ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1486-Ա |
«23» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 28.12.2023 թվականին հայտարարվել է ԵՔ-ԲՄԱՊՁԲ-24/5 ծածկագրով ավտոբուսների գնման ընթացակարգ, որին մասնակցության հայտ է ներկայացվել նաև XIAMEN GOLDEN DRAGON BUS CO., LTD ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից):
Գնահատող հանձնաժողովը գնահատելով Մասնակցի կողմից ներկայացված՝ հրավերով պահանջվող փաստաթղթերը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված պայմաններին, արձանագրել է հետևյալ անհամապատասխանությունը հրավերի պահանջների նկատմամբ, այն է՝
ԵՔ-ԲՄԱՊՁԲ-24/5 ծածկագրով բաց մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրի համաձայն՝ «Մատակարարը պետք է նախապես պատվիրատուին տրամադրի առաջարկվող ավտոբուսների սերիական արտադրության մոդելը, մակնիշը, տեխնիկական բնութագրերը և 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ պահանջվող ավտոբուսի հավաստագրերը առաջարկվող ավտոբուսների տեխնիկական բնութագրերի համապատասխանության ստուգման համար:», սակայն Մասնակցի կողմից հայտով չի ներկայացվել վերը նշված պահանջով սահմանված հավաստագրերը:
Գնահատող հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ Կարգ) 41-րդ կետի պահանջներով՝ ծանուցել է Մասնակցին՝ առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունը:
Հաշվի առնելով 07 մարտի 2024 թվականին ժամը 17:30-ին Ընկերության կողմից «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-24/5» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստին ուղարկված շտկման գրությունը՝ գնահատող հանձնաժողովը արձանագրել է, որ Ընկերությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել գնահատող հանձնաժողովի քարտուղարի շտկման գրությամբ պահանջված և ի սկզբանե հայտով չներկայացված ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ պահանջվող ավտոբուսի հավաստագրերը, որոնք հրավերով նախատեսված էին առաջարկվող ավտոբուսների տեխնիկական բնութագրերի համապատասխանության ստուգման համար:
Վերոգրյալով պայմանավորված՝ գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով Կարգի 42-րդ կետի պահանջները Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է:
Գնման ընթացակարգի շրջանակում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 15.04.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. XIAMEN GOLDEN DRAGON BUS CO., LTD ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Ընդունել ի գիտություն, որ XIAMEN GOLDEN DRAGON BUS CO., LTD ընկերության կողմից «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-24/5» ծածկագրով գնման ընթացակարգի հրավերի 8.14-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում հայտի ապահովման գումարը վճարելու դեպքում՝ Մասնակիցը սահմանված կարգով գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում չի ներառվում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏար |
Ա. Փամբուխչյան |