ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1908-Ա |
«27» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄ-ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական բաժնի իրավաբան և նույն ընկերության ներկայացուցիչ Նշան Խաչատրյանի 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-56064-24 դիմում-ծանուցման հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2024 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-56064-24 դիմում-ծանուցման (այսուհետ՝ նաև Դիմում) առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի մայիսի 22-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական բաժնի իրավաբան և նույն ընկերության ներկայացուցիչ Նշան Խաչատրյանը (հիմք՝ «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի կողմից 2024 թվականի մարտի 1-ին տրված թիվ 24-005/1 լիազորագիրը):
Ուսումնասիրելով 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-56064-24 դիմում-ծանուցումը, դրան, ինչպես նաև 2024 թվականի մայիսի 16-ի թիվ Դ-63414-24, մայիսի 23-ի թիվ Դ-66754-24 դիմումներին կից և լսումների ընթացքում ներկայացված ապացույցները, 2024 թվականի մայիսի 13-ին և 22-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունները, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) իրավաբանական բաժնի իրավաբան Նշան Խաչատրյանը 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-56064-24 դիմում-ծանուցմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604 որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին մասը, 1058-րդ հոդվածի 1-ին մասը, 1074-րդ հոդվածի 1-ին մասը, հետադարձ պահանջի իրավունքով խնդրել է Ընկերությանը վճարել Վարգա Էյվազյանի վարած «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենան 2024 թվականի մարտի 15-ին փոսն ընկնելու արդյունքում, որպես նշված ավտոմեքենան վնասվելու հետևանքով առաջացած վնաս, վերջինիս հատուցված 116.000 (մեկ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ գումարը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակից Սայադ Պետրոսյանի կողմից 2024 թվականի մարտի 15-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 169055 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Վարգա Էյվազյանի վարած «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Ձոր 2 թաղամասում տեղի է ունեցել ինքնավթար:
Ընկերության կողմից կազմված՝ «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման 2024 թվականի մարտի 22-ի թիվ Կ/38 հաշվետվության համաձայն՝ վնասվել է ավտոմեքենայի առջևի աջ ստորին երկեղջյուրը, իսկ ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը, գնահատման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով, կազմել է 116.000 (մեկ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ:
Ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 1-ին կայացված «Ապահովագրական հատուցման որոշման» համաձայն՝ «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարելիս փոսն ընկնելու արդյունքում առաջացած վնասը ենթակա է հատուցման 116.000 (մեկ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամի չափով:
«Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տրված՝ «Փոխանցում հաշվին N 9247» վերտառությամբ քաղվածքի համաձայն՝ Ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 2-ին Վարգա Էյվազյանի հաշվին փոխանցվել է 116.000 (մեկ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ:
2024 թվականի մայիսի 22-ին հրավիրված լսումների ընթացքում հնչեցված այն հարցին, արդյոք առկա է 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-56064-24 դիմում-ծանուցման մեջ նկարագրված պատահարի հանգամանքների ուսումնասիրության արդյունքում կազմված փորձագիտական եզրակացություն, թե՞ ոչ, Նշան Խաչատրյանը պատասխանել է, որ նման եզրակացություն առկա չէ, քանի որ պատահարի առաջացման փորձագիտական եզրակացությունը կազմվում է այն դեպքում, երբ պատահարը տեղի է ունեցել երկու կամ ավել վարորդների մասնակցությամբ և պատահարի մասնակիցներից ոչ մեկը չի ընդունել պատահարում իր մեղավորությունը, հետևաբար տվյալ պարագայում հիմք է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 169055 արձանագրությունը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով Դիմումով ներկայացված պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.
1) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2024 թվականի մարտի 15-ին «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը ճանապարհին առկա փոսի պատճառով տեղի ունենալու հանգամանքը և արդյո՞ք վարորդն ունեցել է պատահարը տեխնիկապես կանխելու հնարավորություն (պատահարի հանգամանքները փորձագիտական հետազոտման ենթարկվել են, թե՞ ոչ),
2) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2024 թվականի մարտի 15-ին «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարում Երևանի քաղաքապետարանի մեղավորության առկայությունը,
3) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2024 թվականի մարտի 15-ին «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության (անգործության) ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը (վարչական մարմնի ենթադրյալ՝ ոչ իրավաչափ անգործության և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն),
4) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է «Ապահովագրական հատուցման որոշմամբ» Վարգա Էյվազյանին փոխհատուցված 116.000 (մեկ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամի չափով գումարի մասով Երևան համայնքի նկատմամբ Ընկերության հետադարձ պահանջի իրավունք ունենալու հանգամանքը:
Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը, որով սահմանված է, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն, ինչպես նաև իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ պահանջի իրավունք կարող է ձեռք բերվել վնաս պատճառած անձի նկատմամբ, ընդ որում՝ օրենսդիրը հստակեցրել է, թե «այլ անձ» եզրույթը անձանց ինչ շրջանակ է նախատեսում:
Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմի բովանդակային վերլուծությունից, կարելի է փաստել, որ քննարկվող իրավահարաբերություններում Երևանի քաղաքապետարանը կամ Երևան համայնքը նշված նորմի կարգավորման իմաստով չեն հանդիսանում «այլ անձ», քանի որ վարույթով ներկայացված նյութերով չի ապացուցվել վնասը Երևանի քաղաքապետարանի կամ Երևան համայնքի մեղքով առաջանալու փաստական հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Քննարկվող պարագայում՝ Դիմումում նշված պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանին այն պատճառաբանությամբ, որ 2024 թվականի մարտի 15-ին «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվել է պատահարի տարածքում գտնվող փոսի պատճառով, ինչում վարչական մարմնի մեղավորությունը դիտարկելը ենթադրում է վերջինիս կողմից ճանապարհի երթևեկելի հատվածի՝ սահմանված կարգին համապատասխան ասֆալտապատումը չապահովելու ձևով դրսևորված ենթադրյալ անգործության հարցի քննարկում, ինչի շրջանակներում առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք ենթադրյալ վնասը (հետադարձ պահանջը) հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
2024 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-56064-24 դիմում-ծանուցմանը, 2024 թվականի մայիսի 16-ի թիվ Դ-63414-24 և մայիսի 23-ի թիվ Դ-66754-24 դիմումներին կից, ինչպես նաև դրա քննարկման շրջանակներում, որպես գրավոր ապացույցներ, չեն ներկայացվել 2024 թվականի մարտի 15-ին «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հանգամանքների փորձաքննության, վթարը կանխելու անհնարինության, ավտոմեքենայի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական փորձաքննության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից կազմված եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված վթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ անգործությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2024 թվականի մարտի 15-ին «Fiat 500» մակնիշի 13 FF 500 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, փոսի գոյությամբ պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել Դիմումի առարկա գումարի մասով Ընկերության՝ Երևանի քաղաքապետարանի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ձեռք բերելը, չի հիմնավորվել Դիմումի առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել փոխադրամիջոցի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական, պատահարի հանգամանքների վերաբերյալ փորձաքննության եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1074-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. «Էֆես» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-56064-24 դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |