Գլխավոր տեղեկություն
Համար
N 435-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2024 թվականի N 435-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 3-րդ մասի 1-ին կետը և 4-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող՝ 569.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.055236 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18102017-01-0472 վկայական) հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին (այսուհետ՝ գնորդ, գրանցման վկայականի համարը՝ 006452) հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով՝ համաձայն գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 120 000 000 դրամ.

2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 39 900 000 դրամ.

3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 32 538 589 դրամ.

4) ուղղակի վաճառքով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 123 000 000 դրամ։

3. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել կազմակերպության հետ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 162/0017 պայմանագիրը.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից և գնորդի կողմից սույն որոշման 4-րդ կետի համաձայն գույքի վաճառքի գնի, ինչպես նաև գույքի շուկայական արժեքի որոշման դիմաց գանձվող 283 020 դրամ վճարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. գույքի հանձնման-ընդունման պահից սկսած՝ գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 5 տարվա ընթացքում գույքի վրա իրականացնել 250 000 000 դրամի ներդրում,

բ. գնորդը պարտավորվում է գույքի հանձնման-ընդունման պահից սկսած առնվազն 15 տարի գույքի (դրա վրա իրականացված ներդրումների արդյունքում մակերեսների հնարավոր փոփոխությամբ հաշվարկված) առնվազն 90 տոկոսը շահագործել հանրակրթական նպատակներով.

գ. սույն ենթակետի «բ» պարբերության խախտման դեպքում ընկերությունը յուրաքանչյուր տարվա խախտման համար պարտավորվում է խախտման փաստի արձանագրումից սկսած մեկամսյա ժամկետում վճարել տուգանք գույքի վաճառքի գնի՝ 123 000 000 դրամի չափով և մինչև հաջորդող տարվա մեկնարկն ապահովել սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պարտավորության կատարումը, իսկ խախտումը երկրորդ տարին անընդմեջ կրկնվելու դեպքում, ինչպես նաև սույն ենթակետի «զ» կամ «է» պարբերություններով սահմանված պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը՝ վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում վճարված և ներդրված գումարները վերադարձման ենթակա չեն,

դ․ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի միասնական տեղեկանքի, պայմանագրի նոտարական վավերացման և սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը,

ե․ գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին առնվազն 15 տարի՝ մինչև գնորդի կողմից սույն որոշմամբ ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը,

զ. գնորդի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, իսկ այն գերազանցելու դեպքում՝ 10 տոկոսի չափով,

է. գնորդի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, իսկ այն գերազանցելու դեպքում՝ 5 տոկոսի չափով,

ը. մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինման։ Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները.

3) գնորդի հետ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից սկսած, հաջորդող յուրաքանչյուր երրորդ տարում՝ 15-ամյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ընկերության կողմից գույքի օգտագործման վերաբերյալ։

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


28.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան