Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 194-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,070,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կապանի համայնքային զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

18.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 194-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել մարզերում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) միջոցառումներ, ինչպես նաև համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերանորոգումներ, բարելավումներ։

Անհատույց հիմքերով իրականացվող կրթական միջոցառումների նպատակն է զարգացնել շահառու համայնքների երեխաների մտահորիզոնը և կարողությունները՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ստեղծման նպատակն է նպաստել համայնքների և նրա բնակիչների բազմակողմանի զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։ Որպես ոչ ֆորմալ կրթական ծրագրի մաս կազմող գերազանցության կենտրոն՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ը ժամանակակից հաղորդակցային ու տեղեկատվական տեխնոլոգիաների, ամառային դպրոցների, գիտահավաքների, տարածաշրջանային քննարկումների և այլ կարևոր միջոցառումների կազմակերպման միջոցով աշխարհի լավագույն մասնագետներին ու ռեֆորմատորներին կապում է բնակավայրերի հետ՝ տարածելով կրթության, առողջապահության, արվեստի, գիտության, շրջակա միջավայրի ու տեխնոլոգիայի բնագավառների առաջատար փորձն ու մեթոդները։ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ի գործունեությունը լինելու է անժամկետ և սույն ծրագրի տևողությամբ պայմանավորված չէ։ Տնտեսական միջոցառումների նպատակն է ֆինանսական ներդրումների միջոցով զարկ տալ բնակավայրերում տնտեսական զարգացմանը, գործարարների կարողությունների զարգացմանը: Սպորտային միջոցառումների նպատակն է համայնքի բնակիչների և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի խրախուսումը՝ համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով։ Սպորտային ծրագրերից օգտվելու են համայնքի բոլոր երիտասարդները։ Գյուղատնտեսական միջոցառումների նպատակն է հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, կիրառել նորարարական լուծումներ և մեթոդներ` իրականացնելու գյուղատնտեսական արդյունաբերական տեխնոլոգիաների մասնագիտական կրթական ծրագրեր, որը նպաստելու է տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և յուրօրինակ մշակույթի հիմք է լինելու՝ խթանելով սերունդների գիտելիքները գյուղատնտեսության ոլորտում։

ԳՏՃՄ (STEM) միջոցառումների նպատակն է ստեղծել հնարավորություններ շահառու համայնքների երեխաների համար ծանոթանալու առաջատար լուծումներին և համակարգերին, գիտական, տեխնիկական, ճարտարագիտական և մաթեմատիկայի ոլորտներում։ Դրանք նպաստելու են ապագա սերունդների տեխնիկական հմտությունների և գիտելիքների կատարելագործմանը և նրանց առջև բացելու են նոր հորիզոններ արտադրական և արդյունաբերական ոլորտներում նորարական լուծումների ներդրման և իրագործման համար։

Ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման նպատակն է ստեղծել անհրաժեշտ շինություններ և միջավայր վերը նշված նպատակների իրագործման համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմեն

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կապան բազմաբնակավայր համայնք։ Համայնքային զարգացում։

6.

Ծրագրի բյուջեն

4,070,000,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի մարտի 7-ից մինչև 2034 թվականի մարտի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի I փուլում իրականացվելու են «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ստեղծման աշխատանքները։

Բարեկարգվելու է կենտրոնի տարածքը և զուգահեռաբար հիմնանորոգվելու են կենտրոնի մասնաշենքերը, կառուցվելու են անհրաժեշտ հարակից տեխնիկական շինությունները։ Ծրագրի սույն բաղադրիչը իրականացվելու է 2024 թվականի մարտի 7-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ 2,770,000,000 դրամի չափով։

2․ Ծրագրի II փուլում իրականացվելու է ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման բաղադրիչը։ Բարեկարգվելու են կենտրոնի հարակից տարածքները և ճանապարհները ու դրանց անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 400,000,000 դրամի չափով։

3․ Ծրագրի III փուլում իրականացվելու են տնտեսական, սպորտային, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) միջոցառումները։ Իրականացվելու է 2027 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2034 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 650,000,000 դրամի չափով։

4․ Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 250,000,000 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի տարածքի բարեկարգում՝ ընդամենը 500,000,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 7-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի տեխնիկական շենքերի կառուցման և ներքին հարդարման, տարածքի բարեկարգման, ճանապարհների, ավտոկայանատեղիների և լուսավորության ցանցերի կառուցման

աշխատանքներ՝ ներառյալ հողաչափական (գեոդեզիական) և երկրաբանական ուսումնասիրության, տարածքների բարեկարգման, ցանկապատերի և դարպասների տեղադրման, կանաչապատման

աշխատանքներ, ինչպես նաև հենապատերի և լանջերի կայունացման հետ կապված շինությունների նախագծման և կառուցման աշխատանքներ՝ ընդամենը 250,000,000 դրամ.

2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ջրամբարի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, սեպտիկ հորերի, ջրի և կոյուղու զտման և մաքրման կայանի նախագծման, կառուցման, փորձարկման և

վերանորոգման աշխատանքներ՝ ընդամենը 70,000,000 դրամ.

3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի էլեկտրամատակարարման բարձր և ցածր լարման ցանցերի՝ ներառյալ ենթակայանի կառուցման, տրանսֆորմատորի և այլ համակարգերի ձեռքբերման կամ ներմուծման, նախագծման, փորձարկման և վերանորոգման աշխատանքներ՝ ընդամենը 150,000,000 դրամ.

4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ինժեներական համակարգերի՝ ներառյալ անվտանգության համակարգերի, ինտերնետային և հեռախոսակապի ցանցերի ձեռքբերման կամ ներմուծման, նախագծման, տեղադրման, փորձարկման և վերանորոգման աշխատանքներ՝ ընդամենը 30,000,000

դրամ։

2․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի մասնաշենքերի վերակառուցում և շահագործում՝ ընդամենը`

2,270,000,000 դրամ, իրականացվելու է 2024 թվականի մարտի 7-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մասնաշենքերի, վերակառուցման (հիմնանորոգման) ընդհանուր նախագծման, քանդման, ամրացման, ներքին հարդարման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ 1,320,000,000 դրամ.

2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մասնաշենքերի դռների և պատուհանների պատրաստման, ձեռքբերման կամ ներմուծման և տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 120,000,000 դրամ.

3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մասնաշենքերի էլեկտրամատակարարման և ցածր լարման (մալուխային) ցանցերի, օդորակման ցանցերի և սարքավորումների ձեռքբերման կամ ներմուծման, նախագծման, մոնտաժային, տեղադրման և վերանորոգման աշխատանքներ՝ ընդամենը 220,000,000 դրամ.

4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մասնաշենքերի վերելակների և շարժասանդուղքների սարքավորումների, նյութերի և պարագաների, նախագծման, ներմուծման, ձեռքբերման, տեղադրման, փորձարկման և վերանորոգման աշխատանքներ՝ ընդամենը 150,000,000 դրամ.

5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մասնաշենքերի կահույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերում, ներմուծում (ներառյալ` կահավորման պարագաների ներմուծման, նախագծման և պատրաստման աշխատանքները)՝ ընդամենը 400,000,000 դրամ.

6) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մասնաշենքերի համակարգչային և էլեկտրոնային սարքավորումների ձեռքբերման, ներմուծման, տեղադրման, վերանորոգման և ցանցային միացման աշխատանքներ՝ ընդամենը 60,000,000 դրամ։

3. Ենթակառուցվածքների կառուցում, վերանորոգում և բարելավում` ընդամենը 400,000,000 դրամ՝ իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) հողաչափական (գեոդեզիական) և երկրաբանական հետազննության ու լանջերի ամրացման իրականացում, բարեկարգման և հողային աշխատանքներ ինչպես նաև հենապատերի և ճանապարհների կառուցում և վերանորոգում, ավտոկայանատեղիների կառուցում, անվտանգության տեղեկատվական և լուսավորության ցանցերի կառուցման, մոնտաժման և տեղադրման աշխատանքներ, սարքերի և պարագաների ձեռքբերման կամ ներմուծման, դրանց նախագծման և պատրաստման աշխատանքներ՝ 150,000,000 դրամ.

2) 2 էլեկտրական միկրոավտոբուսի ներմուծում կամ ձեռքբերում՝ ընդամենը 160,000,000 դրամ.

3) 2 մարդատար էլեկտրամոբիլի ներմուծում կամ ձեռքբերում՝ ընդամենը 40,000,000 դրամ.

4) էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման և շահագործման կազմակերպման համար անհրաժեշտ լիցքակայանների և սարքավորումների, նյութերի և պարագաների, նախագծման, ձեռքբերման կամ ներմուծման, կառուցման, փորձարկման և վերանորոգման աշխատանքներ՝ ընդամենը 50,000,000 դրամ։

4․ Տնտեսական, սպորտային, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) միջոցառումներ՝ ընդամենը 650,000,000 դրամ, իրականացվելու է 2027 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2034 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝

1) կրթական նյութերի ձեռքբերում՝ ընդամենը 80,000,000 դրամ.

2) նորարարական նյութերի ներմուծում կամ ձեռքբերում՝ ընդամենը 120,000,000 դրամ.

3) ուսուցողական սարքավորումների ներմուծում կամ ձեռքբերում՝ ընդամենը 160,000,000 դրամ.

4) ուսուցողական ջերմոցի կառուցում՝ ընդամենը 40,000,000 դրամ.

5) սպորտային պարագաների և սարքավորումների ներմուծում կամ ձեռքբերում՝ ընդամենը 50,000,000 դրամ.

6) ուսումնական նպատակով արտադրական, հետազոտական և չափման գործիքների և դրանց հարկավոր նյութերի ներմուծման, ձեռքբերման, տեղադրման, փորձարկման և վերանորոգման աշխատանքներ ՝ ընդամենը 200,000,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

1․ Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 250,000,000 դրամ՝

1) ենթակառուցվածքների թիմի բնականոն երթևեկությունը ապահովելու համար ամենագնաց ավտոմեքենայի ձեռքբերում՝ ընդամենը 30,000,000 դրամ.

2) հիմնադրամի վարչական գործողությունների վերահսկման և կազմակերպման նպատակով անշարժ գույքի ձեռքբերում՝ ընդամենը 100,000,000 դրամ.

3) հիմնադրամի անձնակազմի գիշերակացության նպատակով անշարժ գույքի վարձակալություն՝ ընդամենը 100,000,000 դրամ.

4) այլ ծախսեր՝ 20,000,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կրթության, գիտություն, մշակույթի և սպորտի նախարարության, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Կապանի համայնքապետարանի և այլ համապատասխան գերատեսչությունների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

18.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան