Գլխավոր տեղեկություն
Համար
N 859-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման (այսուհետ` որոշման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 1 հավելվածով հաստատված՝ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկի «XIV. Առողջապահական և սոցիալական ապահովության հիմնարկներ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«XIV. Առողջապահության բնագավառ և սոցիալական ոլորտ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ:

2. Համաճարակաբանական, մանրէաբանական, վիրուսաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, բացառությամբ վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

3. Մաշկաբանական և վեներաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, բացառությամբ վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

4. Տուբերկուլյոզային տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում են իրականացնում տուբերկուլյոզ ունեցող պացիենտներին, բացառությամբ վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

5. Լաբորատոր-ախտորոշիչ մանրէաբանական, վիրուսաբանական, թունաբանական, մակաբուծաբանական, սնկաբանական, նմուշառում և շարժական նմուշառում տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ, բացառությամբ վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց: Սույն կետը չի տարածվում լաբորատոր-ախտորոշիչ տեսակի այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների վրա, որտեղ ներդրված է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1413-Ն որոշմամբ սահմանված լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգը կամ ունեն ՀՍՏ ԻՍՕ 9001:2016 ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում կամ ՀՍՏ ԻՍՕ 15189:2013 ստանդարտին համապատասխան

հավատարմագրում:

6. Ճառագայթային ախտորոշիչ, ինչպես նաև ինտերվենցիոն սրտաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն ներգրավված են ճառագայթային ախտորոշիչ տեսակի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացում, բացառությամբ՝ միջուկամագնիսային-ռեզոնանսային, ուլտրաձայնային տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ինչպես նաև վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց: Սույն կետը չի տարածվում ընտանեկան ստոմատոլոգիական, ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, շարժական ստոմատոլոգիական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մոտ մատուցվող ճառագայթային ախտորոշիչ տեսակի ծառայությունների վրա:

7. Դատաբժշկական փորձաքննություն, դատահոգեբուժական փորձաքննություն տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, բացառությամբ վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

8. Հոգեբուժական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն ներգրավված են հոգեբուժական տեսակի օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացում, բացառությամբ վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց: Բացառությունը չի տարածվում կազմակերպության բուժական գործունեություն իրականացնող փոխտնօրենի, գլխավոր բուժքրոջ, գլխավոր տնտեսուհու պաշտոնների, ինչպես նաև դիետաբան մասնագետի վրա:

9. Թմրաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն ներգրավված են թմրաբանական տեսակի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացում, բացառությամբ վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

10. Մասնագիտացված մանկատների բժշկական բաժանմունքի ղեկավար, բուժական գործունեություն իրականացնող փոխտնօրենի, ավագ բուժաշխատող, բուժքույր (բացառությամբ դիետաբանների և դեղատան դեղագետները և դեղագործները), հրահանգիչ մարմնակրթության, հատուկ մանկավարժ (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), մեթոդիստ-համակարգող, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, դաստիարակ, դաստիարակ խմբակի, հոգեբան, դայակ, սպասուհի, լվացող (լվացող-արդուկող), վարսավիր:

11. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատության բժշկական ծառայության պետ, ավագ բուժաշխատողներ (ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատողներ (ավագ բուժքույր, միջին բուժաշխատողներ ըստ մասնագիտացումների, բացառությամբ դիետաբանների և դեղատան դեղագետների և դեղագործների), հրահանգիչ՝ մարմնակրթության, սոցիալական աշխատող, հոգեբան, մասնագետ` թերապիաների, խմբավար, կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների, հսկիչ՝ բաժանմունքի), լվացող-արդուկող, վարսավիր:

12. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հոգածության հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնների և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական (սոցիալ-հոգեբանական) ծառայություններ մատուցող կազմակերպությունների սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, դաստիարակ, մեթոդիստ համակարգող, էրգոթերապիստ, խմբավար (ըստ ուղղությունների), մասնագետ` աշխատանքային թերապիայի, հատուկ մանկավարժ (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), հոգեբան (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհի, դայակ, հոգեբույժ, միջին բուժաշխատող, ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ:

13. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում հատուկ (մասնագիտացված) խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատող, հոգեբան, միջին բուժաշխատող (մասնավորապես՝ բուժքույր), սոցիալական սպասարկող (կենցաղային սպասարկում իրականացնող):

14. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային հատուկ (մասնագիտացված) փոքր տների, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող համայնքային փոքր տների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների սոցիալական աշխատող, մասնագետ՝ թերապիաների, սոցիալական սպասարկող:

».

 

2) որոշման N 2 հավելվածով հաստատված՝ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկի «XVII. Առողջապահական հիմնարկներ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«XVII. Առողջապահության բնագավառ

 

1. Այն կազմակերպությունների աշխատողները, որոնք իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն մասնակցում են վարակի օջախ հանդիսացող վայրերի ախտահանման աշխատանքներին, միայն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում տվյալ աշխատողը կամ աշխատողները կազմակերպության ղեկավարի հրամանով մասնակցել են վարակի օջախ հանդիսացող վայրերի ախտահանման աշխատանքներին:

2. Վարակիչ հիվանդությունների տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, բացառությամբ վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: