Գլխավոր տեղեկություն
Համար
N 599
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.02.1994-01.07.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.10.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1991 թվականի N 599

քաղ. Երևան

 

Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին

(վերնագիրը խմբ. 11.02.94 N 74)

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական (բացի սպառողական կոոպերացիայից) ձեռնարկությունների շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների կարգավորման նպատակով սահմանել գործունեության այդ տեսակով զբաղվելու վճար` հաստատագրված գումարով, համաձայն հավելվածի, հաշվի առնելով հասարակական սննդի օբյեկտներում նստատեղերի քանակը և հաճախելիությունը:

Մեկ նստելատեղի կահավորման համար անհրաժեշտ մակերեսի նորմատիվը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը, իսկ վճարի հաշվարկի ժամանակ ընդունվող հաճախելիության և նստելատեղերի օգտագործման գործակիցը պետք է լինի 0,5: Առաջարկվող կարգով կատարված հաշվարկին համապատասխան մեկ հաճախորդից բյուջե է գանձվում 0,4 դրամ:

(1-ին կետը խմբ., փոփ. 11.02.94 N 74)

2. (կետն ուժը կորցրել է 11.02.94 N 74)

3. կետն ուժը կորցրել է 11.02.94 N 74)

4. կետն ուժը կորցրել է 11.02.94 N 74)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման կիրարկման կարգը:

(2-րդ կետը փոփ. 11.02.94 N 74)

3. Սկսած 1994 թվականի հունվարի 1-ից սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ինդեքսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող աշխատավարձի նվազագույն չափի ինդեքսավորման գործակիցներով:

(3-րդ կետը լրաց 11.02.94 N 74)

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ.
հոկտեմբերի 10-ի N 599 որոշման

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվարկի հիմքում ընդունվում է կոոպերատիվ ռեստորաններում և սրճարաններում (որտեղ առկա են խորտիկների, տաք կերակրատեսակների տեսականի, ալկոհոլային խմիչքներ և այլն) մեկ հաճախորդի հաշվով հանրապետությունում ձևավորված ծախսերի միջին մակարդակը` 13,35 դրամի չափով: Ընդ որում, նյութական ծախսերի (սննդամթերքի) տեսակարար կշիռը կազմում է 65 տոկոս, մյուս ծախսերը` 25 տոկոս, շահութաբերությունը` 10 տոկոսի սահմաններում, շահույթը` համապատասխանաբար 1,335 դրամ: Բյուջե պետք է մուծվի 30 տոկոս դրույքաչափով կամ 0,4 դրամ (1,335 x 30 տոկոս):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական սննդի ձեռնարկությունները տարվա ընթացքում աշխատում են ոչ հավասարաչափ բեռնվածությամբ` կապված սեզոնայնության, սննդամթերքով, էլեկտրաէներգիայով, վառելիքով ապահովվածության հետ և այլն, հաշվարկում հաճախելիությունն ընդունվում է տարեկան օրերի թվի 50 տոկոսի մակարդակով և առկա նստատեղերի բեռնվածությունը նույնպես 50 տոկոսի մակարդակով, այսինքն` 0,5 գործակցով:

Մեկ նստատեղի կահավորման համար առանձնացված մակերեսը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը:

Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունքի վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով`

ա) օգտակար մակերեսը 150 քառ. մետր, որը համապատասխանում է 100 նստատեղի (150 քառ. մ : 1,5 քառ. մ = 100 նստատեղի):

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 (360 x 0,5) x 50 (100 x 0,5) = 3600 դրամ.

բ) օգտակար մակերեսը 100 քառ. մետր, որը համապատասխանում է 66 նստատեղի:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 (360 x 0,5) x 33 (66 x 0,5) = 2376 դրամ.

գ) օգտակար մակերեսը 30 քառ. մետր կամ 20 նստատեղ:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 (360 x 0,5) x 10 (20 x 0,5) = 720 դրամ:

Հասարակական սննդի այն օբյեկտները, որտեղ բացակայում են խորտիկները, տաք ճաշատեսակները, ալկոհոլային խմիչքները և այլն, կախված առկա նստատեղերի քանակից, բյուջե են մուծում լրիվ վճարի 25 տոկոսը:

Օրինակ, նման տիպի օբյեկտը 30 քառ. մետր է կամ 20 նստատեղ:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 (360 x 0,5) x 10 (20 x 0,5) x 25% = 180 դրամ:

Հասարակական սննդի նստատեղեր չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարների գումարի հաշվարկի հիմքում ընդունվում է 20 պայմանական նստատեղի առկայությունը կամ 720 դրամ:

(հավելվածը խմբ. 11.02.94 N 74)