Գլխավոր տեղեկություն
Համար
N 898-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 898-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ վերալիցքավորում եվ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 30.05.24 N 805-Ն)

 

Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորում և լիցքավորում կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 30.05.24 N 805-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


06.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 898-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ, ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ վերալիցքավորում եվ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 30.05.24 N 805-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների (այսուհետ` լիցքավորող կազմակերպություն) կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորում և լիցքավորում կատարելու գործընթացը, ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները:

(1-ին կետը լրաց. 30.05.24 N 805-Ն)

2. Քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման գործընթացը ներառում է վերալիցքավորվող և լիցքավորվող փամփուշտների բաղկացուցիչ մասերի պիտանիության հետազոտումը, փամփուշտների վերալիցքավորումը, լիցքավորումը և փորձարկումը:

(2-րդ կետը խմբ. 30.05.24 N 805-Ն)

3. Փամփուշտների վերալիցքավորումը և լիցքավորումը պետք է համապատասխանեն քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների տվյալ տեսակի և տրամաչափի պատրաստման համար նախատեսված՝ գործարանային արտադրության պայմաններին: Վերալիցքավորված և լիցքավորված փամփուշտները պետք է հստակ ունենան իրենց տարբերակիչ դրոշմվածքները (վերալիցքավորող, լիցքավորող կազմակերպության կամ գործարանի ծածկագրերը, վերալիցքավորման, լիցքավորման տարեթիվը), ինչպես նաև համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատված տեխնիկական բնութագրերը:

(3-րդ կետը խմբ. 30.05.24 N 805-Ն)

4. Վերալիցքավորված և լիցքավորված փամփուշտները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներով ընդունված տեխնիկական բնութագրերին:

(4-րդ կետը փոփ. 30.05.24 N 805-Ն)

5. Քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման որակական հատկանիշների, դրանց անվտանգային պահանջների, ինչպես նաև վերալիցքավորման և լիցքավորման ենթակա փամփուշտների տեխնիկական բնութագրերի համապատասխանության պատասխանատվությունը կրում է վերալիցքավորող և լիցքավորող կազմակերպությունը:

(5-րդ կետը փոփ. 30.05.24 N 805-Ն)

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ԵՎ ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 30.05.24 N 805-Ն)

 

6. Վերալիցքավորող և լիցքավորող կազմակերպությունները պարտավոր են ապահովել օրենքով սահմանված՝ փամփուշտների արտադրման համար նախատեսված զետեղարաններին, պահոցներին, պահեստներին և առևտրի սրահներին ներկայացվող պահանջները:

(6-րդ կետը փոփ. 30.05.24 N 805-Ն)

7․ Վերալիցքավորող և լիցքավորող կազմակերպությունները փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման գործընթացն սկսելուց առաջ մեկամսյա ժամկետում պարտավոր են անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն)` նշելով վերալիցքավորող և լիցքավորող կազմակերպության անվանումը, փամփուշտների վերալիցքավորում և լիցքավորում կատարելու վայրը` հետագայում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ չունեցող, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպություններ չհանդիսացող այլ կազմակերպությունների կողմից փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման հանգամանքը բացառելու նպատակով:

(7-րդ կետը փոփ. 30.05.24 N 805-Ն)

8. Վերալիցքավորող և լիցքավորող կազմակերպությունները պարտավոր են տվյալ գործունեությունն իրականացնել միայն իրենց կողմից ոստիկանությանը տեղեկացրած վայրում: Նշված գործունեությունն իրականացնելու վայրի փոփոխության դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղյակ պահել ոստիկանությանը:

(8-րդ կետը փոփ. 30.05.24 N 805-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 30.05.24 N 805-Ն)

10. Ելնելով պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորմամբ և լիցքավորմամբ զբաղվող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

1) փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման տարածքում ունենալ պահեստային շինություններ, զինասենյակներ, փորձարկման լաբորատորիաներ, վերալիցքավորված և լիցքավորված փամփուշտների նպատակային նշանակությունը և պիտանիությունն ստուգող (փորձարարական կրակման նպատակով օգտագործվող)՝ փորձարարական հրաձգարան, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ, որոնց անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով վերալիցքավորող և լիցքավորող փամփուշտների արտադրական հզորությունից, տեխնիկական առանձնահատկությունից ու պայմաններից, ինչպես նաև պատրաստման տեխնոլոգիայից.

2) փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման տարածքի մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ սարքավորումներ, անվտանգության համակարգեր, ազդանշանային սարքավորումներ.

3) փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման տարածքի պատուհանները, ելքային և մուտքային տեղամասերը, հրավտանգ և առավել հրավտանգ տեղամասերը պետք է կառուցված լինեն հրդեհային անվտանգության կանոնների խստագույնս պահպանմամբ.

4) փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման տարածքները, շենքերն ու շինությունները պետք է լինեն առանձնացված և բնակելի, պետական, հասարակական և արտադրական շենքերից գտնվեն առնվազն 500 մետր հեռավորության վրա:

(10-րդ կետը փոփ. 30.05.24 N 805-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 30.05.24 N 805-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: