Գլխավոր տեղեկություն
Համար
N 797-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.06.2024-17.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 797-Ն

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 188-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 797-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` անձ) օրինապահության հավաստագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Անձի օրինապահության հավաստագրի (այսուհետ` օրինապահության հավաստագիր) տրամադրումը սույն կարգով նախատեսված հաշվետու ժամանակահատվածում անձանց օրինապահության վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնական հավաստումն է։

3. Օրինապահության հավաստագիրը տրամադրվում է անձի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ` հաշվետու ժամանակահատված) հետևյալ չափանիշների միաժամանակյա բավարարման դեպքում՝

1) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ և հաշվետու ժամանակահատվածի բոլոր օրերին անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող.

2) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձի մոտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն.

3) հաշվետու ժամանակահատվածում անձի կողմից հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) եկամուտների գծով մաքսատուրքերի, հարկերի, տուրքերի և (կամ) այլ պարտադիր վճարների` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարում.

4) հաշվետու ժամանակահատվածի սկզբից մինչև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումի ներկայացման օրը հարկային և մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի նկատմամբ արձանագրված իրավախախտումների բացակայություն՝ բացառությամբ սույն կարգի 9-րդ կետի.

5) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային կամ մաքսային մարմինների կողմից հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների բացակայություն.

6) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ օրենքով սահմանված` սկսված և չավարտված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների բացակայություն.

7) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների և (կամ) մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթի բացակայություն.

8) հաշվետու ժամանակահատվածի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից առնվազն 300 մլն ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացում:

4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափանիշների բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի՝ փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները։

5. Օրինապահության հավաստագիրը գործում է տրամադրման օրվանից մինչև հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը։

6. Օրինապահության հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։

7. Օրինապահության հավաստագրի գործողությունը դադարում է նախքան սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը՝ օրինապահության հավաստագրի տրամադրումից հետո անձի կողմից հավաստագրի տրամադրման համար սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներից որևէ մեկի չպահպանման հանգամանքի՝ մաքսային մարմնի կողմից բացահայտման օրվանից։

8. Օրինապահության հավաստագրի գործողության դադարեցման դեպքում մաքսային մարմնի կողմից կայացվում է հավաստագրի դադարեցման վերաբերյալ որոշում, ինչի մասին որոշման ընդունումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինը ծանուցում է անձին։

9. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջը համարվում է բավարարված, եթե պահպանված են ստորև նշված բոլոր պայմանները՝

1) «Մաքսային կարգավորման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նշված մաքսային կանոնների խախտման արդյունքում մաքսային մարմնի կողմից առաջադրված տուգանքի գումարը չի գերազանցում 350 հազար դրամը.

2) հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրական ձևերի` մաքսային մարմնին ներկայացման կարգը խախտվել է ոչ ավելի, քան մեկ անգամ.

3) հաշվետու ժամանակահատվածի սկզբից մինչև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրը հարկային և մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում հաշվետու ժամանակահատվածի համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0,8 %-ը՝ բացառությամբ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 304-րդ, 310-րդ, 311-րդ, 318-րդ և 321-րդ հոդվածներով և 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների:

10. Օրինապահության հավաստագիր ստանալու համար անձն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան։

11. Մաքսային մարմինը սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը սույն որոշման պահանջներին և բավարարելու դեպքում անձին տրամադրվում է օրինապահության հավաստագիր՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան, իսկ չբավարարելու դեպքում հավաստագրի տրամադրումը մերժվում է՝ տեղեկացնելով մերժման հիմքերի վերաբերյալ։

12. Օրինապահության հավաստագիրն անձի ցանկությամբ տրամադրվում է նաև ռուսերենով կամ անգլերենով՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան։

13. Օրինապահության հավաստագրի տրամադրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում օրինապահության հավաստագիր ստացած անձանց ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում:

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

2.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

 

3.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)

 

4.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող

անձի գործունեության հասցեն

 

5․

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող

անձի հեռախոսահամարը

 

6․

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող

անձի էլեկտրոնային փոստի հասցեն

 

7․

Հավաստագրի տրամադրման լեզուն (նշել համապատասխան լեզվով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը

և ազգանունը)

Անգլերեն

Ռուսերեն

   

8․

Հավաստագրի ստացման եղանակը

Փոստ

Առձեռն

Էլեկտրոնային եղանակով

     

9․

Գործունեության տեսակը

ՏԳՏ դասակարգիչ

(5 նիշ) Բաժին/ Հատված/ Խումբ/ Դաս/ Ենթադաս

Գործունեության ոլորտը

Տեսակարար կշիռը, (%)

     

10․

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն փոխկապակցված ճանաչված անձի

Անվանումը, իրավական տեսակը

ՀՎՀՀ

Փոխկապակցվածության

Հիմքը

Ամսաթիվը

       

 

Սույնով հավաստում եմ, որ դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում փաստացի գործունեության արդյունքներով իրավախախտումներ թույլ չեմ տվել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորություններ չունեմ, մաքսային մարմին ներկայացված տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ուստի խնդրում եմ տրամադրել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիր և այն հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում՝

 

Դիմումատու՝

 

 

____________________

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_23490

 

COMPLIANCE CERTIFICATE FORM

 

Ներմուծեք նկարագրությունը_23491

 

ФОРМА СЕРТИФИКАТA ЗАКОНОПОСЛУШНОСТИ

 

Ներմուծեք նկարագրությունը_23492

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2024 թվական: