ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/10369/05/19 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/10369/05/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող և զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Լ. Հակոբյան | ||
ռ. Հակոբյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի ապրիլի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01․07.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Գրիգոր Սերոբյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչև 23.02.2017 թվականը, վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գրիգոր Սերոբյանը պահանջել է Նախարարությանը պարտավորեցնել կատարել որոշակի գործողություններ` վճարել իր աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչև 23.02.2017 թվականը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ պարտավորեցվել է Նախարարությանը Գրիգոր Սերոբյանին վճարել (հատուցել) 2009-2017 թվականների ընթացքում 357 շաբաթ օրերի ժամը 09:00-ից մինչև 14:00-ի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների 27 օրերի համար նախատեսված գումարները, իսկ մնացած մասով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.07.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Էլյա Բղդոյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ և 185-րդ հոդվածները, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ՝ Կանոնագիրք) 2-րդ, 3-րդ, 7-րդ, 227-րդ և 231-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրությունը զինծառայողի համար, ով ծառայողական պարտականությունների կատարման նպատակով ներգրավված է եղել հանգստյան կամ տոնական օրերին ծառայության՝ նախատեսում է հանգստի լրացուցիչ օրերի տրամադրում ծառայության շահերի հաշվառմամբ, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին, այսինքն, զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում, այլ տրվում է լրացուցիչ հանգստյան օր, կամ այն կարող է միացվել հիմնական արձակուրդին:
Այլ կերպ ասած՝ օրենսդրությամբ նախատեսված չէ զինծառայողի վարձատրություն արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար կամ դրանց դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում, որպիսին դրված է հայցապահանջի հիմքում: Տվյալ դեպքում Նախարարությունը, որպես պետական մարմին, կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքներով, իսկ զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցվորի շաբաթ օրերին ծառայելու և այդ օրերը հիմնական արձակուրդին չավելացնելու պարագայում այն կարող է դիտվել միայն որպես չօգտագործված արձակուրդի համապատասխան օրեր, որի վարձատրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 09.08.2018 թվականի թիվ 898 որոշման 2-րդ կետով:
Այսպիսով՝ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը, առկա է իրավունքի զարգացման խնդիր հետևյալ հարցի վերաբերյալ․ իրավահարաբերությունը կարգավորող հատուկ օրենքի («Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք) կարգավորող նորմի առկայության պարագայում, արդյո՞ք կիրառելի է ընդհանուր օրենքի (ՀՀ աշխատանքային օրենսգիրք) միևնույն իրավահարաբերությունը կարգավորող նորմը։
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01․07.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․
1) ՀՀ պաշտպանության նախարարի 09.08.1999 թվականի թիվ 2942 հրամանից քաղվածքի համաձայն՝ նույն թվականի օգոստոսի 11-ից Գրիգոր Սերոբյանը նշանակվել է 3-րդ տանկային վաշտի 3-րդ դասակի հրամանատար (հատոր 1-ին, գ.թ. 57):
2) ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.2017 թվականի թիվ 372 հրամանի համաձայն՝ Գրիգոր Սերոբյանն արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր, զինվորական ծառայության ընդհանուր ստաժը զինված ուժերում 10.02.2017 թվականի դրությամբ կազմում է օրացուցային 21 տարի 04 ամիս 10 օր (հատոր 1-ին, գ.թ. 65):
3) Գրիգոր Սերոբյանը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումով խնդրել է կատարել հաշվարկ իր աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի քանակի, ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի քանակի և այդ օրերի համար տրամադրվելիք վարձատրության չափի վերաբերյալ և այդ գումարները վճարել իրեն (հատոր 1-ին, գ.թ. 68-69):
4) ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 31.10.2019 թվականի թիվ 1127 գրությամբ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Գ. Հայրապետյանին հայտնվել է, որ Գրիգոր Սերոբյանի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է տրամադրել 2009 թվականի հունվարի 01-ից սկսած, քանի որ մինչև նշված տարեթվի շարային մասի վերաբերյալ հրամանների գրքերը 07.05.2019 թվականի ելք 077 գրությամբ ուղարկվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվ: Նույն գրությամբ հայտնվել է հետևյալը.
«... 2. փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյան՝
1) 2009 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելը՝ 03.03.2017թ., հաշվարկվում է ընդհանուր առմամբ թվով 426 (չորս հարյուր քսանվեց) հատ շաբաթ օրեր:
2) Նշված շաբաթ օրերից այդ տարիների համար ոչ աշխատանքային, տոնական և սգո օրեր են եղել՝ 03.01.2009, 09.05.2009, 02.01.2010, 24.04.2010, 01.05.2010, 01.01.2011, 08.01.2011, 28.05.2011, 31.12.2011, 28.01.2012, 21.09.2013, 04.01.2014, 08.03.2014, 05.07.2014, 03.01.2015, 09.05.2015, 02.01.2016՝ թվով 17 շաբաթ օրեր:
3) Փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանին հատկացվել է հերթական, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդներ հետևյալ ժամկետներում՝
- 05.06.2009-06.06.2009՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 11.08.2009-09.09.2009՝ 30 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 05.11.2009-07.11.2009՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 13.02.2010-27.02.2010՝ 15 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 16.06.2010-30.06.2010՝ 15 օր, թվով 2 շաբաթ օրեր,
- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 30.04.2011-07.05.2011՝ 8 օր լրացուցիչ, թվով 2 շաբաթ օրեր,
- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օրեր,
- 23.06.2012՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 22.02.2013-23.02.2013՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 25.07.2013-27.08.2013՝ 34 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 23.05 2014-24.05.2014՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 21.07.2014-30.08.2014՝ 40 օր, թվով 7 շաբաթ օրեր,
- 16.01.2015-17.01.2015՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 01.08.2016-09.09.2016՝ 40 օր, թվով 6 շաբաթ օրեր,
- 24.02.2017-26.02.2017՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր:
4) Գտնվել է վերակարգում որպես զորամասի հերթապահ թվով 6 շաբաթ օր՝ 21.03.2009, 29.06.2013, 07.09.2013, 19.10.2013, 21.12.2013 և 10.12.2016 ...»:
- ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 22.01.2021 թվականի թիվ 100 գրությամբ Նախարարության իրավաբանական վարչության պետին հայտնվել է հետևյալը.
«... Գրիգոր Լյովայի Սերոբյանին 2009 թվականից մինչև զորացրման օրը՝ 03.03.2017թ., ընկած ժամանակահատվածում հերթական արձակուրդ հատկացնելու ժամկետները՝
- 11.08.2009-09.09.2009՝ 30 օր (2009թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 12.02.2010-26.02.2010՝ 15 օր,
- 15.06.2010-29.06.2010՝ 15 օր (2010թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր,
- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր (2011թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),
- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր (2012թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),
- 25.07.2013-26.08.2013՝ 33 օր (2013թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 (յոթ) օր),
- 21.07.2014-30.08.2014՝ 40 օր (2014թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր,
- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր (2015թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 01.08.2016-12.09.2016՝ 43 օր (2015թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր):
Իսկ 30.06.2020թ. ելք N 522 գրության 4-րդ ենթակետում նշված է եղել, որ ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելիս 2017թ.-ի չօգտագործված արձակուրդի համար (2017թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 օր) ստացել է դրամական փոխհատուցում՝ 78552 ՀՀ դրամ ...:
2009-2015թթ. ներառյալ չօգտագործված արձակուրդը կազմել է 27 օր: ... Տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման 15.1 կետի համաձայն՝ «Զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան 2 տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին տրվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ...» (հատոր 1-ին, գ.թ. 71-73):
5) ՀՀ կենտրոնական արխիվի պետի 11.06.2020 թվականի թիվ 604 գրությամբ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին հայտնվել է, որ ՀՀ ՊՆ 20666 զորամասի 1999-2000 թվականների, ՀՀ ՊՆ 58831 զորամասի 2000-2001 թվականների, ՀՀ ՊՆ 24236 զորամասի 2001-2008 թվականների արխիվային փաստաթղթերում ելակետային հրամաններ չկան, իսկ ՀՀ ՊՆ 24236 զորամասի 2009-2017 թվականների հրամանագրքերն արխիվին հանձնված չեն: (հատոր 3-րդ, գ.թ. 15):
6) ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին հայտնվել է հետևյալը.
«... ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին զինծառայող փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի վերաբերյալ տեղեկատվությունները հնարավոր է տրամադրել 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, քանի որ մինչև նշված տարեթվի շարային մասի վերաբերյալ հրամանների գրքերը 2019 թվականի մայիսի 7-ի ելք 077 գրությամբ ուղարկվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվ:
(...)
Փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի յուրաքանչյուր շաբաթ օրերին (լրացուցիչ տեղեկացնում եմ, որ շաբաթ օրերի տևողությունը եղել է ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00) ծառայության ներկայանալու փաստը զորամասում ամրագրված լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, քանի որ ներկայանալու փաստը հիմնավորող փաստաթուղթ կարող էին հանդիսանալ միայն ուսումնական ծրագրով նախատեսված դասացուցակները, որտեղ գրառվում են պարապմունքն անցկացնող դասախոսի տվյալները, պարապմունքի օրը և թեման, սակայն դասացուցակների պահպանման ժամկետից ելնելով (ՀՀ ՊՆ 31.03.2010թ. հրաման N 058, հոդված 247, արխիվ չեն հանձնվում, ոչնչացվում են անհրաժեշտությունն անցնելուց հետո՝ գործավարության ավարտից 1 տարի անց)՝ դրանք ոչնչացվել են:
Ստացվում է, որ.
1) 2009 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելը՝ 03.03.2017թ., հաշվարկվում է ընդհանուր առմամբ թվով 426 (չորս հարյուր քսանվեց) հատ շաբաթ օր,
2) նշված շաբաթ օրերից այդ տարիների համար ոչ աշխատանքային, տոնական և սգո օրեր են եղել՝ 03.01.2009, 09.05.2009, 02.01.2010, 24.04.2010, 01.05.2010, 01.01.2011, 08.01.2011, 28.05.2011, 31.12.2011, 28.01.2012, 21.09.2013, 04.01.2014, 08.03.2014, 05.07.2014, 03.01.2015, 09.05.2015, 02.01.2016, 31.12.2016, 07.01.2017, 28.01.2017՝ թվով 20 շաբաթ օր,
3) փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանին հատկացվել են հերթական, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդներ հետևյալ ժամկետներում՝
- 05.06.2009-06.06.2009՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 11.08.2009-09.09.2009՝ 30 օր, թվով 4 շաբաթ օր (2009թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 05.11.2009-07.11.2009՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 12.02.2010-26.02.2010՝ 15 օր, թվով 3 շաբաթ օր,
- 15.06.2010-29.06.2010՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր (2010թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր,
- 30.04.2011-07.05.2011՝ 8 օր լրացուցիչ, թվով 2 շաբաթ օր,
- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր (2011թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),
- 23.06.2012՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր, թվով 4 շաբաթ օր (2012թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),
- 22.02.2013-23.02.2013՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 25.07.2013-26.08.2013՝ 33 օր, թվով 5 շաբաթ օր (2013թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 (յոթ) օր),
- 23.05 2014-24.05.2014՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 21.07.2014-30.08.2014՝ 40 օր, թվով 6 շաբաթ օր (2014թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 16.01.2015-17.01.2015՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր, թվով 3 շաբաթ օր,
- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր, թվով 3 շաբաթ օր (2015թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 01.08.2016-12.09.2016՝ 43 օր, թվով 6 շաբաթ օր (2016թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 24.02.2017-26.02.2017՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
4) ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելիս 2017թ.-ի չօգտագործված արձակուրդի համար (2017թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 օր) ստացել է դրամական փոխհատուցում՝ 78552 ՀՀ դրամ:
Այսպիսով, փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի համար 2009 թվականի հունվարի 1-ից մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելու օրը՝ 03.03.2017թ.,
- Առանց արձակուրդում, գործուղման մեջ, հոսպիտալում բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածների և ոչ աշխատանքային, տոնական և սգո օրերի՝ փոխգնդապետ Գ. Սերոբյանի շաբաթ օրերին ծառայության ներկայանալու օրերի քանակը ենթադրաբար կարող էր կազմել 357 կես աշխատանքային օրից ոչ ավելի, ենթադրաբար՝ այն պարզ պատճառով, որ նշված օրերին նրա ծառայության ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ փաստական տվյալներ զորամասում չկան:
- 2009-2015թթ. ներառյալ չօգտագործած արձակուրդը կազմել է 27 (քսանյոթ) օր: Հարկ եմ համարում նշել, որ տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման 15.1 կետի համաձայն՝ «Զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան 2 տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին տրվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում»:
Հավելեմ նաև, որ համաձայն ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 5-րդ գլխի 227-րդ հոդվածի՝ ռազմաուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոնների ունկնդիրների և կուրսանտների համար ծառայողական շաբաթվա տևողությունը սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ մեկ հանգստյան օրով, իսկ փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանը հանդիսացել է դասախոսական կազմի զինծառայող, ուստի չի բացառվում վերջինիս ներգրավվածությունն ուսումնական գործընթացի կազմակերպմանը՝ շաբաթ օրերին, սակայն տվյալ դեպքում նույն հոդվածի համաձայն՝ հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված զինծառայողներին շաբաթվա մյուս օրերին հրամանատարի որոշմամբ հանգստյան օր տրամադրված լինելը ևս չի բացառվում, որը կարող էր լինել նաև բանավոր կարգով: Նշված զինծառայողին շաբաթ օրերին ծառայության ներգրավելու դեպքում շաբաթվա մյուս օրերին հանգստյան օր տրամադրելու վերաբերյալ փաստական տվյալներ կամ հստակ տեղեկություններ զորամասում չեն պահպանվել ...» (հատոր 2-րդ, գ.թ. 39-42):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե որ իրավական ակտերն են ենթակա կիրառման զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցում տրամադրելու իրավահարաբերությունների նկատմամբ՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը։
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։
ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության` այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավակիրառ պրակտիկան (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):
Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքը, համաձայն որի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով` դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե´ս, Minasyan and Semerjyan v. Armenia (գանգատ թիվ 27651/05) գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):
Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե´ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium (գանգատ թիվ 17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե´ս, Kopecký v. Slovakia (գանգատ թիվ 44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե´ս, Burdov v. Russia (գանգատ թիվ 59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):
ՀՀ սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ կարևորել է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը և գտել է, որ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր և այդ հարցի նկատմամբ չի կարող ձևական մոտեցում դրսևորվել: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման և աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նաև անձի սեփականության իրավունքի ոտնահարում է»:
Համադրելով Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կատարված աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պաշտպանվող գույքային իրավունք է, որը ենթակա է արդյունավետ իրավական պաշտպանության (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), (...):
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...)։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք), որով սահմանվել են զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը:
Կանոնագրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ զորամասում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպես, որ ապահովվի մշտական մարտական պատրաստությունը և պայմաններ ստեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության և անձնակազմի դաստիարակության, զինծառայողների մարտական կազմակերպված ուսուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի սպասարկման, ժամանակին հանգստանալու և սնվելու համար:
Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ծառայողական շաբաթվա տևողությունը սահմանվում է` ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների և զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների և ուսանողների համար` վեցօրյա շաբաթ` հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաև կին զինծառայողների համար` հնգօրյա շաբաթ` հանգստյան երկու օրով:
(...)
Հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներին ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տևողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը:
Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու և այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:
Կանոնագրքի 231-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր շաբաթ գնդում անցկացվում է հավաքակայանային-տնտեսական օր` սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների սպասարկման հավաքակայանների և ուսումնանյութական բազայի օբյեկտների լրասարքավորման և բարեկարգման, զինվորական ավանները կարգի բերելու և այլ աշխատանքներ կատարելու նպատակով: Սովորաբար այդ նույն օրն անցկացվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրումը, և անձնակազմը լողանում է բաղնիքում:
Բացի այդ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտական պատրաստության մեջ պահելու նպատակով գնդում անցկացվում են հավաքակայանային օրեր` ամբողջ անձնակազմի ներգրավումով:
Հավաքակայանային-տնտեսական և հավաքակայանային օրերը անցկացվում են ըստ պլանների, որոնք մշակում է գնդի շտաբը գնդի հրամանատարի` սպառազինության և թիկունքի գծով տեղակալների հետ համատեղ և հաստատում է գնդի հրամանատարը: Պլանների քաղվածքները հասցվում են ստորաբաժանումներին:
Հավաքակայանային-տնտեսական օրերին կատարվող աշխատանքները և առաջին հերթին սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի սպասարկման աշխատանքները ղեկավարելու համար հերթականության կարգով նշանակվում են նվազագույն թվով սպաներ և ենթասպաներ: Շաբաթվա ընթացքում նրանց տրվում է հանգստյան օր:
Կանոնագրքի 290-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հանգստյան և տոնական օրվա օրական վերակարգում եղած սպաներին և ենթասպաներին շաբաթվա ընթացքում հանգստյան օր է հատկացվում:
Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, հաստատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, սահմանել է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը: Ըստ այդմ, Կանոնագրքի «Ժամանակի բաշխումը և առօրյա կարգուկանոնը» վերտառությամբ 5-րդ գլխում սահմանվել է զորամասում ժամանակի բաշխման իրականացման կարգը, որն, ի թիվս այլնի, ուղղված է մշտական մարտական պատրաստության ապահովմանը: Այս նպատակով զորամասում ըստ պլանների անցկացվում են հավաքակայանային-տնտեսական և հավաքակայանային օրեր, ինչն իր հերթին ենթադրում է զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման հնարավորություն:
Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանել է սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետևյալ եղանակները՝
- շաբաթվա մյուս օրերին տրամադրվում է հանգիստ` ծառայության շահերի հաշվառումով,
- այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:
Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հնարավորություն և սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ ժամանակը գումարվելու և զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձևով տրվելու իրավակարգավորումներ` չի հստակեցրել այն հարցը, թե լրացուցիչ օրերի ձևով հանգիստ տրամադրելու անհնարինության կամ չտրամադրելու դեպքերում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը:
Վերոգրյալի լույսի ներքո՝ ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի վարձատրությունը սահմանող ընդհանուր կանոններին և զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցումը նախատեսող հատուկ կանոններին, ըստ այդմ՝ խնդրո առարկա իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերի որոշման հարցին:
Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ նույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան: (...)։
Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է` ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է` պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն նույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հավելումը նույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ (...) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումն է:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում նույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ սահմանվել է զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները` համաձայն թիվ 1 հավելվածի:
Վերը նշված իրավակարգավորումների հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, պետական ծառայության տեսակ է, որն էլ իր հերթին հանրային ծառայություն է: Օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառումը հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, միևնույն ժամանակ չի բացառել հատուկ օրենքների կիրառումը, եթե համապատասխան օրենքներով այլ բան է նախատեսված:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթները սահմանված են նշված ծառայության առանձնահատկությունների, զինվորական ծառայության մեջ ներգրավված ծառայողների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նույն օրենքը համարվում է զինվորական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարցեր կարգավորված չեն հատուկ օրենքով։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը ունի բլանկետային բնույթ և զինծառայողների դրամական ապահովությունն անհրաժեշտ է դիտարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների և հիմնական պայմանների լույսի ներքո:
Այսպես՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (հատուկ նորմ) 8-րդ հոդվածը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածը (ընդհանուր նորմ) ըստ էության կարգավորում են համասեռ հարաբերություններ, այն է՝ աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, ինչը նշված հատուկ օրենքի իմաստով որոշակի սուբյեկտների՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումներ են: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ ստանալու հնարավորության կապակցությամբ այլ կարգավորում է նախատեսում, քան ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որպիսի պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 185-րդ հոդվածի դրույթները տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն:
ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ հետևության համար հիմք է ընդունել այն, որ օրենսդիրը որոշակի սուբյեկտների դրամական ապահովության իրականացումը կարգավորել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան, իսկ հանրաճանաչ սկզբունքի համաձայն` «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali): Այսպիսով ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ տվյալ դեպքում կիրառելի են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումները:
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես կանոն, ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն իրականացնող անձանց հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ՀՀ զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ հաստատված՝ «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ անձի կողմից կատարված ծառայությունը նշված Հավելվածով նախատեսված հավելումների տրամադրման առանձնահատուկ դեպքերում ներառված չլինելու պայմաններում գործում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կանոնն առ այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն վերջիններիս հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:
Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, քննարկելով զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարումն այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության և հանգստի լրացուցիչ օրեր չտրամադրելու դեպքերում փոխհատուցման հարցը, արձանագրել է հետևյալը.
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրաված լինելու ժամանակը ըստ էության օրենսդիրը փոխհատուցել է այլ հանգստյան օրերի տրամադրման միջոցով՝ երաշխավորելով ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված՝ հանգստի իրավունքի ապահովումը: Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը սպաներին ու ենթասպաներին ներգրավելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:
Այսինքն՝ հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով շաբաթվա մյուս օրերին տրամադրելու անհնարինության և լրացուցիչ հանգստյան օրերը չօգտագործելու դեպքում այն միացվում է հիմնական արձակուրդներին: Կարևորելով փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի իրացումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Նույն մասում նշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն ներառվում զինծառայողի` նույն օրենքի համաձայն` զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի սահմանադրականության հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) զինվորական ծառայության ընթացքում ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում նախատեսող իրավակարգավորման ապահովումը Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված՝ պետության պոզիտիվ պարտականությունն է:
(...)
Զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, համարվում է պետական ծառայության տեսակ, որտեղ գործող հարաբերություններն Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով կարող են կարգավորվել Օրենսգրքով միայն այն դեպքում, երբ համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Մինչդեռ, Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով այլ բան է նախատեսվում, քան այն նախատեսված է Օրենսգրքով: Մասնավորապես, ի տարբերություն Օրենսգրքի 170-րդ հոդվածի, որը թույլատրում է աշխատանքից ազատվելիս հատուցում ստանալ չօգտագործված արձակուրդների համար առանց ժամկետային սահմանափակման, Օրենքը նախատեսել է հատուցում ստանալու իրավունք միայն զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց, իսկ Օրենքի 72-րդ հոդվածով հստակեցվում է զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է դիտարկվող սոցիալական երաշխիքը: Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները:
Ի տարբերություն այլ աշխատողների՝ Օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց համար նույն սոցիալական երաշխիքը նախատեսվել է ավելի փոքր ծավալով: Եվ դա նախատեսվել է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին համահունչ:
Այլ է խնդիրը, թե արդյոք օրենսդիրն իրավասու էր աշխատանքային բնույթի հարաբերությունների մեջ գտնվող բոլոր անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքը որոշ կատեգորիայի ծառայողների համար սահմանել այլ ծավալով:
(...) արձակուրդի իրավունքը համապարփակ իրավունք է և տարածվում է ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այնպես էլ մասնավոր անձանց վրա, որոնք գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Զինծառայողները թե՛ հանրային ծառայողներ են, թե՛ նաև լայն իմաստով՝ աշխատանք կատարող անձինք, որոնց արձակուրդի և հանգստի իրավունքը չի կարող չերաշխավորվել օրենքով:
Թեև Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրին է վերապահված ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի բովանդակությունը որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, նախ՝ բացառում է ընդհանրապես այս իրավունքի չերաշխավորելը օրենքով, ինչպես նաև խտրական մոտեցումն այն երաշխավորելիս:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքը երաշխավորում է այս իրավունքը նաև զինծառայողների համար, բայց սահմանում է դրա պաշտպանության ավելի նեղ ծավալ՝ չսահմանելով և չհիմնավորելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլիներ իրավաչափ տարբերակում դնել, մի կողմից՝ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների միջև:
Այդ առումով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց փոխհատուցում ստանալու միասնական իրավակարգավորումների ապահովումն օրենսդրի իրավասության շրջանակներում է:
Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տարբերակումը չունի օբյեկտիվ բնույթ, հիմնավորված չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ»:
ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1424 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով որոշել է. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում սկզբունքային անդրադարձ է կատարել իր կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների էության, բովանդակության, դրանց իրավաբանական ուժի ու դերի հարցերին: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-943 որոշմամբ արձանագրել է, որ. «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը»:
ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների էության և բովանդակության հարցերի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի բովանդակային ամբողջականությունը վկայում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը ՀՀ Սահմանադրության վերը նշված նորմերին հակասող և անվավեր է ճանաչվել միայն չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում սահմանելու հնարավորության ժամկետային սահմանափակման մասով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժի մեջ մտնելու պահից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի՝ չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում սահմանելու հնարավորության ժամկետային սահմանափակման մասով կարգավորման իրավական գործողությունը դադարել է և չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցման հնարավորությունը կարգավորող իրավական նորմը գործում է առանց որոշակի ժամկետով սահմանափակող դրույթի:
Հետևաբար՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը զինծառայողների համար երաշխավորում է չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների նկատմամբ վկայակոչված իրավանորմը կարող է կիրառելի լինել միայն այն պարագայում, երբ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցերը կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով։ Այլ կերպ ասած, եթե հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Գրիգոր Սերոբյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է՝ վճարել իր աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչև 23.02.2017 թվականը։
Դատարանը մասնակի բավարարել է Գրիգոր Սերոբյանի հայցը՝ պատճառաբանելով, որ Կանոնագրքով սահմանված են սպաներին, ենթասպաներին, պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաև կին զինծառայողներին շաբաթական ծառայության սահմանված ժամանակի տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու իրավական հնարավորություն ու այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարելու և զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձևով տալու իրավակարգավորումներ, սակայն որևէ կերպ չի կարգավորել այն հարցը, թե հանգստի լրացուցիչ ժամանակ չտրամադրելու դեպքում ինչ ձևով է նշված զինծառայողներին փոխհատուցվելու շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու համար:
Հետևաբար Դատարանի գնահատմամբ վերը նշված իրավահարաբերությունը պետք է կարգավորվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով՝ հիմք ընդունելով նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը և ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/3246/02/13 քաղաքացիական գործով 28․11․2014 թվականին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը:
Սույն գործում եղած ապացույցների համակցությամբ Դատարանն առավել հավանական է համարել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ հայտնված տեղեկություններն այն մասին, որ Գրիգոր Սերոբյանը 01.01.2009 թվականից մինչև 03.03.2017 թվականը փաստացի 357՝ կես աշխատանքային շաբաթ օրերին ներկայացել է ծառայության:
Հայցվորը սույն գործով պահանջել է նաև 1999-2009 թվականներին վերաբերող շաբաթ օրերի և, նաև, 1999-2017 թվականների ընթացքում շաբաթ օրերի ժամը 14:00-18:00-ի համար վճարում, սակայն Դատարանը նշված մասով հայցը հիմնավոր չի համարել, քանի որ այդ ժամանակաշրջանին վերաբերող մասով ընդհանրապես առկա չէ որևէ ապացույց, իսկ զուտ միայն հայցվորի բանավոր դիրքորոշումը չի կարող իրավաչափ հիմք լինել նման ժամանակաշրջանի մասով նույնպես հայցը բավարարելու համար, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կանոնակարգմամբ նշյալ ժամանակաշրջանին վերաբերող մասով ապացուցման բացասական հետևանքներն ըստ էության դրվում են հայցվորի վրա:
Դատարանը գտել է, որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Գրիգոր Սերոբյանը 2009-2017 թվականների ընթացքում 357 շաբաթ օրերին ներգրավված է եղել ծառայության ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, մինչդեռ Կանոնագրքի 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության ուժով ծառայողական շաբաթվա տևողությունը կազմում է 5 օր՝ երկօրյա հանգստով, ուստի հաշվի առնելով, որ ծառայության ներգրավված լինելու ժամերի համար հանգստի տրամադրում այլևս հնարավոր չէ (ազատվել է ծառայությունից), ստացվում է, որ 2009-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում 357 շաբաթ օրերի ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ի համար հայցվորն իրավունք ունի ստանալ օրենքով սահմանված փոխհատուցում:
Դատարանն արձանագրել է, որ հայցվորն ունի ամենամյա չօգտագործված 27 օր արձակուրդ, որի համար հատուցում կատարված չէ, քանի որ հակառակը հիմնավորող որևէ ապացույց պատասխանողի կողմից չի ներկայացվել, ուստի հայցվորն օրենքի ուժով իրավունք ունի ստանալու չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում, իսկ ինչ վերաբերում է 1999-2009 թվականների չօգտագործված արձակուրդներին, ապա Դատարանը նշված մասով նույնպես հայցը հիմնավոր չի համարել, քանի որ այդ ժամանակաշրջանին վերաբերող մասով ընդհանրապես առկա չէ որևէ ապացույց, իսկ զուտ միայն հայցվորի բանավոր դիրքորոշումը չի կարող իրավաչափ հիմք լինել նման ժամանակաշրջանի մասով հայցը բավարարելու համար, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կանոնակարգմամբ 1999-2009 թվականներին վերաբերող մասով ապացուցման բացասական հետևանքները ևս դրվում են հայցվորի վրա:
Վերաքննիչ դատարանի 01․07.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ․ «․․․օրենսդիրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու հնարավորություն և սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, դրա անհնարինության դեպքում` այդ ժամանակը գումարվելու և զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձևով տրվելու իրավակարգավորումներ, միաժամանակ չի կարգավորել այն հարցը, թե հանգստի լրացուցիչ ժամանակ չտրամադրվելու դեպքում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը: Այսինքն, քննարկվող իրավանորմի կարգավորման առարկան այլ է, քան հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրության հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը. նշված նորմը սահմանում է ոչ թե հանգստյան օրերին վարձատրության կարգ, այլ սահմանում է հանգստյան օրերին կատարված աշխատանքը այլ օրերով փոխհատուցելու կարգ: Նշված նորմի կարգավորումը չի բացառում շաբաթ օրերի աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու հնարավորությունը: Բացի այդ, նշված նորմերի համաձայն՝ շաբաթվա մյուս օրերին հանգիստ տրվում է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանգստյան օրերին կատարված աշխատանքի ժամանակը կարող է միացվել հիմնական արձակուրդին: Այսինքն՝ հանգստյան օրերին կատարված աշխատաժամանակը փոխհատուցելու սահմանված կարգը նախ պահանջում է շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինություն, երկրորդ՝ շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցումը կատարվում է զորամասի հրամանատարի որոշմամբ:
(…)
․․․ինչպես միջազգային իրավական փաստաթղթերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ, այդ թվում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով երաշխավորվում է արդարացի վարձատրության իրավունքը, որը ներառում է նաև փաստացի կատարված աշխատանքի, այդ թվում՝ հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրության իրավունքը:
Վերոհիշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ շաբաթ օրերին աշխատանքի դիմաց ՀՀ պաշտպանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների /բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների/ հանգստյան օրերը ենթակա են վարձատրման աշխատանքային օրվա վարձատրությանը համարժեք վարձատրությամբ:
(…)
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր է գնահատում Դատարանի եզրահանգումն առ այն, որ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը և իրավունքը չի կարող ունենալ որևէ ժամկետային սահմանափակում, ինչից հետևում է, որ հատուցման է ենթակա ծառայության ընթացքում չօգտագործված ամբողջ արձակուրդը»։
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գրիգոր Սերոբյանի կողմից ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է՝ վճարել իր աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչև 23.02.2017 թվականը: Այսինքն, հայցվորը, ըստ էության, պահանջել է հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն տրամադրելուն, ինչպես նաև ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները վճարելուն ուղղված գործողություններ կատարել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավահարաբերությունը ենթակա է կարգավորման «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ զինծառայողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն գործով բացակայում է որևէ ապացույց առ այն, որ հայցվորի կողմից իրականացված ծառայությունը նախատեսված է ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ հաստատված՝ «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով: Ավելին, բողոք բերած անձի մատնանշած հանգամանքը՝ յուրաքանչյուր ամիս հավելումներ հայցվորին ենթադրյալ վճարված լինելը, չի բացառում հայցվորի կողմից շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակ վարձատրություն ստանալու իրավական հնարավորությունը։
Այդուհանդերձ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման, քանի որ վերջինս ունի փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունք: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը շաբաթվա մյուս օրերին հանգստի տրամադրմամբ չի փոխարինվել, ինչպես նաև վերջինիս չեն տրամադրվել հանգստի լրացուցիչ օրեր, որպիսի պայմաններում այդ ժամանակը ենթակա էր գումարման հիմնական արձակուրդներին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը անհրաժեշտ է դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ, որը ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում՝ ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակվելիս:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գրիգոր Սերոբյանը ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.2017 թվականի թիվ 372 հրամանի համաձայն՝ արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր։ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 31.10.2019 թվականի թիվ 1127 գրությամբ հայտնվել է հետևյալը. «... 2. փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյան՝
1) 2009 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելը՝ 03.03.2017թ., հաշվարկվում է ընդհանուր առմամբ թվով 426 (չորս հարյուր քսանվեց) հատ շաբաթ օրեր:
2) Նշված շաբաթ օրերից այդ տարիների համար ոչ աշխատանքային, տոնական և սգո օրեր են եղել՝ 03.01.2009, 09.05.2009, 02.01.2010, 24.04.2010, 01.05.2010, 01.01.2011, 08.01.2011, 28.05.2011, 31.12.2011, 28.01.2012, 21.09.2013, 04.01.2014, 08.03.2014, 05.07.2014, 03.01.2015, 09.05.2015, 02.01.2016՝ թվով 17 շաբաթ օրեր:
3) Փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանին հատկացվել է հերթական, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդներ հետևյալ ժամկետներում՝
- 05.06.2009-06.06.2009՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 11.08.2009-09.09.2009՝ 30 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 05.11.2009-07.11.2009՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 13.02.2010-27.02.2010՝ 15 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 16.06.2010-30.06.2010՝ 15 օր, թվով 2 շաբաթ օրեր,
- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 30.04.2011-07.05.2011՝ 8 օր լրացուցիչ, թվով 2 շաբաթ օրեր,
- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օրեր,
- 23.06.2012՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 22.02.2013-23.02.2013՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 25.07.2013-27.08.2013՝ 34 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 23.05 2014-24.05.2014՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 21.07.2014-30.08.2014՝ 40 օր, թվով 7 շաբաթ օրեր,
- 16.01.2015-17.01.2015՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 01.08.2016-09.09.2016՝ 40 օր, թվով 6 շաբաթ օրեր,
- 24.02.2017-26.02.2017՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր:
4) Գտնվել է վերակարգում որպես զորամասի հերթապահ թվով 6 շաբաթ օր՝ 21.03.2009, 29.06.2013, 07.09.2013, 19.10.2013, 21.12.2013 և 10.12.2016 ...»:
6) ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին հայտնվել է հետևյալը.
(...)
Փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի յուրաքանչյուր շաբաթ օրերին (լրացուցիչ տեղեկացնում եմ, որ շաբաթ օրերի տևողությունը եղել է ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00) ծառայության ներկայանալու փաստը զորամասում ամրագրված լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, քանի որ ներկայանալու փաստը հիմնավորող փաստաթուղթ կարող էին հանդիսանալ միայն ուսումնական ծրագրով նախատեսված դասացուցակները, որտեղ գրառվում են պարապմունքն անցկացնող դասախոսի տվյալները, պարապմունքի օրը և թեման, սակայն դասացուցակների պահպանման ժամկետից ելնելով (ՀՀ ՊՆ 31.03.2010թ. հրաման N 058, հոդված 247, արխիվ չեն հանձնվում, ոչնչացվում են անհրաժեշտությունն անցնելուց հետո՝ գործավարության ավարտից 1 տարի անց)՝ դրանք ոչնչացվել են:
Ստացվում է, որ.
1) 2009 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելը՝ 03.03.2017թ., հաշվարկվում է ընդհանուր առմամբ թվով 426 (չորս հարյուր քսանվեց) հատ շաբաթ օր,
2) նշված շաբաթ օրերից այդ տարիների համար ոչ աշխատանքային, տոնական և սգո օրեր են եղել՝ 03.01.2009, 09.05.2009, 02.01.2010, 24.04.2010, 01.05.2010, 01.01.2011, 08.01.2011, 28.05.2011, 31.12.2011, 28.01.2012, 21.09.2013, 04.01.2014, 08.03.2014, 05.07.2014, 03.01.2015, 09.05.2015, 02.01.2016, 31.12.2016, 07.01.2017, 28.01.2017՝ թվով 20 շաբաթ օր,
3) փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանին հատկացվել են հերթական, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդներ հետևյալ ժամկետներում՝
- 05.06.2009-06.06.2009՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 11.08.2009-09.09.2009՝ 30 օր, թվով 4 շաբաթ օր (2009թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 05.11.2009-07.11.2009՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 12.02.2010-26.02.2010՝ 15 օր, թվով 3 շաբաթ օր,
- 15.06.2010-29.06.2010՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր (2010թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր,
- 30.04.2011-07.05.2011՝ 8 օր լրացուցիչ, թվով 2 շաբաթ օր,
- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր (2011թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),
- 23.06.2012՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր, թվով 4 շաբաթ օր (2012թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),
- 22.02.2013-23.02.2013՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 25.07.2013-26.08.2013՝ 33 օր, թվով 5 շաբաթ օր (2013թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 (յոթ) օր),
- 23.05 2014-24.05.2014՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 21.07.2014-30.08.2014՝ 40 օր, թվով 6 շաբաթ օր (2014թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 16.01.2015-17.01.2015՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր, թվով 3 շաբաթ օր,
- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր, թվով 3 շաբաթ օր (2015թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 01.08.2016-12.09.2016՝ 43 օր, թվով 6 շաբաթ օր (2016թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 24.02.2017-26.02.2017՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
4) ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելիս 2017թ.-ի չօգտագործված արձակուրդի համար (2017թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 օր) ստացել է դրամական փոխհատուցում՝ 78552 ՀՀ դրամ:
Այսպիսով, փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի համար 2009 թվականի հունվարի 1-ից մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելու օրը՝ 03.03.2017թ.,
- Առանց արձակուրդում, գործուղման մեջ, հոսպիտալում բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածների և ոչ աշխատանքային, տոնական և սգո օրերի՝ փոխգնդապետ Գ. Սերոբյանի շաբաթ օրերին ծառայության ներկայանալու օրերի քանակը ենթադրաբար կարող էր կազմել 357 կես աշխատանքային օրից ոչ ավելի, ենթադրաբար՝ այն պարզ պատճառով, որ նշված օրերին նրա ծառայության ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ փաստական տվյալներ զորամասում չկան:
- 2009-2015թթ. ներառյալ չօգտագործած արձակուրդը կազմել է 27 (քսանյոթ) օր: Հարկ եմ համարում նշել, որ տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման 15.1 կետի համաձայն՝ «Զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան 2 տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին տրվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում»:
Հավելեմ նաև, որ համաձայն ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 5-րդ գլխի 227-րդ հոդվածի՝ ռազմաուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոնների ունկնդիրների և կուրսանտների համար ծառայողական շաբաթվա տևողությունը սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ մեկ հանգստյան օրով, իսկ փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանը հանդիսացել է դասախոսական կազմի զինծառայող, ուստի չի բացառվում վերջինիս ներգրավվածությունն ուսումնական գործընթացի կազմակերպմանը՝ շաբաթ օրերին, սակայն տվյալ դեպքում նույն հոդվածի համաձայն՝ հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված զինծառայողներին շաբաթվա մյուս օրերին հրամանատարի որոշմամբ հանգստյան օր տրամադրված լինելը ևս չի բացառվում, որը կարող էր լինել նաև բանավոր կարգով: Նշված զինծառայողին շաբաթ օրերին ծառայության ներգրավելու դեպքում շաբաթվա մյուս օրերին հանգստյան օր տրամադրելու վերաբերյալ փաստական տվյալներ կամ հստակ տեղեկություններ զորամասում չեն պահպանվել ...»:
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը 01․01․2009 թվականից մինչև 03․03․2017 թվականն ընկած ժամանակահատվածի ծառայության ընթացքում 426 շաբաթ օրեր ներգրավել է ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ հիմնավորվում է, որ Գրիգոր Սերոբյանն ամբողջ ծառայության ընթացքում զինվորական ծառայությանը ներգրավված շաբաթ օրերի փոխարեն մյուս ծառայողական օրերին, ինչպես նաև լրացուցիչ օրերի ձևով հանգիստ չի տրամադրվել և հիմնական արձակուրդներին օրեր չեն ավելացվել:
Սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերը նշված իրավակարգավորումների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ժամանակահատվածի ծառայության ընթացքում Գրիգոր Սերոբյանն ընդգրկվել է ծառայության նաև շաբաթ օրերին և այդ ժամանակահատվածի ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու փոխարեն Կանոնագրքով սահմանված որևէ եղանակով փոխհատուցում չի ստացել: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու ձևով:
Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում ենթակա էր կիրառման ՀՀ կառավարության 09.08.2018 թվականին ընդունված և 18.08.2018 թվականի ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 898 որոշումը։
Վճռաբեկ դատարանը, ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի ՍԴՈ-1424 որոշման շրջանակներում քննարկման առարկա դարձնելով 1999 թվականից մինչև 23․02․2017 թվականը ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների համար նախատեսված գումարները վճարելուն պարտավորեցնելու պահանջը, արձանագրում է, որ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը և իրավունքը չի կարող ունենալ որևէ ժամկետային սահմանափակում, ինչից հետևում է, որ հատուցման է ենթակա ծառայության ընթացքում չօգտագործված ամբողջ արձակուրդը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ և այն հիմնավորող գործում եղած հրամաններով և այլ փաստաթղթերով հաստատվում է, որ Գրիգոր Սերոբյանի՝ 2009-2017 թվականները ներառյալ չօգտագործած և չվճարված արձակուրդը կազմել է 27 օր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Գրիգոր Սերոբյանն ունի ամենամյա չօգտագործված 27 օր արձակուրդ, որի համար հատուցում կատարված չէ, քանի որ հակառակը հիմնավորող որևէ ապացույց Նախարարության կողմից չի ներկայացվել, ուստի Գրիգոր Սերոբյանն օրենքի ուժով իրավունք ունի ստանալու չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում: Իսկ ինչ վերաբերում է 1999-2009 թվականների չօգտագործված արձակուրդներին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները եկել են իրավաչափ եզրահանգման առ այն, որ նշված մասով հայցը հիմնավոր համարել չի կարող, քանի որ այդ ժամանակաշրջանին վերաբերող մասով ընդհանրապես առկա չէ որևէ ապացույց, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կանոնակարգմամբ 1999-2009 թվականներին վերաբերող մասով ապացուցման բացասական հետևանքները ևս դրվում են հայցվորի վրա:
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել, թե որ իրավակարգավորումների համատեքստում է խնդրո առարկա իրավահարաբերությունը ենթակա կարգավորման, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն վարչական գործի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը՝ սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, և առկա ապացույցները և հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01․07.2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան Լ. Հակոբյան ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/10369/05/19 վարչական գործով 01․04․2024 թվականին կայացված որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ
01․04․2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի ապրիլի 01-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01․07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գրիգոր Սերոբյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչև 23.02.2017 թվականը, վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01․07․2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ նույն որոշման պատճառաբանություններով։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Հ․ Բեդևյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը այդ մասի վերաբերյալ:
1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Այս հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Սույն գործը հարուցվել է Գրիգոր Սերոբյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է՝ վճարել իր աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչև 23.02.2017 թվականը։
ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է Գրիգոր Սերոբյանի հայցը՝ պատճառաբանելով, որ Կանոնագրքով սահմանված են սպաներին, ենթասպաներին, պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաև կին զինծառայողներին շաբաթական ծառայության սահմանված ժամանակի տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու իրավական հնարավորություն ու այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարելու և զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձևով տալու իրավակարգավորումներ, սակայն որևէ կերպ չի կարգավորել այն հարցը, թե հանգստի լրացուցիչ ժամանակ չտրամադրելու դեպքում ինչ ձևով է նշված զինծառայողներին փոխհատուցվելու շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու համար:
Հետևաբար Դատարանի գնահատմամբ վերը նշված իրավահարաբերությունը պետք է կարգավորվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով՝ հիմք ընդունելով նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը և ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/3246/02/13 քաղաքացիական գործով 28․11․2014 թվականին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը:
Սույն գործում եղած ապացույցների համակցությամբ Դատարանն առավել հավանական է համարել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ հայտնված տեղեկություններն այն մասին, որ Գրիգոր Սերոբյանը 01.01.2009 թվականից մինչև 03.03.2017 թվականը փաստացի 357՝ կես աշխատանքային շաբաթ օրերին ներկայացել է ծառայության:
Հայցվորը սույն գործով պահանջել է նաև 1999-2009 թվականներին վերաբերող շաբաթ օրերի և, նաև, 1999-2017 թվականների ընթացքում շաբաթ օրերի ժամը 14:00-18:00-ի համար վճարում, սակայն Դատարանը նշված մասով հայցը հիմնավոր չի համարել, քանի որ այդ ժամանակաշրջանին վերաբերող մասով ընդհանրապես առկա չէ որևէ ապացույց, իսկ զուտ միայն հայցվորի բանավոր դիրքորոշումը չի կարող իրավաչափ հիմք լինել նման ժամանակաշրջանի մասով նույնպես հայցը բավարարելու համար, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կանոնակարգմամբ նշյալ ժամանակաշրջանին վերաբերող մասով ապացուցման բացասական հետևանքներն ըստ էության դրվում են հայցվորի վրա:
Դատարանը գտել է, որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Գրիգոր Սերոբյանը 2009-2017 թվականների ընթացքում 357 շաբաթ օրերին ներգրավված է եղել ծառայության ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, մինչդեռ Կանոնագրքի 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության ուժով ծառայողական շաբաթվա տևողությունը կազմում է 5 օր՝ երկօրյա հանգստով, ուստի հաշվի առնելով, որ ծառայության ներգրավված լինելու ժամերի համար հանգստի տրամադրում այլևս հնարավոր չէ (ազատվել է ծառայությունից), ստացվում է, որ 2009-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում 357 շաբաթ օրերի ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ի համար հայցվորն իրավունք ունի ստանալ օրենքով սահմանված փոխհատուցում:
Դատարանն արձանագրել է, որ հայցվորն ունի ամենամյա չօգտագործված 27 օր արձակուրդ, որի համար հատուցում կատարված չէ, քանի որ հակառակը հիմնավորող որևէ ապացույց պատասխանողի կողմից չի ներկայացվել, ուստի հայցվորն օրենքի ուժով իրավունք ունի ստանալու չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում, իսկ ինչ վերաբերում է 1999-2009 թվականների չօգտագործված արձակուրդներին, ապա Դատարանը նշված մասով նույնպես հայցը հիմնավոր չի համարել, քանի որ այդ ժամանակաշրջանին վերաբերող մասով ընդհանրապես առկա չէ որևէ ապացույց, իսկ զուտ միայն հայցվորի բանավոր դիրքորոշումը չի կարող իրավաչափ հիմք լինել նման ժամանակաշրջանի մասով հայցը բավարարելու համար, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կանոնակարգմամբ 1999-2009 թվականներին վերաբերող մասով ապացուցման բացասական հետևանքները ևս դրվում են հայցվորի վրա:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01․07.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ․ «․․․օրենսդիրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու հնարավորություն և սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, դրա անհնարինության դեպքում` այդ ժամանակը գումարվելու և զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձևով տրվելու իրավակարգավորումներ, միաժամանակ չի կարգավորել այն հարցը, թե հանգստի լրացուցիչ ժամանակ չտրամադրվելու դեպքում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը: Այսինքն, քննարկվող իրավանորմի կարգավորման առարկան այլ է, քան հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրության հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը. նշված նորմը սահմանում է ոչ թե հանգստյան օրերին վարձատրության կարգ, այլ սահմանում է հանգստյան օրերին կատարված աշխատանքը այլ օրերով փոխհատուցելու կարգ: Նշված նորմի կարգավորումը չի բացառում շաբաթ օրերի աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու հնարավորությունը: Բացի այդ, նշված նորմերի համաձայն՝ շաբաթվա մյուս օրերին հանգիստ տրվում է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանգստյան օրերին կատարված աշխատանքի ժամանակը կարող է միացվել հիմնական արձակուրդին: Այսինքն՝ հանգստյան օրերին կատարված աշխատաժամանակը փոխհատուցելու սահմանված կարգը նախ պահանջում է շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինություն, երկրորդ՝ շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցումը կատարվում է զորամասի հրամանատարի որոշմամբ:
(…)
․․․ինչպես միջազգային իրավական փաստաթղթերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ, այդ թվում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով երաշխավորվում է արդարացի վարձատրության իրավունքը, որը ներառում է նաև փաստացի կատարված աշխատանքի, այդ թվում՝ հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրության իրավունքը:
Վերոհիշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ շաբաթ օրերին աշխատանքի դիմաց ՀՀ պաշտպանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների /բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների/ հանգստյան օրերը ենթակա են վարձատրման աշխատանքային օրվա վարձատրությանը համարժեք վարձատրությամբ:
(…)
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր է գնահատում Դատարանի եզրահանգումն առ այն, որ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը և իրավունքը չի կարող ունենալ որևէ ժամկետային սահմանափակում, ինչից հետևում է, որ հատուցման է ենթակա ծառայության ընթացքում չօգտագործված ամբողջ արձակուրդը»։
Վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01․07․2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ նույն որոշման պատճառաբանություններով՝ արձանագրելով, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների նկատմամբ վկայակոչված իրավանորմը կարող է կիրառելի լինել միայն այն պարագայում, երբ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցերը կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով։ Այլ կերպ ասած, եթե հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Գրիգոր Սերոբյանի կողմից ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է՝ վճարել իր աշխատած, սակայն վարձատրություն չստացած շաբաթ օրերի և ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները՝ 1999 թվականից մինչև 23.02.2017 թվականը: Այսինքն, հայցվորը, ըստ էության, պահանջել է հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն տրամադրելուն, ինչպես նաև ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդների օրերի համար նախատեսված գումարները վճարելուն ուղղված գործողություններ կատարել:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված իրավահարաբերությունը ենթակա է կարգավորման «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ զինծառայողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն գործով բացակայում է որևէ ապացույց առ այն, որ հայցվորի կողմից իրականացված ծառայությունը նախատեսված է ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ հաստատված՝ «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով:
Այդուհանդերձ՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Գրիգոր Սերոբյանը շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման, քանի որ վերջինս ունի փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունք: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը շաբաթվա մյուս օրերին հանգստի տրամադրմամբ չի փոխարինվել, ինչպես նաև վերջինիս չեն տրամադրվել հանգստի լրացուցիչ օրեր, որպիսի պայմաններում այդ ժամանակը ենթակա էր գումարման հիմնական արձակուրդներին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը անհրաժեշտ է դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ, որը ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում՝ ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակվելիս:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գրիգոր Սերոբյանը ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.2017 թվականի թիվ 372 հրամանի համաձայն՝ արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր։ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 31.10.2019 թվականի թիվ 1127 գրությամբ հայտնվել է հետևյալը. «... 2. փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյան՝
1) 2009 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելը՝ 03.03.2017թ., հաշվարկվում է ընդհանուր առմամբ թվով 426 (չորս հարյուր քսանվեց) հատ շաբաթ օրեր:
2) Նշված շաբաթ օրերից այդ տարիների համար ոչ աշխատանքային, տոնական և սգո օրեր են եղել՝ 03.01.2009, 09.05.2009, 02.01.2010, 24.04.2010, 01.05.2010, 01.01.2011, 08.01.2011, 28.05.2011, 31.12.2011, 28.01.2012, 21.09.2013, 04.01.2014, 08.03.2014, 05.07.2014, 03.01.2015, 09.05.2015, 02.01.2016՝ թվով 17 շաբաթ օրեր:
3) Փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանին հատկացվել է հերթական, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդներ հետևյալ ժամկետներում՝
- 05.06.2009-06.06.2009՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 11.08.2009-09.09.2009՝ 30 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 05.11.2009-07.11.2009՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 13.02.2010-27.02.2010՝ 15 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 16.06.2010-30.06.2010՝ 15 օր, թվով 2 շաբաթ օրեր,
- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 30.04.2011-07.05.2011՝ 8 օր լրացուցիչ, թվով 2 շաբաթ օրեր,
- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օրեր,
- 23.06.2012՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 22.02.2013-23.02.2013՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 25.07.2013-27.08.2013՝ 34 օր, թվով 4 շաբաթ օրեր,
- 23.05 2014-24.05.2014՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 21.07.2014-30.08.2014՝ 40 օր, թվով 7 շաբաթ օրեր,
- 16.01.2015-17.01.2015՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր, թվով 3 շաբաթ օրեր,
- 01.08.2016-09.09.2016՝ 40 օր, թվով 6 շաբաթ օրեր,
- 24.02.2017-26.02.2017՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր:
4) Գտնվել է վերակարգում որպես զորամասի հերթապահ թվով 6 շաբաթ օր՝ 21.03.2009, 29.06.2013, 07.09.2013, 19.10.2013, 21.12.2013 և 10.12.2016 ...»:
6) ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին հայտնվել է հետևյալը.
(...)
Փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի յուրաքանչյուր շաբաթ օրերին (լրացուցիչ տեղեկացնում եմ, որ շաբաթ օրերի տևողությունը եղել է ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00) ծառայության ներկայանալու փաստը զորամասում ամրագրված լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, քանի որ ներկայանալու փաստը հիմնավորող փաստաթուղթ կարող էին հանդիսանալ միայն ուսումնական ծրագրով նախատեսված դասացուցակները, որտեղ գրառվում են պարապմունքն անցկացնող դասախոսի տվյալները, պարապմունքի օրը և թեման, սակայն դասացուցակների պահպանման ժամկետից ելնելով (ՀՀ ՊՆ 31.03.2010թ. հրաման N 058, հոդված 247, արխիվ չեն հանձնվում, ոչնչացվում են անհրաժեշտությունն անցնելուց հետո՝ գործավարության ավարտից 1 տարի անց)՝ դրանք ոչնչացվել են:
Ստացվում է, որ.
1) 2009 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելը՝ 03.03.2017թ., հաշվարկվում է ընդհանուր առմամբ թվով 426 (չորս հարյուր քսանվեց) հատ շաբաթ օր,
2) նշված շաբաթ օրերից այդ տարիների համար ոչ աշխատանքային, տոնական և սգո օրեր են եղել՝ 03.01.2009, 09.05.2009, 02.01.2010, 24.04.2010, 01.05.2010, 01.01.2011, 08.01.2011, 28.05.2011, 31.12.2011, 28.01.2012, 21.09.2013, 04.01.2014, 08.03.2014, 05.07.2014, 03.01.2015, 09.05.2015, 02.01.2016, 31.12.2016, 07.01.2017, 28.01.2017՝ թվով 20 շաբաթ օր,
3) փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանին հատկացվել են հերթական, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդներ հետևյալ ժամկետներում՝
- 05.06.2009-06.06.2009՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 11.08.2009-09.09.2009՝ 30 օր, թվով 4 շաբաթ օր (2009թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 05.11.2009-07.11.2009՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 12.02.2010-26.02.2010՝ 15 օր, թվով 3 շաբաթ օր,
- 15.06.2010-29.06.2010՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր (2010թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 16.02.2011-02.03.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր,
- 30.04.2011-07.05.2011՝ 8 օր լրացուցիչ, թվով 2 շաբաթ օր,
- 22.08.2011-05.09.2011՝ 15 օր, թվով 2 շաբաթ օր (2011թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),
- 23.06.2012՝ 1 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 01.08.2012-30.08.2012՝ 30 օր, թվով 4 շաբաթ օր (2012թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 10 (տասը) օր),
- 22.02.2013-23.02.2013՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 25.07.2013-26.08.2013՝ 33 օր, թվով 5 շաբաթ օր (2013թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 (յոթ) օր),
- 23.05 2014-24.05.2014՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 21.07.2014-30.08.2014՝ 40 օր, թվով 6 շաբաթ օր (2014թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 16.01.2015-17.01.2015՝ 2 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
- 06.07.2015-25.07.2015՝ 20 օր, թվով 3 շաբաթ օր,
- 01.09.2015-22.09.2015՝ 22 օր, թվով 3 շաբաթ օր (2015թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 01.08.2016-12.09.2016՝ 43 օր, թվով 6 շաբաթ օր (2016թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 00 օր),
- 24.02.2017-26.02.2017՝ 3 օր լրացուցիչ, թվով 1 շաբաթ օր,
4) ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելիս 2017թ.-ի չօգտագործված արձակուրդի համար (2017թ. չօգտագործված արձակուրդը կազմել է 7 օր) ստացել է դրամական փոխհատուցում՝ 78552 ՀՀ դրամ:
Այսպիսով, փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանի համար 2009 թվականի հունվարի 1-ից մինչև ՀՀ ՊՆ 24236 զորամասի ցուցակներից հանվելու օրը՝ 03.03.2017թ.,
- Առանց արձակուրդում, գործուղման մեջ, հոսպիտալում բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածների և ոչ աշխատանքային, տոնական և սգո օրերի՝ փոխգնդապետ Գ. Սերոբյանի շաբաթ օրերին ծառայության ներկայանալու օրերի քանակը ենթադրաբար կարող էր կազմել 357 կես աշխատանքային օրից ոչ ավելի, ենթադրաբար՝ այն պարզ պատճառով, որ նշված օրերին նրա ծառայության ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ փաստական տվյալներ զորամասում չկան:
- 2009-2015թթ. ներառյալ չօգտագործած արձակուրդը կազմել է 27 (քսանյոթ) օր: Հարկ եմ համարում նշել, որ տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման 15.1 կետի համաձայն՝ «Զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան 2 տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին տրվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում»:
Հավելեմ նաև, որ համաձայն ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 5-րդ գլխի 227-րդ հոդվածի՝ ռազմաուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոնների ունկնդիրների և կուրսանտների համար ծառայողական շաբաթվա տևողությունը սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ մեկ հանգստյան օրով, իսկ փոխգնդապետ Գրիգոր Լյովայի Սերոբյանը հանդիսացել է դասախոսական կազմի զինծառայող, ուստի չի բացառվում վերջինիս ներգրավվածությունն ուսումնական գործընթացի կազմակերպմանը՝ շաբաթ օրերին, սակայն տվյալ դեպքում նույն հոդվածի համաձայն՝ հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված զինծառայողներին շաբաթվա մյուս օրերին հրամանատարի որոշմամբ հանգստյան օր տրամադրված լինելը ևս չի բացառվում, որը կարող էր լինել նաև բանավոր կարգով: Նշված զինծառայողին շաբաթ օրերին ծառայության ներգրավելու դեպքում շաբաթվա մյուս օրերին հանգստյան օր տրամադրելու վերաբերյալ փաստական տվյալներ կամ հստակ տեղեկություններ զորամասում չեն պահպանվել ...»:
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվորը 01․01․2009 թվականից մինչև 03․03․2017 թվականն ընկած ժամանակահատվածի ծառայության ընթացքում 426 շաբաթ օրեր ներգրավել է ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի 30.06.2020 թվականի թիվ 522 գրությամբ հիմնավորվում է, որ Գրիգոր Սերոբյանն ամբողջ ծառայության ընթացքում զինվորական ծառայությանը ներգրավված շաբաթ օրերի փոխարեն մյուս ծառայողական օրերին, ինչպես նաև լրացուցիչ օրերի ձևով հանգիստ չի տրամադրվել և հիմնական արձակուրդներին օրեր չեն ավելացվել:
Սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերը նշված իրավակարգավորումների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոգրյալ ժամանակահատվածի ծառայության ընթացքում Գրիգոր Սերոբյանն ընդգրկվել է ծառայության նաև շաբաթ օրերին և այդ ժամանակահատվածի ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու փոխարեն Կանոնագրքով սահմանված որևէ եղանակով փոխհատուցում չի ստացել: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու ձևով:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում ենթակա էր կիրառման ՀՀ կառավարության 09.08.2018 թվականին ընդունված և 18.08.2018 թվականի ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 898 որոշումը։
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել, թե որ իրավակարգավորումների համատեքստում է խնդրո առարկա իրավահարաբերությունը ենթակա կարգավորման:
3․ Վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման եզրափակիչ մասի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ:
Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ըստ էության օրենսդիրը փոխհատուցել է այլ հանգստյան օրերի տրամադրման միջոցով՝ երաշխավորելով Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված՝ հանգստի իրավունքի ապահովումը: Հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը սպաներին ու ենթասպաներին ներգրավելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին: Այսինքն՝ հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով շաբաթվա մյուս օրերին տրամադրելու անհնարինության և լրացուցիչ հանգստյան օրերը չօգտագործելու դեպքում այն միացվում է հիմնական արձակուրդներին:
Կարևորելով փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի իրացումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը զինծառայողների համար երաշխավորում է չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման:
Համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշման հետ, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը որոշման եզրափակիչ մասի դեմ՝ հետևյալ հիմնավորմամբ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով, նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան, և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով։ Այլ կերպ ասած` հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել:
Ասվածը հատկապես կարևոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին (տե՛ս, Արթուր Ավթանդիլյանը և մյուսներն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1707/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը, ինչպես նաև տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի հիմքերին և առարկային, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքը, ըստ էության, իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Արսեն Եսայանի թիվ ՎԴ1/0223/05/13 վարչական գործով 22.07.2016 թվականի որոշմամբ ընդգծել է, որ հայցի առարկայի և հիմքի վերաբերյալ վերը նշված դիրքորոշումը կիրառելի է թե՛ քաղաքացիական դատավարության և թե՛ վարչական դատավարության կանոններով ներկայացված հայցերի նկատմամբ:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան, և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով։
Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:
Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ տնօրինչականության սկզբունքը վարչական դատավարության առանձին փուլերում ունի որոշակի առանձնահատուկ դրսևորումներ: Նշվածը պայմանավորված է վարչական դատավարությունում դատարանի դերով, որը գործը քննում է ի պաշտոնե: Այսպես, վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու գործառույթը ենթադրում է, մասնավորապես, հետևյալը.
1) Վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով: Նշվածից հետևում է, որ թեև դատարանը պարտականություն է կրում անդրադառնալ դատավարության մասնակիցների ներկայացրած բոլոր ապացույցներին, միջնորդություններին, առաջարկություններին, բացատրություններին և առարկություններին, սակայն սահմանափակված չէ դրանցով:
2) Վարչական դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսինքն՝ դատարանը, կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է փաստել, որ վարչական դատավարությունը պետք է ընթանա այնպես, որ բացահայտվեն գործի իրական փաստերը: Նշված առաքելությունն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք պետք է համարժեք օգտագործվեն քննարկվող գործառույթն իրականացնելու համար: Ըստ այդմ, գործի իրական փաստերը բացահայտելը վարչական դատարանի ոչ թե հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը:
3) Վարչական դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:
4) Վարչական դատարանը պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Նշված լիազորությունը նույնպես բխում է այն հանգամանքից, որ դատարանը կրում է գործի իրական փաստերն ամբողջությամբ բացահայտելու պարտականություն (տես, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումում հայցի առարկան և հիմքը պետք է ձևակերպված լինեն հստակ և որոշակի, որպեսզի դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը և հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել, իսկ այն դեպքում երբ հայցի առարկան և հիմքը ձևակերպված են ոչ հստակ կամ վերացական, ապա դատարանը պարտավոր է իրականացնել մատնանշման իր պարտականությունը՝ չխախտելով տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը։
Տվյալ դեպքում Գրիգոր Սերոբյանի կողմից ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է՝ հաշվարկել և վճարել հետուսումնական ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը: Հայցվորը հայցային պահանջի իրավական և փաստական հիմքերում դրել է իր կողմից զինվորական ծառայության ողջ ժամանակահատվածում շաբաթ օրերին աշխատանքի ներկայանալու և այդ ժամանակի համար չվարձատրվելու փաստը:
Այսինքն, հայցվորը, ներկայացնելով ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը հաշվարկելու և վճարելուն ուղղված որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին պահանջ, ըստ էության, պահանջել է հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն տրամադրելուն ուղղված գործողություններ կատարել:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը անհրաժեշտ է դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ, որը ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում՝ զինվորական ծառայությունից ազատելիս։
Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով, որպիսի դիրքորոշման պայմաններում գտնում եմ, որ սույն գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ նկատի ունենալով, որ Գրիգոր Սերոբյանի կողմից ներկայացված հայցի հիմքը և առարկան ձևակերպված է վերացական և անորոշ, նշված պահանջից հնարավոր չի որոշել, թե վերջինս օրենքով սահմանված որ եղանակով և ձևով է պահանջում վարչական մարմնից հաշվարկել և վճարել իր ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը, ուստի վերջինս գործի նոր քննության փուլում պետք է օգտվի տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքով իրեն վերապահված իրավունքից և դատարանի կողմից կատարված մատնանշումից հետո ինքնուրույն պետք է որոշի, թե օրենքով սահմանված որ եղանակով և ձևով է ուզում ստանալ շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցում։
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ Վճռաբեկ դատարանը, բավարարելով հայցվորի պահանջը, որոշել է Գրիգոր Սերոբյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ՝ նշելով, որ այն ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում՝ զինվորական ծառայությունից ազատելիս, հաշվի չառնելով, որ հայցվորի կողմից նման պահանջ ներկայացված չի եղել, ինչպես նաև նման փաստարկներ վկայակոչված չեն եղել հայցի հիմքում, ուստի Վճռաբեկ դատարանը չի կարող սեփական նախաձեռնությամբ լրացնել հայցի հիմքը և առարկան՝ ինքնուրույն որոշելով ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու համար հայցվորի հատուցումը հաշվարկելու և վճարելու ձևն ու եղանակը։
Ամբողջ վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության, քանի որ ՀՀ վարչական դատարանի կողմից ոչ հստակ հայցային պահանջը ճշտելու և հայցի հիմքը լրացնելու առաջարկ անելու պարտականության պատշաճ կատարման պայմաններում միայն սույն գործով կարող է ապահովվել արդյունավետ դատաքննությունը և անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ:
Դատավոր` |
Հ. Բեդևյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|