Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-66-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.07.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.15/19(685) Հոդ.369
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մարտի 19-ին

 

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 2. Փոխպատվաստման պայմանները

 

Կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը և առողջության վերականգնումը:

Արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների և հյուսվածքների առուվաճառքը:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.

«Հոդված 2.1. Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը ապահովում է սույն ոլորտում տեղեկատվական միասնական համակարգը, որտեղ գրանցվում են հետևյալ տեղեկությունները.

ա) օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման դեպքերը.

բ) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների վերաբերյալ տեղեկատվությունը.

գ) տեղեկատվություն այն անձանց վերաբերյալ, որոնք կենդանության օրոք հրաժարվել են հանդես գալ որպես դոնոր:

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և կարող են տրամադրվել փոխպատվաստման օրգաններ և հյուսվածքներ վերցնող և դրանց մշակմամբ ու փոխպատվաստմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական հաստատություններին և սույն օրենքով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 7. Դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը

 

Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր:

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ.

ա) ամուսինը,

բ) չափահաս երեխան,

գ) ծնողներից մեկը,

դ) հարազատ եղբայրը կամ քույրը,

ե) հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:

Միևնույն առաջնահերթությամբ մի քանի հարազատների առկայության դեպքում բավարար են նրանցից մեկի տեղեկացվածությունը և համաձայնությունը:

Յուրաքանչյուր ոք մահից հետո դոնոր հանդես գալու իր գրավոր անհամաձայնությունը լիազոր մարմնի հաստատած կարգով ներկայացնում է իր ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին, որը գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում:

Անձի դիակային դոնոր հանդես գալու որոշման վերաբերյալ տեղեկությունը ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը լիազոր մարմնի հաստատած կարգով փոխանցում է օրգանների ու հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

Փոխպատվաստման նպատակով մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

Լիազոր մարմնի սահմանած կարգով բնակչության շրջանում իրականացվում է տեղեկատվության տրամադրում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» կետերով.

 

«ե) պատանդ է.

զ) լրացել է քաղաքացու 65 տարին:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. ապրիլի 6
Երևան
 ՀՕ-66-Ն