ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 802-Ն
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ՝ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վերահսկողության ընթացքում ծագող՝ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար փորձագետներ ներգրավելու, վճարելու դեպքերը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 802-Ն որոշման |
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ՝ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են վերահսկողության ընթացքում ծագող՝ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար փորձագետներ ներգրավելու, վճարելու դեպքերի և պայմաններիհետ կապված հարաբերությունները:
2․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը (այսուհետ՝ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձ) արտադրանքի և տեխնիկական անվտանգության ոլորտում տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների պահպանման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առք ու վաճառքի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության և արտադրական կանեփի ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում առաջացած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով ներգրավում է փորձագետի։
3․ Փորձագետ ներգրավվում է՝
1) խաղալիքների անվտանգությանը ներկայացվող պահանջները ստուգելիս.
2) ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավթային վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջները ստուգելիս․
3) քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջները ստուգելիս․
4) օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող չափմանի միջոցների՝ օրենսդրության սահմանած պահանջներին համապատասխանությունը որոշելիս․
5) մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներին ներկայացվող պահանջների պահպանումը որոշելիս․
6) օծանելիքակոսմետիկական անվտանգությանը ներկայացվող պահանջները ստուգելիս․
7) բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքին ներկայացվող պահանջները ստուգելիս․
8) ծխախոտային արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջները ստուգելիս․
9) ցեմենտներին, ցեմենտային կլինկերներին ներկայացվող պահանջները ստուգելիս․
10) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքին ներկայացվող պահանջները ստուգելիս․
11) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման գործունեության պայմանները և պահանջները ստուգելիս․
12) որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրային գազերին ներկայացվող պահանջները ստուգելիս․
13) արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ վաճառքի՝ օրենսդրության սահմանած պահաջներին համապատասխանությունը որոշելիս։
4․ Փորձագետ կարող է ներգրավվել վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի նախաձեռնությամբ։
5․ Վերահսկողության ընթացքում որպես փորձագետ ներգրավվում են մասնագիտացված փորձագիտական հաստատության՝ փորձագետի որակավորում ունեցող փորձագետները (այսուհետ՝ հաստատության աշխատակից) կամ համապատասխան ոլորտի փորձագետը (այսուհետ՝ փորձագետ)։
6․ Փորձագետի կամ հաստատության աշխատակցի անհրաժեշտ որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով):
7․ Փորձագետը կամ հաստատության աշխատակիցը ներգրավվում է վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի որոշմամբ, որում նշվում են փորձագետի տվյալները, իսկ հաստատության աշխատակցի դեպքում՝ նաև փորձաքննության ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը, փորձագետին կամ հաստատության աշխատակցին առաջադրվող հարցերը և փորձաքննության առարկային վերաբերող նյութերը: Փորձագետին կամ հաստատության աշխատակցին առաջադրվող հարցերը պետք է լինեն հստակ, ամբողջական և առարկայական ձևակերպված:
8․ Փորձագետը կամ հաստատության աշխատակիցը ներգրավվում է պայմանագրային հիմունքներով: Պայմանագրով սահմանվում են փորձաքննության անցկացման, մասնագիտական աշխատանքների իրականացման կապակցությամբ կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ծառայությունների մատուցման ժամկետները, արժեքը, վճարման կարգն ու պայմանները, այն բանկային հաշվեհամարը, որին պետք է կատարվի վճարումը և այլ անհրաժեշտ հարցեր:
9․ Վերահսկողության ընթացքում առաջացած հարցերի պարզաբանման նպատակով թույլատրվում է միաժամանակ ներգրավել տարբեր փորձագետների։
10․ Փորձագետը կամ հաստատության աշխատակիցը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտում է փորձագիտական հետազոտությունը և կազմում գրավոր եզրակացություն, որում նշվում են հետազոտության կատարման վայրը և ժամանակը, կիրառված մեթոդները, կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, հետազոտություններից արված հետևությունները և առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։
11․ Եթե փորձագետի կամ հաստատության աշխատակցի եզրակացության մեջ կիրառված մեթոդները կամ կատարված հետազոտությունների նկարագրությունը կամ հետազոտություններից արված հետևությունները կամ առաջադրված հարցերի պատասխանները նշվել են թերի կամ ոչ հստակ, ապա վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը իրավունք ունի եզրակացությունը վերադարձնելու փորձագետին՝ մատնանշելով այն թերությունները, որոնք ենթակա են շտկման և հստակեցման։ Փորձագետի կողմից փորձագիտական հետազոտությունն անկատար թողնելու և պարզաբանման ենթակա բոլոր հարցերին պատասխանելու անհնարինության դեպքում կարող է ներգրավվել այլ փորձագետ՝ սույն որոշմամբ սահմանված կարգով։
12․ Փորձագետի կամ հաստատության աշխատակցի կատարած հետազոտության համար վճարումը կատարվում է պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով՝ դրանով նախատեսված գումարը բանկային համապատասխան հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
13․ Փորձագետին կամ հաստատության աշխատակցին վճարումը կատարվում է պետական բյուջեով տեսչական մարմնի համար նախատեսված միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
30.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|