Գլխավոր տեղեկություն
Համար
N 1023-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1023-Ն

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 4-ի N 1023-Ն որոշման

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են էկոպարեկային ծառայությունում (այսուհետ՝ ծառայություն) սահմանված պաշտոն զբաղեցնող և «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ ու հրազեն գործադրելու լիազորություն ունեցող անձանց (այսուհետ՝ ծառայող) հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգի հետ կապված հարաբերությունները։

2. Ծառայողի հատուկ ուսուցումը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների զարգացման և օրենքից բխող ամենօրյա ծառայողական խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ֆիզիկական և կրակային պատրաստվածությունն ապահովելու նպատակով պարապմունքների (դասընթացների) իրականացումն է:

 

2. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

3. Հատուկ ուսուցումը ներառում է տեսական և գործնական մաս:

4. Հատուկ ուսուցման ժամկետը 5 աշխատանքային օր է։

5. Հատուկ ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատությունում՝ ծառայողի՝ իր վերջին անցած հատուկ ուսուցումից հետո յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման նպատակով:

6. Ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները հատուկ ուսուցումն անցնում են պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո։

7. Հատուկ ուսուցման ծրագիրը ներառում է՝

1) տեսական և գործնական պարապմունքների ցանկը.

2) տեսական և գործնական պարապմունքների ընդհանուր ժամաքանակը։

8. Հատուկ ուսուցման ծրագիրը սահմանված է սույն հավելվածի ձևով։

 

3. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

9. Ստուգարքը հատուկ ուսուցման գործընթացի ավարտական մասն է, որի նպատակը հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության ստուգումն ու գնահատումն է, որի արդյունքում ծառայողը ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական:

10. Ծառայողը համարվում է հատուկ ուսուցումը չանցած, եթե՝

1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին.

2) ստուգարքի արդյունքում ստացել է «չստուգված» գնահատական:

11. Հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում ծառայողը ներգրավվում է հատուկ ուսուցման առաջիկա դասընթացին։

12. Ուսումնական հաստատության կողմից հատուկ ուսուցումն անցած ծառայողին տրվում է համապատասխան վկայական:

13. Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է հատուկ ուսուցման վերջին օրը։

14. Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝

1) թեստավորում՝ ստուգվում է ծառայողներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը.

2) ֆիզիկական պատրաստվածության ստուգում՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված նորմատիվներին (այսուհետ՝ նորմատիվ) համապատասխան ֆիզիկական վարժությունների կատարում.

3) կրակային պատրաստվածության ստուգում՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված նորմատիվներին համապատասխան կրակային (հրաձգության) վարժաձևերի կատարում:

15. Ծառայողը մասնակցում է հատուկ ուսուցման ստուգարքի յուրաքանչյուր փուլին՝ ըստ սույն կարգի 14-րդ կետում նշված հերթականության, եթե ծառայողը ստուգարքի նախորդ փուլի ստուգման արդյունքում գնահատվել է «ստուգված»:

16. Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստավորման, ֆիզիկական և կրակային պատրաստվածության առաջադրանքների արդյունքներով: Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից 10 և ավելի միավոր է հավաքել, ինչպես նաև հանձնել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունները և կրակային վարժաձևերը (իրենց համապատասխան միավորներով): Նշված չափանիշներից պակաս արդյունքը համարվում է բացասական գնահատական:

17. Հատուկ ուսուցման ստուգարքին չի կարող մասնակցել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին բաց թողած ծառայողը:

18. Ֆիզիկական պատրաստվածության ստուգումն անցկացվում է ծառայողի կողմից ֆիզիկական վարժություններից համապատասխան նորմատիվները կատարվելու (հանձնվելու) միջոցով:

19. Կրակային պատրաստվածության ստուգումն անցկացվում է ատրճանակից հրաձգություն անցկացնելու միջոցով՝ համապատասխան վարժաձևերով սահմանված կրակային նորմատիվները հանձնելու միջոցով:

 

Ձև

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ԹԵՄԱՆ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՎԱԼԸ

(ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԺԱՄ)

ԸՆԴԱՄԵՆԸ

ԱՅԴ ԹՎՈՒՄ՝

ԴԱՍԱԽՈՍՈՒ-ԹՅՈՒՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

1.

Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն (վազք, ձգումներ պտտաձողի վրա, սեղմումներ ու

հենումներ՝ պառկած և այլն)

8

 

8

2.

Հատուկ ֆիզիկական պատրաստվածություն (ինքնապաշտպան հնարքներ՝ ձեռնամարտի կիրառումով, հատուկ միջոցներ կիրառելու հնարքները և վարժաձևերը)

8

 

8

3.

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման կարգը, պայմանները և սահմանները

6

3

3

4.

Հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալը

4

2

2

5.

Գործնական հրաձգություն՝ ծառայողական կարճ ակոսափող հրազենի (ատրճանակի) պրակտիկ կիրառման հնարքները և վարժաձևերը 24 փամփուշտ կրակելու հնարավորությամբ

7

 

7

6.

Տեղագրություն (GPS տեղորոշում)

6

4

2

7.

Կապի միջոցներ

4

2

2

 

Ընդամենը

43

11

32

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2024 թվական: