Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17007/02/20

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17007/02/20

Նախագահող դատավոր`

 Ն Կարապետյան

Դատավորներ`

 ՆՄարգարյան

 ԿՀամբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան


 

2024 թվականի մարտի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վահագն Ատոմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի որոշման դեմ` ըստ Եսթեր Ալեքսանյանի հայցի ընդդեմ Սամվել Կարինյանի, Վահագն Ատոմյանի և Էլեն Բաղդասարյանի` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Եսթեր Ալեքսանյանը պահանջել է վերացնել Երևանի Վարդանանց փողոցի 18-րդ շենքի դիմացից ապօրինի մուտքի բացման, նկուղի քանդման և ձևափոխման խախտումները՝ հողամասն ու շենք-շինությունները բերելով նախկին տեսքի։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.06.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, և դատական ծախսերի հարցը համարվել է լուծված։

 

Դիմելով դատարան` Վահագն Ատոմյանը պահանջել է կայացնել լրացուցիչ դատական ակտ` լուծելով դատական ծախսերի հարցը, այն է՝ Եսթեր Ալեքսանյանից հօգուտ իրեն բռնագանձել 500000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Դատարանի 28.06.2021 թվականի որոշմամբ լրացուցիչ դատական ակտ կայացնելու մասին Վահագն Ատոմյանի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2021 թվականի որոշմամբ Վահագն Ատոմյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.06.2021 թվականի «Լրացուցիչ դատական ակտ կայացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Ատոմյանը (ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ ու 13-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 105-րդ, 107-րդ, 108-րդ, 110-րդ և 196-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 25.05.2021 թվականին ներկայացված «Առարկություններ» վերտառությամբ փաստաթղթին կից ներկայացվել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, և միաժամանակ՝ հայցապահանջը մերժելու դեպքում փաստաբանի վարձատրությանն անդրադառնալու մասին, որի պայմաններում, անկախ նրանից, որ նշվել է «հայցապահանջը մերժելու դեպքում», Դատարանը պարտավոր էր անդրադառնալ փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվել է միայն Դատարանին, որի օրինակն իրեն և Էլեն Բաղդասարյանին կամ իրենց ներկայացուցիչներին մինչև դատական նիստը չի ուղարկվել։ Հետևաբար ո՛չ իրենք և ո՛չ էլ իրենց ներկայացուցիչները մինչև դատական նիստը տեղեկացված չեն եղել այդ դիմումի մասին, որպիսի իրավիճակում հնարավոր չի եղել կանխատեսել, որ հայցվորը հայցից հրաժարվելու մտադրություն է ունեցել ու, որ սույն քաղաքացիական գործի վարույթն այդ հիմքով պետք է կարճվի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15122021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Եսթեր Ալեքսանյանից հօգուտ Վահագն Ատոմյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Եսթեր Ալեքսանյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Կարինյանի, Վահագն Ատոմյանի և Էլեն Բաղդասարյանի` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին։ Նշված հայցադիմումը Դատարանի 17072020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գթ 3, 4, 15).

2) Վահագն Ատոմյանը 27052021 թվականին Դատարան է ներկայացրել հայցադիմումի դեմ «Առարկություն» վերնագրով փաստաթուղթ, որով միաժամանակ խնդրել է «հայցապահանջը մերժելու դեպքում անդրադառնալ նաև դատական ծախսերին՝ փաստաբանի վարձատրության մասով»՝ կցելով նաև իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի պատճենը (հատոր 1-ին, գթ 133-137, 149, 150).

3) Եսթեր Ալեքսանյանը 04062021 թվականին դատական նիստից դուրս Դատարան է ներկայացրել «Միջնորդություն» վերնագրով փաստաթուղթ, որով հրաժարվել է հայցից և խնդրել է կարճել գործի վարույթը (հատոր 1-ին, գ թ 152).

4) Դատարանը հրավիրել է դատական նիստ, որին կողմերը չեն ներկայացել։ Դատարանը 04062021 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին՝ լուծված համարելով դատական ծախսերի հարցը (հատոր 1-ին, գթ153-157)

5) Վահագն Ատոմյանը մինչև Դատարանի 04062021 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշման օրինական ուժի մեջ մտնելը՝ 08062021 թվականին, Դատարան է ներկայացրել «Լրացուցիչ դատական ակտ կայացնելու մասին» միջնորդություն՝ խնդրելով լուծել դատական ծախսերի հարցը, այն է՝ Եսթեր Ալեքսանյանից հօգուտ իրեն բռնագանձել 500000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար (հատոր 1-ին, գ թ 163, 164)

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործի վարույթը կարճելու դեպքում գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը որպես դատական ծախս բաշխելու հարցը լուծված չլինելու պայմաններում այդ հարցը լրացուցիչ վճռով (որոշմամբ) լուծելու իրավական հնարավորությանը։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ (…):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա: (․․․

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք անդրադառնում են դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ դատական ծախսերի մաս են կազմում նաև գործի քննության հետ կապված այլ ծախսերը, այդ թվում նաև՝ տվյալ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։ Սահմանված կարգի համաձայն՝ այդ թվում նաև տվյալ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները բռնագանձելու մասին պահանջները կարող են ներկայացվել բացառապես տվյալ գործի շրջանակներում: Ընդ որում, գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանները հիմք են ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

Ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված՝ գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնների, նույն օրենսգրքի 110-րդ հոդվածով հատուկ իրավակարգավորումներ են նախատեսվել նաև գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի բաշխման վերաբերյալ, որոնց համաձայն՝ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի քննության ընթացքում պատասխանողը կամովին է կատարել հայցապահանջները կամ հաշտության համաձայնությամբ գործին մասնակցող անձինք նախատեսել են դատական ծախսերի բաշխման այլ կարգ կամ հաշտության համաձայնությունը կնքելիս չեն կարգավորել դատական ծախսերի բաշխման հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում (․․․):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով դատարանը կայացնում է լրացուցիչ որոշում, որի նկատմամբ կիրառելի են նույն հոդվածի կանոնները:

Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: (․․․

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում (․․․

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ դատավարության ցանկացած փուլում առաջին ատյանի դատարանը գործի վարույթը կարճում է նաև այն դեպքում, երբ հայցվորը կամ դիմողը հրաժարվում է պահանջից, որի դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է գործի վարույթը կարճելու մասին որոշում: Նման որոշում կայացնելիս լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։ Ընդ որում, եթե հայցվորը պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդությունը ներկայացնում է դատական նիստից դուրս, ապա այդ միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով առաջին ատյանի դատարանը հրավիրում է դատական նիստ:

Միևնույն ժամանակ օրենսդիրը, բոլոր այն դեպքերի համար, երբ գործի վարույթը կարճելիս դատարանները, խախտելով վերը նշված պահանջները, չեն լուծել կամ թերի են լուծել դատական ծախսերի հարցը, նախատեսել է դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ լրացուցիչ որոշում կայացնելու հնարավորություն։ Ընդ որում, նման որոշումը կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Որպես կանոն լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

ՀՀ վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության ժամանակ անդրադառնալով նույն օրենսգրքի 73-րդ հոդվածին, արձանագրել է, որ փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և այն կողմերի միջև բաշխել նույն հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույցը: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար: Եթե դատարանը, համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության` կողմերի միջև բաշխման հարցին, ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով (տե՛ս անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը, հավելել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կողմերը տվյալ գործի քննության շրջանակներում դատարան են ներկայացնում փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց և (կամ) դրա բռնագանձման վերաբերյալ որևէ պահանջ ու դրա առկայության պայմաններում դատարանը, այնուամենայնիվ, վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության՝ կողմերի միջև բաշխման հարցին, ապա նման պայմաններում օրենսդիրը գործին մասնակցող անձանց ընձեռել է ոչ թե փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումներն առանձին վարույթի շրջանակներում բռնագանձելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու իրավունք, այլ կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար օրենքով սահմանված կարգով վճիռ կայացրած դատարան՝ լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով դիմելու կամ տվյալ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն: Այլ կերպ ասած՝ եթե համապատասխան ապացույցների առկայության պայմաններում դատարանը դատական ծախսերի մասով չի լուծել դատական ծախսերի բաշխման հարցը, ապա գործի է դրվում դատական ծախսերի բաշխման մասով լրացուցիչ վճիռ կայացնելու կամ դատական ակտը բողոքարկելու օրենսդրական կարգավորումները, որը հավասարապես կիրառելի է թե ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի և թե գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում (տե՛ս Դոնարա Նազարյանը և Ռուբեն Բաբակեխյանն ընդդեմ Արտակ Գալստյանի թիվ ԵԴ/6604/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.02.2022 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Եսթեր Ալեքսանյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Կարինյանի, Վահագն Ատոմյանի և Էլեն Բաղդասարյանի` իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին։ Նշված հայցադիմումը Դատարանի 17072020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Վահագն Ատոմյանը 27052021 թվականին Դատարան է ներկայացրել հայցադիմումի դեմ «Առարկություն» վերնագրով փաստաթուղթ, որով միաժամանակ խնդրել է «հայցապահանջը մերժելու դեպքում անդրադառնալ նաև դատական ծախսերին՝ փաստաբանի վարձատրության մասով»՝ կցելով նաև իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի պատճենը։

Եսթեր Ալեքսանյանը դատական նիստից դուրս Դատարան է ներկայացրել «Միջնորդություն» վերնագրով փաստաթուղթ, որով հրաժարվել է հայցից և խնդրել է կարճել գործի վարույթը։ Դատարանը հրավիրել է դատական նիստ, որին կողմերը չեն ներկայացել։

Դատարանը 04062021 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին՝ լուծված համարելով դատական ծախսերի հարցն այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված բացառությունների բացակայությամբ պայմանավորված՝ դատական ծախսերը կրում է հայցվորը։

Վահագն Ատոմյանը մինչև Դատարանի 04062021 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշման օրինական ուժի մեջ մտնելը՝ 08062021 թվականին, Դատարան է ներկայացրել «Լրացուցիչ դատական ակտ կայացնելու մասին» միջնորդություն՝ խնդրելով հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով վերջինիս վրա դնել նաև սույն գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի տեսքով դատական ծախսը, որը կազմում է 500000 ՀՀ դրամ։

Դատարանը 28062021 թվականի «Լրացուցիչ դատական ակտ կայացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Վահագն Ատոմյանի միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ

- «Նշված նորմի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդված] բովանդակությունից հետևում է, որ դրա կիրառման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում Դատարանի կողմից դատական ծախսի հարցը լուծված չլինելը կամ թերի լուծված չլինելը, այսինքն՝ սույն նորմը չի կարող կիրառելի համարվել այն դեպքերում, երբ Դատարանն իր գնահատմամբ ըստ էության անդրադարձել է դատական ծախսերի հարցին՝ անկախ գործին մասնակցող անձի կողմից նշված դիրքորոշման հետ համաձայնությունից: Մասնավորապես՝ Դատարանը հիմք ընդունելով ՔԴՕ 108-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում, և Պատասխանողների ներկայացուցչի «Առարկություն» վերտառությամբ փաստաթղթով դատական ծախսի առնչությամբ պահանջի բովանդակությունը, այն է՝ «խնդրում ենք հայցապահանջը մերժելու դեպքում անդրադառնալ դատական ծախսերին՝ փաստաբանի վարձատրության մասով», գնահատել է, որ գործի վարույթը կարճելու առնչությամբ նշված դատական ծախսի պահանջն առկա չէ, ինչի արդյունքում չի անդրադարձել նշված պահանջին»,

- «25.06.2021թ. դատական նիստում Պատասխանողի ներկայացուցիչն իր դիրքորոշմամբ հաստատեց Դատարանի նշված եզրահանգումը՝ նշելով, որ իրենք տվյալ ձևակերպումը տվել են՝ չկանխատեսելով գործի վարույթի կարճման հնարավորությունը, այսինքն՝ Դատարանը ճիշտ է գնահատել Պատասխանող կողմի կամահայտնությունը՝ կապված փաստաբանի վարձատրության լուծման հետ»,

- «Արդյունքում, Դատարանը համարել է դատական ծախսերի հարցը լուծված՝ հաշվի առնելով Հայցվորի կողմից պետական տուրքի նախապես վճարված լինելը: Վերոգրյալից հետևում է, որ սույն դեպքում խոսք չի կարող լինել չլուծված կամ թերի լուծված դատական ծախսերի հարցի հետ, որպիսի պարագայում բացակայում են ՔԴՕ 196-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման պայմանները և Միջնորդությունը նշված պատճառաբանություններով ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը 15.12.2021 թվականին որոշում է կայացրել Վահագն Ատոմյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 28062021 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ

- «Սույն դեպքում Դատարանը, 04062021 թվականին կայացնելով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշում, դատական ծախսերի հարցը որոշման եզրափակիչ մասում համարել է լուծված։ Դատական ծախսերի հարցը լուծված համարելը ենթադրում է, որ բոլոր դատական ծախսերի, այդ թվում՝ փաստաբանի վարձատրության բաշխման հարցն ամբողջությամբ կարգավորվել է, թերի լուծված կամ չլուծված դատական ծախսեր չեն մնացել։ Ստացվում է, որ դատական ծախսերի հարցը լուծված համարվելու դեպքում բացակայում է լրացուցիչ որոշում կայացնելու հիմքը՝ դատական ծախսերի թերի կամ ամբողջությամբ լուծված չլինելը։ Հակառակ դեպքում, լրացուցիչ դատական ակտի կայացումը կհանգեցնի հիմնական եզրափակիչ դատական ակտում փոփոխությունների կատարման, ինչը չի բխում լրացուցիչ դատական ակտի էությունից»,

- «Այս դեպքում դատական ծախսերի հարցի դատական ակտով լուծման հետ անհամաձայնության դեպքում ենթադրյալ իրավունքների պաշտպանությունը լրացուցիչ վճիռը կայացնելու պահանջը չէ, իրավունքների պաշտպանությունը կարող էր իրականացվել հիմնական եզրափակիչ դատական ակտի բողոքարկման միջոցով, ինչը չի կատարվել»,

- «Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանը չէր կարող կայացնել լրացուցիչ որոշում, ուստի Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում, քանի որ դրանք չեն կարող պայմանավորել քննարկվող հարցի այլ լուծում»։

Վերը նշված իրավական դիրքորոշումների և վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են ու չեն կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործի փաստերի վերլուծությունից բխում է, որ Եսթեր Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումի վերաբերյալ Վահագն Ատոմյանը ներկայացրել է պատասխան՝ միաժամանակ խնդրելով «հայցապահանջը մերժելու դեպքում անդրադառնալ նաև դատական ծախսերին՝ փաստաբանի վարձատրության մասով»՝ կցելով նաև իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի պատճենը։ Այսինքն՝ տվյալ դեպքում Վահագն Ատոմյանի կողմից սույն գործի քննության հետ կապված ներկայացվել է փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին պահանջ, ինչպես նաև փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարվելիք վճարումը հավաստող ապացույց՝ 24062021 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի պատճենը։

Դատարանը, 04062021 թվականին որոշում կայացնելով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին, դատական ծախսերի հարցը համարել է լուծված վերը նշված պատճառաբանությամբ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում թեկուզև Դատարանը հրավիրել է դատական նիստ, և իր կողմից կայացված դատական ակտի եզրափակիչ մասում դատական ծախսերի հարցը համարել է լուծված վերը նշված պատճառաբանությամբ, սակայն ինչպես դատական ակտի պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասում համապատասխան ապացույցի առկայության պայմաններում ըստ էության չի անդրադարձել դատավարության մասնակիցների միջև Վահագն Ատոմյանի պահանջած դատական ծախսի բաշխման և այն լուծելու հարցերին։

Դրանից ելնելով՝ Վահագն Ատոմյանը, օրենքով սահմանված ժամկետում միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ վերը նշված հարցը լուծելու նպատակով լրացուցիչ որոշում կայացնելու մասին, որը Դատարանի 28062021 թվականի որոշմամբ վերը նշված պատճառաբանությամբ մերժվել է, իսկ Վերաքննիչ դատարանը 15122021 թվականի որոշմամբ մերժել է այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ «Դատարանը, 04062021 թվականին կայացնելով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշում, դատական ծախսերի հարցը որոշման եզրափակիչ մասում համարել է լուծված, ուստի լուծված է համարվել նաև փաստաբանի վարձատրության բաշխման հարցը, և թերի լուծված կամ չլուծված դատական ծախս չի մնացել, որի պայմաններում բացակայում է լրացուցիչ որոշում կայացնելու հիմքը», բացի այդ, «դատական ծախսերի հարցի դատական ակտով լուծման հետ անհամաձայնության դեպքում ենթադրյալ իրավունքների պաշտպանությունը լրացուցիչ վճիռը կայացնելու պահանջը չէ, իրավունքների պաշտպանությունը կարող էր իրականացվել հիմնական եզրափակիչ դատական ակտի բողոքարկման միջոցով, ինչը չի կատարվել», գտնում է, որ այն անհիմն է, քանի որ թեկուզև Դատարանը դատական ծախսերի հարցը համարել է լուծված, սակայն, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, չի լուծել դատավարության մասնակիցների միջև Վահագն Ատոմյանի պահանջած դատական ծախսի՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բաշխման հարցը, որի պայմաններում Վահագն Ատոմյանը Դոնարա Նազարյանը և Ռուբեն Բաբակեխյանն ընդդեմ Արտակ Գալստյանի թիվ ԵԴ/6604/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 24.02.2022 թվականին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում ունեցել է ինչպես լրացուցիչ որոշում կայացնելու պահանջով Դատարան դիմելու, այնպես էլ Դատարանի 04062021 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, ու, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված տնօրինչականության սկզբունքից, օգտվել է դրանցից առաջինից։

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը դատավարության մասնակիցների միջև բաշխելու հարցը լուծելու նպատակով լրացուցիչ որոշում կայացնելու համար գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը։

 

5 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան