Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5371/05/20 

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5371/05/20

Նախագահող դատավոր`

 Է. Նահապետյան

Դատավորներ`

 Ա. Հարությունյան

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի ապրիլի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0910.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) ընդդեմ Տեսչական մարմնի՝ Տեսչական մարմնի 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 12.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09102023 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.05.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Սլավիկ Սարգսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելիս պատշաճ կարգով չի գնահատել ապացույցները։

Վերաքննիչ դատարանն առհասարակ անդրադարձ չի կատարել, թե ո՞ր դեղերն են պատկանում վկաներին, անդրադարձ չի կատարել այդ դեղերին, հաշվի չի առել չգրանցված դեղերի իրացման հանրային վտանգավորությունը, ինչպես նաև նրան, որ խոսքը վերաբերում է վիճարկվող դեղերը շրջանառությունից հանելու և ոչնչացնելու վերաբերյալ կարգադրությանը։

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև այն հանգամանքին, որ Դատարանը առհասարակ անդրադարձ չի կատարել, թե ո՞ր փաստը կամ գործում առկա ո՞ր ապացույցն է հիմք հանդիսացել, որ Դատարանն ավելի արժանահավատ և հավաստի է համարել հայցվոր կողմի վկաների ցուցմունքները։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վկաները եղել են հայցվորի աշխատողները, և վերջիններս որևէ փաստարկ չեն ներկայացրել, որ վիճարկվող դեղերից որոշ դեղեր պատկանում են իրենց, ինչպես նաև նրանց կողմից ներկայացված ցուցմունքները հակասել են արդեն իսկ արձանագրված փաստերին, մասնավորապես՝ Դատարանը հաստատված է համարել, որ դեղերը վերցվել են դեղատան դարակաշարերի վրայից, իսկ վերջիններիս ցուցմունքները հակասել են արդեն իսկ հաստատված փաստերին։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչական մարմնի տեսուչ՝ գործով վկա Լենա Կարապետյանի ցուցմունքն ամբողջությամբ հակասում է մյուս վկաների ցուցմունքներին, հետևաբար Դատարանը վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ կապված կասկածները պետք է փարատեր գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։

Վերաքննիչ դատարանը չի մատնանշել այն փաստերը կամ ապացույցները կամ այն իրավական հիմքը, որոնցով կարելի էր արձանագրել, որ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում չի ապահովել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։ Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում մատնացույց չի արել, թե ինչու են հայցվոր կողմի վկաների ցուցմունքները դիտվել որպես արժանահավատ, իսկ պատասխանող կողմի վկայի ցուցմունքները ոչ արժանահավատ և իրականությանը չհամապատասխանող, ցույց չի տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը, ինչպես նաև դրանց փոխադարձ կապի հակասական լինելը և համակցության տարբերությունը, այդ թվում չի պարզաբանել և հիմնավորել տեղեկատվության աղբյուրի որակի մակարդակը։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 0910.2023 թվականի որոշումը կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչական մարմնի ղեկավարի 02.03.2020 թվականի թիվ 209-Ա հրամանի համաձայն` հրամայվել է հարուցել վարչական վարույթ` ք. Երևան, «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 23-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով (հատոր 2-րդ, գ.թ. 32)

2) 03.03.2020 թվականին կազմված զննման արձանագրության համաձայն` արձանագրվել է, որ ՀՀ ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի դեղագետ Լիլիթ Խաչատրյանը, նույն բաժնի դեղագետ Սոնա Սարգսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Լենա Կարապետյանը «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը պատկանող դեղատանը զննման ժամանակ առևտրի սրահի դարակաշարերի վրա հայտնաբերել են ՀՀ-ում կեղծ, գրանցված, օրինական ներմուծված լինելու և շրջանառվելու առումով կասկած հարուցող թվով 69 անուն դեղեր (հատոր 2-րդ, գ.թ. 10-16)

3) 23.03.2020 թվականի թիվ 01/423/-20 որոշման համաձայն` տեսչական մարմնում 02.03.2020 թվականին հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից համապատասխան փորձագիտական եզրակացություն ստանալը (հատոր 2-րդ, գ.թ. 17-21)

4) «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանը Տեսչական մարմնի ղեկավարին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ մարտի 02-ի զննման արդյունքում առգրավված դեղորայքի մեջ եղել են մի քանի դեղորայք, որոնք վաճառասրահում չեն եղել և դեղատան հետ կապ չեն ունեցել, որոնցից որոշ դեղեր պատկանել են Ղարագյոզյան Գոհարին և նա ներկա է եղել գործի քննությանը` հաստատելով իր պահանջը: Խնդրել է վերադարձնել դեղորայքը: Նշել է նաև, որ կան մի քանի անվանում իր անձնական օգտագործման համար դեղեր, որոնք նույնպես չեն եղել վաճառասրահում (հատոր 2-րդ, գ.թ. 22)

5) Ի պատասխան Տեսչական մարմնի ղեկավարի 05032020 թվականի գրության՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 23.03.2020 թվականի գրությամբ ներկայացվել է դեղերի վերաբերյալ ներմուծող ընկերությունների տվյալներն ու փորձագիտական եզրակացությունների համարները (հատոր 2-րդ, գ.թ. 47-82)

6) 25.03.2020 թվականի թիվ 4352-20 ծանուցման համաձայն` «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրենը ծանուցվել է վարչական վարույթի քննության տեղի և ժամանակի մասին, որում 26.03.2020 թվականին կատարել է համապատասխան գրառում (հատոր 2-րդ, գ.թ. 24-25)

7) 27.03.2020 թվականին կազմված արձանագրության համաձայն` Տեսչական մարմնի ղեկավարի 02.03.2020 թվականի թիվ 209-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է լսում, որին ներկա է եղել նաև «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանը: Որոշվել է տալ կարգադրագիր և նշանակել գործի քննություն (հատոր 2-րդ, գ.թ. 27-29)

8) 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագրի համաձայն` «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը կարգադրվել է կարգադրագիրն անբողոքարկելի դառնալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 23-րդ հոդվածի 2-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերով և ՀՀ առողջապահության նախարարի 01022013 թվականի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 05-Ն հրամանով ՀՀ-ում չգրանցված կարգադրագրում նշված դեղերի ոչնչացումը (հատոր 1-ին, գ.թ. 18-38)

9) Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 26.05.2020 թվականի թիվ 10528-20 որոշման համաձայն` «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանի վարչական բողոքները մերժվել են: Տեսչական մարմնի ղեկավարի 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրը և Տեսչական մարմնի 27.04.2020 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ 96 որոշումը թողնվել են անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 39-54)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վկայի ցուցմունքի՝ որպես ապացույցի, արժանահավատության գնահատման առանձնահատկություններին

 

 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետևյալին.

1) վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.

2) վարչական դատարանը պարտավոր է՝

- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,

- մատնանշել հայցադիմումներում առկա ձևական սխալները,

- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները (տե'ս, Զաքար Ջերեջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1979/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12022021 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (տե'ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Միսակ Այանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։ Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով(տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի, ապացույց է համարվում նաև վկայի ցուցմունքը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայի ցուցմունքին՝ որպես ապացույցի, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության օրենսդրության համաձայն՝ վկայի ցուցմունքը համարվում է քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ինքնուրույն միջոց՝ դատական ապացույցի առանձին տեսակ, որին վերաբերող իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վկան, որպես ապացուցողական տվյալների ստացման աղբյուր, գործի ելքում իրավաբանական շահագրգռվածություն չունեցող այն ֆիզիկական անձն է, որը կանչվում է դատարան՝ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին իր կողմից անմիջականորեն ընկալված կամ այլ անձանց կողմից իրեն հաղորդված տեղեկությունները դատարանին հայտնելու համար։ Վկայի ցուցմունքների գնահատումը դրանց տրամաբանական վերլուծությունն է, որի նպատակն է գործի իրական փաստական հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկությունների վերհանումը։ Գնահատելով վկայի ցուցմունքները՝ դատարանը վերլուծում է վկայի անձնական հատկանիշները, նրա փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, վկայի կողմից տեղեկությունների ընկալման, պահպանման և փոխանցման ողջ գործընթացը։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ապացույցի հավաստիության մասին կարելի է եզրահանգում կատարել նախևառաջ այդ տեղեկատվության աղբյուրի բնույթն ու հատկանիշները բացահայտելու միջոցով։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում գործով վկայի ցուցմունքները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի է առնել հետևյալ հատկանիշները.

- վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ,

- փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը,

- այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր (այսինքն՝ տեղը, ժամանակը, անձի ֆիզիկական և հոգեկան վիճակը, տարիքը),

- վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով, թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններն ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ և ճիշտ վերարտադրել ու հաղորդել դատարանին։

Նշված հատկանիշների վերհանումը դատարանի կողմից հնարավորություն է տալիս գնահատելու վկայի կողմից հայտնած տեղեկությունների հավաստիության աստիճանը։

Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ապացույցի, այնպես էլ վկայի ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ վերջնական գնահատական տալու նպատակով դատարանը պարտավոր է վկայի ցուցմունքները համադրել գործով հավաքված այլ ապացույցների, այդ թվում՝ այլ անձանց ցուցմունքների հետ։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են հարուցվում՝ կապված գործով հրավիրված վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով՝ դատական ակտում պարտադիր պատճառաբանելով, թե ինչու են այս կամ այն ցուցմունքները դիտվել որպես ոչ արժանահավատ և իրականությանը չհամապատասխանող (տե´ս, Երեմ Հովսեփյանն ընդդեմ Աշոտ Մալխասյանի թիվ ԵԱՔԴ/4994/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23032020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վերոգրյալ իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական գործով, այդուհանդերձ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական գործերով՝ քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված՝ վկայի ցուցմունքին, որպես ապացույցի ինքնուրույն տեսակի, վերաբերող կարգավորումները համանման են։

Ամփոփելով վերոգրյալը և վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում գործին մասնակցող անձի` որպես վկայի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելիս դատարանը պետք է հաշվի առնի վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը, այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր, վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով, թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններն ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ և ճիշտ վերարտադրել ու հաղորդել դատարանին։ Այն դեպքում, երբ վկաների ցուցմունքները հակասում են միմյանց կամ երբ վկայի ցուցմունքի և նշված պայմանների համադրման արդյունքում դատարանի մոտ ծագում է հիմնավոր կասկած վկայի ցուցմունքի արժանահավատության և իրականությանը չհամապատասխանելու հարցում, ապա այդ պայմաններում վկայի ցուցմունքը չի կարող և չպետք է լինի գործով ձեռք բերված միակ ապացույցը և դատարանը չի կարող իր պատճառաբանությունները և եզրահանգումները կառուցել միայն վկայի կողմից տրված ցուցմունքների վրա, այլ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության հիման վրա իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար, այդ թվում գնահատման ենթարկի այլ ապացույցներ՝ դրանք համադրելով վկայի ցուցմունքի հետ, այդ կերպ հաստատելով կամ հերքելով որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրը:

Դատարանը 12052021 թվականի վճռով բավարարել է Ընկերության հայցը՝ պատճառաբանելով, որ «Դատարանը, գնահատելով դատաքննությամբ հարցաքննված վկաների ցուցմունքները, գալիս է եզրահանգման, որ զննության ընթացքում առգրավված դեղերի ցանկում եղել են անձնական օգտագործման դեղեր, որոնք նախատեսված չեն եղել իրացման /վաճառքի համար/, հետևաբար այդ դեղերի` Հայաստանի Հանրապետությունում գրանցված չլինելու հանգամանքը չի կարող գնահատվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 23-րդ հոդվածի 2-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերի խախտումներ:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Պատասխանողը չի ապահովել գործի փաստական հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը, որի պայմաններում 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրն ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ, հետևաբար այն ենթակա է անվավեր ճանաչման»։

Վերաքննիչ դատարանը 0910.2023 թվականի որոշմամբ մերժել է Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը, և Դատարանի 12052021 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «Դատարանը, վկաների ցուցմունքների գնահատման արդյունքում եկել է ճիշտ եզրահանգման, որ զննության ընթացքում առգրավված դեղերի ցանկում եղել են անձնական օգտագործման դեղեր, որոնք նախատեսված չեն եղել իրացման /վաճառքի համար/: Միաժամանակ, Դատարանը, իրավացիորեն գտել է, որ պատասխանողը, կրելով վարչական ակտի իրավաչափությունը ապացուցելու պարտականությունը, չի ապահովել վարչական վարույթի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը, միջոցներ չի ձեռնարկել պարզելու համար` արդյոք «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանի հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, հետևաբար նաև չի կատարել վարչական վարույթի մասնակցի հայտնած տեղեկությունները հերքելու իր պարտականությունը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը բավարարելով հայցը եկել է իրավաչափ եզրահանգման»։

 

Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տեսչական մարմնի ղեկավարի 02.03.2020 թվականի թիվ 209-Ա հրամանի համաձայն` հրամայվել է հարուցել վարչական վարույթ` «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 23-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով:

03.03.2020 թվականին կազմված զննման արձանագրության համաձայն` արձանագրվել է, որ ՀՀ ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի դեղագետ Լիլիթ Խաչատրյանը, նույն բաժնի դեղագետ Սոնա Սարգսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Լենա Կարապետյանը «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը պատկանող դեղատանը զննման ժամանակ առևտրի սրահի դարակաշարերի վրա հայտնաբերել են ՀՀ-ում կեղծ, գրանցված, օրինական ներմուծված լինելու և շրջանառվելու առումով կասկած հարուցող թվով 69 անուն դեղեր:

23.03.2020 թվականի թիվ 01/423/-20 որոշման համաձայն` տեսչական մարմնում 02.03.2020 թվականին հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը:

«ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանը Տեսչական մարմնի ղեկավարին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ մարտի 2-ի զննման արդյունքում առգրավված դեղորայքի մեջ եղել են մի քանի դեղորայք, որոնք վաճառասրահում չեն եղել և դեղատան հետ կապ չեն ունեցել, որոնցից որոշ դեղեր պատկանել են Ղարագյոզյան Գոհարին և նա ներկա է եղել գործի քննությանը` հաստատելով իր պահանջը: Խնդրել է վերադարձնել դեղորայքը: Նշել է նաև, որ կան մի քանի անվանում իր անձնական օգտագործման համար դեղեր, որոնք նույնպես չեն եղել վաճառասրահում:

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 23.03.2020 թվականին տրվել է ներկայացված դեղերի վերաբերյալ ներմուծող ընկերությունները և փորձագիտական եզրակացությունների համարները:

31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագրի համաձայն` «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը կարգադրվել է կարգադրագիրն անբողոքարկելի դառնալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 23-րդ հոդվածի 2-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերով և ՀՀ առողջապահության նախարարի 01022013 թվականի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 05-Ն հրամանով ՀՀ-ում չգրանցված կարգադրագրում նշված դեղերի ոչնչացումը:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, որպես ապացույց, գնահատման ենթարկելով միայն վկաների ցուցմունքները, հաստատված է համարել այն փաստը, որ առգրավված դեղերի ցանկում եղել են անձնական օգտագործման դեղեր։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից վկաների ցուցմունքները, որպես ապացույց գնահատելիս, հաշվի չեն առնվել վերջիններիս փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ՝ այն պարագայում, երբ վկաներ Գոհար Ղարագյոզյանը և Էլմիրա Գյուլնազարյանը հանդիսանում են Ընկերության աշխատակիցներ։ Ըստ այդմ Դատարանը չի պարզել նաև վերջիններիս, որպես Ընկերության աշխատակիցների, գործի ելքում իրավաբանական շահագրգռվածություն ունենալու կամ չունենալու հարցը։ Բացի այդ, Դատարանը չի պարզել վկաների ցուցմունքներում նշված դեղերը վերջիններիս պատկանելու հանգամանքը, չի անդրադարձել և իրավական գնահատական տվել վկաների ցուցմունքների մեջ առկա հակասությանը՝ մասնավորապես վաճառասրահում դեղերի տեղակայման դիրքի հետ կապված, ինչպես նաև չի պարզել այն հանգամանքը, թե արդյոք առգրավված դեղերը գտնվել են հաճախորդի համար տեսանելի, թե ոչ տեսանելի դարակաշարերում, և արդյոք առգրավված դեղերի վաճառքի ոչ ենթակա լինելը պարզորոշ կերպով սահմանված է եղել Ընկերության կողմից։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վկաների ցուցմունքները և դրանց արժանահավատությունը չի գնահատվել սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչի հետևանքով առանց բավարար հիմնավորման հաստատված է համարվել առգրավված դեղերն անձնական օգտագործման ենթակա լինելու փաստը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գործի ճիշտ լուծման նպատակով Դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, առգրավված դեղերի անձնական օգտագործման ենթակա լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար չի իրականացրել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրմամբ գնահատում, թույլ տալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտում, որպիսի հանգամանքն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն ամբողջ ծավալով անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու գործն ամբողջ ծավալով ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0910.2023 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: