ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/8816/05/21 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/8816/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ․ ԲԵԴևՅԱՆ | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ | |
Լ. Հակոբյան | ||
Ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի հունվարի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արթուր Սարգսյանի ընդդեմ Քաղաքապետարանի՝ 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արթուր Սարգսյանը պահանջել է վերացնել Քաղաքապետարանի 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 08.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2023 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Զավեն Սմբատյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործի քննարկմանն Արթուր Սարգսյանի մասնակցությունն ապահովելու նպատակով վերջինիս պատշաճ ծանուցման, այն է՝ ք. Երևան, Մ. Խորենացի փողոց, թիվ 42 հասցեով, բազմիցս ուղարկվել են ծանուցումներ, որոնք վերադարձվել են ուղարկողին՝ «Չպահանջված» նշումով: Հարկ է նկատել, որ որպես պատշաճ ծանուցման հասցե հայցվորի կողմից նույնպես նշվել է նույն հասցեն, ինչը ևս մեկ անգամ վկայում է վարչական վարույթի ծանուցագրերը ստանալուց խուսափելու մասին:
Այնուհետև հայցվորի ներկայությունը վարչական վարույթի նիստին ապահովելու նպատակով վարչական մարմինը գրություն է ուղղել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետին՝ ծանուցագրի հանձնման գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով, իսկ վերջինս 14.12.2020 թվականի թիվ 13/5-14367 գրությամբ հայտնել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց: Հիշյալ գրությանը կից ներկայացվել է նաև վերոնշյալ հասցե այցելելու վերաբերյալ արձանագրություն՝ կազմված ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցներն այցելել են հայցվորի պատշաճ ծանուցման հասցե և փորձ են կատարել ծանուցագիրը հանձնել վերջինիս, սակայն Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ է նշանակված վարույթի մասին, անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի Քաղաքապետարանի աշխատակիցներին և հրաժարվել է ստանալ ծանուցագիրը:
Վերոգրյալից հետևում է, որ Արթուր Սարգսյանը պատշաճ ծանուցված է եղել վարչական իրավախախտման գործի քննության անցկացման տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել քննությանը, որպիսի պայմաններում վարչական մարմինն իրավաչափորեն գործը քննել է վերջինիս բացակայությամբ:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է նման պայմաններում առկա իրավական խնդիրը, ըստ որի՝ անձը կարող է պարզապես հրաժարվել ծանուցագիրը ստանալուց, այդպիսով խուսափելով նաև հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքում բացասական հետևանքներ կրելուց:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային 1-ին բաժնի գլխավոր մասնագետ Ավետիս Հովհաննիսյանի կողմից 18.02.2019 թվականին կազմվել է թիվ 029518 արձանագրությունը, որում արձանագրվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են գոյություն ունեցող շվաքարանի և շինությունների վերակառուցման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը հայտնաբերվել է 18.02.2019 թվականին։ Իրավախախտումը կատարվել է Արթուր Վանիկի Սարգսյանի կողմից: Արձանագրությունում առկա է Արթուր Վանիկի Սարգսյանի ստորագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 89-90).
2) Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետի 29.10.2020 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու մասին» թիվ Վ-43/65 որոշման համաձայն՝ կասեցվել է 18.02.2019 թվականին քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 029518 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 36-37).
3) Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետին ուղղված 07.12.2020 թվականի թիվ 44/13051 գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի կողմից Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 հասցեում կատարված իրավախախտման փաստով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործի փաստական հանգամանքների ուսումնասիրմանը քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի մասնակցությունը ապահովելու նպատակով Քաղաքապետարանի կողմից բազմիցս միջոցներ են ձեռնարկվել ծանուցումները քաղաքացուն պատշաճ հանձնելու համար: Ծանուցագրերն առաքվել են նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով` պատվիրված նամակներով, սակայն նամակները չեն հանձնվել հասցեատիրոջը և վերադարձվել են Քաղաքապետարան` «Չպահանջված» և «Տեղափոխված» նշումներով:
Արդյունքում` քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել է` մինչև վերջինիս ի հայտ բերելը:
Տեղեկացվել է նաև, որ իրավախախտում կատարած անձին գործի քննության լսումներին մասնակցությունն ապահովելու համար աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների միջոցով փորձեր են կատարվել տվյալ լսումների անցկացման օրվա, ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցումն ապահովելու համար, ինչը չի հաջողվել կամ հրաժարվել է առձեռն ստանալ ծանուցագիրը:
Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործի փաստական հանգամանքների ուսումնասիրմանը քաղաքացու մասնակցությունն ապահովելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, կրկին խնդրվել է աջակցությունը` Մ. Խորենացի փողոցի թիվ 42 հասցեում հաշվառված` քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանին հայտնաբերելու և Քաղաքապետարանում 24.12.2020 թվականին, ժամը 14:00-ին կայանալիք նիստին մասնակցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 126).
4) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի կողմից Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետին ուղղված 14.12.2020 թվականի թիվ 13/5-14367 գրությամբ հայտնվել է, որ Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 տան բնակիչ Արթուր Սարգսյանը հրաժարվել է ծանուցագիրը ստանալ (հատոր 1-ին, գ.թ. 127).
5) ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ տեսուչի կողմից Արթուր Վանիկի Սարգսյանի մասնակցությամբ կազմված հասցե այցելելու մասին արձանագրությամբ արձանագրվել է, որ Քաղաքապետարանից ստացված գրության հիման վրա այցելել է ք. Երևան, Մ. Խորենացի փողոցի թիվ 42 տուն` վարչական վարույթին մասնակցելու ծանուցագիրը հանձնելու նպատակով: Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ է նշանակված վարույթի մասին, անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի Քաղաքապետարանի աշխատակիցներին և հրաժարվել է ստանալ ծանուցագիրը: Արձանագրությունը ստորագրվել է Արթուր Սարգսյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 128).
6) Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի կողմից 24.12.2020 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը, որի համաձայն՝
1. Քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանի նկատմամբ 29.10.2020 թվականի թիվ Վ-43/65 որոշմամբ կասեցված վարչական վարույթը վերսկսվել է,
2. Քաղաքացի Արթուր Վանիկի Սարգսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Տվյալ դեպքում օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը ստանալուց վարչական վարույթի մասնակցի հրաժարվելու իրավական հետևանքներին։
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):
22.12.2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ ՀՀ Սահմանադրություն) պատշաճ վարչարարության իրավունքը բարձրացվեց սահմանադրական մակարդակի։ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, ամրագրելով անձի պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս)։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նշված սահմանադրական նորմի բովանդակությունից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ անձի համար միջամտող ակտ ընդունելիս վարույթն իրականացնող մարմիններն ու պաշտոնատար անձինք կրում են տվյալ անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու պարտականություն։ Այս ընդհանուր կանոնից բացառությունները կարող են սահմանվել միայն օրենքով։
Նշված սահմանադրական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է.
«1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,
2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,
3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,
4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից՝ անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը՝ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,
5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,
6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,
7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,
8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում (...)»:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը:
Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն վերապահված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար։ Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն, ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է։
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 15.06.2022 թվականը գործող 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Ամրագրելով վարչական մարմնի նշված պարտականությունը՝ օրենսդիրը ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր նորմերում, այնպես էլ վարչական պատասխանատվության վարույթի առանձնահատկությունները սահմանող օրենքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, չի սահմանել վարույթի մասնակիցներին վարչական լսումների վերաբերյալ ծանուցելու կարգ՝ վարչական մարմնի հայեցողությանը թողնելով ծանուցման միջոցի ընտրությունը (լսումների վերաբերյալ ծանուցելու կարգ սահմանվել է միայն 10.07.2022 թվականին ուժի մեջ մտած ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» թիվ 259-Ն ՀՀ օրենքով)։
Նման հայեցողությունը, սակայն, սահմանափակված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հայեցողության շրջանակներով։ Ուստի, վարչական մարմինը, ընտրելով ծանուցման այս կամ այն միջոցը, պարտավոր է առաջնորդվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ելակետ ունենալ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, հիմք ընդունել նրանց իրավահավասարության, ինչպես նաև վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքները, այսինքն՝ հետապնդել օրենքով կանխորոշված նպատակ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական մարմնի պարտականությունը կարող է պատշաճորեն կատարված համարվել, եթե վարչական մարմինը մինչև միջամտող վարչական ակտի կայացումը իր տրամադրության տակ ունեցել է բավարար ապացույցներ առ այն, որ վարչական վարույթի մասնակիցն իրազեկված է լսումների օրվա, ժամի ու վայրի մասին և իրազեկումից հետո իր տրամադրության տակ ունեցել է բավարար ժամանակ վարչական մարմնի առջև իր պաշտպանությունը կազմակերպելու համար։ Հակառակ դեպքում, վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքը, ինչպես նաև վարչական մարմնի առջև արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքները կդառնան անիրական և երևութական՝ զուրկ լինելով արդյունավետ իրացման հնարավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմնի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ գործը քննելու վարքագիծն իրավաչափ է, եթե վարչական պատասխանատվության ենթարկվող անձը, ժամանակին ծանուցված լինելով գործի քննության ժամանակի և տեղի մասին, կամք չի դրսևորել իրացնելու գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը: Գործի քննությանը մասնակցելու՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կամքը բացակայում է, եթե վերջինս, ժամանակին ծանուցված լինելով գործի քննության ժամանակի ու տեղի մասին, չի ներկայանում գործի քննությանը և միաժամանակ չի ներկայացնում գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1889/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վարչական վարույթի ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվող անձին վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցելու հարցին, արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով (տե՛ս, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով 26.12.2008 թվականի որոշումը):
Այսպես․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վերոշարադրյալ իրավանորմերի վերլուծությունների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ամրագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունն ապահովելու պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն իրավասու է գործը քննել տվյալ անձի բացակայությամբ: Հետևաբար վարչական մարմնի ուղղակի պարտականությունն է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ քննելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրի և ժամանակի մասին, սակայն չի ցանկացել իրացնել գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը, ինչպես նաև եթե վարչական վարույթի մասնակիցը միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման կապակցությամբ հարկ է համարում արձանագրել, որ իրավունքի սուբյեկտներին սուբյեկտիվ իրավունքներ վերապահելուց զատ, օրենսդիրը կանխորոշել է նաև այդ իրավունքների իրացման սահմանները։ Եթե իրավունքի սուբյեկտն անտեսում է օրենքով նախատեսված սահմանափակումները, ապա թույլ է տալիս իրավունքի չարաշահում։
ՀՀ սահմանադրական դատարանը 12.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1576 որոշմամբ բացահայտել է այն չափորոշիչները որոնց առկայությամբ արարքը կարող է գնահատվել որպես իրավունքի չարաշահում: Մասնավորապես, նշված որոշմամբ հիմք ընդունելով իրավունքի տեսության մեջ առկա մոտեցումները, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. իրավունքի տեսության մեջ իրավունքի չարաշահումն արձանագրվում է, երբ առկա է, որպես կանոն, հետևյալ պայմանների համակցությունը՝
1. անձը պետք է ունենա համապատասխան իրավունքը,
2. իրավունքի չարաշահումը տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքի իրացման ընթացքում, անձն առերևույթ գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան,
3. անձի` առերևույթ իրավաչափ գործողությունները հանգեցնում են պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերի խախտմանը, իսկ անձը ձգտում է հասնել իր համար ցանկալի արդյունքին կամ նպատակին,
4. իրավունքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն՝ անձը գիտակցում է, որ ինքն իր սուբյեկտիվ իրավունքը չարաշահում է, հետևաբար՝ պետք է կանխատեսի, որ կարող է վնաս պատճառել պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերին:
ՀՀ սահմանադրական դատարանի գնահատմամբ իրավունքի չարաշահման առանձնահատկությունն այն է, որ իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն խեղաթյուրում է իրավունքի նշանակությունը՝ գործելով տվյալ իրավանորմի նպատակային նշանակությանը հակառակ, ինչի արդյունքում վնաս է հասցվում այլ անձին, պետությանը, հասարակությանը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման պայմաններում օրենքում «իրավունքի չարաշահում» հասկացության և հատկանիշների բացահայտված չլինելն ինքնին չի կարող գնահատվել իբրև խնդրահարույց՝ իրավական որոշակիության տեսանկյունից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «չարաշահել» եզրույթն իր մեջ ընդգրկում է ոչ միայն դիտավորություն, այլև որոշակի ուղղվածություն՝ հստակ նպատակի, ինչ-որ արդյունքի հասնելու համար: Այսինքն՝ իրավունքի չարաշահման դեպքում սուբյեկտիվ իրավունքի կրողը դիտավորությամբ միտում ունի իր գործողություններով հասնել ինչ-որ նպատակի, ինչն իր համար կարող է ունենալ որոշակի դրական հետևանքներ (ձգձգել վարչական վարույթը, դիտավորությամբ չծանուցվել վարչական վարույթի նիստի վայրի և ժամանակի մասին՝ այդպիսով լսված լինելու իրավունքի խախտումը դարձնելով պաշտպանության միջոց): Հետևաբար վարույթի մասնակցի իրավունքի չարաշահումը, այն էլ պարբերաբար, չի կարող լինել անզգուշության կամ չիմացության հետևանք:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես իրավունքի չարաշահման իրավական հետևանք՝ պետք է գործի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության մերժման հնարավորությունը։ Այլ կերպ ասած, իրավունքի չարաշահման պարագայում այդ իրավունքը ենթակա չէ պաշտպանության։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ ամրագրել են այն կարևոր կանոնը, որի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարող է անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Զարգացնելով ինչպես վերոգրյալ իրավանորմը, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին վարույթի մասնակցին «պատշաճ ծանուցված համարելու» եզրույթի ողջ ծավալը։
Այսպես․ այն դեպքում, երբ վարչական մարմինն ընտրել է վարչական իրավախախտման գործով անցկացվող նիստի վերաբերյալ վարչական վարույթի մասնակցին որոշակի միջոցներով ծանուցումն անձամբ հանձնելու եղանակը, վարչական վարույթի մասնակցի ծանուցված լինելու իրավունքի իրականացման սահմաններն ընդգրկում է բարեխղճորեն գործելը, այն է՝ ծանուցագիրն առձեռն ստանալն ու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին տեղեկացված լինելը։ Նման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկի իրավաչափ գործողություններ իր ծանուցված լինելու իրավունքն իրացնելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու համար։ Այն դեպքում, երբ վարույթի մասնակիցը հրաժարվում է ստանալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցումը, ապա թույլ է տալիս իրավունքի չարաշահում՝ հստակ գիտակցելով, որ դիտավորությամբ չծանուցվելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին՝ խոչընդոտ է ստեղծում վարչական մարմնի համար անձի լսված լինելու իրավունքի ապահովման օրենսդրական պահանջը պահպանելու և վարչական վարույթը եզրափակող վարչական ակտ ընդունելու համար։
Ամփոփելով վերոգրյալը, ելնելով նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետևյալ ուղղությամբ. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցված պետք է համարվի նաև բոլոր այն դեպքերում, երբ վարչական մարմինը ձեռնարկել է պիտանի և անհրաժեշտ միջոցներ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը վարչական վարույթի մասնակցին հանձնելու ուղղությամբ, սակայն վերջինս հրաժարվել է ստանալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը՝ այդպիսով վարույթի մասնակցի վրա թողնելով ծանուցված լինելու իրավունքի չարաշահման արդյունքում առաջացող բոլոր հնարավոր բացասական հետևանքները։ Իրավունքի նման չարաշահման արդյունքում՝ լսված լինելու իրավունքի խախտման պատրանք ստեղծող իրավիճակը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել հօգուտ իրավունքը չարաշահած վարչական վարույթի մասնակցի, քանի որ իրավունքի չարաշահման պարագայում այդ իրավունքը ենթակա չէ պաշտպանության։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումը կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ վարչադատավարական կարգով քննվող գործով ձեռք են բերվում անհերքելի ապացույցներ այն մասին, որ վարչական մարմինը գործնականում ձեռնարկել է պիտանի և անհրաժեշտ միջոցներ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը վարչական վարույթի մասնակցին հանձնելու ուղղությամբ, սակայն վերջինս հրաժարվել է այն ստանալուց։ Նման ապացույցների բացակայության պարագայում խոսք չի կարող լինել իրավունքի չարաշահման մասին, ուստի վարչական իրավախախտման գործը չի կարող քննվել վարչական վարույթի մասնակցի բացակայությամբ, քանի որ այդ դեպքում չի ապահովվի վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արթուր Սարգսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Քաղաքապետարանի 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը:
Դատարանը 08.04.2022 թվականի վճռով Արթուր Սարգսյանի հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) տվյալ դեպքում հայցվորը պատշաճ ձևով չի ծանուցվել վարչական վարույթի լսումների վայրի և ժամանակի մասին, ինչի արդյունքում վերջինս զրկվել է վարչական վարույթի ընթացքում լսված լինելու, վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու իրավունքից:
Ինչ վերաբերում է Ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ տեսուչի կողմից Արթուր Սարգսյանի մասնակցությամբ 13.12.2020 թվականին կազմված արձանագրությանը, դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Նախ կազմված արձանագրությունից պարզ չէ, թե արդյոք հայցվորը տեղեկացված է եղել հենց 14.12.2020թ. նշանակված վարչական վարույթի լսումների մասին: Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին լսումների իրականացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցման ժամկետն ու միջոցները պետք է ընտրի այն հաշվառմամբ, որպեսզի վերջիններս տեղեկացված լինեն լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի վերաբերյալ և ունենան ողջամիտ ժամկետ՝ լսումներին պատշաճ կերպով ներկայանալու և դիրքորոշում հայտնելու համար: Այլ կերպ ասած՝ վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթի մասնակցին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին: Դատարանը փաստում է, որ եթե նույնիսկ ծանուցագիրը Ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ տեսուչի կողմից 13.12.2021թ. վարչական վարույթի մասնակցին հանձնվեր, վարչական վարույթի լսումները 14.12.2021թ. ժամը 14։00-ին տեղի ունենալու պայմաններում, չէր կարող ապահովվել ողջամիտ ժամկետ վարչական վարույթի լսումներին ներկայանալու, դիրքորոշում հայտնելու համար»։
Վերաքննիչ դատարանը 07.07.2023 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է` Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, արձանագրում է, որ դրանցում առկա չէ հայցվորին վարչական վարույթի լսումների վայրի և ժամանակի մասին ծանուցելու վերաբերյալ պատշաճ ապացույց, որպիսի պայմաններում գործը չէր կարող քննվել վերջինիս բացակայությամբ: Մինչդեռ, սույն դեպքում գործը հայցվորի բացակայությամբ քննելով՝ վարչական մարմինը խախտել է վերջինիս լսված լինելու իրավունքը (...)։
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ տեսուչի կողմից Արթուր Սարգսյանի մասնակցությամբ կազմված արձանագրությանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող հանդիսանալ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ ապացույց, քանզի դրանում՝ նախ, առկա չեն նշումներ, արդյո՞ք, վերջիվերջո, ծանուցումը հանձնվել է Արթուր Սարգսյանին, թե՝ ոչ, երկրորդ՝ որևէ կերպ տեսանելի չէ, թե որ օրվա լսումների ծանուցագրի մասին է գնում խոսքը տվյալ արձանագրությունում»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿՊ ծառայության տարածքային 1-ին բաժնի գլխավոր մասնագետի կողմից 18.02.2019 թվականին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ Կենտրոն վարչական շրջանի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Արթուր Սարգսյանի կողմից իրականացվել են գոյություն ունեցող շվաքարանի և շինությունների վերակառուցման շինարարական աշխատանքներ: Արձանագրությունում նշված է Արթուր Սարգսյանի հաշվառման հասցեն, որից հետո առկա է վերջինիս ստորագրությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի նյութերում առկա ապացույցները վկայում են այն մասին, որ Քաղաքապետարանի կողմից Արթուր Սարգսյանին Կենտրոն վարչական շրջանի Մ. Խորենացի փողոցի թիվ 42 տուն հասցեով պատվիրված նամակով ուղարկված ծանուցումները վերադարձվել են ուղարկողին «Տեղափոխված» և «Չպահանջված» նշումներով (հատոր 1-ին, գ․թ․ 138-152)։
Քաղաքապետարանը քաղաքացի Արթուր Սարգսյանին չհայտնաբերելու պատճառով բազմիցս կասեցրել և վերսկսել է 18.02.2019 թվականի թիվ 029518 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթը՝ Արթուր Սարգսյանի լսված լինելու իրավունքը պահպանելու և վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին ապահովելու համար (հատոր 1-ին, գ․թ․ 36-77)։
Քաղաքապետարանն այդ ողջ ընթացքում տարբեր օրերի նշանակել է նիստեր և յուրաքանչյուր նշանակված նիստի վերաբերյալ Արթուր Սարգսյանին ծանուցելու համար իրականացրել է մի շարք գործողություններ։
Այսպես․ սույն վարչական գործի նյութերում առկա են մի շարք ապացույցներ այն մասին, որ Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը 12.03.2019 թվականի, 04.04.2019 թվականի և 29.08.2019 թվականի գրություններով, իսկ Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանը 30.04.2020 թվականի և 19.10.2020 թվականի գրություններով դիմել են Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ա․ Գյուլզադյանին, իսկ 19.11.2020 թվականի գրությամբ Ա. Աբովյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանին և բոլոր գրությունները, ըստ էության, ուղղված են եղել աջակցություն խնդրելուն՝ Մ. Խորենացի փողոցի թիվ 42 տուն հասցեում հաշվառված Արթուր Սարգսյանին վարչական վարույթի նիստի ծանուցագիրն առձեռն հանձնելու և վերջինիս մասնակցությունը կայանալիք համապատասխան նիստին ապահովելու համար (հատոր 1-ին, գ․թ․ 108, 106, 98, 115, 120, 124)։
Ի պատասխան նշված գրությունների՝ Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ա. Գյուլզադյանը հայտնել է, որ Արթուր Սարգսյանին հնարավոր չի եղել առձեռն հանձնել կայանալիք նիստի մասնակցությունն ապահովելու մասին ծանուցագրերը (հատոր 1-ին, գ․թ․ 99, 107, 109, 116, 121), իսկ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ազիզյանը հայտնել է, որ քաղաքացի Արթուր Սարգսյանը Քաղաքապետարանում կայանալիք նիստին մասնակցությունն ապահովելու համար ծանուցումը հրաժարվել է վերցնել (հատոր 1-ին, գ․թ․ 125)։
Բացի այդ, Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը 05.08.2019 թվականի և 20.11.2019 թվականի գրություններով, ինչպես նաև Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն 20.02.2020 թվականի, 11.09.2020 թվականի և 07.12.2020 թվականի գրություններով դիմել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետին՝ խնդրելով աջակցություն քաղաքացի Արթուր Սարգսյանի մասնակցությունը կայանալիք համապատասխան նիստերին ապահովելու համար (հատոր 1-ին, գ․թ․ 95, 104, 112, 117, 126)։
Ի պատասխան նշված գրությունների՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետն ուղարկել է պատասխաններ՝ կցելով հասցե այցելելու մասին արձանագրություններ, հիմնականում այն բովանդակությամբ, որ ծանուցագիրը չի հանձնվել քաղաքացուն, քանի որ տան դուռը փակ է եղել, կամ Արթուր Սարգսյանը բացակայել է հասցեից, ըստ հարևանի հայտարարության՝ Արթուր Սարգսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն առկա չի եղել, իսկ ըստ կնոջ հայտարարության՝ Արթուր Սարգսյանը գտնվել է Երևան քաղաքից դուրս և տեղեկություններ առկա չեն եղել նրա վերադառնալու մասին (հատոր 1-ին, գ․թ․ 96-97, 105, 113-114, 118-119)։ Իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի վերջին պատասխան գրությամբ և դրան կցված հասցե այցելելու մասին արձանագրությամբ հայտնվել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվել է ծանուցագիրը ստանալ (հատոր 1-ին, գ․թ․ 127-128)։
Սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ հայցվոր Արթուր Սարգսյանը մասնակցել է վարչական իրավախախտման գործով արձանագրության կազմմանը, նշել է իր հաշվառման հասցեն և ստորագրել է այն։ Միևնույն ժամանակ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է նաև, որ վարչական մարմինը գործնականում ձեռնարկել է պիտանի և անհրաժեշտ միջոցներ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը Արթուր Սարգսյանին հանձնելու ուղղությամբ, սակայն վերջինս հրաժարվել է այն ստանալուց՝ թույլ տալով իրավունքի չարաշահում։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական մարմինը սույն դեպքում լիովին պահպանել է օրենսդրական պահանջները, և շարունակել է իրականացնել բոլոր հնարավոր գործողությունները վարչական վարույթի մասնակցին հայտնաբերելու և ծանուցումը նրան անձամբ հանձնելու համար։ Բազմաթիվ փորձերի արդյունքում վարչական մարմնին երկու անգամ հաջողվել է հայտնաբերել Արթուր Սարգսյանին, սակայն, նույնիսկ այդ իրավիճակներում վերջինս հրաժարվել է վերցնել ծանուցագիրը։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ազիզյանի պատասխան գրությունից պարզ է դառնում, որ քաղաքացի Արթուր Սարգսյանը Քաղաքապետարանում կայանալիք նիստին մասնակցությունն ապահովելու համար ծանուցումը հրաժարվել է վերցնել։ Նման վարքագիծ Արթուր Սարգսյանը դրսևորել է նաև Քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության միջև փոխօգնության շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքում, երբ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցն այցելել է Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոց թիվ 42 տուն, հայտնել է Արթուր Սարգսյանին, որ այցը կատարվում է վարչական վարույթին մասնակցելու ծանուցագիրը հանձնելու նպատակով, որին ի պատասխան՝ Արթուր Սարգսյանը հայտնել է, որ ինքը տեղյակ է նշված վարույթի մասին և անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի Քաղաքապետարանի աշխատակիցներին, սակայն արդյունքում հրաժարվել է ստանալ ծանուցագիրը:
Այսպիսով, Արթուր Սարգսյանը հստակ գիտակցել է, որ դիտավորությամբ չծանուցվելով վարչական վարույթի նիստի վայրի և ժամանակի մասին՝ խոչընդոտ է ստեղծում վարչական մարմնի համար իր լսված լինելու իրավունքի ապահովման պահանջը պահպանելու տեսանկյունից, որպիսի հիմնավորումներով էլ հետագայում հայց է ներկայացրել դատարան։
Նման պայմաններում, գնահատելով սույն գործում առկա բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Սարգսյանի վարքագիծը ողջ վարույթի ընթացքում վկայում է այն մասին, որ նա ամեն կերպ խուսափել է ծանուցվել վարչական վարույթի նիստերի մասին, իսկ այն դեպքերում, երբ նա ուղղակի հրաժարվել է վերցնել ծանուցագիրը, տեղյակ լինելով, որ այդ ծանուցագիրն առնչվում է նշված վարչական վարույթին՝ բացահայտորեն չարաշահել է իր պատշաճ ծանուցված լինելու իրավունքը՝ լսված լինելու իրավունքի խախտման պատրանք ստեղծելու նպատակով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Սարգսյանի կողմից ծանուցագիրն առձեռն ստանալուց հրաժարվելու վարքագիծը տվյալ դեպքում պետք է գնահատվի որպես իրավունքի չարաշահում, ինչի պատճառով վարչական վարույթը չի կարող հայտնվել փակուղային իրավիճակում, ուստի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին Արթուր Սարգսյանին պետք է համարել պատշաճ ծանուցված՝ վերջինիս վրա թողնելով իրավունքի չարաշահման արդյունքում առաջացող բոլոր հնարավոր բացասական հետևանքները՝ այդ թվում նաև վարչական ակտի իրավաչափությունը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարույթի մասնակցի բացակայությամբ իրականացնելու հանգամանքով չպայմանավորելը։
Անդրադառնալով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ տեսուչի կողմից Արթուր Սարգսյանի մասնակցությամբ 13.12.2020 թվականին կազմված արձանագրության վերաբերյալ ստորադաս դատարանների այն գնահատականներին և դիրքորոշումներին, թե ծանուցագիրը Արթուր Սարգսյանին հանձնվելու պարագայում անգամ վերջինիս համար չէր կարող ապահովվել ողջամիտ ժամկետ վարչական վարույթի լսումներին ներկայանալու, դիրքորոշում հայտնելու համար, կամ այն չի կարող հանդիսանալ Արթուր Սարգսյանին պատշաճ ծանուցելու վերաբերյալ ապացույց, քանզի դրանում առկա չեն նշումներ, արդյո՞ք, վերջիվերջո, ծանուցումը հանձնվել է Արթուր Սարգսյանին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ՝ նշված արձանագրության մեջ ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցը հստակ նշում է արել այն մասին, որ Արթուր Սարգսյանը հրաժարվել է անձամբ ստանալ ծանուցագիրը՝ հայտնելով, որ տեղյակ է նշված վարույթի մասին, և երկրորդ՝ ստորադաս դատարանների գնահատականներն ու դիրքորոշումները բավարար չեն նշված ապացույցի ապացուցողական նշանակությունը նսեմացնելու համար, հատկապես այն դեպքում, երբ Արթուր Սարգսյանը, չարաշահելով իր իրավունքը, հրաժարվել է առձեռն ստանալ ծանուցագիրը, հետևաբար անհնար է հետևություն անել այն մասին, թե ինչ կարող էր տեղի ունենալ այն դեպքում, եթե Արթուր Սարգսյանն իր իրավունքները չարաշահելու փոխարեն ստանար ծանուցագիրը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի մեկնաբանման հարցում ստորադաս դատարանները ցուցաբերել են խիստ ֆորմալ մոտեցում, ինչի արդյունքում լսված լինելու սուբյեկտիվ իրավունքը կրող Արթուր Սարգսյանին տրամադրել են պաշտպանություն՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ իրավունքի իրացումն ապահովելու համար վարչական մարմինը ձեռնարկել է պիտանի և անհրաժեշտ միջոցներ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագիրը Արթուր Սարգսյանին հանձնելու ուղղությամբ, սակայն վերջինս հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, ուստի իրավունքի չարաշահման արդյունքում առաջացող բոլոր հնարավոր բացասական հետևանքները՝ այդ թվում նաև վարչական ակտի իրավաչափությունը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարույթի մասնակցի բացակայությամբ իրականացնելու հանգամանքով չպայմանավորելը, պետք է թողնվեր հայցվորի վրա։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները 24.12.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-51/38 որոշումը վերացնելու պահանջը քննարկել են միայն հայցվոր Արթուր Սարգսյանի ծանուցված չլինելու և ըստ այդմ՝ լսված լինելու իրավունքի խախտման համատեքստում, և չեն անդրադարձել նշված որոշման իրավաչափության մյուս հիմքերին։ Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումներով, սակայն, հաստատվում է, որ հայցվոր Արթուր Սարգսյանի լսված լինելու իրավունքի խախտում առկա չէ, քանի որ վերջինս է կրում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցագիրն առձեռն ստանալուց հրաժարվելու պատճառով առաջացած բացասական հետևանքները։
Նման պայմաններում, հաշվի առնելով այն, որ Արթուր Սարգսյանի լսված լինելու իրավունքի խախտման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն, իսկ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ որևէ այլ հարց ստորադաս դատարանների կողմից քննարկման առարկա չի դարձվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պարզելու նպատակով գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2023 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության։
2․ Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ․ ԲԵԴևՅԱՆ Զեկուցող Ռ. Հակոբյան Ք․ ՄԿՈՅԱՆ
Լ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|