Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2009
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2010

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2009 թվականի

թիվ 130

քաղ. Մինսկ

  

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

(Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328, 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 411, 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 441, 2011 թվականի մարտի 2-ի թիվ 592, 2011 թվականի մարտի 14-ի թիվ 663, 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 727, 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728, 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 858, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշումների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9, 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 50, 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 56 որոշումների խմբագրությամբ)

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Սահմանել, որ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում կիրառվում են Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը (ՄՄ ԱՏԳ ԱԱ) և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:

2. Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող և ցանկացած երկրից ծագող ապրանքների նկատմամբ (նաև որոնց ծագումը սահմանված չէ)՝ բացառությամբ Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի շրջանակներում սակագնային առանձնաշնորհումների տրամադրման դեպքերի, ինչպես նաև ազատ առևտրի ռեժիմի կիրառման դեպքերի:

3. Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը՝ տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են ԵԱՏՄ-ի միջպետխորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) պետությունների ղեկավարների մակարդակով 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող զարգացող երկրների ցանկում (հավելված թիվ 2), Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկում (հավելված թիվ 3) և Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ծագող և ներմուծվող այն ապրանքների ցանկում ներառված երկրներից, որոնք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ (հավելված թիվ 4):

4. Ղազախստանի Հանրապետությանը՝ անցումային շրջանում կիրառել Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ այն ապրանքների և դրույքաչափերի ցանկին համապատասխան, որոնց մասով մասնակից պետություններից մեկի կողմից անցումային շրջանում կիրառվում են Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (հավելված թիվ 5):

5. Սահմանել, որ 2010-2019 թվականների ժամանակահատվածում թույլատրվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 1701 13 – 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքարի հումքի (այսուհետ՝ շաքարի հումք) ներմուծումը՝ ներմուծման մաքսատուրքերի գանձումից ազատմամբ՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար։

Ղազախստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման պայման է Ղազախստանի Հանրապետության տարածքում շաքար վերամշակող ձեռնարկությունների ապահովման համար ներմուծվող շաքարի հումքի նպատակային նշանակության մասին Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի հաստատման առկայությունը:

Ղազախստանի Հանրապետությունը տեղեկացնում է Մաքսային միության հանձնաժողովին արդյունաբերական վերամշակման համար շաքարի հումքի ներուծման տարեկան ծավալների մասին՝ Ղազախստանի Հանրապետությունում շաքարի արտադրման և սպառման՝ առաջիկա ժամանակահատվածի համար ձևավորվող հաշվեկշռին համապատասխան։

Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ` կարող են անցկացվել Մաքսային միության մասնակից պետությունների համապատասխան խորհրդատվություններ՝ Մաքսային միության շաքարի շուկայում ապակայունացում թույլ չտալու նպատակով։

Ղազախստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը, ինչպես նաև շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը չեն վերաուղարկվի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներ։

Սույն կետի դրույթները հիմք չեն` Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից շաքարի ներմուծման նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից սահմանափակող միջոցների կիրառման համար։

6. «8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված՝ շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար» Մաքսային միության միասնական մաքսային սակագնի դիրքերով մաքսային ձևակերպումն իրականացվում է Մաքսային միության մասնակից պետությունում՝ Մաքսային միության այդ մասնակից պետության լիազորված մարմնի համապատասխան հաստատման առկայության դեպքում։

Եթե Մաքսային միության մասնակից պետության օրենսդրությամբ սահմանվել է ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքման ժամանակ օգտագործվող բաղադրիչների տեղայնացման պահանջ, ապա Մաքսային միության այլ մասնակից պետություններում արտադրված բաղադրիչների օգտագործումը համարվում է այդ պահանջի պատշաճ կատարում։

7. Հաստատել, որ, բացի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 5-րդ հոդվածում և 6-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված սակագնային արտոնություններից, Մաքսային միության մասնակից պետությունների կողմից կիրառվում են սակագնային արտոնությունների ստորև թվարկված տեսակները։

7.1. Ներմուծման մաքսատուրքից ազատվում են՝

7.1.1. ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 8703 ապրանքային դիրքում ընդգրկված, Մաքսային միության մասնակից պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից «արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառմամբ արտադրված շարժիչային տրանսպորտային միջոցները՝ հետևյալ չափորոշիչներից որևէ մեկի կատարման դեպքում՝

ա) երկհերթ աշխատանքի ռեժիմի պայմաններում տարեկան 25000 հատից ոչ պակաս քանակությամբ նախագծային հզորությամբ արտադրության առկայություն, թափքի եռակցման, հավաքման և ներկման գործողությունների կատարում, Մաքսային միության մասնակից չհանդիսացող պետություններից ծագող ավտոբաղադրիչների ներմուծում՝ ըստ Մաքսային միության միասնական մաքսային սակագնի «8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար» դիրքերի՝ արտադրման համար օգտագործվող ավտոբաղադրիչների ընդհանուր արժեքի 70%-ից ոչ ավելի ծավալով՝ հաշվի առնելով ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 8707 ապրանքային դիրքում դասակարգվող թափքի արժեքը.

բ) 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկհերթ աշխատանքի ռեժիմի պայմաններում տարեկան 5000 հատից ոչ պակաս քանակությամբ նախագծային հզորությամբ շարժիչային տրանսպորտային միջոցի արտադրության առկայություն, ինչպես նաև մինչև 2010 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամկետում Մաքսային միության այն մասնակից պետության հետ սույն կետի «ա» ենթակետում նշված պայմաններին համապատասխանության ապահովման մասով պարտավորություններ պարունակող համաձայնագրի կնքում, որի տարածքում իրականացվում է արտադրությունը՝ այդ պարտավորություններն ստանձելու օրվանից 84 ամիսը չգերազանցող ժամկետում:

Շարժիչային տրանսպորտային միջոցների՝ սույն կետում նշված չափորոշիչներին համապատասխանող արտադրությունն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ցանկը հաստատվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից:

Սույն կետի «բ» ենթակետի պարտավորությունները չկատարելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ենթակա է ցանկից հանման: Տնտեսավարող սուբյեկտի կրկնակի ընդգրկումը ցանկում թույլատրվում է սույն կետի «ա» ենթակետում նշված չափորոշիչներին համապատասխանության դեպքում.

7.1.2. ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 8701, 8702, 8704, 8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք արտադրվել են Մաքսային միության մասնակից պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից «արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառմամբ՝ Մաքսային միության հանձնաժողովի առանձին որոշմամբ սահմանված պայմանների կատարման դեպքում.

7.1.3. Կետը հանվել է.

7.1.4. Մաքսային միության մասնակից պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի հաշվին ներմուծվող սարքավորումները՝ ներառյալ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև համապատասխան սարքավորման մատակարարման լրակազմում ներառվող նյութերը և լրակազմող արտադրատեսակները (բացառությամբ ենթաակցիզային արտադրատեսակների).

7.1.5. Կետը հանվել է.

7.1.6. Մաքսային միության մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ նավերի միջազգային ռեեստրներում գրանցվող լողացող նավերը: Սույն կետով նախատեսված արտոնությունները տրամադրելու համար մաքսային հայտարարագրի ընդունման օրվանից 45 օրվա ընթացքում հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել նավի՝ նավերի միջազգային ռեեստրում գրանցման վկայականը, ինչպես նաև Մաքսային միության մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր.

7.1.7. Կետը հանվել է.

7.1.8. 2011 թվականին Աստանա և Ալմաթի քաղաքներում VII Ձմեռային ասիական խաղերի անցկացման նպատակով ներմուծվող ապրանքները՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների՝ Ասիայի օլիմպիական խորհրդի հետ համաձայնեցված և ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի ու այդ ապրանքների ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող՝ նշված խաղերի նախապատրաստման և անցկացման հարցերով կազմակերպչական կոմիտեի հաստատումը մաքսային մարմիններին տրամադրելու պայմանով.

7.1.9. 2014 թվականին Մինսկ քաղաքում Հոկեյի աշխարհի առաջնության անցկացման նպատակով ներմուծվող ապրանքները՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների, նշված առաջնության նախապատրաստման և անցկացման հարցերով կազմակերպական կոմիտեի՝ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի ու այդ ապրանքների ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող հաստատումը մաքսային մարմիններին տրամադրելու պայմանով.

7.1.10. Մաքսային միության մասնակից պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող ձկնորսական նավատորմի նավերը, որոնց հետ կապված, Մաքսային միության մասնակից պետության մաքսային տարածքի սահմաններից դուրս կատարվել են կապիտալ վերանորոգման և (կամ) արդիականացման աշխատանքներ՝ պայմանով, որ նշված աշխատանքներն ավարտված են եղել մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը, և որոնք նախկինում արտահանվել են նշված տարածքից.

7.1.11. Տեխնոլոգիական սարքավորումները, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերը, հումքը և նյութերը, որոնք ներմուծվում են բացառապես Մաքսային միության մասնակից պետության տարածքում Մաքսային միության այդ մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան՝ Մաքսային միության մասնակից պետության գործունեության առաջնահերթ տեսակին (տնտեսության հատվածին) համապատասխանող ներդրումային ծրագրի իրագործման շրջանակներում օգտագործելու համար։

Նշված արտոնությունը տրամադրվում է այն հումքի և (կամ) նյութերի առնչությամբ, եթե այդ հումքը և (կամ) նյութերը Մաքսային միության մասնակից պետություններում չեն արտադրվում (կամ արտադրվում են ներդրումային նախագծի իրագործման համար ոչ բավարար քանակով), կամ եթե Մաքսային միության մասնակից պետություններում արտադրվող հումքը և (կամ) նյութերը չեն համապատասխանում իրագործվող ներդրումային ծրագրի տեխնիկական բնութագրերին։

Մաքսային միության հանձնաժողովը Մաքսային միության մասնակից պետության առաջարկների հիման վրա կազմում և թարմացնում է այն ներդրումային ծրագրերի ցանկը, որոնց իրագործման համար տրամադրվում է նշված արտոնությունը, ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերի ցանկը, հումքի և նյութերի ցանկը (նշելով դրանց բնութագրերը (հատկությունները), արտադրողների անվանումները, դրանց արտադրության և սպառման տարեկան ծավալը), ինչպես նաև սահմանում է տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող և պահեստային մասերի, հումքի և նյութերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության կարգը:

Մաքսային միության մասնակից պետություններն ապահովում են այն հումքի և նյութերի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունը, որոնց համար տրամադրվում է մաքսատուրքերից ազատումը.

7.1.12. Լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 995 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր ոսկու պարունակությամբ ձուլակտորներով ոսկին (հարգը՝ 99,5%-ից ոչ ցածր), լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 999 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր արծաթի պարունակությամբ ձուլակտորներով արծաթը (հարգը՝ 99,9%-ից ոչ ցածր) և լիգատուրային զանգվածի 1000 մասի մեջ 999,5 մասից ոչ ցածր քիմիապես մաքուր մետաղի պարունակությամբ ձուլակտորներով պլատինը (հարգը՝ 99,95%-ից ոչ ցածր), որոնք ներմուծվում են Մաքսային միության մասնակից պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից.

7.1.13. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները (Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերը՝ 8802 40 003 2 և 8802 40 004 2), որոնք ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը՝ տվյալ ապրանքի ներմուծումն իրականացնող պետության տարածքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների տարածքների միջև միջազգային փոխադրումների և (կամ) ներքին փոխադրումների համար դրանք օգտագործելու նպատակով.

7.1.14. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները (Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերը՝ 8802 40 003 2 և 8802 40 004 2), որոնք ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն՝ սույն որոշման 7.1.13 կետում նշված արտոնության կիրառմամբ, և որոնք դրանց շահագործման ժամկետի ընթացքում ներմուծվում են Բելառուսի Հանրապետություն և Ղազախստանի Հանրապետություն՝ Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց նորոգումից կամ տեխնիկական սպասարկումից հետո.

7.1.15. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների նորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և սարքավորումները։

Ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատմամբ ներմուծված՝ քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների նորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն այն անձանց, որոնց գործունեության տեսակներից մեկն է քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների շահագործումը և (կամ) նորոգումը և (կամ) տեխնիկական սպասարկումը, կամ նշված անձանց այդ ավիացիոն շարժիչներով, պահեստամասերով և սարքավորումներով ապահովելու հետ կապված գործունեությունը.

7.1.16. Չգրանցված դեղամիջոցները, ինչպես նաև հեմոպոետիկ ցողունային բջիջները և ոսկրածուծը՝ ոչ ազգակցական փոխպատվաստում կատարելու համար, որոնք ներմուծվում են Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրվող թույլատրական փաստաթղթի հիման վրա կոնկրետ պացիենտի՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող կենսական ցուցումներով բժշկական օգնություն ցուցաբերելու համար.

7.1.17. Տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատվող՝ տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն.

7.1.18. Բելառուսի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետի ընթացքում դրա շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետի ընթացքում դրա շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն:

7.2. Տրամադրվում են մինչև 2010 թվականի հունվարի 1-ը Մաքսային միության մասնակից պետությունների կողմից ստորագրված միջազգային պայմանագրերով սահմանված մաքսատուրքերի վճարման արտոնություններ՝ մինչև այդ միջազգային պայմանագրերի միասնականացումը և (կամ) գործողության դադարեցումը՝ դրանց եզրափակիչ դրույթներին համապատասխան։

7.3. Թույլատրվում է տրամադրել սակագնային արտոնություններ այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից որպես կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (ֆոնդում) հիմնադրի ներդրում՝ Մաքսային միության մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերով սահմանված ժամկետների սահմաններում:

7.4. Եթե մաքսատուրքերի վճարման արտոնությունների տրամադրման ժամանակ Մաքսային միության՝ այդ որոշումն ընդունող մասնակից պետությունը որոշում է կոնկրետ վճարողներին, որոնց տրամադրվում է այդ արտոնությունը, ապա Մաքսային միության այդ մասնակից պետությունը ներմուծվող ապրանքների օգտագործման նկատմամբ հսկողության մեխանիզմի վերաբերյալ այնպիսի առաջարկ է ներկայացնում Մաքսային միության հանձնաժողով, որով բացառվում է դրանց ոչ նպատակային օգտագործումը, ինչպես նաև Մաքսային միության այլ մասնակից պետությունների տարածքներում տնտեսական շրջանառության մեջ ներգրավումը:

Մաքսային միության մասնակից պետության կողմից արտոնությունը կիրառվում է ներմուծվող ապրանքների օգտագործման նկատմամբ հսկողության առաջարկվող մեխանիզմի հետ Մաքսային միության հանձնաժողովի համաձայնության դեպքում։

Սույն կետի դրույթները չեն սահմանափակում 7.1.11 կետում նշված արտոնությունների կիրառման պայմանները։

8. Կետն ուժը կորցրել է.

9. Կետն ուժը կորցրել է.

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

Ա. Կոբյակով

ՈՒ. Շուկեև

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: