Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.03.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4532/05/21

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4532/05/21

Նախագահող դատավոր՝

 Ա. Առաքելյան

Դատավորներ՝

 Ս. Հովակիմյան

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

ՀԲԵԴևՅԱՆ

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ք․ ՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի մարտի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արևիկ Ֆրանգուլյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արևիկ Ֆրանգուլյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 09.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.11.2023 թվականի որոշմամբ Արևիկ Ֆրանգուլյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 09.03.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արևիկ Ֆրանգուլյանը (ներկայացուցիչ՝ Գայանե Մանուկյան

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ և 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանը որևէ կերպ անդրադարձ չի կատարել վարչական մարմնի փաստարկներին և գործում առկա ապացույցներին՝ մասնավորապես գործում առկա Արևիկ Ֆրանգուլյանի նկատմամբ կազմված մաքսային կանոնների խախտման 09.02.2021 թվականի արձանագրությանը, հետադարձ ծանուցումներին, Արևիկ Ֆրանգուլյանի 19.02.2021 թվականի գրավոր բացատրությանը, այլ ապացույց է դիտարկել վիճարկվող որոշման մեջ որպես վրիպակ տեղ գտած «2020 թվականի հոկտեմբերի 21-ին» արձանագրության կազմման ամսաթիվը: Վերաքննիչ դատարանը «2020 թվականի հոկտեմբերի 21-ի» արձանագրության՝ որպես վարչական վարույթի նյութի բացակայության պայմաններում նշել է, որ այդ փաստը հաստատվում է վիճարկվող որոշմամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի իրավաբանական վարչությունում 09.02.2021 թվականին Արևիկ Ֆրանգուլյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն և սկսվել է վարչական վարույթ: Ուստի Կոմիտեի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետների պահպանմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.11.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.03.2022 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ներկայացված վճռաբեկ բողոքը լիովին անհիմն է և ենթակա է մերժման։

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ որևէ դատական սխալ թույլ չի տվել և ինչպես դատավարական, այնպես էլ նյութական իրավունքի նորմերը կիրառել է ինչպես օրենքի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներին ճիշտ համապատասխան։

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ վիճարկվող որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի և 247-րդ հոդվածի խախտմամբ, որպիսի պայմաններում առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված հիմքը Կոմիտեի 25022021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումն անվավեր ճանաչելու համար։

Վերոգրյալ հիմնավորումներով Արևիկ Ֆրանգուլյանի ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 23.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000124 գրանցման համարով որոշման ընդունման հիմնավորման համաձայն՝ Հետբացթողումային հսկողության վարչության թիվ Ն/9-4/202030-2020 գրության համաձայն՝ «Նորգեո» ՍՊԸ-ի կողմից ՀՀ է ներմուծվել «ոչ կոռոզիակայուն այլ լեգիրացված պողպատից տաք գլանման տեխնոլոգիայով պատրաստված ոչ նավթագազային հորատման համար նախատեսված սովորական հորատման խողովակներ» ապրանքատեսակը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է որպես «մետաղյա պահեստամասեր հորատող մեքենաների համար» և դասակարգվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8431 43 000 0 ծածկագրով։ Առաջնորդվելով ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններով, «Ոչ կոռոզիակայուն այլ լեգիրացված պողպատից տաք գլանման տեխնոլոգիայով պատրաստված ոչ նավթագազային հորատման համար նախատեսված սովորական հորատման խողովակներ» ապրանքատեսակը դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 7304 59 920 9 ծածկագրով (հատոր 2-րդ, գ.թ. 21-22)

2) Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 24.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000125 գրանցման համարով որոշման ընդունման հիմնավորման համաձայն՝ Հետբացթողումային հսկողության վարչության թիվ Ն/9-4/202030-2020 գրության և ի լրումն՝ թիվ Ն/9-4/207218-2020 գրության համաձայն՝ «Նորգեո» ՍՊԸ-ի կողմից ՀՀ է ներմուծվել և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8431 43 000 0 և 8430 69 000 8 ծածկագրերով հայտարարագրվել «հորատող մեքենայի մաս՝ հարվածային/հորատող մուրճ» ապրանքատեսակը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքն իրենից ներկայացնում է ընկղման օդաճնշային հարվածիչ, որն օդաճնշական հարվածային մեխանիզմ է և որի աշխատանքային սկզբունքը հիմնված է սեղմված օդի էներգիայի՝ հարվածի էներգիայի փոխակերպման վրա։ Ուստի, առաջնորդվելով ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններով՝ «Ընկղման օդաճնշային հարվածիչ» ապրանքատեսակը դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 8412 31 000 9 ծածկագրով (հատոր 2-րդ, գ.թ. 23-24)

3) Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 14.01.2021 թվականի թիվ 0083-Ա ակտով «Նորգեո» ՍՊԸ-ին առաջարկվել է ճշգրտել նույն ակտում նշված թվով 5 ԱԱՀ-ների համապատասխան ապրանքային դիրքերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ վճարելով կատարված ճշգրտումներին համապատասխան օրենսդրությամբ սահմանված  մաքսային վճարները և տույժերը (հատոր 2-րդ, գ.թ. 63-68)

4) Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչի 01.02.2021 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշմամբ «Նորգեո» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Դավթյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 49-54)

5) Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի 09.02.2021 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ ««Նորգեո» ՍՊ ընկերության անվամբ 16.03.2018թ. թիվ 05100010/160318/0011893, 08.06.2019թ. թիվ 05100011/080619/0015842, 31.07.2019թ. թիվ 05100011/310719/0021921, 10.02.2020թ. թիվ 05100010/100220/0006744 ապրանքների հայտարարագրերով ՀՀ ներմուծվել և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8431 43 000 00 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 0%, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 0%) հայտարարագրվել են «Հորատող մեքենայի մետաղյա պահեստամասեր» նկարագրությամբ ապրանքները, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 69 000 80 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 5%, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 0%) հայտարարագրվել է «ՀՈՐԱՏՄԱՆ ՄՈՒՐՃ՝ ՀՈՐԱՏՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» նկարագրությամբ ապրանքը:

ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության 23.12.2020թ. «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ  ԱԴՈ-20-000124 որոշմամբ հաստատվել է, որ սույն ակտի 1-ին կետում նշված հայտարարագրերով՝ 16.03.2018թ. թիվ 05100010/160318/0011893, 10.02.2020թ. թիվ 05100010/100220/0006744 Ա/Հ-ի 4-րդ ապրանքային դիրքում հայտարարագրված ապրանքները ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8431 43 000 00 ծածկագրի (մաքսատուրքի դրույքաչափը՝ 0%, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 0%) փոխարեն ենթակա են հայտարարագրման՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 59 920 90 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը՝ 7,5%, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 20%):

Իսկ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 69 000 80 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 5%, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 0%) հայտարարագրված «ՀՈՐԱՏՄԱՆ ՄՈՒՐՃ ՀՈՐԱՏՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» նկարագրությամբ ապրանքը ենթակա է համապատասխանաբար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8412 31 000 90 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը՝ 10%, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 0%) հայտարարագրման:

Այսինքն՝ Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի արարքում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ: (…)» (հատոր 2-րդ, գ.թ. 82-84)

6) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից 25.02.2021 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը, որում, ի թիվս այլնի, նշվել է, որ «2020 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որի մեկ օրինակն ուղարկվել է նրան»։ Նույն որոշմամբ Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ և տուգանվել է պակաս հաշվարկված մաքսային վճարների հիսուն տոկոսի չափով՝ 6.456.525 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 127-132):

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի  կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է նաև, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (տե´ս, Խաչատուր Լազյանը և Արթուր Լազյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3786/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզելու համար դատարանը պետք է գրավոր ապացույցների հետազոտումն ու գնահատումն իրականացնի ոչ միայն առանձին-առանձին՝ դրանցից յուրաքանչյուրը դիտարկելով իբրև ինքնուրույն ապացույց, այլև այդ ապացույցներից յուրաքանչյուրի հետազոտման ու գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն ամբողջացնի գործում եղած բոլոր ապացույցների հետ համադրված վերլուծություն կատարելու և գնահատելու միջոցով։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Արևիկ Ֆրանգուլյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը:

Դատարանը 09.03.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...) վեճի առարկա իրավախախտման դեպքը հայտնաբերվել է, երբ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության կողմից կայացվել են 23.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000124 և 24.12.2020 թվականի թիվ ԱԴՈ-20-000125 որոշումները, 14.01.2021 թվականի «Կամերալ մաքսային ստուգման» թիվ 0083-Ա ակտը, որով առաջարկվել է կատարել ներմուծված ապրանքների հայտարարագրի ճշգրտում՝ վճարելով պակաս գանձված մաքսային վճարները և տույժերը, այնուհետև, Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 01.02.2021 թվականի որոշմամբ «Նորգեո» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Դավթյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է։ Իսկ վիճարկվող որոշումը կայացվել է 25.02.2021 թվականին, այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետում, այն է՝ իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում: (...)»:

Վերաքննիչ դատարանը 02.11.2023 թվականի որոշմամբ Արևիկ Ֆրանգուլյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 09.03.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) տվյալ դեպքում հայցվորի նկատմամբ տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, քանի որ, ըստ վիճարկվող որոշման, ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի  203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին /ընդ որում նշված արձանագրությունը սույն գործում որպես վարչական վարույթի նյութ, առկա չէ/: Այսինքն՝ վիճարկվող որոշմամբ հաստատվում է, որ վեճի առարկա իրավախախտումը վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է դեռևս 21.10.2020 թվականին, երբ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որի մեկ օրինակն ուղարկվել է Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանին, վերջինս էլ իր հերթին բացատրություն է տվել այն մասին, որ իրականացրել է «Նորգեո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ ներմուծված հորատման մուրճերի մաքսային հայտարարագրման գործընթացը, որի արդյունքում 10.02.2020 թվականի թիվ 05100010/100220/0006744  Ա/Հ-ով ձևակերպել է որպես հորատման մուրճեր՝ հորատող մեքենաների համար և 31.07.2019 թվականի թիվ 05100011/310719/0021921, 10.02.2020 թվականի թիվ 05100010/100220/0006744, 16.03.2018 թվականի թիվ 05100010/160318/0011893  Ա/Հ-ներով որպես հորատող մեքենայի մետաղյա պահեստամասեր:

(․․․) Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով կարող էր տուգանվել 21.10.2020 թվականից հետո երկամսյա ժամկետում, մինչդեռ վիճարկվող որոշումը կայացվել է 25.02.2021 թվականին, այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ»:

 

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա է Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի 09.02.2021 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրությունը, որով արձանագրվել է Արևիկ Ֆրանգուլյանի արարքում ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշների առկայության փաստը:

Վերաքննիչ դատարանն իր 02.11.2023 թվականի որոշման՝ «Գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները» վերտառությամբ 4-րդ բաժնում արձանագրել է հետևյալը«Սույն գործի փաստերի համաձայն՝ 09.02.2021 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրությամբ արձանագրվել է հետևյալը (․․․) Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի արարքում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ: (…)»։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը նախ փաստել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրությունը 09.02.2021 թվականին կազմված լինելը, այնուհետև որոշման նույն մասում նշել է, որ «ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին»: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը սույն գործով վիճարկվող վարչական տույժ նշանակելու ժամկետի հաշվարկման համար հիմք է ընդունել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշման մեջ արձանագրվածն առ այն, որ «2020 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արևիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որի մեկ օրինակն ուղարկվել է նրան»՝ միաժամանակ արձանագրելով, որ սույն գործում այդ արձանագրությունը` որպես վարչական վարույթի նյութ, առկա չէ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր իրականացնել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն՝ անմիջականորեն հետազոտելով և գնահատելով ոչ միայն վիճարկվող որոշումը, այլ նաև այդ որոշման գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն ամբողջացնել գործում եղած բոլոր ապացույցների հետ համադրված վերլուծություն կատարելու և գնահատելու միջոցով։

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող որոշումը Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 23.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000124 գրանցման համարով որոշման, Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 24.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000125 գրանցման համարով որոշման, Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 14.01.2021 թվականի թիվ 0083-Ա ակտի, Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչի 01.02.2021 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման և Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի 09.02.2021 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության հետ համադրված վերլուծության և գնահատման պարագայում պարզ է դառնում, որ վերոգրյալ գրավոր ապացույցների վրա որպես դրանք կազմելու ամսաթվեր նշված ժամանակագրական տվյալները բացառում են հայցվորին վերագրվող խախտման վերաբերյալ արձանագրությունը 21.10.2020 թվականին կազմված լինելը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում և գնահատում, չի պարզել իրավախախտումը հայտնաբերելու օրը, ըստ այդմ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժ նշանակելու ժամկետների պահպանված լինելու հարցը, այսինքն՝ չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների կատարումը, ինչի հետևանքով եկել է սխալ եզրահանգման:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ հստակ գնահատական տալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված բոլոր հարցադրումներին՝ ապահովելու համար, ի թիվս այլնի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պատճառաբանվածության պահանջը։ Մինչդեռ, սույն դեպքում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ըստ էության չանդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին, սահմանափակվել է միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժ նշանակելու ժամկետների պահպանման հարցի վերաբերյալ դիրքորոշման ամրագրմամբ և վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին չի անդրադարձել, ուստի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու նպատակով անհրաժեշտություն է առաջանում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար։ Միևնույն ժամանակ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է անդրադառնալ նաև իրավախախտումը հայտնաբերելու օրը պարզված լինելու և ըստ այդմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժ նշանակելու ժամկետների պահպանված լինելու հարցերին։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է բավարար հիմք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

5 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.11.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ ԲԵԴևՅԱՆ

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ք․ ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան