Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.235
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 211-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.02.24 N 265-Ն)

 

«Փոստային կապի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերին և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 181-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 23.02.24 N 265-Ն, փոփ. 28.03.24 N 445-Ն)

1. Հաստատել փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային կապի օպերատորից, ինչպես նաև փոստային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 23.02.24 N 265-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 2

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 211-Ն որոշման

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը խմբ. 23.02.24 N 265-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով կարգավորվում են փոստային կապի ծառայություններ մատուցող փոստային կապի օպերատորների և այդ ծառայություններից օգտվողների միջև ծագած փոխհարաբերությունները, սահմանվում են փոստային կապի օպերատորների գործունեության իրականացման կարգը, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքները, փոստային կապի օպերատորից և փոստային կապի ծառայություններից օգտվողներից փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 23.02.24 N 265-Ն)

2. Այն դեպքերում, երբ փոստային կապի օպերատորները կատարում են դրամական միջոցների փոստային փոխադրություններ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիայի հիման վրա, ապա նմանատիպ փոխանցումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

1) նամակ` գրավոր հաղորդագրությամբ, ինչպես նաև այլ ներդրվածքով փոստային առաքանի, որի չափերը, քաշը սահմանվում են սույն կանոնակարգով.

2) (ենթակետն ուժը կորցրել է 28.03.24 N 445-Ն)

3) փոստային բացիկ` փոստային առաքանի՝ գրավոր հաղորդակցությամբ, հատուկ ձևաթղթի վրա, որն առաքվում է բաց.

4) էլեկտրոնային բաժանորդային արկղ՝ փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի դոմենային անվանումը, որը հանդիսանում է էլեկտրոնային փոստի հասցե և ստեղծվել է փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային նամակների (հաղորդագրությունների), փաստաթղթերի, տեղեկատվության և (կամ) հիբրիդային առաքանու փոխանցման և դրանց պահպանման համար.

5) փաթեթ` փոստային առաքանի, որը պարունակում է տպագիր հրատարակություններ, գործնական փաստաթղթեր և այլ առարկաներ, որի ներդրվածքը, չափերը, քաշը և փաթեթավորման տեսակը սահմանվում են սույն կանոնակարգով.

6) փոքր փաթեթ՝ մինչև 2 կգ քաշով նամակագրական թղթակցություն, որը պարունակում է փաստաթղթեր և առարկաներ, որոնց ներդրվածքը, չափերը, քաշը և փաթեթավորման տեսակը սահմանվում են սույն կանոնակարգով.

7) թերությամբ փոստային առաքանի՝ փոստային առաքանի, որի քաշը չի համապատասխանում փոստային առաքանու վրա նշված քաշին կամ, որի արտաքին հատկանիշներով կարելի է ենթադրել ներդրվածքի վնասված կամ փչացած լինելը (թաղանթի, կապի, կնիքի, ժապավենի և այլ վնասվածքներ).

8) ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձ կամ օրինական ներկայացուցիչ.

9) միջազգային փոստափոխանակման վայր` փոստային կապի օբյեկտ, որն իրականացնում է արտերկրների փոստային կապի ադմինիստրացիաներից Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունված և բաց տարանցումով առաքվող միջազգային փոստային առաքանիների մշակումը, ինչպես նաև դրանց առաքումն ըստ նշանակության.

10) միջազգային պատասխան (փոխադարձ) կտրոն` Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի կողմից թողարկվող կտրոն` տպված հատուկ նշաններով թղթի վրա, որի վրա պատկերված է մեծատառերով «UPU» հապավումը.

11) «M» պարկ (հատուկ պարկ)` միջազգային փոստային առաքանի, որը պարունակում է տպագիր հրատարակություններ (թերթեր, պարբերական հրատարակություններ և այլն) և, որը մեկ ուղարկողի կողմից առաքվում է միևնույն ստացողին.

12) վերադիր վճարով փոստային առաքանի` գնահատված փոստային առաքանի, որն առաքվում է փոստային կապի օբյեկտների միջև և, որը տալու ժամանակ ուղարկողը հանձնարարում է փոստային կապի օբյեկտին՝ հասցեատիրոջից գանձել ուղարկողի կողմից սահմանված դրամական գումարը և այն առաքել ուղարկողի հասցեով.

13) հանձնման մասին տեղեկացմամբ փոստային առաքանի՝ գրանցվող փոստային առաքանի, որը տալու ժամանակ ուղարկողը փոստային կապի օպերատորին հանձնարարում է իրեն կամ իր նշած անձին հաղորդել, թե երբ և ում է հանձնվել փոստային առաքանին.

14) պատվիրված փոստային առաքանի՝ գրանցվող փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից առանց ներդրվածքի արժեքի գնահատման, ուղարկողին՝ անդորրագրի հանձնմամբ և ստացողին հանձնվում է ստորագրությամբ.

15) փոստային ավտոմատ (Postamat (Փոստամատ)՝ ավտոմատացված համակարգ, որը նախատեսված է փոստային առաքանիների ընդունման/հանձնման համար.

16) նույնականացում՝ գործընթաց, որի ժամանակ փոստային կապի օպերատորի կողմից իրականացվում է ներկայացված անձնական տվյալների համեմատում փոստային առաքանու վրա նշված տվյալների հետ, որն անհրաժեշտ է ծառայության մատուցման համար:

(3-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 28.03.24 N 445-Ն)

 

III. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 28.03.24 N 445-Ն)

 

4. (կետն ուժը կորցրել է 28.03.24 N 445-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 28.03.24 N 445-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 28.03.24 N 445-Ն)

7. Փոստային առաքանիների տեսակներն են՝ ներհանրապետական և միջազգային:

(7-րդ կետը խմբ. 28.03.24 N 445-Ն)

8. Ներհանրապետական փոստային առաքանիները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների`

1) նամակներ (հասարակ, պատվիրված, գնահատված).

2) փոստային բացիկներ (հասարակ, պատվիրված).

3) փաթեթներ (հասարակ, պատվիրված, գնահատված).

4) սեկոգրամներ (հասարակ, պատվիրված).

5) ծանրոցներ (հասարակ, գնահատված).

6) փոքր փաթեթներ (հասարակ, պատվիրված):

(8-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

9. Միջազգային փոստային առաքանիները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների`

1) նամակներ (հասարակ, պատվիրված, գնահատված).

2) փոստային բացիկներ (հասարակ, պատվիրված).

3) փաթեթներ (հասարակ, պատվիրված).

4) փոքր փաթեթ (հասարակ, պատվիրված).

5) սեկոգրամներ (հասարակ, պատվիրված).

6) «M» պարկ (հասարակ, պատվիրված).

7) ծանրոցներ (հասարակ, գնահատված):

10. Փոստային կապի օպերատորները, փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ (բացի փոստային կապի ունիվերսալ ծառայություններից) իրենց փոստային կապի ցանցի միջոցով առաքելիս, սահմանում են փոստային առաքանիների առաքման հսկիչ ժամկետները, առավելագույն չափերը, քաշը և թույլատրելի ներդրվածքը, որոնք առաքման համար արգելված չեն:

(10-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

11. Ներհանրապետական փոստային առաքանին, որն առաքվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ հասարակ և գրանցվող էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով առաքվող), պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի հետևյալ պահանջներին՝

 

NN
ը/կ
Փոստային առաքանու տեսակը Առավելագույն
քաշը
Թույլատրելի ներդրվածքը Առավելագույն և
նվազագույն չափերը
1 2 3 4 5
1. Փոստային բացիկ 20 գ

-

առավելագույնը` 120 x 235 մմ նվազագույնը` 90 x 140 մմ
2. Նամակ 2 կգ գրավոր հաղորդագրություն

առավելագույնը` 229 x 324 մմ նվազագույնը` 110 x 220 մմ

կամ 114 x 162 մմ

3. Փաթեթ 2 կգ տպագիր հրատարակություններ, ձեռագրեր, լուսանկարներ

առավելագույնը`

երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ,

ամենամեծ չափումը՝ 0.1 մ

3.1.

Փոքր փաթեթ

(հասարակ,

պատվիրված)

2 կգ

փոքր, չկոտրվող առարկաներ,

կամ եզակի ապրանքների նմուշներ

առավելագույնը` երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ:

Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝

0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ:

Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ, ամենամեծ չափումը՝ 0.1 մ

4. Սեկոգրամ 7 կգ

գրավոր հաղորդակցություն և հրատարակություն` գրված սեկոգրաֆիայի ձևով

կլիշե` սեկոգրաֆիայի նշաններով
 
կույրերի համար կազմակերպությունների կողմից ուղարկվող կամ այդպիսի կազմակերպություններին հասցեագրված ձայնագրություններ, հատուկ թուղթ, տիֆլոտեխնիկական միջոցներ

առավելագույնը`

երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ,

ամենամեծ չափումը՝ 0.1 մ

5. Ծանրոց (հասարակ, գնահատված) 20 կգ կենցաղային և այլ նշանակության առարկաներ

ցանկացած չափում՝

1.05 մ ոչ ավելի, երկարության և առավելագույն լայնակի հատման պարագծի հանրագումարը՝ 2 մ ոչ ավելի,

նվազագույնը` 110 x 220 մմ

կամ 114 x 162 մմ

(11-րդ կետը խմբ., լրաց. 28.03.24 N 445-Ն)

12. Միջազգային փոստային առաքանին, որն առաքվում է միջազգային փոստափոխանակման շրջանակներում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի հետևյալ պահանջներին՝

 

NN ը/կ Փոստային առաքանու տեսակը Առավելա- գույն քաշը Թույլատրելի ներդրվածքը Առավելագույն և նվազագույն չափերը
1 2 3 4 5
1. Փոստային բացիկ (հասարակ, պատվիրված) 20 գ

-

առավելագույնը` 120 x 235 մմ նվազագույնը` 90 x 140 մմ
2. Նամակ (հասարակ, պատվիրված, գնահատված) 2 կգ գրավոր հաղորդակցություն, գործարար թղթեր, տարաբնույթ անդորրագրեր, հաշիվներ, լուսանկարներ, նոտարական գրասենյակների կողմից հաստատված փաստաթղթերի և տեղեկանքների պատճեններ, արժեթղթեր

առավելագույնը` 229 x 324 մմ նվազագույնը` 110 x 220 մմ

կամ 114 x 162 մմ

3. Փաթեթ (հասարակ, պատվիրված) 5 կգ տպագիր հրատարակություններ, ձեռագրեր, լուսանկարներ

առավելագույնը`

երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի,

ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ,

ամենամեծ չափումը՝ 0.1 մ

4. Սեկոգրամ (հասարակ, պատվիրված) 7 կգ

գրավոր հաղորդակցություն և հրատարակություն` գրված սեկոգրաֆիայի ձևով

կլիշե` սեկոգրաֆիայի նշաններով

կույրերի համար կազմակերպությունների կողմից ուղարկվող կամ այդպիսի կազմակերպություններին հասցեագրված ձայնագրություններ, հատուկ թուղթ, տիֆլոտեխնիկական միջոցներ

առավելագույնը`

երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի,

ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ,

ամենամեծ չափումը՝ 0.1 մ

5. Փոքր փաթեթ (հասարակ, պատվիրված) 2 կգ փոքր, չկոտրվող առարկաներ, կամ եզակի ապրանքների նմուշներ

առավելագույնը`

երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի,

ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ,

ամենամեծ չափումը՝ 0.1 մ

6. «M» պարկ (հասարակ, պատվիրված) 30 կգ մեկ ուղարկողի կողմից միևնույն հասցեատիրոջն ուղարկվող տպագիր հրատարակություններ

առավելագույնը`

երկարության, լայնության և հաստության հանրագումարը՝ 0.9 մ ոչ ավելի,

ամենամեծ չափումը՝ 0.6 մ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 1.04 մ ոչ ավելի, ամենամեծ չափումը՝ 0.9 մ, նվազագույնը` 105 x 148 մմ: Գալարափաթեթների համար երկարության և կրկնակի տրամագծի հանրագումարը՝ 0.17 մ,

ամենամեծ չափումը՝ 0.1 մ

7. Ծանրոց (հասարակ, գնահատված) 20 կգ կենցաղային և այլ նշանակության առարկաներ

ցանկացած չափում՝

1.05 մ ոչ ավելի,

երկարության և առավելագույն

լայնակի հատման պարագծի հանրագումարը՝ 2 մ ոչ ավելի,

նվազագույնը` 110 x 220 մմ

կամ 114 x 162 մմ

 

IV. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Փոստային կապի օպերատորը փոստային կապի ծառայություններից օգտվողներին մատուցում է ծառայություններ՝ պայմանագրային հիմունքներով: Փոստային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց փոստային կապի ծառայությունները մատուցվում են հրապարակային պայմանագրի միջոցով: Փոստային կապի օպերատորն իրավաբանական անձին փոստային կապի ծառայություններ մատուցում է՝ ինչպես հրապարակային, այնպես էլ՝ փոստային կապի օպերատորի և իրավաբանական անձի միջև կնքված երկկողմանի պայմանագրի միջոցով:

13.1. Իրավաբանական անձանց կողմից 10 և ավել գրանցվող փոստային առաքանիների ուղարկման ժամանակ ուղարկողի կողմից ներկայացվում են ցուցակով՝ փոստային կապի օպերատորի կողմից սահմանված ձևաչափին համապատասխան: Սահմանված ձևաչափը պետք է հրապարակվի փոստային կապի օպերատորի կայքէջում:

(13.1-ին կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

14. Փոստային կապի օբյեկտի մուտքի մոտ տեղադրվում է ցուցանակ, որի վրա նշվում են փոստային կապի օպերատորի անվանումը, օբյեկտի անվանումը, աշխատանքի ռեժիմը և նրա փոստային դասիչը: Ցուցանակները գրվում են հայերենով, անհրաժեշտության դեպքում՝ նաև օտար լեզվով:

15. Փոստային կապի օբյեկտների ներսում՝ օգտվողների համար մատչելի և տեսանելի վայրում պետք է լինի առաջարկությունների գիրքը, որը հաստատված է փոստային կապի օպերատորի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ հետևյալ տեղեկատվական նյութը`

1) փոստային կապի օպերատորի անվանումը և գտնվելու վայրը.

2) փոստային կապի օբյեկտի փոստային դասիչը և հասցեն.

3) մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց հսկիչ ժամկետները և սակագները.

4) դրամական միջոցների փոստային փոխադրությունների հասցեագրման և վճարման կարգը.

5) փոստային առաքանիների հասցեագրման, փաթեթավորման և առաքման վճարման կարգը, դրանց համար սահմանված չափերը և առավելագույն քաշը.

6) փոստային կապի օբյեկտում չհանձնված փոստային առաքանու և չվճարված դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանման ժամկետը.

7) առաքման համար արգելված առարկաների և նյութերի ցանկը.

8) փոստային կապի օպերատորների և փոստային կապի ծառայություններից օգտվողների պատասխանատվության մասին.

9) փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի պատճենը:

16. Փոստային կապի օբյեկտների ներսում, որտեղ մատուցվում են փոստային կապի ունիվերսալ ծառայություններ, լրացուցիչ տեղադրվում է փոստարկղ, որը նախատեսված է նամակագրական թղթակցության հավաքման համար, և նշվում է տեղեկատվություն`

1) փոստարկղերից նամակագրական թղթակցության հավաքման հաճախականության, դրա փոխադրման և հանձնման նորմատիվների մասին.

2) նամակագրական թղթակցության իրականացման հսկիչ ժամկետների մասին.

3) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման գործընթացի մասին:

17. Փոստային կապի օբյեկտից դուրս գտնվող յուրաքանչյուր փոստարկղի վրա նշվում են փոստային կապի օպերատորի անվանումը, փոստարկղին տրված համարը, նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման շաբաթվա օրերը և ժամերը:

17.1. Փոստային կապի օպերատորը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով ապահովում է՝

1) մատչելի մուտք փոստային կապի օբյեկտ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան.

2) առանց հերթի սպասարկում.

3) տրամադրվող ծառայությունների վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի ձևով լիարժեք տեղեկատվության տրամադրում:

(17.1-ին կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

 

IV.1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(գլուխը լրաց. 28.03.24 N 445-Ն)

 

17.2. Ուղարկողի կամ լիազորված անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ փոստային կապի օպերատորը չի ընդունում գրանցվող փոստային առաքանին:

17.3. Հասցեատիրոջ կամ լիազորված անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ փոստային կապի օպերատորը հասցեատիրոջը չի հանձնում գրանցվող փոստային առաքանին:

17.4. Փոստային կապի օպերատորները պարտավոր են պահպանել փոստային կապի գաղտնիության ապահովման «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված պահանջները:

17.5. Փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի տվյալները, փոստային առաքանիները, փոստային առաքանիների ներդրվածքի և գտնվելու մասին տեղեկությունները համարվում են փոստային կապի գաղտնիություն պարունակող տեղեկատվություն և տրվում են միայն ստացողին և ուղարկողին, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց և այլ անձանց:

17.6. Փոստային կապի օպերատորը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող է փոստային կապի ծառայությունների մատուցման ժամանակ փոստային կապի ծառայություններից օգտվողների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տվյալները փոխանցել նաև վերջնակետ (ստացող) երկրի կամ տարանցիկ երկրների փոստային կապի օպերատորներին, որոնց այդ տվյալներն անհրաժեշտ են փոստային կապի ծառայությունն իրականացնելու համար:

 

V. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Ներհանրապետական փոստային առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնց առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված չէ: Ներհանրապետական փոստային առաքանիներում առաքման համար արգելված առարկաների և նյութերի ցանկը սահմանված է «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

19. Միջազգային փոստային առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնք արգելված չեն՝

1) ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք.

2) արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից և ներմուծել նշանակման երկիր:

20. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների արգելումը և սահմանափակումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ:

20.1. Փոստային կապի օպերատորի կողմից հիբրիդային առաքանու առաքման ծառայության տրամադրման ժամանակ ծառայությունից օգտվողի կարգադրությամբ առաքանին ուղարկվում է էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով, որը գրանցվում է տեղեկատվական համակարգում կամ ուղարկվում է էլեկտրոնային կրիչների միջոցով և որը ստացողին հանձնվում է գրանցվող կամ հասարակ նամակի տեսքով (փոստային բացիկի), կամ ծառայությունից օգտվողի կարգադրությամբ առաքանին ուղարկվում է որպես նամակ (փոստային բացիկ) և հանձնվում է ստացողի էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային բաժանորդային արկղին՝ էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով՝ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ: Հիբրիդային առաքանու առաքման ծառայության տրամադրման դեպքում՝ փոստային կապի օպերատորի կողմից սահմանվում է հիբրիդային առաքանու առաքման ծառայության տրամադրման ընթացակարգ և 5-օրյա ժամկետում հրապարակվում է փոստային կապի օպերատորի ինտերնետային կայքէջերում:

(20.1-ին կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

20.2. Փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգով էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով առաքվող նամակները (փոստային բացիկ) փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողները ստորագրում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:

(20.2-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

20.3. Թղթային տարբերակով նամակը (փոստային բացիկ) կնքվում է փոստային կապի օպերատորի փոստային դրոշմակով, որը հաստատում է առաքանու իսկությունը՝ համաձայն փոստային կապի օպերատորի և փոստային կապի ծառայություններից օգտվողի միջև կնքված պայմանագրի:

(20.3-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

20.4. Էլեկտրոնային նամակի տեսքով առաքվող նամակները (փոստային բացիկ) պետք է պարունակեն սույն կանոնակարգի 28-րդ կետով սահմանված տվյալները:

(20.4-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

20.5. Փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգը էլեկտրոնային ձևով ծանուցում է ուղարկողին գրանցված նամակի (փոստային բացիկի) ընդունման, փոխադրման, հանձնման կամ վերադարձի մասին կամ հասարակ նամակի (փոստային բացիկի) ընդունման մասին, որն առաքվում է էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով:

(20.5-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

21. Փոստային կապի ազգային օպերատորի կողմից դրամական միջոցների փոստային փոխադրություններն ընդունվում են Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով, ինչպես նաև՝ արտարժույթով:

22. Փոստային առաքանիներն ընդունվում են փաթեթավորված: Փոստային առաքանու փաթեթավորումը, կախված ներդրվածքի բնույթից, պետք է համապատասխանի փաթեթավորման նկատմամբ պահանջներին, առաքման պայմաններին և պետք է բացառի առաքանու մշակման ու փոխադրման ժամանակ ներդրվածքի, թաղանթի, կնիքների, կապարակնիքների, կապերի, ժապավենների վնասումը, մյուս փոստային առաքանիները փչացնելը և փոստի աշխատողին որևէ վնաս պատճառելը: Տարբեր տեսակի և կատեգորիայի փոստային առաքանիների փաթեթավորման նկատմամբ պահանջները, կախված ներդրվածքի բնույթից, սահմանվում են փոստային կապի օպերատորների կողմից:

23. Փոստային առաքանիներն ընդունվում են բաց՝ հետևյալ դեպքերում՝

1) եթե առաքման ժամանակ ներդրվածքի նկարագիրը ներկայացված է ցուցակով.

2) եթե կան կասկածներ, որ փոստային առաքանու մեջ առկա են առաքման համար արգելված առարկաներ կամ նյութեր:

24. Փոստային առաքանիների, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ձևաթղթերի վրա ուղարկողի կողմից նշվում են ուղարկողի և ստացողի ճշգրիտ հասցեները, հեռախոսահամարները (ցանկության դեպքում), անուններն ու ազգանունները:

25. Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող փոստային առաքանու վրա նշվող ուղարկողի և հասցեատիրոջ հասցեները պետք է ձևակերպվեն հայերենով:

26. Միջազգային փոստային առաքանիների վրա հասցեները գրվում են լատինական տառերով, արաբական թվերով: Թույլատրվում է ստացողի հասցեն գրել նշանակման երկրի լեզվով՝ այն պայմանով, որ նշանակման երկրի անվանումը գրվի նաև հայերենով:

27. Ստացողի հասցեն գրվում է փոստային առաքանու դիմային մասի ներքևի աջ մասում, իսկ ուղարկողի հասցեն՝ վերևի ձախ անկյունում: Հասցեն պետք է գրվի ընթեռնելի և առանց ուղղումների: Հասցեում չպետք է լինեն կրճատ անվանումներ և հասցեին չվերաբերող այլ նշաններ:

28. Փոստային առաքանիների և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ձևաթղթերի վրա հասցեները գրվում են հետևյալ կարգով`

1) իրավաբանական անձի համար` լրիվ անվանումը, իսկ ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը, ցանկության դեպքում՝ նաև հայրանունը.

2) դրամական միջոցների փոստային փոխադրությունների համար` իրավաբանական անձին ուղարկվող կամ իրավաբանական անձից ընդունվող բանկային ռեկվիզիտները.

3) փողոցի անվանումը, շենքի համարը, բնակարանի համարը կամ տան համարը.

4) բնակավայրի անվանումը (քաղաքի, գյուղի և այլն).

5) մարզի անվանումը.

6) երկրի անվանումը (միջազգային փոստային առաքանիների համար).

7) փոստային դասիչը:

29. Փոստային առաքանիները, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունները կարող են հասցեագրվել ցպահանջ (փոստային առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների ձևաթղթերի վրա նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, հասցեատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը) կամ փոստային անվանական պահարանին (փոստային առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների ձևաթղթերի վրա նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային անվանական պահարանի համարը, հասցեատեր ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը):

(29-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

30. Միջազգային փոստային առաքանին ընդունվում և ձևակերպվում է սույն կանոնակարգի, «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Համաշխարհային փոստային միության կողմից ընդունված ակտերի և միջազգային փոստափոխանակման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի համաձայն:

31. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ կազմակերպությունների ներկայացուցչությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող փոստային առաքանին, ինչպես նաև նշված կառույցներին հասցեագրված փոստային առաքանիները վճարվում և ձևակերպվում են որպես ներհանրապետական առաքանիներ, բայց մշակվում, փոխադրվում և հանձնվում են միջազգային փոստային առաքանիների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

32. Գրանցվող փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունները փոստային կապի օբյեկտներում ընդունվում են ուղարկողի հասցեի առկայության դեպքում: Գրանցվող փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունման ժամանակ ուղարկողին տրվում է անդորրագիր: Անդորրագրում նշվում են առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների տեսակը և տարատեսակը, հասցեատեր ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (իրավաբանական անձի անվանումը), նշանակման վայրի փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրության համարը:

32.1. Գրանցվող փոստային առաքանիների ընդունման ժամանակ փոստային կապի օպերատորի աշխատակիցն իրականացնում է ուղարկողի (լիազորված անձի) նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:

(32.1-ին կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

32.2. Ներկայացված անձը հաստատող փաստաթղթերում ներառված անձնական տվյալներն ամրագրվում են փոստային կապի օպերատորի կողմից սահմանված տիպային ձևաթղթերում, որոնք անհրաժեշտ են փոստային կապի ծառայությունների պատշաճ մատուցման համար:

(32.2-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

32.3. Գրանցվող փոստային առաքանիները կարող են առաքվել ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացմամբ և վերադիր վճարով: Ներդրվածքի ցուցակով, հանձնման մասին տեղեկացմամբ և վերադիր վճարով փոստային առաքանու տեսակների ցանկը որոշվում է փոստային կապի օպերատորի կողմից:

(32.3-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

 

VI. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԸ

 

33. Փոստային կապի ծառայությունների մատուցման համար վճարն ուղարկողից գանձվում է փոստային առաքանիների, հիբրիդային առաքանիների և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունման ժամանակ գործող սակագներով:

(33-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

33.1. Փոստային կապի օպերատորը փոստային կապի ծառայության վճարի փոփոխության վերաբերյալ պետք է հասարակությանը տեղեկացնի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 30 օրացուցային օր առաջ՝ իր ինտերնետային կայքում հաղորդագրություն հրապարակելու միջոցով, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների:

(33.1-ին կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

34. Փոստային կապի ազգային օպերատորի կողմից ներհանրապետական և միջազգային սեկոգրամների վերգետնյա տրանսպորտով առաքման համար գումար չի գանձվում:

35. Փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային կապի ծառայությունների` հասարակ և գրանցվող նամակագրական թղթակցության առաքման համար, որպես վճարումը հաստատող միջոց, օգտագործվում են «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործողության մեջ դրված փոստային վճարման պետական նշանները:

36. Որպես փոստային վճարման պետական նշաններ՝ օգտագործվում են`

1) փոստային նամականիշերը (փոստային գեղաթերթիկները), որոնք փակցվում են նամակագրական թղթակցության վրա կամ տպագրական եղանակով դրվում են փոստային ծրարների և փոստային բացիկների վրա.

2) ֆրանկոմեքենաների միջոցով դրվող փոստային վճարման պետական նշանների դրոշմվածքները.

3) տպագրական եղանակով դրվող այլ նիշեր, որոնք սահմանվում են փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից, և, որոնք հաստատում են փոստային կապի ծառայությունների վճարումը:

(36-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

37. Փոստային վճարման պետական նշանների վրա հայերենով և լատինատառ նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ» ու «ARMENIA» բառերը, անվանագինը և թողարկման տարեթիվը՝ արաբական թվերով: Բացի դրանից, կարող է նշվել նաև «ՓՈՍՏ» բառը` հայերեն կամ լատիներեն տպատառերով: Վճարման գումարը կարող է փոխարինվել այն մասին նշումով, որ վճարումը կատարվել է ամբողջովին` հայերենով և լատինատառ նշելով` «Հասույթը գանձված է» և «Taxe percսe»:

38. Փոստային վճարման պետական նշանները փակցվում են նամակագրական թղթակցության վերևի աջ անկյունում: Նամակագրական թղթակցության առաքման հաստատված սակագների համապատասխան նամականիշը փակցնելն ուղարկողի պարտականությունն է:

39. Արգելվում է մեկ նամականիշը մյուսի վրա փակցնելը: Նամականիշերը մարվում են օրացուցային դրոշմակնիքով, որպեսզի հնարավոր չլինի դրանց կրկնակի օգտագործումը: Նամականիշերը մարելիս՝ ստուգվում է փակցված նամականիշի և ծառայության սակագների համապատասխանությունը, որի դեպքում նամականիշի սակագինը չպետք է պակաս լինի ծառայության սակագնից:

40. Վաճառված փոստային վճարման պետական նշանները հետ չեն ընդունվում և չեն փոխանակվում: Գործողությունից հանված, վնասված, կրկնակի սոսնձված, անօրինական եղանակով մարված փոստային նամականիշերը, ինչպես նաև օտարերկրյա փոստային նամականիշերը չեն օգտագործվում փոստային կապի ծառայությունների մատուցման վճարման հաստատման համար:

41. Միջազգային նամակագրական թղթակցության առաքման դիմաց ծառայությունների վճարման համար սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի կողմից թողարկվող միջազգային պատասխան կտրոններ: Փոստային առաքանու ընդունման ժամանակ ներկայացված միջազգային պատասխան կտրոնները փոխանակվում են փոստային նամականիշերով` օդային տրանսպորտով առաքվող՝ մինչև 20 գրամ քաշ ունեցող մեկ միջազգային հասարակ նամակի արժեքին համապատասխան:

42. Փոստային առաքանին և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ընդունվում են փոստային կապի օբյեկտներում: Հասարակ նամակագրական թղթակցությունը, բացառությամբ սեկոգրամների, որի առաքման ծառայության վճարումը վավերացված է փոստային նամականիշերով, կարող է գցվել փոստարկղ:

43. Փոստարկղ գցված, փոստային կապի ծառայության դիմաց լրիվ վճարը չհաստատված նամակները, փոստային բացիկները և փաթեթները չեն ուղարկվում ըստ նշանակման և, առանց նամականիշերը մարելու, վերադարձվում են ուղարկողին՝ լրիվ վճարման համար, իսկ ուղարկողի հասցեի բացակայության դեպքում` փոխանցվում են չհանձնված առաքանիների թվին: Ֆրանկոմեքենաների և դրոշմավորող մեքենաների կլիշեների դրոշմվածքներով և տպագրական եղանակով դրված փոստային վճարման այլ նշաններով փոստային կապի ծառայությունների վճարումը հաստատող նամակագրական թղթակցությունն ընդունվում է փոստային կապի օպերատորի կողմից սահմանված փոստային կապի օբյեկտներում:

 

VII. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

44. Փոստային առաքանիները հանձնվում և դրամական միջոցների փոստային փոխադրությունները վճարվում են դրանց վրա նշված հասցեին համապատասխան կամ տրվում են փոստային կապի օբյեկտներում:

44.1. Գրանցվող փոստային առաքանիների հանձնման ժամանակ փոստային կապի օպերատորի աշխատակիցն իրականացնում է ստացողի (լիազորված անձի) նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:

(44.1-ին կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

44.2. Փոստային կապի օպերատորը՝ փոստային կապի ծառայություններից օգտվողի ցանկությամբ փոստային առաքանիների ընդունումը/հանձնումը կարող է իրականացնել փոստային ավտոմատների միջոցով: Փոստային առաքանիները փոստային ավտոմատներում պահվում են առավելագույնը 3 օրացուցային օր, պահման ժամկետի ավարտից հետո փոստային առաքանին հետ է վերադարձվում փոստային կապի օբյեկտ:

(44.2-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

44.3. Փոստամատների միջոցով փոստային առաքանիների ընդունման/հանձնման կարգը սահմանվում է փոստային կապի օպերատորների կողմից և հրապարակվում է փոստային կապի օպերատորի ինտերնետային կայքէջերում:

(44.3-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

44.4. Փոստային առաքանիները, դրամական միջոցների փոստային փոխադրությունները մինչ փոստային կապի օպերատորի կողմից հասցեատիրոջը հանձնելը` պատկանում են ուղարկողին:

(44.4-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

45. Իրավաբանական անձանց հասցեագրված փոստային առաքանիների հանձնման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների վճարման այլ կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և փոստային կապի օպերատորի միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:

46. Եթե փոստային կապի օպերատորի և փոստային կապի ծառայություններից օգտվողների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա, փոստային առաքանու վրա նշված հասցեներին համապատասխան, փոստային բաժանորդային պահարանների, փոստային անվանական պահարանների մեջ գցվում են՝

1) հասարակ փոստային առաքանիները.

2) գրանցվող փոստային առաքանիների և դրամական միջոցների փոստային փոխադրությունների մասին տեղեկացումները.

3) փոստային առաքանիների հանձնման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների վճարման մասին հասարակ ծանուցումները.

4) հասարակ փոստային առաքանիների մասին տեղեկացումներն այն դեպքում, երբ փոստային առաքանիների չափերը թույլ չեն տալիս դրանք գցել փոստային բաժանորդային պահարանի կամ փոստային անվանական պահարանի մեջ:

(46-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

47. «Ցպահանջ» հասցեագրված հասարակ փոստային առաքանու և գրանցված փոստային առաքանին հանձնվում, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունները վճարվում են ստացողին (ներկայացուցչին)՝ միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

(47-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

47.1. Հասարակ կամ գրանցվող նամակի (փոստային բացիկի) տեսքով ընդունվող և էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային փոստային բաժանորդային արկղին էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով հանձնվող առաքանին համարվում է հանձնված հասցեատիրոջը՝ հանձնման մասին ծանուցումը ստանալուց հետո:

(47.1-ին կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

47.2. Էլեկտրոնային նամակի (հաղորդագրության) տեսքով ընդունվող և գրանցվող նամակի (փոստային բացիկի) տեսքով հանձնվող առաքանին համարվում է հանձնված հասցեատիրոջը, եթե առկա է գրանցվող նամակի (փոստային բացիկի) հանձնումը հաստատող հասցեատիրոջ ստորագրությունը:

(47.2-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

47.3. Հասցեատիրոջ կողմից հիբրիդային առաքանու ստացման մասին ծանուցումը ձևավորվում է էլեկտրոնային տեսքով և առաքվում է փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային փոստային բաժանորդային արկղին՝ միայն փոստային կապի օպերատորի տեղեկատվական համակարգում հանձնման վերաբերյալ համապատասխան կարգավիճակի հայտնվելուց հետո:

(47.3-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

47.4. Հիբրիդային առաքանիները վերադարձի դեպքում ենթակա են ոչնչացման օրենքով սահմանված կարգով՝ փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողի տեղեկատվական համակարգում վերադարձի կարգավիճակի մասին հաստատումը ստանալուց հետո, եթե պայմանագրով այլ պայմաններ սահմանված չեն:

(47.4-րդ կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

48. Փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստացողին (ներկայացուցչին) հանձնելու կամ վճարելու անհնարինության դեպքում դրանք մինչև մեկ ամիս պահպանվում են փոստային կապի օբյեկտում: Պահպանման ժամկետը կարող է երկարաձգվել ուղարկողի կամ ստացողի (ներկայացուցչի) դիմումի համաձայն:

(48-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

49. Առաջին տեղեկացումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոստային առաքանին և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստանալու համար ստացողի չներկայանալու դեպքում ստացողի ստորագրությամբ նրան է հանձնվում երկրորդ տեղեկացումը:

50. Գրանցվող փոստային առաքանին փոստային կապի օբյեկտում մեկ աշխատանքային օրվանից ավելի պահելու դեպքում` երկրորդ տեղեկացումը հանձնելուց հետո, չհաշված հանձնման օրը, հասցեատիրոջից գանձվում է գումար` սահմանված սակագներին համապատասխան:

51. Սահմանված պահպանման ժամկետը լրանալուց հետո հասցեատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից չստացված հասարակ նամակագրական թղթակցությունը փոխանցվում է որպես չպահանջված փոստային առաքանի: Եթե հասցեատերը չի ստանում գրանցված փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունները, ապա դրանք հետ են առաքվում ուղարկողին` նրա հաշվին, եթե փոստային կապի օպերատորի և ծառայությունից օգտվողի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե ուղարկողը փոստային առաքանին հետ ստանալուց և առաքման համար նախատեսված գումարը վճարելուց հրաժարվում է, ապա, «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, այն փոխանցվում է ժամանակավոր պահպանման` համարելով չպահանջված:

52. Փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով վերադարձվում են հետադարձ հասցեով`

1) ուղարկողի դիմումի հիման վրա` մինչ ստացողին հանձնելը.

2) փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստացողի (ներկայացուցչի) կողմից ստանալուց հրաժարվելու դեպքում.

3) նշված հասցեում ստացողի բացակայության դեպքում.

4) ստացողի հասցեի անընթեռնելիության դեպքում (ջնջված, պոկված և այլն).

5) այլ հանգամանքների դեպքում, որոնք բացառում են, փոստային կապի ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան, փոստային կապի օպերատորի կողմից իր պարտավորությունների կատարումը:

(52-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

53. Գրանցվող փոստային առաքանին վերադարձնելու, կրկին կամ նոր հասցեով առաքելու դեպքում գանձվում է վճար, որի չափը որոշվում է վերադարձի օրը գործող սակագնով:

(53-րդ կետը խմբ. 28.03.24 N 445-Ն)

54. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային փոստային առաքանիների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև փոստային կապի օպերատորի կողմից միջազգային փոստային առաքանիների հանձնումը հասցեատիրոջը (ներկայացուցչին) իրականացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան:

(54-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

55. Միջազգային փոստային առաքանիները, որոնց ներդրվածքի վրա միջազգային փոստափոխանակման վայրում գտնվող մաքսային մարմնի կողմից հաշվարկվել են մաքսային վճարներ, հասցեատերերին (ներկայացուցիչներին) հանձնվում են միայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան հաշվարկված մաքսային վճարների վճարումից հետո:

(55-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

56. Փոստարկղից հանված հասարակ փոստային առաքանին, որի վրա բացակայում է հասցեն կամ հասցեն գրված է ոչ լրիվ, կրճատ, անընթեռնելի, վնասված, և այդ պատճառով հնարավոր չէ ուղարկել նշանակման վայր կամ վերադարձնել ուղարկողին, «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տրվում է ժամանակավոր պահպանման` որպես չպահանջված:

57. Թերություններով փոստային առաքանին ձևակերպվում և հանձնվում է փոստային կապի օպերատորի կողմից սահմանված կարգով:

 

VIII. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

58. Փոստային կապի ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ փոստային կապի ծառայություններից օգտվողներն իրավունք ունեն փոստային կապի օպերատորին ներկայացնելու գրավոր պահանջ կամ բողոք, այդ թվում` պատճառված վնասը հատուցելու նպատակով:

59. Փոստային առաքանին չառաքելու, առաքման սահմանված ժամկետի խախտման, փոստային առաքանու վնասվածքի կամ կորստի, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունները չվճարելու հետ կապված գրավոր պահանջը կամ բողոքը ներկայացվում է՝ ինչպես փոստային առաքանին ուղարկողից ընդունող փոստային կապի օպերատորին, այնպես էլ՝ փոստային առաքանու նշանակման վայրի փոստային կապի օպերատորին՝ վեց ամսվա ընթացքում՝ փոստային առաքանու ուղարկման կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների հանձնման օրվանից սկսած:

60. Միջազգային փոստային առաքանու կորստի դեպքում դրա որոնման համար գրավոր պահանջները (բողոքը) ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում:

61. Գրավոր պահանջը (բողոքը) ենթակա է գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս՝ փոստային կապի ծառայություններից օգտվողը (ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են փոստային կապի ծառայության մատուցման մասին պայմանագրի պատճենը կամ հրապարակային պայմանագրի կնքման փաստը հավաստող այլ փաստաթուղթ (անդորրագիր, ներդրվածքի նկարագրի ցուցակ), ինչպես նաև՝ փոստային կապի օպերատորի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանք հանդիսացող հիմնավորումներ, իսկ պատճառված վնասի փոխհատուցման համար գրավոր պահանջ (բողոք) ներկայացվելու դեպքում` պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները:

(61-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

62. Գրավոր պահանջում (բողոքում) նշվում են՝

1) դիմումատուի (ներկայացուցչի) անունը, հայրանունը, ազգանունը.

2) պահանջի (բողոքը) էությունը.

3) անդորրագրի պատճենը և (կամ) փոստային առաքանու ներդրվածքի նկարագրի ցուցակի պատճենը և (կամ) պայմանագրի պատճենը:

(62-րդ կետը փոփ. 28.03.24 N 445-Ն)

63. Փոստային կապի օպերատորը պարտավոր է ուսումնասիրել գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանել՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

64. Փոստային կապի ծառայություններից օգտվողները գրավոր պահանջի (բողոքի) համար փոստային կապի օպերատորի հետ համաձայնության չգալու դեպքում կարող են դիմել փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

65. Փոստային կապի օպերատորի կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման դիմաց վճարումը կատարվում է փոստային կապի օպերատորի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում:

66. Պատճառված վնասի փոխհատուցումը դիմումատուին վճարելուց հետո փոստային առաքանու հայտնաբերման դեպքում այն հանձնվում է ստացող կողմին կամ վերադարձվում է ուղարկողին: Ընդ որում, դիմումատուից (ստացողից կամ ուղարկողից) գանձվում է պատճառված վնասի փոխհատուցման գումարը՝ բացառությամբ փոստային առաքանին ուշացումով առաքելու համար գանձվող գումարից: Եթե դիմումատուն հրաժարվում է փոխհատուցման գումարը վերադարձնել, այդ դեպքում փոստային առաքանին փոխանցվում է որպես չհանձնված առաքանի:

 

IX. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը լրաց. 23.02.24 N 265-Ն)

 

67. Փոստային կապի օպերատորները պետք է ունենան սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով սպասարկման գրասենյակներ` փոստային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար:

68. Փոստային կապի օպերատորները փոստային կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով պետք է ունենան անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ: Փոստային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումները և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցները պետք է հնարավորություն ստեղծեն փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների համար (բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորները մատուցում են ներհանրապետական փոստային կապի ծառայություններ, ինչպես նաև բացառությամբ 1993 թվականի դեկտեմբերի 23-ին ԱՊՀ անդամ պետությունների կողմից ստորագրված՝ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրի շրջանակներում իրականացվող փոխադրումների) սույն գլխով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը փոստային կապի օպերատորին ներկայացնելու համար։

(68-րդ կետը լրաց. 23.02.24 N 265-Ն)

69. Փոստային կապի օպերատորները պետք է ապահովեն փոստային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը:

70. Փոստային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները պետք է հագեցված լինեն շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և անվտանգության ահազանգման համակարգերով:

71. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում փոստային կապի օպերատորները պետք է օրենքով սահմանված կարգով ծառայությունների մատուցումն ապահովեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվներին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագներին համապատասխան:

(71-րդ կետը խմբ. 28.03.24 N 445-Ն)

71.1. Փոստային կապի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 11-Ն հրամանին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություն:

(71.1-ին կետը լրաց. 28.03.24 N 445-Ն)

72․ Փոստային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումների և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցների (այսուհետ՝ համակարգ) օգտագործմամբ ապահովվում է մատակարարի (ուղարկողի) կողմից ստացված և (կամ) գնորդի (ստացողի) կողմից մուտքագրված՝ հետևյալ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին՝

1) ապրանքների մասով գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքը, ինչպես նաև փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների մոտ գտնվող այլ առևտրային փաստաթղթեր, որոնք պետք է պարունակեն ապրանքներն ուղարկողի, ստացողի կամ վաճառողի և գնորդի մասին տեղեկություններ.

2) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

3) ապրանքի ձեռքբերման դիմաց կատարված վճարման վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում)․

4) ապրանքներն ուղարկողի (վաճառողի) անվանումը․

5) ապրանքներն ստացողի (գնորդի) անվանումը․

6) ապրանքներն ստացողի (գնորդի) անձնագրային տվյալները․

7) ապրանքներն ստացողի (գնորդի) հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

8) առաքանու համարը․

9) առաքանու քաշը․

10) ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը․

11) ապրանքների անվանումը (նկարագրությունը).

12) ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 6 նիշի մակարդակով․

13) ապրանքների արժեքը, արժույթը․

14) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ (առկայության դեպքում)։

(72-րդ կետը լրաց. 23.02.24 N 265-Ն)

73․ Սույն հավելվածի 72-րդ կետի 1-4-րդ, 8-14-րդ ենթակետերով նախատեսված տեղեկություններն ապրանքներն ստացող հանդիսացող անձանց կողմից չներկայացման դեպքում, դրանց առկայությունը համակարգում ապահովում է փոստային կապի օպերատորը։

(73-րդ կետը լրաց. 23.02.24 N 265-Ն)

74․ Սույն հավելվածի 72-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային մարմնին են ներկայացվում մինչև «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գործառնությունների իրականացումը։

(74-րդ կետը լրաց. 23.02.24 N 265-Ն)

(հավելվածը լրաց. 29.08.19 N 1105-Ն, խմբ., լրաց. 23.02.24 N 265-Ն, փոփ., խմբ., լրաց. 28.03.24 N 445-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան