Գլխավոր տեղեկություն
Համար
N 477-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 08.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 477-Լ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՐԱԶԵՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ (ԿԻՐԱՌԵԼՈՒ) ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝

1. Սահմանել քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 6

Երևան

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 6-ի N 477-Լ

որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՐԱԶԵՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ (ԿԻՐԱՌԵԼՈՒ) ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների (այսուհետ՝ ծառայողներ) հատուկ ուսուցում անցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողի հատուկ ուսուցումը նրա՝ օրենսդրությունից բխող ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ, ծառայողի մշտական մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների (դասընթացների) իրականացումն է:

3. Ծառայողների հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Հատուկ ուսուցում անցնելու ժամանակահատվածում ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից՝ պահպանելով վարձատրությունը:

5. Հատուկ ուսուցումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) կամ օտարերկրյա պետությունների համապատասխան կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի համաձայն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը վերահսկում է հատուկ ուսուցման ընդհանուր գործընթացը:

 

2. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ։ Հատուկ ուսուցում անցնելուց հետո ծառայողը կրկին կարող է հատուկ ուսուցում անցնել առնվազն 20 ամիս հետո:

(6-րդ կետը խմբ. 27.05.24 N 355-Լ)

7. Հատուկ ուսուցումն անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Հատուկ ուսուցման ժամկետը չի կարող պակաս լինել 39 ակադեմիական ժամից: Մեկ ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է:

8. Հատուկ ուսուցման դասընթացների ընթացքում պետք է առնվազն դասավանդվեն ծառայողի՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը վերաբերող թեմաներ:

9. Հատուկ ուսուցում անցնող ծառայողն ուսումնական հաստատություն է ներկայանում համազգեստով և իր հետ պետք է ունենա ծառայողական վկայական:

10. Հատուկ ուսուցում անցնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժինը (այսուհետ՝ անձնակազմի կառավարման բաժին):

11. Անձնակազմի կառավարման բաժինը հատուկ ուսուցումից առնվազն մեկ շաբաթ առաջ դրա սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է ծառայողին, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարին:

12. Անձնակազմի կառավարման բաժնի պետը՝ Հայաստանի Հանրապետության նախարարի կողմից հաստատված հատուկ ուսուցման ծրագրին համապատասխան, հատուկ ուսուցման դասընթացները սկսվելուց առնվազն երեք շաբաթ առաջ ուսումնական հաստատություն է ներկայացնում հատուկ ուսուցում անցնող ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, պաշտոնը` ներառյալ քրեակատարողական հիմնարկի կամ համապատասխան ստորաբաժանման անվանումը:

13. Ուսումնական հաստատությունը հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում ծառայողներին ապահովում է սննդով, տրանսպորտով և գիշերակացի համար նախատեսված սենյակներով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված կարգով և պայմաններով:

14. Եթե ծառայողը հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այլ ծառայողների կամ դասընթացավարների (դասախոսների) և (կամ) ուսումնական հաստատության այլ աշխատողների նկատմամբ, չի կատարում դասընթացավարի կամ ուսումնական հաստատության այլ աշխատողների օրինական պահանջներն ու ուսումնագործնական առաջադրանքները, արհեստական խոչընդոտներ է ստեղծում դասընթացների իրականացման ընթացքում կամ ցանկացած այլ ձևով խախտում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները, ապա ուսումնական հաստատության տնօրենը հեռացնում է այդ ծառայողին հատուկ ուսուցման դասընթացից և 24 ժամվա ընթացքում միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին, այդ ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու համար:

15. Հատուկ ուսուցում անցնող ծառայողների հաշվառման մատյանի ձևերը, ստուգարքի թեստավորման հարցերի ցանկը, դասացուցակն ու ուսումնական դասընթացի իրականացման հետ կապված այլ կազմակերպչական բնույթի փաստաթղթերը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:

 

3. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

16. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը մինչև ընթացիկ տարվա հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում ընթացիկ տարվա հատուկ ուսուցման ժամանակացույցը:

Ուսումնական հաստատության տնօրենը մինչև ընթացիկ տարվա հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում ծառայողների ընթացիկ տարվա հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հատուկ ուսուցման ծրագրերը հաստատում է հատուկ ուսուցման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում:

17. Հատուկ ուսուցման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝

1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը.

2) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (ներառյալ յուրաքանչյուր խմբում ներառված ծառայողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ բաժինների և ծառայության վայրի) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:

 

4. ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

18. Հատուկ ուսուցման ավարտին ծառայողը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական:

19. Ծառայողը համարվում է հատուկ ուսուցում չանցած, եթե՝

1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին.

2) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական «չստուգված» գնահատական:

(19-րդ կետը փոփ. 10.05.21 N 376-Լ)

20. Հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին։

21. Հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում ծառայողը ենթակա է պարտադիր հատուկ ուսուցման՝ իր միջոցների հաշվին:

22. Ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստացած ծառայողը երկամսյա ժամկետում ենթակա է կրկին անգամ պարտադիր հատուկ ուսուցման՝ իր միջոցների հաշվին։ Կրկին անգամ պարտադիր հատուկ ուսուցում անցած և դրա արդյունքներով բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու հանգամանքը մինչև հաջորդ տարվա հատուկ ուսուցումն ընկած ժամանակահատվածում տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կարող է հաշվի առնվել այդ ծառայողի նկատմամբ հնարավոր խրախուսանք (խրախուսանքներ) կիրառելիս։

23. Ուսումնական հաստատության կողմից հատուկ ուսուցում անցած ծառայողին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած ծառայողին՝ համապատասխան տեղեկանք: Հատուկ ուսուցում անցած ծառայողին տրվող վկայականի ձևը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:

24. Հատուկ ուսուցման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ վկայականը կցվում է ծառայողի անձնական գործին:

25. Ստուգարքի փուլերից որևէ մեկը բացասական՝ «չստուգված» գնահատվելու դեպքում ծառայողը համարվում է ընդհանուր ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» ստացած, որի կապակցությամբ հաջորդաբար կիրառվում են սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հետևանքները։

 

5. ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

26. Ստուգարքն ուսումնական գործընթացի ավարտական փուլ է, որի նպատակը հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության գնահատումն է:

Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝

1) թեստավորում՝ ստուգվում է ունկնդիրներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը.

2) ֆիզիկական պատրաստվածության ստուգում՝ սահմանված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունների կատարում.

3) կրակային պատրաստվածության ստուգում՝ սահմանված նորմատիվներին համապատասխան կրակային (հրաձգության) վարժաձևերի կատարում:

Ծառայողը մասնակցում է ստուգարքի յուրաքանչյուր փուլին՝ ըստ վերոնշյալ հերթականության, եթե ծառայողը ստուգարքի նախորդ փուլի ստուգման արդյունքում դրական է գնահատվել (ստուգված է ստացել):

Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստային, ֆիզիկական և կրակային պատրաստության առաջադրանքների արդյունքների գումարից: Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից 10 և ավելի միավոր է հավաքել, ինչպես նաև հանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժություններն ու կրակային վարժաձևերը (իրենց համապատասխան միավորներով): Նշված չափանիշներից պակաս արդյունքը համարվում է բացասական գնահատական:

27. Ստուգարքի կազմակերպման և անցկացման համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով ստեղծվում է համապատասխան հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

28. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ յուրաքանչյուր տարվա համար: Հանձնաժողովը կազմված է 5 անդամից, որոնցից մեկը նշանակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մասնագետներից, մեկը՝ քրեակատարողական ծառայության մասնագետներից, մեկը՝ ուսումնական հաստատության մասնագետներից և երկուսը նշանակվում են ուսումնական հաստատության հատուկ ուսուցման դասախոսներից:

29. Հանձնաժողովի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ հանձնաժողովի կազմից: Իսկ հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը՝ հանձնաժողովի կազմից:

30. Ծառայողը ստուգարքին ներկայանում է անձամբ` համազգեստով և վկայականով:

31. Հատուկ ուսուցման ստուգարքին չի կարող մասնակցել ընդհանուր ժամաքանակի քսան տոկոսից ավելին բաց թողած ծառայողը:

(31-րդ կետը փոփ. 10.05.21 N 376-Լ)

32. Ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

33. Ծառայողներին արգելվում է իրենց հետ գնահատման սենյակ բերել կամ կրել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

34. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք ուսումնական հաստատության համապատասխան մասնագետը ծառայողների թվին համապատասխան կնքված երկուական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:

35. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում է 15 թեստային առաջադրանքից բաղկացած թեստեր:

36. Հանձնաժողովի քարտուղարը ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը, որից հետո տրամադրում է ամփոփաթերթ` 2 օրինակից։

37. Ծառայողը, Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով իր վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

38. Ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:

39. Ծառայողները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

Թեստերը կազմված են միայն մատուցված հատուկ ուսուցման նյութի շրջանակներից:

40. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:

41. Ծառայողը թեստավորման փուլի սկզբի հայտարարումից հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը:

42. Թեստավորման ընթացքում ծառայողներին արգելվում է աղմկել, միմյանց հետ հաղորդակցվել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին (բացառությամբ կազմակերպչական և տեխնիկական հարցերի), ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

43. Ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

44. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

45. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով վկայականը, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:

46. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար ծառայողներին հատկացվում է 40 րոպե ժամանակ:

47. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:

48. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա:

49. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:

50. Հանձնաժողովը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

51. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

52. Յուրաքանչյուր ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը:

53. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

54. Ստուգարքին մասնակցած բոլոր ծառայողները ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են սենյակ:

55. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտի մաքրումից հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է Հանձնաժողովի քարտուղարը:

56. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վրա սույն կարգի 55-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր ծառայող ներկայացնում է իր վկայականը, ստանում իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:

57. Թեստավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:

58. Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:

59. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 58-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

60. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

61. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

62. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:

63. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով ուսումնական հաստատությանը հանձնելու համար:

64. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 59-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն առաջադրանքների 15 հնարավորից 10 միավորից պակաս հավաքած ծառայողի գնահատականը համարում է բացասական, իսկ 10 և ավելի միավոր հավաքած ծառայողինը՝ դրական:

65. Հանձնաժողովը գնահատման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր ծառայողի համար կազմում ստուգարքի թերթ:

66. Հանձնաժողովի նախագահը և անդամները ստորագրում են ստուգարքի թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:

67. Ծառայողը ստուգարքի ավարտից հետո ծանոթանում է ստուգարքի թերթին և ստորագրում այն: Ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ստուգարքի թերթի պատճենը:

68. Ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ստուգարքի արդյունքների հայտարարման օրվանից հետո՝ հնգօրյա ժամկետում:

69. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո ուսումնական հաստատության տնօրենին է ներկայացնում ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը:

70. Ֆիզիկական պատրաստության ստուգումն անցկացվում է ծառայողի կողմից ֆիզիկական վարժություններից համապատասխան նորմատիվները կատարելու (հանձնելու) միջոցով:

 71. Կրակային պատրաստության ստուգումն անցկացվում է ինքնաձիգից կամ (և) ատրճանակից մարտական հրաձգություն անցկացնելու միջոցով՝ համապատասխան վարժաձևերով սահմանված կրակային նորմատիվները հանձնելու միջոցով:

72. Ծառայողի ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգման համար ֆիզիկական վարժությունների ու կրակային վարժաձևերի (իրենց համապատասխան փամփուշտների քանակով և գնահատման միավորներով) համապատասխան նորմատիվները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

73. Յուրաքանչյուր ֆիզիկական վարժության համապատասխան նորմատիվի ու կրակային վարժաձևի կատարումից հետո դրա արդյունքը ներառվում է ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգման ամփոփաթերթում, որտեղ ստորագրում են՝ ծառայողը, դասավանդող դասախոսները և հանձնաժողովի նախագահը:

74. Հատուկ ուսուցման ստուգարքից (ներառյալ դրա փուլերից) հարգելի բացակայելու դեպքում՝ ուսումնական հաստատության տնօրենի կողմից ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու ընթացիկ տարվա հաջորդ հատուկ ուսուցման ստուգարքներից որևէ մեկին։

(հավելվածը փոփ. 10.05.21 N 376-Լ, խմբ. 27.05.24 N 355-Լ)

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2024, N 355-Լ 28.05.2024, N 477-Լ
10.05.2021, N 376-Լ 20.05.2021, N 477-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան