Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2024 թվականի N 420-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 570-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման վերնագիրը «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «, թեմատիկ հարկային» բառերով.

2) որոշման նախաբանը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «332-րդ հոդվածի 5-րդ մասին և» բառերով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝

«3) հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի:».

4) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 28-ի N 420-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 570-Ն որոշման

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԹԵՄԱՏԻԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է հարկային մարմնի կողմից` ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման հետ կապված ընդհանուր նկարագիրը:

2. Ռիսկի համակարգի նպատակն է թեմատիկ ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա:

 

2. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3․ Սույն հավելվածի իմաստով ռիսկը հարկ վճարողի կողմից հարկման օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելուն կամ դրանք պակաս ցույց տալուն կամ հարկերը ճիշտ չհաշվարկելուն կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջներ չկատարելուն ուղղված գործողության կամ անգործության և դրանց արդյունքում հարկային իրավախախտում կատարելու հավանականությունն է՝ հաշվի առնելով դրա հետևանքով պետությանը հասցված կամ ակնկալվող վնասների մեծությունն ու ծանրության աստիճանը:

 

3. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4․ Ռիսկի համակարգը հիմնված է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկների, հայտարարագրերի, հաշվարկային փաստաթղթերի տվյալների, հարկային մարմնի տեղեկատվական բազայում հավաքագրվող տեղեկությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված կամ ձեռք բերված այլ տեղեկությունների հիման վրա հարկ վճարողի գործունեության ռիսկայնության գնահատման վրա:

5․ Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են ռիսկային չափանիշների հիման վրա։

 

4. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ

 

6․ Սահմանված չափանիշների ռիսկայնության որոշման արդյունքներով` կախված թեմատիկ հարկային ստուգման նպատակից, վերլուծության ուղղվածությունից և այլ չափանիշներից` հարկ վճարողները կարող են խմբավորվել ըստ հարկման համակարգի, գործունեության ոլորտի և այլն:

 

5. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

7․ Ռիսկային չափանիշների ընտրությունը հիմնված է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների, հարկային մարմնի տեղեկատվական բազայում հավաքագրվող տեղեկությունների, օրենքով սահմանված կարգով ստացված կամ ձեռք բերված այլ տեղեկությունների, դրանց վերլուծության արդյունքների, հարկ վճարողի թույլ տված օրենսդրական պահանջների խախտումների վրա:

8․ Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են ընդունվում հետևյալ ռիսկային չափանիշները կամ դրանցից մեկը`

1) իրացման և ձեռքբերման ցուցանիշների համադրման արդյունքները.

2) շահութաբերության (եկամտաբերության) կամ վերադիրի մակարդակը․

3) հաշվարկային փաստաթղթերի տվյալների, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների կամ հարկային մարմնին հայտնի դարձած (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների համադրման արդյունքները․

4) հարկման տարբեր համակարգերի առկայությունը (ընդհանուր հարկման, հատուկ հարկման և այլն).

5) նախկինում կատարված ստուգումների (ուսումնասիրությունների) կամ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները.

6) գործունեության ոլորտները, գործունեության վայրերը, ինչպես նաև դրանց առանձնահատկությունները (այդ թվում՝ կապված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի, անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության, կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների հետ և այլն)․

7) հարկային մարմնի կողմից ստացված կամ ձեռք բերված տեղեկությունների վերլուծության արդյունքները.

8) հաշվարկային փաստաթղթերի քանակի կամ դրանցով արտացոլված արժեքների կամ բովանդակության, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերում արտացոլվող այլ տվյալների համադրման արդյունքները.

9) հաշվարկային փաստաթղթերում արտացոլված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների գների վերլուծության արդյունքները, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) գների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքները․

10) աշխատողների քանակի կամ պաշտոնների կամ մասնագիտությունների կամ աշխատաժամերի կամ աշխատողների գծով եկամտային հարկով հարկման օբյեկտի կամ հարկման բազայի վերլուծության կամ համադրման արդյունքները.

11) իրացման շրջանառության, համախառն եկամտի և գրանցված աշխատողների համադրման արդյունքները.

12) ակցիզային դրոշմանիշերի կամ դրոշմապիտակների կամ հսկիչ նշանների ստացման կամ օգտագործման կամ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) կամ օտարման (այդ թվում` արտահանման) վերլուծությունների արդյունքները.

13) պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող տեղեկությունների համադրման արդյունքները.

14) տնտեսական գործունեության նույն տեսակն ունեցող հարկ վճարողների գործունեության ցուցանիշների և տվյալների համադրման արդյունքները.

15) արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները.

16) վարչական կամ քրեական վարույթում կամ օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ արդյունքում որպես ապացույց ստացված բացատրությունների, ցուցմունքների կամ այլ տեղեկությունների առկայությունը.

17) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ գրավոր ստացված տեղեկությունների (այդ թվում՝ երրորդ անձից կամ այլ անձանցից ստացված տեղեկություններ, դիմում-բողոքներ և այլն) առկայությունը:

 

6. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

9․ Յուրաքանչյուր ռիսկային չափանիշ իր մեջ պարունակում է գնահատման ենթակա մեկ կամ մի քանի ռիսկային ցուցիչներ:

10․ Ռիսկային չափանիշները կարող են գնահատվել օրական, շաբաթական, ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան կամ ցանկացած այլ պարբերականությամբ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

28.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2024 թվական: