նույն ժամանակ էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի կողմից՝ սույն ենթակետում նշված դեպքերում փաստացի ձևավորված՝ էլեկտրական էներգիայի վաճառքի միջին կշռված գնով:».

2) ԷՄՇ կանոնների 39-րդ կետի 5-րդ ենթակետում «սահմանաչափը» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Առևտրին մասնակցության սահմանաչափ)» բառերը.

3) ԷՄՇ կանոնների 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«47․ ԷՄՇ առևտրի մասնակիցը միևնույն Հաշվառման կետի մասով կարող է միևնույն ժամանակ ունենալ ՀՊԿԻ, ՀՊԿԽ, ՀՊԿԼ կամ ՀՊԿՄ կարգավիճակներից միայն մեկը և կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի հաշվեկշռման խմբում, բացառությամբ՝

1) այն Արտադրողների, որոնք միաժամանակ հանդես են գալիս որպես Երաշխավորված մատակարարի սպառողներ,

2) Մատակարարի հաշվեկշռման խմբում ներառված Արտադրողների, որոնց տվյալ հաշվառման կետում սպառման և արտադրության ուղղությունները ենթակա են գրանցման առանձին պրոֆիլներով,

3) այն դեպքի, երբ տվյալ Հաշվառման կետում ԷՄՇ տվյալ մասնակիցը միաժամանակ հանդես է գալիս որպես սպառող և Արտադրող, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի, և միաժամանակ տեղադրված է դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային առևտրային հաշվիչ, որի դեպքում վերջինս իրավունք ունի սպառման և արտադրության ուղղությունները գրանցել առանձին պրոֆիլներով,

4) ՊԷԱ և ԿԷԱ կայանների՝ ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերում։».

4) ԷՄՇ կանոնների 61-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությունում «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «՝ Մատակարարի հաշվեկշռման խմբում ընդգրկված յուրաքանչյուր հաշվառման կետի մասով, իսկ նշված ենթակետի «բ» պարբերությամբ պահանջվող տեղեկատվությունը Մատակարարման խմբի դեպքում լրացվում է միայն Մատակարարման խմբի մասնակից Սպառողի՝ ԷՀՑ կանոններին համապատասխանող Հաշվառման համալիրի մասով» բառերը.

5) ԷՄՇ կանոնների 63-րդ կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով․

«7) Մատակարարի դեպքում՝ նաև վերջինիս հետ մատակարարման պայմանագիր կնքելու վերաբերյալ սպառողների դիմումները։».

6) ԷՄՇ կանոնների 64-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

7) ԷՄՇ կանոնների 65.1-ին կետում՝

ա․ «Շուկայի օպերատորին է տրամադրում» բառերը փոխարինել «իր գործառույթներին առնչվող մասով ստուգում է հայտի, ԷՄՇ մասնակցի, Մատակարարի դեպքում՝ նաև վերջինիս հաշվեկշռման խմբում ընդգրկվող սպառողների համապատասխանությունը ԷՄՇ կանոնների, ԷՄԱ կանոնների և ԷԲՑ կանոնների պահանջներին, անհամապատասխանության դեպքում Շուկայի օպերատորին հայտնում այդ մասին՝ համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում՝ վերջինիս տրամադրում է» բառերով,

բ․ 1-ին ենթակետում «ԷՀՑ կանոններին» բառերից հետո լրացնել «և ԷԲՑ կանոններին» բառերը, իսկ «մասին» բառից հետո՝ «, իսկ հաշվառման համալիրի կամ վերջինիս յուրահատուկ որոշիչի (ID-ների) փոփոխության դեպքում՝ տեղեկացում դրա վերաբերյալ» բառերը.

8) ԷՄՇ կանոնների 67-րդ կետում՝

ա. «ամսվա 26-ին)» բառերից հետո լրացնել «ԷՄՇ մասնակցի սպառման կետերին առնչվող փոփոխությունների դեպքում՝ կատարում է համապատասխան փոփոխություն, իսկ մնացած դեպքերում» բառերը,

բ. 4-րդ ենթակետում «էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, արտահանելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու առավելագույն թույլատրելի» բառերը փոխարինել «Առևտրին մասնակցության» բառերով.

9) ԷՄՇ կանոնները 11-րդ գլխում լրացնել հետևյալ բովանդակությամբ 69․1-ին կետով․

«69.1. ԷՄՇ առևտրի մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի և վերջինիս էլեկտրոնային վիրտուալ քարտում փոփոխությունները կատարվում են ԷՄՇ առևտրի մասնակցի դիմումի հիման վրա կամ Շուկայի օպերատորի նախաձեռնությամբ՝ ԷՄՇ կանոնների համաձայն։».

10) ԷՄՇ կանոնների 83-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10) Հայտերի ներկայացման և Գործարքների կնքման առնչությամբ Առևտրին մասնակցության սահմանաչափին առնչվող կարգավորումների ավտոմատ կիրառումը,».

11) ԷՄՇ կանոնների 89-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

12) ԷՄՇ կանոնների 92.1-ին կետի 1-ին ենթակետում «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «Մատակարարի հաշվեկշռման խմբում ընդգրկված յուրաքանչյուր Հաշվառման կետի մասով» բառերը.

13) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 92․2-րդ-92.9-րդ կետերով.

 «92․2. ԷՄՇ մասնակիցը էլեկտրոնային վիրտուալ քարտում փոփոխություններ կատարելու կամ հայտնաբերված անճշտություններն ուղղելու համար դիմում է Շուկայի օպերատորին՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Շուկայի օպերատորը վիրտուալ քարտում փոփոխությունները կատարում, իսկ դրանց՝ ԷՄՇ կանոններին անհամապատասխանության դեպքում մերժում է սույն կետում նշված ծանուցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ԷՄՇ մասնակցի սպառման կետերին առնչվող փոփոխությունների, որի դեպքում ղեկավարվում է ԷՄՇ կանոնների 10-րդ գլխով։

92.3․ Մատակարարն իր հաշվեկշռման խմբում սպառող ընդգրկելու հնարավորության պարզման նպատակով առնվազն 6 աշխատանքային օր առաջ դիմում է Շուկայի օպերատորին՝ կցելով իր հետ մատակարարման պայմանագիր կնքելու վերաբերյալ սպառողի դիմումը և ներկայացնելով տեղեկատվություն՝ համաձայն ԷՄՇ կանոնների 61-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերության։

92.4․ Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 92.3-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրա և տվյալ սպառողի համապատասխանությունը ԷՄՇ կանոնների ու ԷՄԱ կանոնների պահանջներին և ստուգման արդյունքների մասին հայտնում Մատակարարին՝ անհամապատասխանության դեպքում՝ գրավոր հիմնավորումներով, բացառությամբ ԷՄՇ կանոնների 92.5-րդ կետով նախատեսված դեպքի։

92.5․ Մատակարարի կողմից Երաշխավորված մատակարարի սպառողին իր հաշվեկշռման խմբում ընդգրկելու դեպքում ԷՄՇ կանոնների 92.3-րդ կետով նախատեսված դիմումի նկատմամբ կիրառվում են ԷՄՇ կանոնների 65-66-րդ կետերով նախատեսված կարգավորումները։

92.6․ ԷՄՇ կանոնների 92.5-րդ կետով նախատեսված դեպքում Շուկայի օպերատորը, ԷՄՇ կանոնների 65.1-ին և 66-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը համապատասխանաբար Բաշխողից ու Համակարգի օպերատորից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ԷՄՇ կանոնների 92.3-րդ կետով նախատեսված դիմումի և տվյալ սպառողի համապատասխանությունը ԷՄՇ կանոնների պահանջներին ու ստուգման արդյունքների մասին հայտնում է Մատակարարին՝ անհամապատասխանության դեպքում՝ գրավոր հիմնավորումներով։

92.7․ Մատակարարը սպառողի հետ կնքված մատակարարման պայմանագրի լուծման հիմք առաջանալու դեպքում՝ վերջինիս իր հաշվեկշռման խմբից հանելու գործընթաց սկսելու նպատակով առնվազն 6 աշխատանքային օր առաջ դիմում է Շուկայի օպերատորին՝ կցելով նշված հիմքի առաջացման հիմնավորումները, սպառողի համաձայնությունը կամ վերջինիս ծանուցումը՝ համաձայն ԷՄԱ կանոնների։

92.8․ Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 92.7-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրա համապատասխանությունը ԷՄՇ կանոնների պահանջներին ու ստուգման արդյունքների և նույն կետում նշված գործընթացի հնարավորության մասին հայտնում է Մատակարարին, բացասական դիրքորոշման դեպքում՝ գրավոր հիմնավորումներով։

92.9․ Շուկայի օպերատորը Մատակարարի կողմից ԷՄԱ կանոնների համաձայն սպառողի հետ մատակարարման պայմանագրի կնքման կամ մատակարարման պայմանագրի լուծման մասին տեղեկացումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումում նշված ժամկետից (իսկ այդ օրը ամսվա 20-25-ն ընկած ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում նույն ամսվա 26-ին) տվյալ սպառողին համապատասխանաբար ընդգրկում է Մատակարարի հաշվեկշռման խմբում կամ հանում է այդ խմբից՝ ՇԿԾ-ում գրանցելով համապատասխան փոփոխությունը և այդ մասին տեղեկացնելով Մատակարարին։».

14) ԷՄՇ կանոնների 95-րդ կետի 6-րդ ենթակետում «Էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու համար երաշխիքային թույլատրելի սահմանաչափերը և մնացորդները» բառերը փոխարինել «Առևտրին մասնակցության սահմանաչափը և բանկային երաշխիքի հասանելի մնացորդը» բառերով.

15) ԷՄՇ կանոնների 108-րդ կետում «դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «տվյալ տարվա ավարտը» բառերով, 1-ին ենթակետում «չափաքանակները» բառից հետո լրացնել «՝ հաջորդ սակագնային տարվա համար» բառերը և 2-րդ ենթակետում «ՊԷԱ կայանների համար» բառերից հետո լրացնել «՝ օրացուցային տարվա համար» բառերը.

16) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 118․1-ին կետով․

«118.1. ԷՄՇ կանոնների 118-րդ կետի առաջին նախադասությունում նշված ԷՄՇ մասնակիցը ԿՈՒՊ բաղադրիչում տվյալ ամսվա առևտրին չի կարող մասնակցել Հաշվառման այն կետի մասով, որի՝ նախորդ 12 ամիսներում գրանցած գումարային էլեկտրական էներգիայի միջին ծախսը պակաս է դրան նախորդող 24 ամիսների միջին ծախսի 10 տոկոսից։».

17) ԷՄՇ կանոնների 121-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«121. ԿՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ մասնակցի էլեկտրական էներգիայի գնման Հայտում նշված էլեկտրական էներգիայի քանակը չի կարող գերազանցել՝

1) Հաղորդման կամ Բաշխման ցանցին երեք տարուց ավելի միացված Հաշվառման կետի (կետերի) դեպքում՝ ԷՄՇ մասնակցի տվյալ բոլոր Հաշվառման կետերում Հայտի տրման պահին նախորդող երեք տարիների նույն ամիսների սպառած էլեկտրական էներգիայի միջին ամսական քանակը,

2) Հաղորդման կամ Բաշխման ցանցին երկուսից մինչև երեք տարի միացված Հաշվառման կետի (կետերի) դեպքում՝ տվյալ բոլոր Հաշվառման կետերում Հայտի տրման պահին նախորդող երկու տարիների նույն ամիսների սպառած էլեկտրական էներգիայի միջին ամսական քանակը,

3) Հաղորդման կամ Բաշխման ցանցին մեկից մինչև երկու տարի միացված Հաշվառման կետի (կետերի) դեպքում՝ տվյալ բոլոր Հաշվառման կետերում Հայտի տրման պահին նախորդող մեկ տարվա նույն ամսվա սպառած էլեկտրական էներգիայի քանակը,

4) Հաղորդման կամ Բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացված Հաշվառման կետի (կետերի) դեպքում՝ ԷՄՇ մուտքի առաջին և երկրորդ ամիսների համար՝ տվյալ Հաշվառման կետի (կետերի) սպառման համակարգի առավելագույն թույլատրելի ակտիվ հզորությանը համապատասխան էլեկտրական էներգիայի քանակի 30 տոկոսը, իսկ դրան հաջորդող ամիսների համար՝ ԷՄՇ մասնակցի տվյալ Հաշվառման կետում (կետերում) տվյալ ամսվան նախորդող ամիսների փաստացի սպառած էլեկտրական էներգիայի միջին ամսական քանակը:».

18) ԷՄՇ կանոնների 123-րդ կետից հանել «և ՀԾՄ-ի» բառերը.

19) ԷՄՇ կանոնների 175-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետում «ՕՐԱ յուրաքանչյուր առևտրային ժամանակահատվածի համար ՀՊԿԻ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից ԷՄՇ կանոնների 167-րդ կետի համաձայն սահմանված գնի» բառերը փոխարինել «Հաշվեկշռման ծառայության մատուցման համար Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագնի» բառերով,

բ․ 2-րդ ենթակետում «ԷՄՇ ԿՈՒՊ բաղադրիչում վաճառքի համար սահմանված նվազագույն սակագնի» բառերը փոխարինել «Հաշվեկշռման ծառայության մատուցման համար Հանձնաժողովի սահմանած նվազագույն սակագնի» բառերով.

20) ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 1-ին ենթակետում «սկզբում» բառից հետո լրացնել «, իսկ սակագնային տարվա ընթացքում ԷՄՇ առևտրի մասնակցի որևէ սպառման կետով (կետերով) շուկա մուտք գործելու դեպքում՝ շուկա մուտք գործելու պահին» բառերը, իսկ 2-րդ ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ընդհանուր ակտիվ հզորությանը համապատասխան ՀԷԱ կայաններից հզորության ձեռք բերման ծախսը ՀԾՄ-ի կողմից Երաշխավորված մատակարարին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնում ներառելու դեպքում տվյալ սակագնային տարվա համար Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ակտիվ հզորության վճարման ենթակա մեծությունն ընդունվում է զրո, որը ԷՄՇ կանոնների 247-րդ կետով նախատեսված դեպքում կարող է միայն ավելացվել։».

21) ԷՄՇ կանոնների 205-րդ կետում «առևտրին մասնակցության առավելագույն թույլատրելի» բառերը փոխարինել «Առևտրին մասնակցության» բառերով.

22) ԷՄՇ կանոնների 206-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«206․ ԷՄՇ մասնակցի կողմից Գործարքի շրջանակում գնված, ներկրված կամ արտահանված էլեկտրական էներգիայի ու մատուցված ծառայությունների դիմաց վաճառողների և ծառայություններ մատուցողների օգտին բոլոր վճարումները կատարվելու դեպքում, վերջինիս կողմից Շուկայի օպերատորին ներկայացված բանկային երաշխիքն այդ չափով համարվում է պարտավորությունից ազատված։».

23) ԷՄՇ կանոնները 30-րդ գլխում լրացնել հետևյալ բովանդակությամբ 206․1-206․7-րդ կետերով․

«206.1. ԷՄՇ առևտրի մասնակցի՝ Առևտրին մասնակցության սահմանաչափը լրանալու, իսկ ԷՄՇ կանոնների 206.4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ բանկային երաշխիքը չներկայացվելու դեպքում վերջինիս կողմից ԿՈՒՊ և ՕԱՇ բաղադրիչներում նոր Հայտեր տալու, իսկ ՉՈՒՊ բաղադրիչում նոր Գործարքներ կնքելու իրավունքն այդ պահից ՇԿԾ-ի միջոցով կասեցվում է մինչև բանկային երաշխիքի համալրումը կամ ներկայացումը, բայց ոչ ավելի քան, 14 աշխատանքային օրը։

206.2. ԷՄՇ կանոնների 206.1-ին կետով նախատեսված դեպքում Շուկայի օպերատորը նույն կետում նշված սահմանաչափը լրանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՇԿԾ-ի միջոցով՝

1) ԷՄՇ առևտրի համապատասխան մասնակցին ծանուցում է Առևտրին մասնակցության սահմանաչափը լրանալու և ԷՄՇ կանոնների 206.1-ին կետով նախատեսված իրավակարգավորման մասին, իսկ սահմանաչափը գերազանցած ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակցին և վերջինիս խմբում գտնվող ՀՊԿՄ ու ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող մասնակիցներին (բացառությամբ Մատակարարի խմբում գտնվող սպառողների)՝ նաև ԷՄՇ կանոնների 206․4-րդ կետով նախատեսված՝ վերջիններիս առնչվող իրավակարգավորման մասին,

2) պահանջ է ներկայացնում ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող Մատակարարին՝ վերջինիս հաշվեկշռման խմբում գտնվող սպառողներին՝ Առևտրին մասնակցության սահմանաչափը լրանալու և ԷՄՇ կանոններով նախատեսված դրա հետևանքների մասին ծանուցելու վերաբերյալ։

206.3. ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող Մատակարարը ԷՄՇ կանոնների 206.2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պահանջը ստանալու պահից եռօրյա ժամկետում ապահովում է իր հաշվեկշռման խմբում գտնվող սպառողների պատշաճ ծանուցումը ԷՄՇ կանոնների 206.4-րդ կետի 3-րդ ենթակետով և 206.5-րդ կետով նախատեսված իրավակարգավորումների վերաբերյալ՝ այդ մասին տեղեկացնելով նաև Շուկայի օպերատորին։

206.4. ԷՄՇ կանոնների 206․1-ին կետում նշված 14 աշխատանքային օրվա ընթացքում ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից բանկային երաշխիքը չհամալրվելու դեպքում, նշված ժամկետի ավարտին հաջորդող օրը Շուկայի օպերատորի կողմից՝

1) ԷՄՇ տվյալ մասնակցի պրոֆիլն արգելափակելու միջոցով դադարեցվում է վերջինիս՝ ԷՄՇ-ում առևտուր իրականացնելու իրավունքը,

2) ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող տվյալ մասնակցին և վերջինիս խմբում գտնվող ՀՊԿՄ ու ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող մասնակիցներին տրվում է ՀՊԿԻ կարգավիճակ,

3) Մատակարարի հաշվեկշռման խմբում գտնվող սպառողները տեղափոխվում են Երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խումբ,

4) ՀՊԿԽ, ՀՊԿԻ և ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի դեպքում՝ դիմում է ներկայացվում Բաշխողին՝ ԷՄՇ տվյալ մասնակցի (Հաշվառման կետի) էլեկտրամատակարարման դադարեցման պահանջով՝ այդ մասին ծանուցելով վերջինիս, դադարեցման նախատեսվող ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։ Սույն ենթակետով նախատեսված դեպքում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցվում է` համաձայն ԷԲՑ կանոնների։

206․5․ ԷՄՇ կանոնների 206.4-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան Մատակարարի հաշվեկշռման խմբում գտնվող սպառողների՝ Երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խումբ տեղափոխվելուց հետո, այդ սպառողները սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են ԷՄԱ կանոնների 82-րդ կետով սահմանված չափով։

206․6․ ԷՄՇ մասնակցի առևտուր իրականացնելու իրավունքը և էլեկտրամատակարարումը վերականգնվում են Շուկայի օպերատորին այդ մասին գրավոր դիմում և ԷՄՇ կանոնների պահանջներին համապատասխան բանկային երաշխիք ներկայացվելու դեպքում։

206․7․ Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 206․6-րդ կետում նշված դիմումն ու բանկային երաշխիքը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) ԷՄՇ կանոնների 206.1-ին կետով նախատեսված իրավունքի կասեցված լինելու դեպքում՝ վերականգնում է տվյալ ԷՄՇ մասնակցի այդ իրավունքը,

2) ԷՄՇ կանոնների 206.4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված իրավունքի դադարեցված լինելու դեպքում՝ վիրտուալ քարտն ակտիվացնելու միջոցով վերականգնում է այդ իրավունքը,

3) ԷՄՇ առևտրի մասնակցի (Հաշվառման կետի) էլեկտրամատակարարման վերականգնման համար դիմում է Բաշխողին: Սույն ենթակետով նախատեսված դեպքում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը վերականգնվում է համաձայն ԷԲՑ կանոնների։».

24) ԷՄՇ կանոնների 240․1-ին կետում «(վերջինիս Հաշվառման կետերի)» բառերը փոխարինել «(Հաշվառման կետի (կետերի))» բառերով, իսկ «ԷՀՑ» բառը՝ «ԷԲՑ» բառով.

25) ԷՄՇ կանոնների 247-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում առկա «25» թվերը փոխարինել «20» թվերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

3 հուլիսի 2024 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: