«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2002 թվականի N 631
քաղ. Երևան
«ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 18.04.24 N 566-Ն)
Հաստատել «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍԵՎ լիճ» պետական արգելավայրի
I. Ընդհանուր դրույթներ
1. «Սև լիճ» պետական արգելավայրը (այսուհետև՝ արգելավայր) կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշմամբ:
Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում, 2670 մետր բարձրության վրա: Նրա տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սև լիճը (200 հա մակերեսով) և առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով):
2. Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակը Սև լճի ջրային և նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումն ապահովելն է:
3. Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են և մասնավորեցման ենթակա չեն:
4. Արգելավայրի ռեժիմի փոփոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Սև լճի ամբողջ ջրհավաք ավազանը սահմանվում է որպես պահպանական գոտի:
6. Արգելավայրի տարածքում բնապահպանական ու բնօգտագործման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:
(6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
II. Արգելավայրի հիմնական խնդիրները ԵՎ գործառույթները
7. Արգելավայրի հիմնական խնդիրներն են՝
ա) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.
բ) Սև լճի քաղցրահամ ջրային էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռի պահպանությունը.
գ) արգելավայրի վայրի բուսատեսակների և կենդանիների էկոլոգիական միջավայրի պահպանությունը.
դ) հազվագյուտ ու անհետացման վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
ե) արժեքավոր և անհետացման վտանգված տեղաբնակ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ բնական միջավայրի ապահովումը.
զ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:
8. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են՝
ա) Սև լճում Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը.
բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:
III. Արգելավայրի ռեժիմը
9. Արգելավայրի տարածքում արգելվում են՝
ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը կամ սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.
բ) լճի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).
դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.
ե) թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.
զ) տարածքի հողը հերկելը:
10. Արգելավայրի տարածքում կարող են իրականացվել՝
ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու պրոցեսները կանխարգելող միջոցառումներ.
բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.
գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.
դ) գիտահետազոտական ուսումնասիրություններ՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
11. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցված՝ արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող ցանկացած տնտեսական գործունեություն:
(11-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
11.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:
(11.1-ին կետը լրաց. 18.04.24 N 566-Ն)
12. Արգելավայրի ռեժիմի պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(12-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, խմբ. 18.04.24 N 566-Ն)
13. Արգելավայրի ռեժիմը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
(կանոնադրությունը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց., խմբ. 18.04.24 N 566-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.04.2024, N 566-Ն | 20.04.2024, N 631 | |
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 631 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|