Գլխավոր տեղեկություն
Համար
N 1296-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2024

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1296-Ա

«04» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Էդգար Չիլինգարյանի 2024 թվականի մարտի 5-ի թիվ Դ-30401-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան՝ իրականացվել է վարչարարություն:

2024 թվականի մարտի 5-ի թիվ Դ-30401-24 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի մարտի 28-ին և ապրիլի 1-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Էդգար Չիլինգարյանը:

Ուսումնասիրելով 2024 թվականի մարտի 5-ի թիվ Դ-30401-24 դիմումը, դրան կից և լսումների ընթացքում ներկայացված նյութերը, 2024 թվականի մարտի 28-ին և ապրիլի 1-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունները, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի մարտի 5-ի թիվ Դ-30401-24 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ, Էդգար Չիլինգարյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4743/05/20 վարչական գործով 2021 թվականի մայիսի 4-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, խնդրել է հատուցել ոչ իրավաչափ ճանաչված Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանքով պատճառված վնասը, որը կազմում է 15.400.000 (տասնհինգ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, որից 14.400.00 (տասնչորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամը՝ որպես չստացված աշխատավարձի տեսքով բաց թողնված օգուտ, իսկ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը՝ որպես «Միտցուբիշի կոլտ» մակնիշի «36FV427» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցին պատճառված վնաս:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի` թիվ ՎԴ/4743/05/20 վարչական գործով 2021 թվականի մայիսի 4-ի վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևան քաղաքի Աճառյան և Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում գտնվող սյունը երթևեկելի մասից չտեղափոխելու Երևանի քաղաքապետարանի անգործությունը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի` թիվ ՎԴ/4743/05/20 վարչական գործով 2021 թվականի մայիսի 4-ի վճռով հաստատված փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Աճառյան և Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի հունիսի 6-ին ժամը 15:30-ի սահմաններում «Միտցուբիշի կոլտ» մակնիշի «36FV427» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար: Նշված ավտովթարի փաստի առթիվ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կազմված թիվ 10140 նյութերից պարզվել է, որ Էդգար Չիլինգարյանը նշված տրանսպորտային միջոցով բախվել է Երևան քաղաքի Աճառյան և Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում առկա սյանը:

2019 թվականի հուլիսի 11-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PB313439 վկայագրի համաձայն՝ «Միտցուբիշի կոլտ» մակնիշի, «36FV427» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը 2020 թվականի հունիսի 6-ի դրությամբ հանդիսացել է Էդգար Չիլինգարյանի սեփականությունը:

2024 թվականի ապրիլի 1-ին կայացած լսումների ընթացքում Էդգար Չիլինգարյանի կողմից, որպես գրավոր ապացույց, ներկայացվել է մարդատար ավտոմեքենաներ վերանորոգող մասնագետ՝ Ա/Ձ Հովհաննես Գրիգորյանի կողմից 2020 թվականի հունիսի 14-ին տրված գրությունը, որով տեղեկացվել է, որ Էդգար Չիլինգարյանի կողմից 2020 թվականի հունիսի 7-ին վերանորոգման ներկայացրած «Միտցուբիշի կոլտ» մակնիշի «36FV427» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերանորոգման և կրկին շահագործելի դարձնելու համար պահանջվում է 1.000.000 (մեկ միլիոն) դրամ, որը ներառում է անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման և մասնագետի ծառայությունների ծախսերը:

«Ամերիաբանկ» ՓԲ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 2-ին տրված թիվ 3 հաշվի քաղվածքի համաձայն՝ 2019 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2020 թվականի հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Ա/Ձ Էդգար Չիլինգարյանի անվամբ բացված հաշվեհամարին փոխանցվել են գումարներ, որոնցից միայն 2019 թվականի հոկտեմբերի 1-ին կատարված՝ 103.300 ՀՀ դրամի չափով գումարի փոխանցման գործարքի նկարագրությունն է նշված «Աշխատավարձ սեպտեմբեր ամսվա համար Ամերիաբանկ ՓԲԸ Գլխամասային գրասենյակ»: Մյուս փոխանցումների նկարագրությունը նշված է «ԱՁ եկամուտ ԻնտերնետԲանկ», ինչի կապակցությամբ Էդգար Չիլինգարյանը պարզաբանել է, որ այդ գումարները փոխանցվել են «ԻնտերնետԲանկ» ընկերության կողմից՝ որպես «menu.am» ընկերությունում առաքիչ աշխատելու արդյունքում ստացված աշխատավարձ:

Վարույթի լսումների ընթացքում Էդգար Չիլինգարյանը հայտնել է, որ Դիմումում որպես միջին աշխատավարձ նշված գումարի և «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 2-ին տրված թիվ 3 հաշվի քաղվածքում նշված գումարների չափի միջև տարբերությունը պայմանավորված է նրանով, որ բացի ընկերության կողմից վճարված աշխատավարձից, կանխիկ գումարի ձևով հաճախորդներից ստացել է նաև առաքման գումար:

Վարույթի լսումների ընթացքում Էդգար Չիլինգարյանը նաև հայտնել է, որ ընկերության հետ աշխատանքային պայմանագիր կնքված չի եղել, համագործակցությունը տեղի է ունեցել «Ինտերնետ Բանկ» ընկերության և Էդգար Չիլինգարյան Ա/Ձ-ի միջև, առաքման աշխատանքի գործընթացը կարգավորվել է «menu.am» հեռախոսային հավելվածի միջոցով, ինչը համատեղվել է հիմնական աշխատանքի հետ, իսկ պատահարից հետո շարունակել է աշխատել հիմնական աշխատավայրում՝ որպես գրանցված աշխատակից:

Ինչ վերաբերում է 2020 հունիսի 6-ին տեղի ունեցած պատահարի կապակցությամբ փորձագիտական եզրակացություններ կազմված լինել-չլինելուն, ապա Էդգար Չիլինգարյանը հայտնել է, որ նման եզրակացություններ չեն կազմվել, ինչից կարելի է փաստել, որ պատահարի արդյունքում «Միտցուբիշի կոլտ» մակնիշի «36FV427» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը, ինչպես նաև պատահարի հանգամանքները չեն ենթարկվել համապատասխան փորձաքննության:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Քննարկվող պարագայում, ելնելով վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.

1) արդյոք Էդգար Չիլինգարյանի հետ կնքված եղել է աշխատանքային պայմանագիր, որի լուծումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի` թիվ ՎԴ/4743/05/20 վարչական գործով 2021 թվականի մայիսի 4-ի վճռով ոչ իրավաչափ ճանաչված՝ Երևանի քաղաքապետարանի անգործության անմիջական և անխուսափելի հետևանքը,

2) արդյոք վարչարարության շրջանակներում ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2020 հունիսի 6-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով Էդգար Չիլինգարյանի կրած վնասը 15.400.000 (տասնհինգ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ կազմելու և այն Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը,

3) արդյոք 15.400.000 (տասնհինգ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ կազմող ենթադրյալ վնասը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի` թիվ ՎԴ/4743/05/20 վարչական գործով 2021 թվականի մայիսի 4-ի վճռով ոչ իրավաչափ ճանաչված՝ Երևանի քաղաքապետարանի անգործության անմիջական և անխուսափելի հետևանքը,

4) արդյոք 2020 հունիսի 6-ին տեղի ունեցած պատահարում բացակայում է Էդգար Չիլինգարյանի մեղավորությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Քննարկվող պարագայում՝ 15.400.000 (տասնհինգ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ենթադրյալ վնասի առաջացումը Էդգար Չիլինգարյանը պայմանավորել է Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով չապամոնտաժված սյանը բախվելու հետ, որի հետևանքով իր սեփականությունը հանդիսացող փոխադրամիջոցը վնասվել է, ինչի արդյունքում դիմումատուն զրկվել է «menu.am» ընկերությունում առաքիչի աշխատանքից և, բացի փոխադրամիջոցին պատճառված վնասից, կրել է վնաս՝ բաց թողնված օգուտի (չստացված աշխատավարձ) տեսքով:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձն օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, պաշտոնում, որակավորմամբ կամ որակավորում չպահանջող աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:

Դիմումին կից ներկայացված նյութերի, ինչպես նաև 2024 թվականի ապրիլի 1-ին հրավիրված լսումների ընթացքում Էդգար Չիլինգարյանի կողմից հայտնած տեղեկատվության գնահատմամբ հաստատվել է այն փաստական հանգամանքը, որ վերջինիս և «menu.am» բջջային հավելվածը գործարկող կազմակերպության միջև չի կնքվել առաքիչի աշխատանք կատարելու հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորող աշխատանքային պայմանագիր, որի բացակայության պայմաններում, աշխատաժամանակի, աշխատանքին ներկայացվող պայմանների և պահանջների (այդ թվում՝ աշխատանքը «Միտցուբիշի կոլտ» մակնիշի «36FV427» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի շահագործմամբ կատարելու), աշխատավարձի վճարման կարգի (մասամբ պատվիրատուներից առձեռն վճարվող գումար ստանալու եղանակով) վերաբերյալ դիմումատուի կողմից հայտնած տեղեկատվությունը համարվում է չապացուցված: Ինչ վերաբերում է աշխատանքային գործունեության ժամկետին, ապա աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում չի կարող հաստատված համարվել նաև Դիմումում նշված այն փաստական հանգամանքը, որ 2020 թվականի հունիսի 6-ից հետո ևս ենթադրյալ աշխատանքային հարաբերությունները կարող էին շարունակվել՝ ամսական 300.000 ՀՀ դրամի չափով միջին աշխատավարձ (եկամուտ) ստանալու ակնկալիքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):

Քննարկվող պարագայում 14.400.00 (տասնչորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամի մասով վնասը Դիմումում նկարագրվել է որպես չստացված աշխատավարձի տեսքով բաց թողնված օգուտ, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով բաց թողնված օգուտը բնորոշվել է որպես չստացված եկամուտ, որն այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր: Նշված իրավանորմի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է, հետևաբար ենթադրյալ վնասը բաց թողնված օգուտ դիտարկելու համար անհրաժեշտ է որպեսզի առկա լինեն քաղաքացիաիրավական հարաբերություններ և դրանց շրջանակներում տեղ գտած լինի սուբյեկտի որոշակի իրավունքի խախտում, սակայն նշվածի կապակցությամբ ապացույցներ ներկայացված չեն, ավելին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելուց բխող բացասական հետևանքների հետ կապված հարաբերությունները կարգավորված են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմերի դրույթներից հետևում է, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային օրենսդրությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Դիմումատուի կողմից վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է այն փաստական հիմքով, որ իր սեփականությունը հանդիսացող փոխադրամիջոցին պատճառված վնասը և աշխատավարձի տեսքով չստացված եկամուտը (բաց թողնված օգուտ) առաջացել են Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի Աճառյան և Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում գտնվող ինքնակամ սյունը չապամոնտաժելու, այն է՝ ոչ իրավաչափ անգործության հետևանքով, հետևաբար նշված փաստարկի գնահատման համատեքստում անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ենթադրյալ վնասը հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության անխուսափելի և ուղղակի հետևանքը (ոչ իրավաչափ անգործության և վնասի միջև պատճառահետևանքային կապ):

Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Նշվածի համատեքստում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը թիվ ՎԴ/4743/05/20 վարչական գործով 2021 թվականի մայիսի 4-ին կայացրած վճռով արձանագրել է, որ նշված գործի քննության առարկան չի կազմում վթարի պատճառները պարզելը, ինչից հետևում է, որ նշված գործով քննության առարկա չի հանդիսացել նաև վթարում վարորդի մեղքի առկայության կամ բացակայության պարզումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

Քննարկվող պարագայում Դիմումին կից, ինչպես նաև լսումների ընթացքում Էդգար Չիլինգարյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց (փորձագիտական եզրակացություն) այն մասին, որ Երևան քաղաքի Աճառյան և Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի հունիսի 6-ին ժամը 15:30-ի սահմաններում «Միտցուբիշի կոլտ» մակնիշի «36FV427» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարում բացակայում է վարորդի մեղքը կամ առկա իրադրությունում վարորդը զրկված է եղել վթարը տեխնիկապես կանխելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Էդգար Չիլինգարյանի կողմից չեն ներկայացվել Դիմումի առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ անգործության անմիջական և ուղղակի հետևանքը հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, փոխադրամիջոցի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական, պատահարի հանգամանքների վերաբերյալ փորձաքննության եզրակացություններ, Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ անգործության հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելու, աշխատանքային պայմանագիրը լուծելու կամ դրա բացակայության պայմաններում աշխատանքային իրավունքը խախտվելու և դրանով պայմանավորված՝ բաց թողնված օգուտի տեսքով չստացված եկամուտ (աշխատավարձ) ստանալու օրինական ակնկալիք ունենալու վերաբերյալ ապացույցներ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 83-րդ, 99-րդ և 178-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին Էդգար Չիլինգարյանի 2024 թվականի մարտի 5-ի թիվ Դ-30401-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան