Գլխավոր տեղեկություն
Համար
N 676-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2024 թվականի N 676-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետը և 8-րդ կետը, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան քաղաք, Տանձու լենջ թաղամաս 3 ճամբար հասցեում գտնվող, 2024 թվականի մարտի 22-ի դրությամբ 172 400 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով, 4 066․6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 22012024-09-0031 վկայական) (այսուհետ՝ գույք) նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (COAF) (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն սույն որոշման հավելվածի հանրօգուտ ծրագրի՝ այն վերակառուցելու և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» արտադպրոցական, նորարարական, կրթական կենտրոն ստեղծելու նպատակով։

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի տնօրենի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ.

1) նվիրաբերվող գույքը կառուցելու և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ծրագիր իրականացնելու նպատակով, հիմնադրամին ֆինանսական միջոցների հատկացման պահից սկսած, բայց ոչ ուշ, քան գույքը հիմնադրամին հանձնելու պահից վեց ամիսը, հիմնադրամի կողմից 5 տարիների ընթացքում կիրականացվի 2 500 000 000 ՀՀ դրամի ներդրում՝ համաձայն սույն որոշման հավելվածի հանրօգուտ ծրագրի.

2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն.

4) սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 676-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՆՐՕԳՈՒՏ ԾՐԱԳԻՐԸ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կազմակերպության լրիվ անվանում՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (COAF)

● Կազմակերպաիրավական ձև՝ ոչ առևտրային

 Կազմակերպության ստեղծման ամսաթիվ՝ 2003թ. հոկտեմբերի 7

● Կազմակերպության գրանցման վկայականի համար՝ 222.160.00202

 Գրանցման վայր և տարեթիվ՝ ք. Երևան, 2003թ.

Գործունեության իրականացման վայր՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, Կենտրոն 0010, Երևան

● Փոստային հասցե՝ 0010

● Կազմակերպության կապիտալի չափ՝ հիմնադրամը չունի կանոնադրական կապիտալ

● Նույնականացման ծածկագիր՝ 39098096, ՀՎՀՀ՝ 02569972

● էլ. հասցե՝ coaf@coaf.org վեբ կայք՝ հttps։//www.coaf.org/

● Գործադիր տնօրեն՝ Լիանա Ղալթաղչյան, հեռ.՝ 094111177

● Գլխավոր հաշվապահ՝ Նվարդ Կարապետյան, հեռ.՝ 093275847

 

2․ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հիմնադրամի նպատակներն են՝

 

● նպաստել Հայաստանում երեխաների բարեկեցության ապահովմանը, առողջապահությանը, կրթությանը՝ ընտանիքներին աջակցելու և շրջակա միջավայրի պահպանության միջոցով,

● զբաղվել հիմնադրամների համար չարգելված այլ գործունեությամբ։

 

Հիմնադրամի խնդիրներն են՝

 

● ՍՄԱՐԹ նախաձեռնությունների և համապարփակ ռեսուրսների միջոցով հզորացնել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին ու երիտասարդներին,

● բարելավել մարզերի կրթական, առողջապահական և տնտեսական ոլորտները՝ նպաստելով կայուն ու դինամիկ զարգացող համայնքների ստեղծմանը։

 

3. ՀԱՆՐՕԳՈՒՏ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագրի ընդհանուր նկարագիրը և իրականացման հիմնական նպատակը

 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ծրագրային մոդելը, որը իրականացվելու է ՀՀ Սյունիքի մարգի Կապան համայնքում (այսուհետ նաև՝ համայնք), ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) միջոցառումներ, ինչպես նաև համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերանորոգումներ և բարելավումներ (այսուհետ միասին՝ ծրագիր)։

Հիմնադրամի հաջող կիրառված ծրագրային մոդելի առանձնահատկությունն այն է, որ հիմնադրամի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում (ներկայումս գործում է ՀՀ Լոռու մարզում) իրականացվող բազմակողմանի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով համայնքաբնակ երեխաները հաղորդակից են դարձվում աշխարհին։

Որպես ոչ ֆորմալ կրթական ծրագրի մաս կազմող գերազանցության կենտրոն՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ժամանակակից հաղորդակցային ու տեղեկատվական տեխնոլոգիաների, ամառային դպրոցների, գիտահավաքների, տարածաշրջանային քննարկումների և այլ կարևոր միջոցառումների կազմակերպման միջոցով աշխարհի լավագույն մասնագետներին ու ռեֆորմատորներին կապում է բնակավայրերի հետ՝ տարածելով կրթության, առողջապահության, արվեստի, գիտության, շրջակա միջավայրի ու տեխնոլոգիայի բնագավառների առաջատար փորձն ու մեթոդները։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի կրթական ծրագիրը բաղկացած է անգլերենի, ռուսերենի, չինարենի, ֆինանսների, մարքեթինգի, նկարչության, թվային նկարչության, ՎիԱր (VR) ֆիթնեսի, երաժշտական գործիքների, ձայնային ձևավորման, կառավարման, կատարողական արվեստի, ծրագրավորման, մեխանիկայի, ագրոտեխնոլոգիայի, Յոգայի, Պարի, դասընթացներից։ Նշված կրթական միջոցառումները իրականացվում են բացառապես անհատույց հիմքերով։ Կրթական ծրագիրը ժամանակի ընթացքում վերանայվում և վերագնահատվում է կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ուստի, թվարկված բաղադրիչները կարող են փոփոխվել, ընդլայնվել կամ պակասեցվել կախված ժամանակի ընթացքում կրթական ծրագրի վերագնահատման արդյունքներից։

ՀՀ Սյունիքի մարգի Կապան համայնքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման նպատակն է զարգացնել ՀՀ Սյունիքի մարզի Կապան բազմաբնակավայր համայնքի և հարակից համայնքների երեխաների մտահորիզոնը և կարողությունները՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։

Համայնքում զուգահեռաբար իրականացվող տնտեսական միջոցառումների նպատակն է ֆինանսական ներդրումների միջոցով զարկ տալ բնակավայրերում տնտեսական զարգացմանը, գործարարների կարողությունների զարգացմանը։ Սա իրականացվելու է որպես լրացուցիչ միջոցառում, համապատասխան ֆինանսական միջոցների նախատեսման պարագայում։

Համայնքում սպորտային միջոցառումների նպատակն է համայնքի բնակիչների և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի խրախուսումը՝ համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով։ Նպատակ է դրվելու որպեսզի սպորտային ծրագրերից օգտվեն համայնքի բոլոր երիտասարդները։

Համայնքում գյուղատնտեսական միջոցառումների նպատակն է հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, կիրառել նորարարական լուծումներ և մեթոդներ՝ իրականացնելու գյուղատնտեսական արդյունաբերական տեխնոլոգիաներ մասնագիտական կրթական ծրագրեր, որը նպաստելու է տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և յուրօրինակ մշակույթի հիմք է լինելու՝ խթանելով սերունդների գիտելիքները գյուղատնտեսության ոլորտում։ Սա իրականացվելու է որպես լրացուցիչ միջոցառում, համապատասխան ֆինանսական միջոցների նախատեսման պարագայում։

Համայնքում ԳՏՃՄ (STEM) միջոցառումների նպատակն է ստեղծել հնարավորություններ շահառու համայնքների երեխաների համար ծանոթանալու առաջատար լուծումներին և համակարգերին, գիտական, տեխնիկական, ճարտարագիտական և մաթեմատիկայի ոլորտներում։ Դրանք նպաստելու են ապագա սերունդների տեխնիկական հմտությունների և գիտելիքների կատարելագործմանը. նրանց առջև բացվելու են նոր հորիզոններ արտադրական և արդյունաբերական ոլորտներում նորարարական լուծումների ներդրման և իրագործման համար։

Համայնքում ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման նպատակն է ստեղծել անհրաժեշտ շինություններ և միջավայր վերը նշված նպատակների իրագործման համար։

 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ԵՄ-ից ներգրավված դրամաշնորհային, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկից ներգրավված վարկային միջոցների հաշվին։ Ուստի, ծրագրի մեկնարկը հնարավոր է լինելու միայն այն դեպքում, երբ համապատասխան ֆինանսական միջոցները ՔՈԱՖ-ի համար կդառնան հասանելի։

 

Տեղեկատվություն ծրագիրը իրականացնելու մասին

 

Ծրագրի կրթական մասն իրականացվելու է անմիջականորեն «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, իսկ մնացած մասերի իրականացման ժամանակ ներգրավելու են տվյալ միջոցառման իրականացման ուղղությամբ մասնագիտացված կազմակերպություններ։ Մասնավորապես, ծրագրի նախագծման և շինարարական աշխատանքներն իրականացնելու են համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները։

 

Ծրագրի գործողության ոլորտը

 

Ծրագրի իրականացման ոլորտն է համայնքում արտադպրոցական կրթությունը, տնտեսության, սպորտի, գյուղատնտեսության, ԳՏՃՄ (STEM) ուղղության, ենթակաոուցվածքների զարգացումը։

 

Ծրագրի շրջանակում իրականացվելու են հետևյալ միջոցառումները.

 

Դրամաշնորհային և վարկային միջոցները ՔՈԱՖ-ի համար հասանելի դառնալու օրվանից սկսած 5 տարվա ընթացքում իրականացվելու են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Բարեկարգվելու է կենտրոնի տարածքը և զուգահեռաբար հիմնանորոգվելու են կենտրոնի մասնաշենքերը, կառուցվելու են անհրաժեշտ հարակից տեխնիկական շինությունները։ Բարեկարգվելու են կենտրոնի հարակից տարածքները և ճանապարհներն ու դրանց անհրաժեշտ ենթակառուցվածքները։

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծումից հետո իրականացվելու են տնտեսական, սպորտային, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) միջոցառումները։

 

Ծրագրի բյուջեն

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն 5 տարվա համար կազմում է 2,500,000,000 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ։

 

Նախատեսված ֆինանսավորման ուղղություններն են՝

 

● Կապանի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքի բարեկարգում,

● ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մասնաշենքերի վերակառուցում և շահագործում,

● Ենթակառուցվածքների կառուցում, վերանորոգում և բարելավում,

● Տնտեսական, սպորտային, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) միջոցառումներ։

 

Ֆինանսավորման աղբյուրները՝

● հիմնադրամի սեփական միջոցներ,

● եվրոպական միության դրամաշնորհներ,

● եվրոպական ներդրումային բանկի վարկ։

 

Ծրագրի արդյունքը

 

Ծրագրի արդյունքում Համայնքում կստեղծվեն հասարակական նշանակության կարևոր կառույցներ և կիրականացվեն միջոցառումներ, որոնք կծառայեն համայնքում կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) ուղղությունների զարգացմանը, ինչպես նաև՝ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակաոուցվածքների զարգացմանը։ Բազմաթիվ համայնքաբնակ երեխաներ հնարավորություն կունենան ստանալ որակյալ ոչ ֆորմալ կրթություն, իսկ նրանց ընտանիքների անդամները և երիտասարդները՝ ներգրավել տնտեսական, գյուղատնտեսական, սպորտային, ԳՏՃՄ (STEM) միջոցառումներում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան