Գլխավոր տեղեկություն
Համար
N 533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2024 թվականի N 533-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1727-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Փոխհամաձայնեցման ընթացակարգը (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի (այսուհետ՝ համաձայնագիր) դրույթներին, համաձայնագրերի չարաշահումը կանխելու և բազմակողմ վեճերը լուծելու կարգավորումներին չհամապատասխանող հարկման դեպքերում, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ անձանց միջև իրականացված վերահսկվող գործարքների մասով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի և օտարերկրյա իրավասու մարմնի միջև հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները:».

2) որոշման հավելվածի 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ռեզիդենտ կազմակերպությունը» բառերը փոխարինել «Ցանկացած անձ, որը համաձայնագրով սահմանված կարգով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ» բառերով.

3) որոշման հավելվածի 6-րդ կետի`

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) համաձայնագրի այն հոդվածը, որի դրույթները դիմողի կարծիքով կիրառվել են սխալ կամ չեն կիրառվել, այդ դրույթների կիրառման վերաբերյալ դիմողի դիրքորոշումը.»,

բ. 7-րդ ենթակետի «գ» պարբերության «դատարանի վճիռ» բառերը փոխարինել «ուժի մեջ մտած դատական ակտ» բառերով.

4) որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմողին՝ դիմումին ընթացք տալու կամ մերժելու կամ դիմումով ներկայացված գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ: Դիմողը գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու պահանջի օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջվող գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը։ Հարկային մարմնի կողմից գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու օրվանից 10 աշխատանքային օր հետո դիմողի կողմից գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն չստանալու դեպքում, դիմողին ուղարկում է ևս մեկ հիշեցնող ծանուցում՝ գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության պահանջի վերաբերյալ։ Սահմանված ժամկետում գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հարկային մարմնին չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է։ Գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը քննարկում է ստացված տեղեկատվությունը և էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմողին՝ դիմումին ընթացք տալու կամ մերժելու վերաբերյալ:».

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով՝

«2.1. Հարկային մարմնի կողմից դիմումի միակողմանի քննություն

9.1. Դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը քննում է դիմումը` դիմումին ընթացք տալու կամ մերժելու նպատակով: Մասնավորապես, եթե՝

1) դիմումը համապատասխանում է համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումների շրջանակին.

2) դիմումը ներկայացվել է այն իրավասու մարմնին, որը սահմանված է համաձայնագրով.

3) դիմումը ներկայացվել է համաձայնագրով սահմանված ժամկետում.

4) դիմումը ներկայացրել է համաձայնագրի իմաստով համապատասխան հարկ վճարողը.

5) դիմումը ներկայացվել է համաձայնագրով նախատեսված ֆինանսական տարիների համար,

ապա հարկային մարմինը պետք է ընթացք տա դիմումին։

9.2. Դիմումի մերժման հիմքերի առկայության դեպքում հարկային մարմինը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով կապ կհաստատի օտարերկրյա հարկային մարմնի հետ՝ ծանուցելով ստացված դիմումի վերաբերյալ և կներկայացնի հարկային մարմնի կողմից դիմումի մերժման հիմքերը։ Օտարերկրյա հարկային մարմինը կարող է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել իր դիրքորոշումը դիմումի մերժման վերաբերյալ։ Դիմումի մերժման դեպքում՝ հարկային մարմինը հարկ վճարողին պետք է ներկայացնի դիմումի մերժման հիմքերը։

9.3. Դիմումին ընթացք տալուց հետո հարկային մարմնի կողմից պետք է իրականացվեն վերլուծություններ՝ ստուգելու հարկ վճարողի կողմից դիմումում ներկայացված առարկությունների հիմնավորվածությունը։

9.4. Հարկային մարմնի կողմից դիմումում ներկայացված առարկությունները հիմնավորված համարվելու դեպքում, հարկային մարմինն իր իրավասությունների շրջանակում կփորձի խնդիրը լուծել միակողմանիորեն՝ առանց օտարերկրյա հարկային մարմնի հետ խորհրդակցելու: Եթե հարկային մարմինը միակողմանիորեն չկարողանա դիմումը ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի դիմողի համար, ապա հարկային մարմինը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով կապ կհաստատի օտարերկրյա հարկային մարմնի հետ՝ երկկողմանի գործընթաց սկսելու նպատակով:».

6) որոշման հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետից հանել «որոշման» բառը.

7) որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Այն դեպքում, երբ հարկային մարմինը համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնից ստացել է ընթացակարգ մեկնարկելու նպատակահարմարության հայց, ապա հարկային մարմինը 30 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում է ընթացակարգի մեկնարկի նպատակահարմարությունը: Մասնավորապես, ընթացակարգը մեկնարկելու հայցը կարող է մերժվել, եթե համաձայնագրով նախատեսված ժամկետն ավարտվել է, կամ հայցով ներկայացված խնդիրը չի առնչվում համաձայնագրի դրույթների կիրառման հետ: Այն դեպքում, երբ հայցում նկարագրված խնդրի լուծման համար առկա է ուժի մեջ մտած դատական ակտ, հարկային մարմինը կարող է ընդունել ընթացակարգը սկսելու մասին հայցը, սակայն նախաձեռնված քննարկումների ժամանակ հարկային մարմինը չի կարող գալ այնպիսի համաձայնության, որը կարող է շեղվել դատական ակտից։».

8) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով՝

«15.1. Անհրաժեշտության դեպքում, պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, հարկային մարմինը կարող է դիմել համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնին։ Ընթացակարգը մեկնարկելու նպատակահարմարության հայցի վերաբերյալ պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում հարկային մարմինը քննարկում է ստացված տեղեկատվությունը և ընթացակարգը մեկնարկելու հայցը ընդունում կամ մերժում է։ Ընթացակարգ մեկնարկելու նպատակահարմարության հայցի պատասխանը կարող է ներառել հետևյալ տեղեկությունները՝

1) նշում, որ նախնական դիրքորոշման տեսակետը կամ առաջարկվող լուծումն ընդունելի է.

2) խնդիրների կամ հատվածների նշում, որտեղ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմիններն ունեն համաձայնություն կամ տարաձայնություն.

3) լրացուցիչ տեղեկությունների կամ որոշ խնդիրների պարզաբանման համար անհրաժեշտ բացատրությունների հայցում.

4) այլ կամ լրացուցիչ տեղեկությունների ներկայացում, որոնք առնչվում են դիմումով ներկայացված գործարքներին, սակայն բարձրացված չեն դիրքորոշման մեջ, և

5) խնդիրը լուծելու առաջարկներ կամ տեսակետներ:».

9) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Այն դեպքում, երբ դիմողին չի բավարարում իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունը, դիմողը կարող է մերժել այն։ Իրավասու մարմինները գործը կհամարեն ավարտված և 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կտեղեկացնեն դիմողին։ Դիմումի վերաբերյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունը մերժելու դեպքում, դիմողը կարող է դիմել դատարան կամ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 20-րդ բաժնով սահմանված կարգի։».

10) որոշման հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26. Այն դեպքում, երբ հարկային մարմինը դիմողի դիմումի համաձայն ի վիճակի չէ համաձայնագրով նախատեսված ժամկետներում լուծել հարկային հարցերով վեճը համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի հետ ընթացակարգի միջոցով, ապա լուծում չստացած յուրաքանչյուր հարկային հարցերով վեճին վերաբերող գործ դիմողը կարող է ներկայացնել արբիտրաժային դատարան, եթե դա նախատեսված է համաձայնագրով: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տվյալ հարկային հարցերով վեճի վերաբերյալ արդեն իսկ առկա է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից որևէ մեկի դատարանի կողմից ուժի մեջ մտած դատական ակտ: Արբիտրաժային որոշումը պարտադիր է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների համար և կիրականացվի՝ անկախ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետներից, եթե երկու իրավասու մարմիններն էլ չհամաձայնվեն այլ լուծման շուրջ՝ որոշումն իրենց հաղորդվելուց հետո 6 ամսվա ընթացքում, կամ, եթե գործով անմիջականորեն ներգրաված դիմողը չընդունի արբիտրաժային որոշման հիմքով ընդունվող փոխադարձ համաձայնությունը: Մնացած չկարգավորված հարցերը ենթակա են կարգավորման համաձայնագրով սահմանված կարգով:».

11) որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27. Հարկ վճարողը կարող է նախընտրել համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման արդյունքում առաջացած անճշտությունները լուծել ինքնուրույն կամ այլընտրանքային տարբերակով. ընթացակարգի ընթացքում հարկային մարմնին խնդրել ճշգրտել անճշտություններից մեկը, իսկ մյուսները՝ ինքնուրույն:».

12) որոշման հավելվածի 28-րդ կետի՝

ա. «կաշկանդված է» բառից հետո «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտով» բառերով,

բ. «նախատեսված է» բառից հետո «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտով» բառերով.

13) որոշման հավելվածի 29-րդ կետը «ընթացակարգի դեպքում» բառերից հետո լրացնել «հարկային» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան