Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3692/05/15

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3692/05/15

Նախագահող դատավոր`

 Ա. Պողոսյան

Դատավորներ`

 Ռ. Մախմուդյան

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի ապրիլի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գառնիկ Մուրադյանի (իրավանախորդ՝ Եղիշ Մուրադյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.11.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գառնիկ Մուրադյանի (իրավանախորդ՝ Եղիշ Մուրադյան) ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի (իրավանախորդ՝ Արևաշողի գյուղապետարան), երրորդ անձ՝ Լուարա Ղազարյան՝ Արևաշող համայնքի ղեկավարի 23.06.2015 թվականի թիվ ԼՄԱՀ թիվ 073 գրությունն անվավեր ճանաչելու և Արևաշող համայնքի ղեկավարին Արևաշող համայնքի 06-021-0020-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասից 0,03411հա հողամասն օգտագործման իրավունքով Եղիշ Մուրադյանին տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Եղիշ Մուրադյանը պահանջել է անվավեր ճանաչել Արևաշող համայնքի ղեկավարի 23.06.2015 թվականի թիվ ԼՄԱՀ թիվ 073 գրությունը և պարտավորեցնել Արևաշող համայնքի ղեկավարին կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ Արևաշող համայնքի 06-021-0020-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասից 0,03411հա հողամասն օգտագործման իրավունքով իրեն տրամադրելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 10122020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17112022 թվականի որոշմամբ Լուարա Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10122020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Մուրադյանը (իրավանախորդ՝ Եղիշ Մուրադյան) (ներկայացուցիչ՝ Մարիամ Սահակյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ, 146-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով կասկածի տակ չի դրել առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները և դատական ակտի բեկանման հիմքում ընդամենը արել է եզրահանգում այն մասին, որ այդ հողամասն արդեն իսկ տրված է հայցվորին՝ վարձակալության իրավունքով, մինչդեռ գործի նյութերից և դատավարական փաստաթղթերից, այդ թվում՝ հայցի հիմքում դրված փաստարկներից ակնհայտ էր, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով տրված հողամասը և սույն գործով վեճի առարկա հանդիսացող հողամասը չեն նույնանում, դրանք միևնույն ծածկագրի տակ գտնվող, սակայն առանձին հատվածներ են: Գործով վեճի առարկա հանդիսացող հողամասը նույնականացնող հատակագիծը ներկայացված է հայցին կից, գործի նյութերում առկա է նաև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով տրված հողամասի հատակագիծը, որոնք ակնհայտորեն տարբերվում են, այդ մասով որևէ վեճ չի եղել, պատասխանող կողմի, երրորդ անձի համար պարզ էր, որ սույն գործով վեճի առարկա հանդիսացող հողամասը չի նույնանում վարձակալությամբ ստացված հողամասի հետ, Դատարանում այդ հարցը քննարկվել է դատական նիստով, որում պարզաբանվել է, որ դրանք տարբեր հողամասեր են:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում հանգել է սխալ հետևության՝ փաստելով, որ հայցվորը սույն գործով պահանջում է մի գույք, որն արդեն իսկ ստացել է, ուստի դատարան դիմելը եղել է ինքնանպատակ, և վերջինս չի ունեցել շահագրգռվածություն:

Հայցի փաստական հիմքերից ակնհայտ էր, որ այս գործով վեճի առարկա հողամասը չի նույնանում վարձակալությամբ ստացված հողամասի հետ, այլ այդ հողամասի շարունակությունն է: Դատական գործի նյութերում առկա է սույն գործով հայցվող հողամասի չափագրությունը և տեղադիրքը, ներկայացված են նաև Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի՝ ԼԴ4/0186/02/12 քաղաքացիական գործով վեճի առարկա հանդիսացած հողամասի հատակագիծը և դրա տեղադիրքը, որոնց հետազոտումից ակնհայտ է, որ դրանք տարբեր հողամասեր են:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.11.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.12.2020 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ1/0181/02/09 քաղաքացիական գործով 12.05.2010 թվականին կայացրած վճռով հաստատվել է, որ Արևաշողի գյուղապետի 30.05.2008 թվականի թիվ 10 որոշմամբ Եղիշ Մուրադյանին վարձակալությամբ տրամադրվել է 0.034հա մակերեսով հողամաս, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթ կազմակերպելու (հատոր 1-ին, գթ 44-46

2) Լոռու մարզի Արևաշողի գյուղապետի 29.06.2012 թվականի գրությամբ արձանագրվել է, որ Լոռու մարզի Արևաշող գյուղում 06-021-020-020 ծածկագրի տակ գտնվող 0,87հա ընդհանուր մակերեսով այլ հողերից Լոռու մարզի Արևաշող համայնքի ղեկավարի 30.05.2008 թվականի թիվ 10 որոշմամբ 0.034հա մակերեսով հողամասը հատկացվել է Եղիշ Մուրադյանին, սակայն սեփականության իրավունքով չի փոխանցվել (հատոր 1-ին, գթ60

3) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ4/0186/02/12 քաղաքացիական գործով 24.12.2012 թվականին կայացրած վճռով Եղիշ Մուրադյանի հայցն ընդդեմ Արևաշողի գյուղապետարանի՝ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է ամբողջությամբ: Ճանաչվել է Լոռու մարզի Արևաշող համայնքում 06-021-020-020 ծածկագրի տակ գրանցված 0,87հա այլ հողամասերից 0,34հա հողամասի նկատմամբ Եղիշ Մուրադյանի օգտագործման իրավունքը (հատոր 1-ին, գթ48-50):

4) Լոռու մարզի Արևաշողի գյուղապետի 30.07.2013 թվականի որոշմամբ ճանաչվել է համայնքի բնակիչ Եղիշ Մացակի Մուրադյանի 06-021-020-020 ծածկագրի տակ եղած 0,87հա այլ հողամասերից 0,34հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գթ51):

5) Եղիշ Մուրադյանը 09.06.2015 թվականին դիմել է Արևաշող համայնքի ղեկավարին՝ խնդրելով Արևաշող համայնքի 06-021-0020-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասից 0.03411հա հողամասն օգտագործման իրավունքով տրամադրել իրեն (հատոր 1-ին, գ.թ. 11):

6) ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքի ղեկավարի 23.06.2015 թվականի գրությամբ, ի պատասխան Եղիշ Մուրադյանի՝ 09.06.2015 թվականի հարցման, հայտնվել է, որ համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի համաձայն՝ նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի այլ հողերի գործառնական նշանակության հողամաս, ուստի օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքով չի կարող հատկացվել վերջինիս: Բացի այդ, նշված հողամասը հանդիսանում է վեճի առարկա Եղիշե Մուրադյանի և Լուարա Ղազարյանի միջև (հատոր 1-ին, գթ 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից գործի նոր քննության ծավալում չներառված փաստը կարող է քննության և գնահատման առարկա դառնալ գործի նոր քննության շրջանակներում:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 145-րդ և 169-րդ հոդվածներով համապատասխանաբար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին և ՀՀ վճռաբեկ դատարանին, ի թիվս այլնի, վերապահված է ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու դեպքում գործը նոր քննության ուղարկելու լիազորություն։ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ համապատասխանաբար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին և ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված է հետևյալ լիազորությունը «(․․․) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ (․․․)»։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից այս լիազորության կիրառման դեպքում, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին համապատասխան, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պատճառաբանական մասը բովանդակում է գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով։

Oրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։ Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջել ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ, ինչպես նաև լսում է մյուս կողմի առարկությունները բեկանման հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ։

Գործի նոր քննության վարույթի նպատակն ու էությունը բացահայտվել են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից «Ն. Ռ. Վ. Ա. Դ.» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/0079/05/12 վարչական գործով 30.04.2015 թվականի որոշմամբ, որում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վարչական վերաքննիչ դատարանի լիազորությունը բխում է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված ոչ լրիվ վերաքննության հայեցակարգի բովանդակությունից. այն նպատակ ունի լրացնելու վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու վարչական վերաքննիչ դատարանի իրավազորության բացակայությունը, կանխելու վարչական վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը, երաշխավորելու դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը պետք է հստակ եզրահանգումներ բովանդակի գործի նախորդ քննության ընթացքում թույլ տրված նյութական և (կամ) դատավարական նորմերի խախտումների և դրանց վերացմանն ուղղված դատավարական գործողությունների վերաբերյալ: Ընդ որում, գործի նոր քննության արդյունքում կայացված վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վարչական վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի, թե վարչական դատարանը գործի նոր քննությունն արդյո՞ք իրականացրել է վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում, թե` ոչ (տե՛ս, «Ն. Ռ. Վ. Ա. Դ.» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/0079/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները՝ մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերադաս դատական ատյանը, սահմանելով գործի նոր քննության ծավալը և արձանագրելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ըստ էության` իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատարանի համար` գործի նոր քննության ընթացքում առաջնորդվել նշված ծավալով և այդ շրջանակներում (…) (տե՛ս, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազությունն ընդդեմ Ավետիս Վարդանյանի, Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Կարապետյանների, Հեղնար Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ3/0258/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական դատավարությունում գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

 Վերոգրյալ իրավական նորմերի և դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերադաս դատարանին ուղղված իմպերատիվ պահանջ է գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը կիրառելիս հստակ սահմանել նոր քննության ծավալը՝ սպառիչ կերպով նշելով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք ենթակա են պարզման գործի նոր քննության վարույթում, իսկ գործի նոր քննությունն իրականացնող դատարանին ուղղված իմպերատիվ պահանջ է գործի նոր քննությունն իրականացնել վերադաս դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալով՝ սահմանափակվելով ապացուցման ենթակա այն փաստերի շրջանակով, որոնք գործի նոր քննության ծավալում ներառել է վերադաս դատարանը։ Գործի նոր քննության վարույթում վերադաս դատարանի սահմանած ծավալից դուրս գալու դեպքում կխաթարվեն ինչպես նոր քննության վարույթի նպատակն ու էությունը, այնպես էլ իրավական որոշակիության ու կանխատեսելիության սկզբունքները, այդ թվում՝ վերջիններիս կարևոր բաղադրիչ հանդիսացող res judicata սկզբունքը։

 Գործի նոր քննության վարույթը կարգավորող նորմերից և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումներից բխում է նաև, որ նոր քննության վարույթում ապացուցման առարկայի շրջանակը պայմանավորված է վերադաս դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալով։ Նոր քննության վարույթում ապացուցման առարկան չի ներառում այն փաստերը, որոնք դուրս են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալից։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության արդյունքում կայացված ստորադաս դատարանի ակտի բողոքարկման դեպքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ևս կաշկանդված է նոր քննության ծավալով՝ հաշվի առնելով, մասնավորապես, այն հանգամանքը, որ վերադաս ատյանի կողմից գործի նոր քննության ծավալ սահմանված լինելու դեպքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գործի նոր քննության արդյունքում կայացրած դատական ակտի վերաքննության փուլում, ի թիվս այլնի, ստուգում է դատարանի կողմից գործի նոր քննության ծավալը պահպանած լինելու հանգամանքը: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված՝ նոր քննության ծավալով սահմանափակված ու կաշկանդված լինելու պահանջը հավասարապես վերաբերում է նաև նոր քննության արդյունքում ՀՀ վարչական դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը քննող ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից գործի նոր քննության ծավալում չներառված փաստը չի կարող քննության և գնահատման առարկա դառնալ գործի նոր քննության շրջանակներում՝ ինչպես ՀՀ վարչական դատարանում, այնպես էլ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Եղիշ Մուրադյանը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Արևաշող համայնքի ղեկավարի 23.06.2015 թվականի թիվ ԼՄԱՀ թիվ 073 գրությունը և պարտավորեցնել Արևաշող համայնքի ղեկավարին կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ Արևաշող համայնքի 06-021-0020-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասից 0,03411հա հողամասն օգտագործման իրավունքով Եղիշ Մուրադյանին տրամադրելու վերաբերյալ: Հայցվորի պահանջը հիմնվել է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի վրա, ըստ որի՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

ՀՀ վարչական դատարանը, 08.08.2017 թվականի վճռով մերժելով Եղիշ Մուրադյանի հայցը, հաստատել է, որ պատասխանող վարչական մարմինն ունեցել է բավարար իրավական հիմքեր՝ ներկայացված դիմումը մերժելու համար, հետևաբար, Արևաշող համայնքի ղեկավարի թիվ ԼՄԱՀ N 073 գրությամբ բերված հիմնավորումը, համաձայն որի՝ պահանջվող հողամասը հանդիսանում է ոչ թե գյուղատնտեսական, այլ բնակավայրերի այլ հողերի գործառնական նշանակության հողամաս, ուստի, այն ձեռքբերման վաղեմության հիմքով օգտագործման իրավունքով չի կարող հատկացվել հայցվորին, իրավաչափ է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, 11.04.2018 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ վարչական դատարանի 08.08.2017 թվականի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության, սահմանել է գործի նոր քննության ծավալ, որը հանգում է հետևյալին.

Ըստ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2018 թվականի որոշման` գործի նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը պետք է պարզեր, թե արդյոք Եղիշ Մուրադյանը խնդրո առարկա հողամասն օգտագործել է կամ խնդրել է իրեն տրամադրել այն նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, որը նախատեսված չէ Արևաշող համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով, արդյոք հայցվոր Եղիշ Մուրադյանն Արևաշող համայնքի 06-021-0020-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասից 0,03411հա մակերեսով հողամասը տիրապետում է առանց իրավաբանական ձևակերպման, արդյոք այդ հողամասից օգտվում է անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, եթե այո, ապա ինչ նպատակով է այն օգտագործվում, արդյոք Արևաշող համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով նախատեսված է տվյալ հողամասն այն նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, որպիսի նպատակային նշանակությամբ օգտագործվում է հայցվորի կողմից, արդյոք այդ հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, արդյոք այդ հողամասն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև, արդյոք քննարկվող դեպքում ծագել է Արևաշող համայնքի 06-021-0020-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասից 0,03411հա մակերեսով հողամասը նույն պայմաններով այլ անձանց տրամադրելու հնարավորություն, թե՝ ոչ, այսինքն՝ արդյոք տվյալ դեպքում հայցվոր Եղիշ Մուրադյանը խնդրո առարկա հողամասի նկատմամբ կարող է իրացնել օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իր իրավունքը, թե՝ ոչ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վերը նշված որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ծավալում ներառված էր հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով օգտագործման իրավունքի ճանաչման՝ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վավերապայմանների առկայության (բացակայության) փաստերի պարզումը։ Այն է՝

1) քաղաքացիները և իրավաբանական անձինք հողամասը տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման,

2) քաղաքացիները և իրավաբանական անձինք հողամասից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի,

3) համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով նախատեսված չէ տվյալ հողակտորն այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար,

4) հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը,

5) հողամասն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում:

Դատարանը 10.12.2020 թվականին կայացրած վճռով բավարարել է Գառնիկ Մուրադյանի (իրավանախորդ՝ Եղիշե Մուրադյան) հայցը՝ անվավեր ճանաչելով Արևաշող համայնքի ղեկավարի 23.06.2015 թվականի թիվ ԼՄԱՀ թիվ 073 գրությունը և պարտավորեցնելով Արևաշող համայնքի ղեկավարին կայացնել Արևաշող համայնքի 06-021-0020-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասից 0,03411հա հողամաս օգտագործման իրավունքով Եղիշ Մուրադյանին տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ: Դատարանն արձանագրել է, որ առկա են օրենսդրությամբ նախատեսված բոլորը հիմքերը հայցվորի թիվ 06-021-0020-0020 ծածկագրով հողամասից առանձնացված 0.03411հա հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը 17.11.2022 թվականի որոշմամբ երրորդ անձ Լուարա Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է ամբողջությամբ` բեկանելով Դատարանի 10.12.2020 թվականին կայացրած վճիռը և փոփոխել այն՝ կայացնելով նոր դատական ակտ, այն է՝ Գառնիկ Մուրադյանի (իրավանախորդ՝ Եղիշ Մուրադյան) հայցը մերժել է ամբողջությամբ:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դեռևս ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24122012 թվականի վճռով ճանաչվել է Լոռու մարզի Արևաշող համայնքում 06-021-020-020 ծածկագրի տակ գրանցված 0.87հա այլ հողամասերից 0.34հա հողամասի նկատմամբ Եղիշ Մուրադյանի օգտագործման իրավունքը, որից հետո համայնքի ղեկավարի որոշման հիման վրա վերջինիս հետ կնքվել է վարձակալության պայմանագիր։ Դրանից հետո, նշված փաստաթղթերը հիմք են հանդիսացել հայցվորի իրավանախորդ Եղիշ Մուրադյանի վարձակալության իրավունքը գրանցելու համար, որը գործում է մինչև 02.08.2063 թվականը։ Նշված իրավունքը ներառվել է ժառանգական զանգվածի մեջ և փոխանցվել է հայցվորի իրավահաջորդ Գառնիկ Մուրադյանին:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշվել է 06-021-0020-0062 կադաստրային ծածկագրով 0034հա մակերեսով հողամասը, իսկ մնացած փաստաթղթերում վիճելի 0034հա մակերեսով հողամասի առնչությամբ նշվում է 06-021-020-020 կադաստրային ծածկագիրը, գործում առկա ապացույցների ծանրության ներքո՝ հատակագծերի, համայնքի որոշումների, երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է նույն հողատարածքին, քանի որ նախկինում 06-021-020-020 կադաստրային ծածկագիրը վերաբերել է 0,87հա հողին, որի մեջ ներառված է եղել վիճելի 0,034հա-ն։ Որպես օրինակ, նշյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերն են հանդիսացել 02082013 թվականի անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, 24122012 թվականի թիվ ԼԴ4/0186/02/12 գործով դատարանի վճիռը, որտեղ հողատարածքի ծածկագիրն է՝ 06-021-020-020 կադաստրային ծածկագիրը։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Արևաշող համայնքի ղեկավարի 23.06.2015 թվականի թիվ ԼՄԱՀ թիվ 073 գրությունը չունի որևէ ներգործություն հայցվորի վրա, ինչը նշանակում է, որ հայցվորը սույն դեպքում չի կարող գնահատվել որպես «շահագրգիռ անձ»։ Հայցվոր Եղիշ Մուրադյանը և նրա իրավահաջորդ Գառնիկ Մուրադյանը չեն հանդիսանում Դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտներ, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի և դրա հիման վրա գրանցված օգտագործման իրավունքի՝ վարձակալության իրավունքի առկայության պարագայում Արևաշող համայնքի ղեկավարի 23.06.2015 թվականի թիվ ԼՄԱՀ թիվ 073 գրությունը չունի որևէ ազդեցություն հայցվորի սուբյեկտիվ իրավունքների վրա՝ չառաջացնելով վերջինիս համար որևէ իրավական հետևանք։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա է դարձրել հայցվորի՝ շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը և արդյունքում եզրահանգել, որ վերջինս օժտված չէ շահագրգիռ անձի կարգավիճակով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վեճի առարկա հողամասի նկատմամբ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմքով գրանցվել է հայցվորի իրավանախորդ Եղիշ Մուրադյանի վարձակալության իրավունքը, որպիսի իրավունքը՝ որպես ժառանգական զանգվածի բաղկացուցիչ մաս, փոխանցվել է հայցվոր Գառնիկ Մուրադյանին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գործի նոր քննության շրջանակներում քննության և գնահատման առարկա է դարձրել փաստն առ այն՝ արդյոք նույնական են վեճի առարկա հողամասն ու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ4/0186/02/12 քաղաքացիական գործով 24.12.2012 թվականին կայացրած վճռի հիման վրա օգտագործման իրավունքով ձեռք բերված հողամասը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2018 թվականի որոշման ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, 11.04.2018 թվականի որոշմամբ սահմանելով նոր քննության ծավալ, նոր քննության շրջանակներում ապացուցման առարկայում չի ներառել Վերաքննիչ դատարանի կողմից քննության և գնահատման առարկա դարձված վերը նշված փաստը, վիճելի չի համարել հայցվորի շահագրգիռ անձի կարգավիճակը։

 Վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն այսպիսով արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, քննության և գնահատման առարկա դարձնելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2018 թվականի որոշմամբ նոր քննության շրջանակներում ապացուցման առարկայում չներառված վերը նշված փաստը, դուրս է եկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2018 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալից և այդ ծավալին համապատասխան Դատարանի կողմից պարզման ենթակա փաստերի շրջանակից՝ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածը: Հարկ է նկատել նաև, որ Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2018 թվականի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալով, նշված փաստի գնահատմանն իրավաչափորեն չի անդրադարձել։

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ4/0186/02/12 քաղաքացիական գործով 24.12.2012 թվականին կայացրած վճռի հիման վրա օգտագործման իրավունքով ձեռք բերված հողամասի և վեճի առարկա հողամասի նույնական լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնվում է բացառապես այն հանգամանքի վրա, որ երկու հողամասն էլ ունեն միևնույն ծածկագիրը։ Մինչդեռ, երկու հողամասի նույն ծածկագիրն ունենալու հանգամանքը չէր կարող հիմք հանդիսանալ նման եզրահանգման համար՝ հաշվի առնելով ինչպես գործի փաստական հանգամանքները, այնպես էլ հողամասերին ծածկագիր տրամադրելու հետ կապված իրավակարգավորումները։

Այսպես Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ4/0186/02/12 քաղաքացիական գործով 24.12.2012 թվականին կայացրած վճռով ճանաչվել է Լոռու մարզի Արևաշող համայնքում 06-021-020-020 ծածկագրի տակ գրանցված 0,87հա այլ հողամասերից 0,34հա հողամասի նկատմամբ Եղիշ Մուրադյանի օգտագործման իրավունքը: Լոռու մարզի Արևաշողի գյուղապետի 30.07.2013 թվականի որոշմամբ ճանաչվել է համայնքի բնակիչ Եղիշ Մացակի Մուրադյանի 06-021-020-020 ծածկագրի տակ եղած 0,87հա այլ հողամասերից 0,34 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը:

Եղիշ Մուրադյանը 09.06.2015 թվականին դիմել է Արևաշող համայնքի ղեկավարին՝ խնդրելով Արևաշող համայնքի 06-021-0020-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասից 0.03411հա հողամասն օգտագործման իրավունքով տրամադրել իրեն: Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքի ղեկավարի 23.06.2015 թվականի գրությամբ հայտնվել է, որ համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի համաձայն՝ նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի այլ հողերի գործառնական նշանակության հողամաս, ուստի և այն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքով չի կարող հատկացվել վերջինիս: Բացի այդ, նշված հողամասը հանդիսանում է վեճի առարկա Եղիշե Մուրադյանի և Լուարա Ղազարյանի միջև:

ՀՀ Լոռու մարզպետի 22.07.2020 թվականի թիվ 01/113.3/07624-2020 գրության համաձայն՝ 06-021-0020-0020 ծածկագրից առանձնացված 0.03411հա հողամասը գտնվում է 06-021-0020-0062 ծածկագրով գրանցված հողամասից դեպի հյուսիս ընկած հատվածում: Տվյալ հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակ առկա չէ: 06-021-0020-0020 ծածկագրից առանձնացված 0.03411հա հողամասը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը: Տվյալ հողամասը, ըստ էության կարող է տրամադրվել և՛ Լուարա Ղազարյանին, և՛ Գառնիկ Մուրադյանին, և՛ հողամասի կողմում բնակվող մյուս հողատերերին, որոնք իրենց տիրապետման տակ գտնվող հողամասերից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասով կարող են մուտք գործել տվյալ հողամաս (հատոր 5-րդ, գթ20):

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով կադաստրային ծածկագիրը սահմանվում է որպես թվերի համակցություն, որը տրվում է անշարժ գույքի միավորին կամ դրա առանձին մասերին կամ անշարժ գույքի օբյեկտին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը կամ օբյեկտը գոյություն ունի որպես մեկ միասնական տարածական կամ նպատակային նշանակությամբ անբաժանելի ամբողջություն կամ չի փոփոխվել տվյալ միավորի կադաստրային տարածքը կամ ենթատարածքը:

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» 17021998 թվականի թիվ 91-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:

Վերոգրյալից հետևում է, որ հողամասը պահպանում է իր ծածկագիրը, եթե չի դադարել գոյություն ունենալ որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24122012 թվականի վճռով Եղիշ Մուրադյանի օգտագործման իրավունքը ճանաչվել է Լոռու մարզի Արևաշող համայնքում 06-021-020-020 ծածկագրի տակ գրանցված հողամասից միայն մի հատվածի նկատմամբ, որպիսի պայմաններում հողամասի մնացած հատվածը, վերը նշված իրավակարգավորումներին համապատասխան, շարունակել է գոյություն ունենալ նույն ծածկագրի ներքո։ Նշվածից բխում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24122012 թվականի վճռի հիման վրա օգտագործման իրավունքով ձեռք բերված հողամասի և վեճի առարկա հողամասի նույն ծածկագիրն ունենալու հանգամանքն ինքնին չի ենթադրում, որ վերջիններս նույնանում են:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների կատարումը և չի իրականացրել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում և արձանագրելով, որ վեճի առարկա հողամասն արդեն իսկ օգտագործման իրավունքով տրամադրված է եղել հայցվորին՝ եկել է սխալ եզրահանգման՝ կայացնելով գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ բեկանված մասով գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Նոր քննության վարույթում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի խնդիրն է քննարկման առարկա դարձնել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ու հիմնավորումները, որոնց Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում ըստ էության անդրադարձ չի կատարվել։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.11.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: