Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.03.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1244/05/22

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1244/05/22

Նախագահող դատավոր`

 Կ. Ավետիսյան

Դատավորներ`

 Հ. Այվազյան

 Ռ. Մախմուդյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

 

2024 թվականի մարտի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերության (այսուհետ` Համալսարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.01.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ Համալսարանի հայցի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն)` 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Համալսարանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության` 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.01.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 25.04.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համալսարանը (ներկայացուցիչ՝ Վազգեն Թադևոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Ժաննա Անդրեասյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 2-րդ մասը, 144-րդ հոդվածի 1-ին մասը, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, 25-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «դ» կետերը, 26-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 46-րդ, 47-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Աշոտ Արշակյանը և Վարուժան Խաչատրյանը նախ մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար)՝ 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանով իրականացված ուսումնասիրությանն ու մասնակցել են դրա արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկանքի կազմմանը, ապա Աշոտ Արշակյանը նույն տեղեկանքի հիման վրա տվել է եզրակացություն, որից հետո Աշոտ Արշակյանը և Վարուժան Խաչատրյանը մասնակցել են նիստի, քվեարկել են, ինչպես նաև մասնակցել են դրա արդյունքում թիվ 138/2 Եզրակացության կազմմանը ևս, որպիսի փաստաթղթերի հիման վրա արդեն Նախարարն ընդունել է վիճարկվող հրամանը: Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների ուժով վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու և լուծելու գործը, եթե նա նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը, մինչև գործի քննարկման ավարտը տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ մինչև ապացույցների հետազոտումը կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին, առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով՝ տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ:

Այն պարագայում, երբ Համալսարանը չի մասնակցել հանձնաժողովի նիստին և փաստացի զրկված է եղել լսված լինելու՝ վարչական վարույթին մասնակցելու և իր դիրքորոշումը հայտնելու իրավունքից, ուստի վարչական վարույթի շրջանակներում, մասնավորապես, հանձնաժողովի՝ 18.02.2022 թվականի նիստի ընթացքում և դրա հիման վրա կազմված եզրակացության շրջանակներում որևէ կերպ չի արծարծվել Համալսարանի դիրքորոշումը (արձանագրված «խախտումների» մասին առարկությունները, դրանք հիմնավորող ապացույցները և այլն), հետևաբար Նախարարը փաստացի և ուղղակիորեն կաղապարված է եղել եզրակացության մեջ արտահայտված՝ հանձնաժողովի որոշմանը համահունչ հրաման ընդունելով, քանի որ իր տիրապետման տակ պարզապես չի ունեցել և նման պայմաններում չէր էլ կարող ունենալ հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության հիման վրա, այդ թվում, Համալսարանի իրավունքները և օրինական շահերը պաշտպանող հրաման ընդունելու որևէ փաստարկ կամ հիմնավորում: Նման պայմաններում խախտվել է Համալսարանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ պատշաճ վարչարարության իրավունքի բուն էությունը:

Այսպես, տվյալ պարագայում, եթե Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի իրականացման ժամանակային տիրույթը, որը հաշվարկվում է 24.01.2022 թվականից, սահմանափակված է 30-օրյա ժամկետով, վարչական մարմինը պետք է ոչ թե մերժեր Համալսարանի միջնորդությունը՝ զուտ այն հիմքով, որ դրանից առաջ երկու անգամ արդեն նիստերը հետաձգվել են, այլ բավարարեր այն՝ նիստը հետաձգելով օրենքով թույլատրելի՝ վարչական վարույթի առավելագույն՝ 30-օրյա ժամկետի սահմաններում: Այլ կերպ, վարչական մարմինը կարող էր և տվյալ պարագայում (հաշվի առնելով անձի լսված լինելու իրավունքի երաշխիք-նորմերի պահանջները) պարտավոր էր բավարարել Համալսարանի միջնորդությունը, սակայն, նիստը հետաձգել ոչ թե հայցվող 10 օրով, այլ, օրինակ՝ 5 օրով, այն է՝ նիստը հրավիրել 23.02.2022 թվականին, որը թե՛ համահունչ կլիներ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ վարչական վարույթի առավելագույն՝ 30-օրյա ժամկետի մասով օրենսդրական պահանջի հետ (դուրս չէր գա Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի իրականացման՝ 30-օրյա ժամանակային տիրույթից), թե՛ պատշաճ կերպով կապահովեր Համալսարանի՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ պատշաճ վարչարարության և մասնավորապես, Համալսարանի՝ լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունը:

Անձի լսված լինելու իրավունքի ապահովումը ձևական պահանջ չէ, այլ այն հանդիսանում է սահմանադրական այնպիսի իրավունք, որի միջոցով երաշխավորվում է նրա իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը, ինչն էլ տվյալ պարագայում Համասարանի համար չի ապահովվել, քանի որ հանձնաժողովի՝ 18.02.2022 թվականի նիստում Համալսարանի բացակայությամբ փաստացի լուծվել է նրա վերաբերյալ հարուցված վարչական վարույթը, և տրվել է վերջինիս իրավունքներին միջամտող եզրակացություն, որն էլ հիմք է հանդիսացել վիճարկվող հրամանի ընդունման համար:

Ոչ դատաքննության ընթացքում, ոչ էլ Դատարանի 25.04.2022 թվականի վճռով համարժեք անդրադարձ չի կատարվել Համալսարանի կողմից բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների «խախտումներին» և չեն գնահատվել դրանց առկայությունը հաստատող (կամ հերքող) ապացույցները:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական հիմքերը՝ Վերաքննիչ դատարանը չէր կարող ղեկավարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և բեկանել ու փոփոխել Դատարանի վճիռը՝ կայացնելով նոր դատական ակտ, քանի որ Դատարանի կողմից չէին հաստատվել մի շարք փաստական հանգամանքներ (մասնավորապես, խախտումների առկայության և դրանց հիմնավորվածության վերաբերյալ), ուստի այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել էին Դատարանի կողմից, չէին կարող հնարավորություն տալ Վերաքննիչ դատարանին կայացնելու իր՝ 09.01.2023 թվականի որոշումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.01.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.04.2022 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Նախարարության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրացումը ոչ միայն չի խոչընդոտվել, այլ նաև հիշյալ իրավունքի իրացման համար ապահովվել են լիարժեք հնարավորություններ և չեն ստեղծվել անհիմն, ոչ ողջամիտ սահմանափակումներ, այդուհանդերձ Համալսարանը չի օգտվել լսված լինելու իր իրավունքից:

Պետք է փաստել, որ փորձագիտական եզրակացություն տալու, փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու, վարչական ակտի ընդունմանը մի քանի վարչական մարմինների մասնակցելու, ինչպես նաև վարչական վարույթի մնացած ժամկետում ըստ էության որոշում ընդունելու անհնարինության հիմքերի բացակայության պայմաններում առկա չի եղել վարչական վարույթը երկարաձգելու համար անհրաժեշտ և բավարար որևէ հիմք, ինչի հետևանքով վարչական մարմինը կաշկանդված է եղել վարչական վարույթը 30 օրում ավարտելու պարտականությամբ:

Հարկ է նշել, որ կազմված տեղեկանքով արձանագրված 21 խախտումների առկայության պայմաններում Նախարարությունը չէր կարող չդադարեցնել Համալսարանի գործունեության լիցենզիան: Նշված խախտումները կրել են էական և առանցքային նշանակություն, որոնց առկայությամբ ուղղակի հնարավոր չէր ապահովել օրենսդրության պահանջներին համապատասխան կրթական գործունեություն և պատրաստել որակյալ մասնագետներ:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստել է, որ Աշոտ Արշակյանը և Վարուժան Խաչատրյանը փաստացի չեն իրականացրել վիճարկվող գործի քննությունը և չեն լուծել այն, այլ գործը քննել և լուծել է Նախարարը: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ չբավարարելով արդեն 18.02.2022 թվականին նշանակված նիստը հետաձգելու մասին Համալսարանի միջնորդությունը՝ վարչական մարմինը չի դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ, այլ վիճահարույց վարույթի շրջանակներում ապահովել է վարույթին մասնակցելու Համալսարանի գործնական հնարավորությունը, որից սակայն, սեփական նախաձեռնությամբ Համալսարանը չի օգտվել՝ դրսևորելով չարդարացված անգործություն։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նախարարության կողմից 27.08.2014 թվականին Համալսարանին տրվել են սերիա Բ թիվ 0007 լիցենզիան՝ բակալավրի կրթական ծրագիր իրականացնելու համար, և սերիա Մ թիվ 0007 լիցենզիան՝ մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 38-39):

2) Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանով Համալսարանում միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություն իրականացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով. (ի թիվս այլ անձանց) Աշոտ Արշակյան՝ Նախարարության լիցենզավորման գործակալության պետ (ղեկավար), Վարուժան Խաչատրյան՝ Նախարարության լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ (անդամ) (հատոր 1-ին, գ.թ. 63-65):

3) Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանով իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմվել է «Տեղեկանք» վերտառությամբ փաստաթուղթը, որում արձանագրվել են նաև Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների մի շարք խախտումներ, իսկ նշված տեղեկանքը կազմած անձանց ցանկում ներառված են նաև Աշոտ Արշակյանը՝ Նախարարության լիցենզավորման գործակալության պետ (ղեկավար), և Վարուժան Խաչատրյանը՝ Նախարարության լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ (անդամ) (հատոր 1-ին, գ.թ. 14-37):

4) Նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանի կողմից կազմվել է եզրակացություն, որում նշվել է, որ, հիմք ընդունելով, ի թիվս այլնի, նաև Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկանքը, լիցենզավորման գործակալությունն առաջարկում է Համալսարանին տրված բակալավրի սերիա Բ թիվ 0007 և մագիստրոսի սերիա Մ թիվ 0007 կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը դադարեցնել (հատոր 2-րդ, գ.թ. 101-127):

5) Նախարարի տեղակալի 17.01.2022 թվականի թիվ 02/28.2/887-2022 գրությամբ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը 24.01.2022 թվականին հրավիրվել է Նախարարություն՝ քննարկելու Համալսարանի միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին հարցը (հատոր 2-րդ, գ.թ. 8-9):

6) Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը 24.01.2022 թվականին Նախարարի տեղակալին ուղղված գրությամբ խնդրել է 10 օրով հետաձգել հրավիրված լսումները՝ պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ և չի կարող ներկա գտնվել նիստին, բացի այդ, դիմել է փաստաբանի՝ Համալսարանի շահերը ներկայացնելու համար, ուստի անհրաժեշտ է առնվազն 10 օր նյութերին ծանոթանալու համար (հատոր 2-րդ, գ.թ. 18):

7) Նախարարի տեղակալի 24.01.2022 թվականի թիվ 02/282/1437-2022 գրությամբ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանին հայտնվել է, որ, ընդառաջելով վերջինիս խնդրանքը, կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստը տեղափոխվել է, և այն տեղի կունենա 08.02.2022 թվականին՝ ժամը 9:30-ին (հատոր 2-րդ, գ.թ. 20-21):

8) Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի ներկայացուցիչ (փաստաբան) Վազգեն Թադևոսյանը 07.02.2022 թվականի դիմումով հայտնել է, որ իրեն է դիմել Համալսարանը՝ իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության նպատակով, որի իրականացման համար անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ, որպեսզի կարողանա ամբողջովին ծանոթանալ գործի հանգամանքներին, նյութերին և ներկայացնել հակափաստարկներ՝ միաժամանակ նշելով, որ հանձնաժողովի կողմից կազմված տեղեկանքում արձանագրված խախտումները չեն համապատասխանում իրականությանը, և խնդրել է 08.02.2022 թվականին հրավիրված քննարկումն առնվազն 15 օրով հետաձգել, ինչպես նաև հայտնել է, որ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը ևս չի կարող ներկայանալ քննարկմանը, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի, որպիսի գրությանը կից ներկայացրել է նաև լիազորագիր՝ տրված 07.02.2022 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 22-32):

9) Նախարարի տեղակալի 08.02.2022 թվականի թիվ 08/28.1/2543-2022 գրությամբ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանին և փաստաբան Վազգեն Թադևոսյանին հայտնվել է, որ, հաշվի առնելով 07.02.2022 թվականի դիմումով ներկայացված խնդրանքը, Համալսարանի միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին հարցի քննարկումը տեղի կունենա 18.02.2022 թվականին՝ ժամը 16:00-ին (հատոր 2-րդ, գ.թ. 34-35):

10) Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի ներկայացուցիչ (փաստաբան) Վազգեն Թադևոսյանը 18.02.2022 թվականի միջնորդությամբ հայտնել է, որ 18.02.2022 թվականի հանձնաժողովի նիստին ո՛չ ինքը, ո՛չ էլ Լարիսա Համբարձումյանը չեն կարող ներկայանալ, քանի որ Լարիսա Համբարձումյանը ծանր հիվանդ է, նրա մոտ հայտնաբերվել է չարորակ բնույթի ուռուցք, որով պայմանավորված՝ վերջինս գտնվում է ուռուցքաբանի հսկողության ներքո և նրան արգելվել է 10-15 օր զբաղվել աշխատանքային բնույթի որևէ գործունեությամբ, վերջինս տվյալ պահին զբաղվում է առողջական բնույթի հարցերով, որոնք անհետաձգելի են:

Ինչ վերաբերում է իր ներկայանալուն, ապա վերջինս 18.02.2022 թվականին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պետք է մասնակցի շատ ավելի վաղ նշանակված նիստի՝ որպես Արմեն Յուխանյանի փաստաբան, ուստի չի կարող ներկայանալ հանձնաժողովի նիստին, և նշվածի հիման վրա խնդրել է 18.02.2022 թվականի ժամը 16:00-ի նիստը հետաձգել՝ հարգելի համարելով Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի և իր բացակայությունը, և հնարավորության դեպքում նիստը նշանակել 10-15 օր հետո, քանի որ դա այն ժամանակահատվածն է, որ բժիշկները Լարիսա Համբարձումյանին թույլ են տվել զբաղվել առօրյա աշխատանքային գործունեությամբ, բացի այդ, Լարիսա Համբարձումյանը ցանկանում է ներկա գտնվել նիստին, ուստի անհրաժեշտ է ապահովել վերջինիս լսված լինելու իրավունքը, որպիսի գրությանը կից ներկայացրել է նաև բժշկական տեղեկանքներ, Արմեն Յուխանյանի կողմից իրեն տրված լիազորագրի պատճենը և դատական ծանուցագիրը, որից հետևում է, որ Արմեն Յուխանյանի վերաբերյալ դատական նիստը նշանակված է 18.02.2022 թվականին՝ ժամը 15:30-ին, իսկ ծանուցագիրը կազմվել է 08.12.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 39-45):

11) Նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» 18.02.2022 թվականի թիվ 138 նիստի արձանագրության օրակարգի թիվ 2 կետով քննարկված Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը դադարեցնելու մասին հարցով կազմվել է թիվ 138/2 եզրակացությունը, որով որոշվել է դադարեցնել Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը, որպիսի եզրակացությունը, ի թիվս այլ անձանց, ստորագրվել է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Աշոտ Արշակյանի և հանձնաժողովի քարտուղար Վարուժան Խաչատրյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 59):

12) Նախարարի 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանով դադարեցվել է Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը՝ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների կատարված խախտումների՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու և սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի կատարված խախտումների հիմքերով՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի թիվ 308-Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված բակալավրի սերիա Բ թիվ 0007 և մագիստրոսի սերիա Մ թիվ 0007 լիցենզիաները (հատոր 1-ին, գ.թ. 60-61):

13) Նախարարի տեղակալի 21.02.2022 թվականի թիվ 02/28.2/3719-2022 գրությամբ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանին և փաստաբան Վազգեն Թադևոսյանին հայտնվել է, որ երկու անգամ նիստերը հետաձգվել են 10-ական օրով, իսկ 18.02.2022 թվականի նիստը կայացել է, որի ընթացքում որոշվել է դադարեցնել Համալսարանին տրված սերիա Բ թիվ 0007 լիցենզիայի և սերիա Մ թիվ 0007 լիցենզիայի գործողությունը և կասեցնել միջին մասնագիտական ծրագրով գործունեության թիվ 176 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը (հատոր 2-րդ, գ.թ. 48-50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- կարող է արդյո՞ք Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և փոփոխելու լիազորությունը, այնպիսի պայմաններում, երբ հայցում ներկայացված բոլոր փաստարկների վերաբերյալ համապատասխան եզրահանգում ՀՀ վարչական դատարանը չի կատարել:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե'ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:

Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ (տե'ս Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 123-րդ հոդվածին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

 Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է դատական ակտի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող հստակ պահանջներ, որոնց պահպանումը երաշխավորում է դատական ակտի տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված լինելը, ինչն էլ հանգեցնում է դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի ապահովմանը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է՝

1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

2) գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը՝ շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.

3) եզրահանգում՝ կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք դատարանը վերաբերելի է համարում.

4) եզրահանգում` որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝

ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,

բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման.

5) եզրահանգում` դատավարության մասնակիցների պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.

6) դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի պատճառաբանական մասի բաղադրատարրերը ըստ էության հանդիսանում են եզրահանգումներ՝ որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին, դատավարության մասնակիցների պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանական մասի բովանդակությունը կանխորոշում է դատական ակտի եզրափակիչ մասի բովանդակությունը, մասնավորապես՝ յուրաքանչյուր պահանջ լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրահանգումը։

Անդրադառնալով դատարանի՝ վճռի պատճառաբանական մասում դատավարության մասնակիցների պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգում կատարելու պարտականության իրացմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտին ներկայցվող պահանջների վրա տարածվում են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

Դատարանները պարտավոր են քննել հետևյալը. հայցվորների հիմնական փաստարկները (Buzescu-ն ընդդեմ Ռումինիայի, 2005, § 67։ Donadze-ն ընդդեմ Վրաստանի, 2006, § 35), առանձնահատուկ, համապատասխան և կարևոր կետերը (Mont Blanc Trading Ltd and Antares Titanium Trading Ltd-ն ընդդեմ Ուկրաինայի, 2021, §§ 82 և 84) :

Այսպիսով, Եվրապական դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի պահպանվածությունը ի թիվս այլնի դրսևորվում է նաև հայցի հիմք հանդիսացող բոլոր էական և կարևոր փաստարկներին անդրադառնալով և համապատասխան եզրահանգում կատարելով, որպիսի պարտականության չկատարումը դատարանի կողմից հանգեցնում է դատական ակտի ոչ լիարժեք պատճառաբանվածության։

ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար։

Ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրացման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը: Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրացնում է վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը և կայացնում է նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այսինքն՝ նշված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը կարող է հանդիսանալ բավարար և անհրաժեշտ պայման ՀՀ վարչական դատարանի դատական ակտը փոփոխելու համար:

Անդրադառնալով նոր քննության լիազորության իրացմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև դատարանների միջև ձևավորված գործառութային կապի սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում՝ երաշխավորելով նաև վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցի հիմք հանդիսացող որևէ փաստարկին չանդրադառնալը և քննության առարկա չդարձնելը դատական ակտի բողոքարկման փուլում բացառում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորության իրացման համար օրենսդրի կողմից սահմանված պայմաններից մեկը, հետևաբար՝ նշված պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել ՀՀ վարչական դատարանի դատական ակտը և հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Համալսարանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության` 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանը։

Դատարանը, 25.04.2022 թվականի վճռով բավարարել է Համալսարանի հայցը` պատճառաբանելով, որ «(...) Դատարանը, հետազոտելով ու գնահատելով սույն գործում առկա ապացույցները, գտնում է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ վիճարկվող հրամանի ընդունմանն ուղղված վարչական վարույթի լսումներին հայցվորը փաստացի մասնակից չի դարձվել, քանի որ վարչական մարմինը նրա համար լսումներին մասնակցելու իրական հնարավորություն չի ստեղծել՝ ոչ իրավաչափորեն զրկվելով նրան վարչական վարույթում իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից։

(...) Դատարանը, հետազոտելով ու գնահատելով սույն գործում առկա ապացույցները, գտնում է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենցավորման հանձնաժողովի» 18.02.2022 թվականի թիվ 138 նիստի արձանագրության օրակարգի թիվ 2 կետով քննարկված Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը դադարեցնելու մասին հարցով կազմված թիվ 138/2 եզրակացությունը ստորագրած կոլեգիալ մարմնի անդամներ Աշոտ Արշակյանի և Վարուժան Խաչատրյանի մասով ըստ էության առկա են եղել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված ինքնաբացարկ հայտնելու հիմքեր, և նրանք պարտավոր էին հայտնել ինքնաբացարկ (...):

(...) Աշոտ Արշակյանը և Վարուժան Խաչատրյանը մասնակցել են Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանով իրականացված ուսումնասիրությանն ու մասնակցել են դրա արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկանքի կազմմանը, ապա Աշոտ Արշակյանը նույն տեղեկանքի հիման վրա տվել է եզրակացություն, որից հետո Աշոտ Արշակյանը և Վարուժան Խաչատրյանը մասնակցել են նիստի, քվեարկել են, ինչպես նաև մասնակցել են դրա արդյունքում թիվ 138/2 եզրակացության կազմմանը ևս, որպիսի փաստաթղթերի հիման վրա Նախարարն ընդունել է վիճարկվող հրամանը։

Մինչդեռ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների ուժով վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու և լուծելու գործը, եթե նա նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը, մինչև գործի քննարկման ավարտը տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ մինչև ապացույցների հետազոտումը կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին, առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով՝ տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ, որպիսի հիմքերը տվյալ դեպքում առկա են, և նշված (...) անձինք պարտավոր էին հայտնել ինքնաբացարկ»:

Վերաքննիչ դատարանը, 09.01.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 25.04.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ սույն գործի փաստերից հետևում է, որ Աշոտ Արշակյանը և Վարուժան Խաչատրյանը փաստացի չեն իրականացրել վիճարկվող գործի քննությունը (խոսքը վերաբերում է Համալսարանին տրված սերիա Բ N 0007 և սերիա Մ N 0007 լիցենզիաների գործողությունը դադարեցնելու մասին գործի քննությանը) և չեն լուծել այն, այլ գործը քննել և լուծել է Նախարարը։ Մասնավորապես, սույն դատական ակտում նախորդիվ մատնանշված փաստական հանգամանքներից հետևում է, որ վիճահարույց վարչարարությունն իրականացվել է Համալսարանում կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված Տեղեկանքի հիման վրա Նախարարության (վարչական մարմնի) նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի միջոցով, որը եզրափակվել է վիճարկվող հրամանի ընդունմամբ։ Այսինքն, Համալսարանի նկատմամբ հարուցված վարչական վարույթով Համալսարանին Ընկերությանը տրված սերիա Բ N 0007 և սերիա Մ N 0007 լիցենզիաների գործողությունը դադարեցնելու մասին գործը քննել և լուծել է Նախարարը՝ ընդունելով վիճարկվող հրամանը։ Իսկ Աշոտ Արշակյանը և Վարուժան Խաչատրյանը, փաստորեն, մասնակցել են վարույթի ընթացիկ փուլին վերաբերող գործընթացներին՝ իրականացնելով համապատասխան գործառույթներ, որոնք սակայն, չեն վերաբերում գործի փաստացի քննությանն ու լուծմանը։ (...):

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ վարչական մարմինը կաշկանդված է եղել վարույթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում իրականացնելու պարտավորությամբ։ Ընդ որում, վարույթի մասնակիցն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու ուղեգծում նույնպես պետք է հաշվի առներ վարույթի երկարաձգման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված հիմքերի՝ օբյեկտիվ իրականության մեջ բացակայության փաստը, ուստի և վարույթի իրականացման ժամկետային սահմանափակումները, ըստ այդմ՝ իր միջնորդությունների հիման վրա երկու անգամ վարույթով նիստերը հետաձգվելու հանգամանքի հաշվառմամբ Համալսարանը պարտավոր էր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 18022022 թվականին հրավիրված նիստում իր մասնակցությունն ապահովելու համար։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը, արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանով Համալսարանում միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություն իրականցնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով. (ի թիվս այլ անձանց) Աշոտ Արշակյան՝ Նախարարության լիցենզավորման գործակալության պետ (ղեկավար), Վարուժան Խաչատրյան՝ Նախարարության լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ (անդամ), որպիսի հրամանով իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմվել է «Տեղեկանք» վերտառությամբ փաստաթուղթը, որում արձանագրվել են նաև Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների մի շարք խախտումներ, իսկ նշված տեղեկաքը կազմած անձանց ցանկում ներառված են նաև Աշոտ Արշակյանը՝ Նախարարության լիցենզավորման գործակալության պետ (ղեկավար), և Վարուժան Խաչատրյանը՝ Նախարարության լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ (անդամ)։ Նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանի կողմից կազմվել է եզրակացություն, որում նշվել է, որ, հիմք ընդունելով, ի թիվս այլնի, նաև Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկանքը, գործակալությունն առաջարկում է Համալսարանին տրված բակալավրի սերիա Բ թիվ 0007 և մագիստրոսի սերիա Մ թիվ 0007 կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը դադարեցնել:

Այնուհետև Նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» 18.02.2022 թվականի թիվ 138 նիստի արձանագրության օրակարգի թիվ 2 կետով քննարկված Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը դադարեցնելու մասին հարցով կազմվել է թիվ 138/2 եզրակացությունը, որով որոշվել է դադարեցնել Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը, որպիսի եզրակացությունը, ի թիվս այլ անձանց, ստորագրվել է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Աշոտ Արշակյանի և քարտուղար Վարուժան Խաչատրյանի կողմից, ապա Նախարարի 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանով դադարեցվել է Համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը՝ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների կատարված խախտումների՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու և սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի կատարված խախտումների հիմքերով՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի թիվ 308-Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված բակալավրի սերիա Բ թիվ 0007 և մագիստրոսի սերիա Մ թիվ 0007 լիցենզիաները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու և լուծելու գործը, եթե նա նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «դ» կետերի համաձայն՝ վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե՝ ա) առկա է նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, բ) մինչև գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչև ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին, դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը) պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել։

Սույն պարագայում Աշոտ Արշակյանի և Վարուժան Խաչատրյանի կողմից ինքաբացարկ հայտնելու՝ օրենքով սահմանված պարտականության կատարման պարտադիրության և ինքնաբացարկ չհայտնելու արդյունքում Համալսարանի՝ վարչական վարույթի անաչառության սկզբունքի խախտման հարցը պարզելու համար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաների գործողության դադարեցման ընթացակարգին: Այսպես՝

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 5-րդ մասի համաձայն.

«Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը դադարեցնում է բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը`

1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առնվազն երկու խախտման դեպքերի միաժամանակյա հայտնաբերման դեպքում.

2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման կարգով նախատեսված` կրթական ծրագրեր իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության պահանջի մասով խախտման դեպքում.

3) սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տուգանքը չվճարելու, իսկ վճարելու դեպքում` նախազգուշացման հիմք հանդիսացած խախտումը չվերացնելու դեպքում.

4) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման հանձնելու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

5) բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.

6) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն.

7) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

8) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում.

9) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում»:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ»։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիցենզիայի գործողության դադարեցման իրավասու սուբյեկտը հանդիսանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը, մասնավորապես՝ նախարարը, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է լիցենզիայի գործողության դադարեցման ընթացակարգը։ Մասնավորապես՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով»:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները»:

Նշված իրավակարգավորումները հիմք են տալիս փաստելու, որ եզրակացության կազմումը հանդիսանում է լիցենզիայի գործողության դադարեցման փուլային գործընթացի բաղկացուցիչ տարր և չի հանդիսանում վերջնական և որոշիչ եզրահանգումը՝ լիցենզիայի գործողության դադարեցման համար, այլ պարզապես կարող է հանդիսանալ հիմք համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի համար վարչական վարույթի արդյունքում համապատասխան վարչական ակտ ընդունելու համար։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնաբացարկ և բացարկ հայտնելու համապատասխանաբար պարտականության և իրավունքի իրացման վերաբերյալ իրավական կարգավորումները վերաբերում են գործի քննությունն իրականացնող և վարչական վարույթը եզրափակող վարչական ակտն ընդունող պաշտոնատար անձին։ Սույն պարագայում Նախարարության նախաձեռնությամբ հրավիրված վարչական վարույթը եզրափակվել է նախարարի կողմից հրամանի ընդունմամբ, իսկ Աշոտ Արշակյանը և Վարուժան Խաչատրյանը մասնակցել են ուսումնասիրությունների կատարման համար ընթացակարգային գործընթացներին, հետևաբար քննարկվող դեպքում չի խաթարվել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց բացարկի (ինքնաբացարկի) ինստիտուտի՝ որպես վարչական մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց առնչվող գործերի անաչառ քննության իրավունքի պաշտպանության երաշխիքի կենսագործումը, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Վերաքննիչ դատարանը։

Անդրադառնալով վարչական վարույթի տևողության ժամկետային սահմանափակումներին և այդ համատեքստում Համալսարանի ներկայացրած միջնորդության մերժման իրավաչափության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն պարագայում վարչական վարույթի իրականացման ժամանակահատվածն ընդգրկել է 24.01.2022 թվականից մինչև 18.02.2022 թվականն ընկած ժամանակային միջակայքը։

Ներմուծեք նկարագրությունը_19954 Սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթով նիստն ի սկզբանե նշանակվել է 24.01.2022 թվականին՝ ժամը 12։00-ին։ Նախարարությանը հասցեագրված միջնորդությամբ Համալսարանը խնդրել է հետաձգել նշված օրը հրավիրված նիստը: Ներկայացված միջնորդության բավարարման պայմաններում նոր նիստը նշանակվել է 08.02.2022 թվականին՝ ժամը 09։30-ին։ Ընդ որում, նշված նիստը նույնպես հետաձգվել է Համալսարանի միջնորդության հիման վրա։ Հաջորդ նիստը նշանակվել է 18.02.2022 թվականին՝ ժամը 16։00-ին։

Ներմուծեք նկարագրությունը_19954 Նախարարություն ներկայացված միջնորդությամբ Համալսարանի ներկայացուցիչը կրկին խնդրել է հետաձգել նիստը՝ հիմքում դնելով համալսարանի ռեկտորի վատառողջ լինելու, իսկ ներկայացուցչի՝ այլ գործով դատական նիստի մասնակցելու հանգամանքները (նշված հանգամանքներն ապահովված են պատշաճ ապացույցներով), սակայն վարչական մարմինը, մերժելով միջնորդությունը, իրականացրել է գործի քննություն, որը եզրափակվել է Նախարարի վիճարկվող հրամանով։

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ։

Նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`

ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, նույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.

բ) փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

գ) փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

դ) վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ։

Վերոգրյալ իրավական կարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, կարևորելով այն հանգամանքը, որ պատշաճ վարչարարության իրավունքի ընթացակարգային բաղադրատարրերից է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, սահմանել է վարչական վարույթի տևողության առավելագույն ժամկետ՝ հնարավորություն տալով նաև վարչական վարույթն ավարտել առավել սեղմ ժամկետներում, իսկ վարչական վարույթի ժամկետի երկարաձգման համար նախատեսել է հստակ պայմաններ, որոնց առկայության դեպքում վարչական մարմինը կարող է երկարաձգել վարչական վարույթի ժամկետը։

Այսպիսով, իրավաչափ համարելով Վերաքննիչ դատարանի կողմից կատարված եզրահանգումը՝ կապված գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելուն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում ներկայացված միջնորդության բավարարումը կհանգեցներ օրենքով սահմանված ժամկետների խախտման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում։ Նշվածի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ վարչական մարմինը միջնորդությունը քննարկման առարկա է դարձնում ներկայացված պահանջի սահմաններում, այսինքն՝ սույն պարագայում 10-օրյա ժամկետով վարչական վարույթի լսումների հետաձգման պահանջն է քննարկման առարկա դարձվել և օրենքով սահմանված ժամկետային սահմանափակումները չխախտելու հաշվարկի համար հիմք է հանդիսացել հենց 10-օրյա ժամկետը, բացի այդ վարչական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Համալսարանն ունեցել է նաև այլ ներկայացուցիչ և վերջինս նույնպես կարող էր իր մասնակցությունն ապահովել վարչական վարույթի լսումներին, հետևաբար սույն պարագայում Համալսարանի կողմից դրսևորվել է լսումներին մասնակցելու անգործություն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը, կատարելով հիմնավոր եզրահանգումներ առ այն, որ վարչական մարմնի կողմից թույլ չեն տրվել վարչական ակտին ներկայացվող ընթացակարգային նորմերի խախտումներ, իրավաչափորեն արձանագրել է, որ «Ընկերությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումները (թվով 21) իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ հայցադիմումով վկայակոչված Ընկերության փաստարկները որևէ պատշաճ ապացույցով ապահովված չեն։ Ընդ որում, Նախարարության կողմից Վարչական դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա գրավոր ապացույցներն ուղղակիորեն վկայում են արձանագրված խախտումների հավաստիության մասին»։

Միաժամանակ, անդրադառնալով Դատարանի՝ վճռում կատարված եզրահանգումներին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանը վճռով չի անդրադարձել գործում առկա մյուս փաստարկներին՝ արձանագրելով, որ դրանք սույն վարչական գործի լուծման տեսանկյունից այլևս չունեն որևէ էական նշանակություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ սույն գործով հաստատվում է հայցվորի լսված լինելու իրավունքի խախտումը, որի դեպքում նա ըստ էության հնարավորություն չի ունեցել վարչական մարմնի քննարկմանը ներկայացնել հայցով բերված իր փաստարկները, ինչպես նաև տվյալ դեպքում առկա են եղել ինքնաբացարկի (բացարկի) հիմքեր, որոնք ևս չեն քննարկվել, իսկ Դատարանն էլ վիճարկման հայցի շրջանակներում չի կարող փոխարինել վարչական մարմնին, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է հենց այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում, որպիսի շրջանակով էլ սույն գործով գնահատման էր ենթակա վիճարկվող վարչական ակտը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, հայցը բավարարելով միայն վարչական ակտին ներկայացվող ընթացակարգային նորմերի պահանջների խախտման հիմքով, չի անդրադարձել հայցում ներկայացված մնացած փաստարկներին, մասնավորապես՝ Դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում քննության առարկա չի դարձրել և անդրադարձ չի կատարել Համալսարանի կողմից գործունեության իրականացման ընթացքում կատարված խախտումներին և դրանց հիմնավորվածությանը, մինչդեռ սույն պարագայում վերջինս ներկայացված հայցում մատնանշել է նաև, որ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները բացարձակ անհիմն են և չունեն որևէ փաստական հանգամանքների վրա կառուցված հիմնավորումներ, իսկ իր գործունեությունն ամբողջությամբ համապատասխանում է լիցենզիայի պահանջներին, մասնավորապես՝ վերջինս ունի պատշաճ քանակի և որակավորման պրոֆեսորադասախոսական կազմ, պատշաճ կազմակերպում է ուսումնաարտադրական պրակտիկան, ունի պատշաճ ծավալի ուսումնական արտադրանք, ունի լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածություն։ Հետևաբար, Դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չէին տալիս Վերաքննիչ դատարանին իրացնելու իր՝ ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանը հայցում ներկայացված մնացած փաստարկներին անդրադառնալու և վարչական ակտի նյութական իրավաչափությունը քննարկման առարկա դարձնելու հիմքով պետք է գործն ուղարկեր նոր քննության։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

 

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.01.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

 

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: