ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 հունվարի 2019 թվականի ք. Երևան |
N 1-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը, 46-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը հաճախորդների սպասարկման իր գործառնական գրասենյակներում և ինտերնետային կայքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում հրապարակում է՝
1) իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված բնակավայրերի ցանկի, այդ բնակավայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում՝ Երևան քաղաքի համար՝ ըստ վարչական շրջանների,
2) իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիներ) հատվածները, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկը և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) հատվածները՝ ինչպես նաև այդ բնակավայրերում և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիներ) հատվածներում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների (մատուցվող ծառայությունների) հասանելիության վերաբերյալ տեղեկատվությունը։
(1-ին կետը խմբ. 03.04.24 N 92-Ն)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը՝ տվյալ տարվա առնվազն հունվարի 1-ի դրությամբ։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝
1) 2014 թվականի ապրիլի 2-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի օպերատորի կողմից իր շարժական կապի ծածկույթի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման մասին» N 70-Ն որոշումը,
2) 2016 թվականի մայիսի 4-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման մասին» N 101-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ |
Մ. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.04.2024, N 92-Ն | 13.04.2024, N 1-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|