Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/12439/05/17

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/12439/05/17

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի ապրիլի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25122020 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Գայանե Մանուկյանի վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի Գայանե Նազարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք՝ Արտյոմ Սարգսյան, Գայանե Մանուկյան, Հասմիկ Աբրահամյան՝ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գայանե Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 10.08.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա Պողոսյան, դատավորներ՝ Ա Բաբայան, Ա Թովմասյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.08.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25122020 թվականի որոշմամբ Գայանե Նազարյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել Դատարանի 10.08.2018 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով։

Սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Գայանե Մանուկյանը (ներկայացուցիչ՝ Կ Տոնոյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գայանե Նազարյանը (ներկայացուցիչ՝ Ա Օհանյան), Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լ Նարիմանյան), երրորդ անձ Արտյոմ Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25122020 թվականի որոշմամբ ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 19042005 թվականին) 40-րդ հոդվածը Գայանե Մանուկյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Ըստ այդմ՝ ՀՀ սահմանադրական դատարանի 26122022 թվականի թիվ ՍԴՈ-1675 որոշումը նոր հանգամանք է և թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25122020 թվականի որոշման վերանայման հիմք։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով 2512.2020 թվականին կայացված որոշումը. բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով 25122020 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել»։

 

21 Վճռաբեկ բողոքի (դիմումի) վերաբերյալ Գայանե Նազարյանի ներկայացրած պատասխանի հիմնավորումները

ՀՀ սահմանադրական դատարանի 26122022 թվականի թիվ ՍԴՈ-1675 որոշումը, որով ստուգվել է ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 40-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը, ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավասության վերաբերյալ նոր հանգամանք չի կարող հանդիսանալ, քանի որ տվյալ նորմի կարգավորման առարկան որևէ առնչություն չունի ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունք ունենալու հետ։

Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է Գայանե Մանուկյանի վճռաբեկ բողոքը մերժել։

 

22 Վճռաբեկ բողոքի (դիմումի) վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած պատասխանի հիմնավորումները

Երևանի քաղաքապետի 14102002 թվականի թիվ 1818-Ա որոշման կայացման պահին Գայանե Մանուկյանն ու Արտյոմ Սարգսյանն օրինական ամուսնության մեջ չեն գտնվել Արտյոմ Սարգսյանը վերոնշյալ որոշման կայացման պահին օրինական ամուսնության մեջ է գտնվել Գայանե Նազարյանի հետ։ Իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն՝ Գայանե Մանուկյանը չի հանդիսացել վեճի առարկա բնակարանի սեփանականաշնորհման սուբյեկտ, իսկ գործի հանգամանքները վկայում են, որ Գայանե Նազարյանը հանդիսանում է պատշաճ հայցվոր։

Ըստ այդմ՝ վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարելու հիմքերը բացակայում են։

 

23 Վճռաբեկ բողոքի (դիմումի) վերաբերյալ երրորդ անձ Արտյոմ Սարգսյանի ներկայացրած պատասխանի հիմնավորումները

Բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված վիճարկվող օրենքի դրույթները ճանաչում է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում չի բացահայտում դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը, թե ինչպես պետք է դրանք մեկնաբանվեն, դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող հանգամանք առկա չէ։ Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25122020 թվականի որոշմամբ ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի՝ ՀՀ սահմանադրական դատարանում Գայանե Մանուկյանի կողմից վիճարկված 40-րդ հոդվածը կիրառված չի եղել։ Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի 25122020 թվականի որոշումը վերանայելու նոր հանգամանք առկա չէ։

Ելնելով վերոգրյալից՝ Արտյոմ Սագսյանը խնդրել է Գայանե Մանուկյանի բողոքն ամբողջությամբ մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դիմելով Դատարան` Գայանե Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

2) Դատարանի 10082018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

3) Վերաքննիչ դատարանի 14062019 թվականի որոշմամբ Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է Դատարանի 10.08.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25122020 թվականի որոշմամբ Գայանե Նազարյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել Դատարանի 10.08.2018 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով։

5) Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 26122022 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1675 որոշումը՝ ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 19042005 թվականին) 40-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողության դեպքում առաջնային նշանակություն է ձեռք բերում անհատական շահերի պաշտպանությունը, ինչով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է «Սույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»։ Նշված նորմով նախատեսված դեպքերում ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների հիմքով դատական ակտերի վերանայման նպատակը հակասահմանադրական նորմի կամ նորմի՝ հակասահմանադրական մեկնաբանությամբ կիրառման արդյունքում անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնումն է։

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 15072011 թվականի ՍԴՈ-984 որոշումը)։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։

Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ։

Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ անհատական դիմումի քննության արդյունքում կայացված ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիմքով դատական ակտը ենթակա է վերանայման հետևյալ դեպքերում

- տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր,

 - տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է այդ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ կատարելով նշում առ այն, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, և ըստ այդմ՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման։

Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։

Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ։

Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ հայցվոր Գայանե Նազարյանի և Արտյոմ Սարգսյանի ամուսնության ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնում 15.07.1978 թվականին: Ամուսնությունը լուծվել է 15.12.2006 թվականին ՔԿԱԳ Աջափնյակի և Դավթաշենի տարածքային բաժնում (հատոր 1-ին, գ.թ. 23):

Երևանի քաղաքապետարանի կողմից Արտյոմ Սարգսյանին տրվել է 21.08.2002 թվականի թիվ 001214 օրդերը Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 տան մուտքի 6-րդ հարկի 2 սենյականոց 39,0քմ բնակելի, 67,2քմ ընդհանուր մակերեսով 17-րդ բնակարանն իր երեք անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար: Տվյալ օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին նշված է 1963 թվականին ծնված Գայանե Մանուկյանը (հատոր 1-ին, գ.թ. 55)։

Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշմամբ, «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի հիմքով որոշվել է թույլատրել Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (երկու սենյականոց) բնակարանի անհատույց մասնավորեցումն Արտյոմ Սարգսյանի անվամբ` ընտանիքի երեք անձով (ինքը, մայրը, կինը)` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն (...) (հատոր 1-ին, գ.թ. 17): Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիման վրա Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (65,4քմ մակերեսով) բնակարանի նկատմամբ գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Գայանե Մանուկյանի սեփականության իրավունքը` (հատոր 1-ին, գ.թ. 120-122):

Դիմելով դատարան` Գայանե Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

Դատարանը 10082018 վճռով հայցը բավարարել է՝ վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշմամբ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանը սեփականաշնորհվել է Արտյոմ Սարգսյանի և նրա ընտանիքի անվամբ` որպես համատեղ սեփականություն` չբացահայտելով, թե ով է Արտյոմ Սարգսյանի կինը. վարչական ակտում բացակայում են այն անհատականացնող տվյալները, որոնց հիմքով հնարավոր կլիներ պարզել, թե նշված որոշմամբ Արտյոմ Սարգսյանից բացի ում անվամբ է սեփականաշնորհվել վերոնշյալ հասցեի անշարժ գույքը: Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման կայացման պահին գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և սույն վարչական գործով հայցվորի ամուսնությունը, իսկ այդ պահին Արտյոմ Սարգսյանը և Գայանե Մանուկյանը գտնվել են փաստական ամուսնական կապի մեջ, ընդ որում, վերոնշյալ որոշման կայացման համար հիմք հանդիսացած` Արտյոմ Սարգսյանի դիմումում նույն ինքը` Արտյոմ Սարգսյանը, որպես կին նշել է Գայանե Մանուկյանին: Հետևաբար Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը` վիճելի պետական գրանցման համար հիմք հանդիսացած մասով, հանդիսացել է առ ոչինչ վարչական ակտ. որոշումից պարզ չի եղել, թե որոշումն այդ մասով ում է ուղղված` Գայանե Մանուկյանին, թե՝ Գայանե Նազարյանին:

Վերաքննիչ դատարանի 14062019 որոշմամբ Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության` այն պատճառաբանությամբ, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման իրավաչափությանն անդրադառնալիս Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն այն պարագայում, երբ նշյալ վարչական ակտի ընդունման պահին` 2002 թվականին, վերը նշված օրենքը դեռևս չի գործել: Դատարանը, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս, դուրս է եկել վիճարկվող վարչական ակտի և դրա հիմքում ընկած վարչական ակտի ընդունման պահի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումների շրջանակից։

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ թեև վիճելի իրավունքի պետական գրանցման հիմքում դրված իրավահաստատող փաստաթղթում չեն հստակեցվել Արտյոմ Սարգսյանի ընտանիքի անդամները (ինքը, մայրը, կինը), սակայն նշյալ որոշման կայացման հիմքում ընկած փաստաթղթերից հստակ բացահայտվում է սեփականաշնորհման սուբյեկտների կազմը` «1. Սարգսյան Արտյոմ, ինքը, 2. Աբրահամյան Հասմիկ, մայրը, 3. Մանուկյան Գայանե, կինը»: Ձեռքի տակ ունենալով վերոնշյալ փաստաթղթերը, որոնցում հստակ նշվել է ընտանիքի կազմը` Արտյոմ Սարգսյան, Հասմիկ Աբրահամյան, Գայանե Մանուկյան, վարչական մարմինը կայացրել է սույն դեպքում գրանցման համար իրավահաստատող փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը, որպիսի պարագայում կարելի է նույնականացնել վերոնշյալ որոշման հասցեատերերին:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25122020 թվականի որոշմամբ Գայանե Նազարյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշումը բեկանվել է և օրինական ուժ է տրվել ՀՀ վարչական դատարանի 10.08.2018 թվականի վճռին` այդ որոշման պատճառաբանություններով:

ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա՝ «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը, քանի որ մի կողմից այդ որոշման մեջ առկա չեն այլ նույնականացնող տվյալներ, մյուս կողմից՝ գործում առկա են հակասական տվյալներ, քանի որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած՝ մասնավորեցման գործընթացում և թիվ 001214 օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին ներկայացվել է Գայանե Մանուկյանը, ով էլ տվել է իր համաձայնությունը բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ, մինչդեռ այդ որոշման ընդունման ժամանակ Արտյոմ Սարգսյանի հետ օրինական ամուսնության մեջ է գտնվել ոչ թե Գայանե Մանուկյանը, այլ՝ Գայանե Նազարյանը։ Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման, այնպես էլ սույն գործում առկա մյուս նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ կերպով պնդել, որ այդ որոշման մեջ առկա «կինը» նշումը վերաբերում է հենց Գայանե Մանուկյանին, այն է՝ պարզ չէ, թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն այդ մասով ում է ուղղված։

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա ձևակերպումից տվյալ դեպքում պարզ չէ, թե դրա հասցեատերն իսկապես Գայանե Մանուկյանն է, թե՝ ոչ, հետևաբար նշված փաստաթղթի հիման վրա Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն իրավաչափ չէ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման` Գայանե Մանուկյանին ուղղված լինելու հանգամանքը միանշանակ չլինելն ինքնին ոչ իրավաչափ է։

Երրորդ անձ Գայանե Մանուկյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 19042005 թվականին) 40-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը։ Վիճարկվող նորմը սահմանում էր «Ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից»։

ՀՀ սահմանադրական դատարանը, Գայանե Մանուկյանի անհատական դիմումի հիման վրա քննության առնելով «Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 19042005 թվականին) 40-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 25122022 թվականի թիվ ՍԴՈ-1675 որոշմամբ որոշել է «1 Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակը վարչական դատավարությունում հայցվորի համար ինքնին «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է այն։

2 «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է օրենքով սահմանված կարգով վերանայման»:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1675 որոշումը հանդիսանում է նոր հանգամանք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով։

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1675 որոշմամբ, մասնավորապես, նկատել է, որ «(…) Դիմողի սեփականության իրավունքի պետական գրանցման անվավերության պահանջ պարունակող հայցադիմումը քննության է ընդունվել վիճարկվող նորմի այնպիսի մեկնաբանության կիրառմամբ, որ Դիմողի գործով հայցվորը՝ Գայանե Նազարյանը, Երևանի քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1818-Ա որոշման կայացման պահին Արտյոմ Սարգսյանի հետ գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստի ուժով ունեցել է վարչական դատավարության օրենսդրության իմաստով «շահագրգիռ անձի» կարգավիճակ՝ հիշյալ փաստաթղթերում «կինը» նշման փաստի բերումով։ Վիճարկվող իրավանորմի սույն գործով ստացած մեկնաբանությամբ կիրառումը թույլ է տվել Գայանե Նազարյանին դիտարկել որպես «շահագրգիռ անձ». (․․․)»։ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ Դիմողի գործով վիճարկվող նորմի կիրառումը հանգեցրել է նույն գործով հայցվորի՝ որպես Դիմողի բնակարանի մասնավորեցման պահին Արտյոմ Սարգսյանի գրանցված ամուսնու, «շահագրգիռ անձ» լինելու անվիճարկելի կանխավարկածին, որն անփոփոխ շարունակել էր գործել նույնիսկ այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակմանը հանգեցրած վարույթի շրջանակներում իրավական շահագրգռվածություն ունեցող անձի նույնականացման օբյեկտիվ անհնարինությունը։

ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է «Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ամուսնու կարգավիճակն ինքնին վարչական դատավարությունում հայցվորի համար «շահագրգիռ անձի» անփոփոխ կարգավիճակ չի երաշխավորում, եթե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը բացառում է նման կարգավիճակը։

 (․․․) Օրենսգրքի 40-րդ հոդվածը Դիմողի նկատմամբ կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ նրա գործով հայցվորի՝ ամուսնու կարգավիճակը բոլոր դեպքերում երաշխավորել է վերջինիս՝ շահագրգիռ անձ դիտարկվելը՝ անկախ նրանից, թե գործի փաստական հանգամանքները կամ կիրառելի իրավունքը դա բացառել են, թե՝ ոչ: Հետևաբար՝ Դիմողի գործով Օրենսգրքի 40-րդ հոդվածը վերջինիս նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։

Սույն գործի փաստական հանգամանքների, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1675 որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել հայցվորի շահագրգիռ անձ լինելու հանգամանքը՝ սույն գործի կոնկրետ փաստական հանգամանքների ու կիրառելի իրավունքի համատեքստում, մասնավորապես, իրավահարաբերության ծագման պահին գործող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացի իրավակարգավորումների հաշվառմամբ։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եռաստիճան դատական համակարգում վերը նշված հարցի առնչությամբ դատավարության բոլոր մասնակիցների լսված լինելու իրավունքը երաշխավորելու նպատակից ելնելով անհրաժեշտ է գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության, որի շրջանակներում հարկ է քննարկման առարկա դարձնել հետևյալ հարցը արդյո՞ք սույն գործի փաստական հանգամանքներն ու կիրառելի իրավունքը բացառում են Գայանե Նազարյանի շահագրգիռ անձ լինելու հանգամանքը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.12.2020 թվականի որոշումը վերանայելու և գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 14062019 թվականի բողոքարկվող որոշմամբ արդեն իսկ սույն գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան նոր քննության՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ սույն որոշման պատճառաբանություններով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25122020 թվականի որոշումը:

Գայանե Նազարյանի վճռաբեկ բողոքը մերժել։ Անփոփոխ թողնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 որոշումը՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: