Գլխավոր տեղեկություն
Համար
N 732-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 732-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 1 հավելվածի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«50. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով, եթե ներկայացվել է նաև որակավորման ապահովումը հիմնավորող փաստաթուղթը: Ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը պայմանագրում ներառվում է՝ համաձայն ընտրված մասնակցի կողմից ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից բավարար գնահատված առաջարկի: Եթե կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ նշվում է նաև, որ՝

1) դրանով սահմանված ժամկետում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցները կարող են պատվիրատուին ներկայացնել պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին պատասխանատու ստորաբաժանման (մասնագիտական խմբի) հետ համատեղ մասնակցելու գրավոր պահանջ.

2) պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին պատասխանատու ստորաբաժանման (մասնագիտական խմբի) հետ համատեղ կարող են մասնակցել նաև լիազորված մարմնի կողմից վարվող ցուցակում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրատվական գործունեություն իրականացնող անձինք կամ վերջիններիս ներկայացուցիչները (այսուհետ՝ դիտորդներ): Դիտորդները պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացի օրվա, ժամի ու վայրի մասին կարող են տեղեկանալ պատասխանատու ստորաբաժանումից (մասնագիտական խմբից)՝ հեռախոսով կամ գրավոր հարցումն ուղարկելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գրավոր հարցումը ստանալու պահին դեռևս հայտնի չեն ընդունման գործընթացի օրը, ժամն ու վայրը, ապա այդ տեղեկատվությունը տրամադրվում է սույն կարգի 50.1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված ժամկետում: Պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին ներկայանալիս դիտորդները պարտավոր են ներկայացնել սույն կարգի 50․2-րդ կետում նշված վկայականը և իրենց անձը հաստատող փաստաթուղթը։».

2) որոշման N 1 հավելվածի 50.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«50.1. Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված՝

1) գրավոր պահանջին կից ներկայացվում են՝

ա. ֆիզիկական անձին տրամադրված լիազորագրի բնօրինակը: Ընդ որում՝ լիազորված ֆիզիկական անձանց քանակը չի կարող գերազանցել երկուսը, իսկ լիազորված անձն անձամբ պետք է կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է,

բ. ինչպես գործընթացին մասնակցելու պահանջ ներկայացրած, այնպես էլ լիազորված ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բնօրինակ հայտարարությունները՝ օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված շահերի բախման բացակայության մասին,

գ. այն էլեկտրոնային փոստի հասցեները և հեռախոսահամարները, որոնց միջոցով պատվիրատուն կարող է կապ հաստատել պահանջը ներկայացրած անձի և վերջինիս կողմից լիազորված ֆիզիկական անձի հետ.

2) կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանման (մասնագիտական խմբի) ղեկավարը կնքված պայմանագրի հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեից ծանուցում է ուղարկում սահմանված պահանջներին՝

ա. համապատասխանող գրություն ներկայացրած անձանց՝ պայմանագրի կատարման արդյունքի ընդունման գործընթացին վերջիններիս մասնակցությունը հաստատված լինելու մասին՝ ծանուցումը և սույն կետով նախատեսված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակից արտատպված օրինակները հրապարակելով նաև տեղեկագրում: Գործընթացին մասնակցության շրջանակում լիազորված ֆիզիկական անձի փոփոխությունն իրականացվում է սույն կետով սահմանված կարգով՝ պատվիրատուին ներկայացվող գրության հիման վրա,

բ. չհամապատասխանող գրություն ներկայացրած անձին՝ պայմանագրի կատարման արդյունքի ընդունման գործընթացին վերջինիս մասնակցությունը հաստատված չլինելու մասին՝ նշելով դրա համար հիմք հանդիսացած հանգամանքները:».

3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50.2-րդ կետով՝

«50.2. Սույն կարգի 50-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցուցակում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք լիազորված մարմին են ներկայացնում գրություն՝

1) որում նշվում են՝

ա. գործունեության իրականացման և էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները.

բ. պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացում ներգրավվելու նպատակով առաջադրվող ֆիզիկական անձանց անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն: Ընդ որում՝ առաջադրվող ֆիզիկական անձանց քանակը չի կարող գերազանցել տասը.

2) կցելով հայտարարություն՝ շահերի բախման առկայության դեպքում պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին չմասնակցելու պարտավորության մասին, ինչպես նաև պետական գրանցման վկայականի և առաջադրվող ֆիզիկական անձանց անձը հաստատող վավեր փաստաթղթի պատճենները: Լիազորված մարմինը սույն կետով սահմանված կարգով ներկայացված գրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությանը և լրատվական գործունեություն իրականացնող անձին, ինչպես նաև վերջիններիս կողմից առաջադրված ֆիզիկական անձին ցուցակում ներառում է երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ այդ մասին վերջինիս տրամադրելով համապատասխան վկայական: Հրապարակվող ցուցակում նշվում են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպության և լրատվական գործունեություն իրականացնող անձի անվանումը, դիտորդների անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և դիտորդներին տրամադրված վկայականի հերթական համարը: Վկայականում նշվում է, որ այն դիտորդներին տալիս է պայմանագրի կատարման արդյունքի ընդունման գործընթացին մասնակցելու իրավունք: Վկայականում նշվում է դրա հերթական համարը, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպության կամ լրատվական գործունեություն իրականացնող անձի անվանումը, դիտորդների անունը, ազգանունը: Վկայականը կնքվում է լիազորված մարմնի կնիքով: Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությանը կամ լրատվական գործունեություն իրականացնող անձին, ինչպես նաև վերջիններիս կողմից առաջադրված ֆիզիկական անձին ցուցակից հանելու նպատակով լիազորված մարմին է ներկայացվում գրություն: Լիազորված մարմինը ցուցակում փոփոխությունը կատարում է գրությունը ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում՝ ֆիզիկական անձին ցուցակից հանելու կամ նոր ֆիզիկական անձ առաջադրելու մասին գրությանը կից չի ներկայացվում պետական գրանցման վկայականի պատճենը: Ֆիզիկական անձին ցուցակից հանելն ավտոմատ դադարեցնում է նաև վերջինիս՝ որևէ պատվիրատուի մոտ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Պայմանագրի կատարման արդյունքի ընդունման գործընթացին մասնակցելիս դիտորդներն իրավունք ունեն իրականացնելու տեսա-լուսանկարահանում և չափումներ՝ առանց խոչընդոտելու պայմանագրի կատարման արդյունքի ընդունման գործընթացին: Սույն կարգի պահանջները խախտելու դեպքում լիազորված մարմինը կարող է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությանը կամ լրատվական գործունեություն իրականացնող անձին, ինչպես նաև դիտորդներին հանել ցուցակից, ինչն ավտոմատ կերպով հանգեցնում է վկայականի ուժը կորցրած ճանաչելուն:».

4) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50.3-րդ կետով՝

«50.3. Սույն կարգի 50.2-րդ կետում նշված ցուցակում ներառված դիտորդները կարող են դիտարկել նաև շինարարական ծրագրերի կատարման ընթացքը հետևյալ նախապայմաններով՝

1) շինարարության տարածք այցելելիս դիտորդները պետք է համապատասխան պահանջ ներկայացնեն պատասխանատու ստորաբաժանմանը (մասնագիտական խմբին), որը պետք է բավարարվի 2 աշխատանքային օրվա ընթացքում: Շինարարական տարածք այցելելու օրն ու ժամը սահմանում է պատասխանատու ստորաբաժանումը (մասնագիտական խումբը)՝ համաձայնեցնելով այն կապալառուի հետ (բայց ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում): Կապալառուի և դիտորդների փոխադարձ համաձայնության դեպքում շինարարական տարածքի այցելությունը կարող է չհամաձայնեցվել պատասխանատու ստորաբաժանման (մասնագիտական խմբի) հետ.

2) շինարարական տարածք այցելելիս դիտորդները պարտավոր են ներկայացնել սույն կարգի 50.2-րդ կետում նշված վկայականը և անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև կրել սաղավարտ և հետևել անվտանգության կանոնների պահպանման մասին կապալառուի հրահանգներին.

3) շինարարական տարածքի այցելությունը չպետք է խոչընդոտի շինարարական աշխատանքներին, այցելության տևողությունը, ինչպես նաև միևնույն կազմակերպության դիտորդների այցելությունների քանակը չպետք է դուրս գան քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխանության ստուգման համար անհրաժեշտ ողջամիտ ծավալներից.

4) այցելության ընթացքում դիտորդները կարող են իրականացնել տեսա-վիդեո նկարահանում և չափումներ.

5) այցելության ընթացքում չպետք է վնասվի շինարարության տարածքում առկա գույքը կամ արդեն կատարված որևէ շինարարական աշխատանք:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան