Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.01.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0708/02/17

2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0708/02/17

Նախագահող դատավոր`

 Դ. Սերոբյան

Դատավորներ`

 Ա. Պետրոսյան

 Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

2024 թվականի հունվարի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սվետլանա Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Շողիկ Դուրյանի հայցի ընդդեմ Ելենա և Սվետլանա Ալեքսանյանների, Աննա Զինովևայի, Օլգա Չորակչանի, երրորդ անձինք Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) ու «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Անուշ Ղուշչյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ու ըստ Ելենա Ալեքսանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Շողիկ Դուրյանի՝ վտարելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Շողիկ Դուրյանը պահանջել է Երևանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 20/2 շենքի թիվ 8 հասցեի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 31.03.2017 թվականի թիվ 1188 և 25.08.2017 թվականի թիվ 3771 վկայագրերը, ինչպես նաև դրանց արդյունքում Կադաստրում Երևանի Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 20/2 շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ Սարգիս Ալեքսանյանի (1/3), Ելենա Ալեքսանյանի (1/5), Աննա Ալեքսանյանի (1/5), Օլգա Ալեքսանյանի (1/5) և Սվետլանա Ալեքսանյանի (1/15) անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ելենա Ալեքսանյանը պահանջել է Շողիկ Դուրյանին վտարել Երևանի Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 20/2 շենքի 8-րդ բնակարանից:

 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.05.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Սվետլանա Ալեքսանյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Ալեքսանյանը (ներկայացուցիչ Դիանա Շախրամանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 370-րդ հոդվածը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքի հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.

Փոստային առաքման «Ստացական» վերտառությամբ անդորրագրով (կոդը՝ LO109120364AM) վերաքննիչ բողոքի ուղարկված լինելու ամսաթիվը նշված է 21.04.2023 թվական, ժամը՝ 17։26։ Վերոնշյալի մասին է վկայում նաև «ՀայՓոստ» ԲԲԸ-ի պաշտոնական տեղեկատվական կայքէջից արտատպված «Առաքանու մանրամասներ» վերտառությամբ փաստաթուղթը, որի համաձայն՝ առաքանին 21.04.2023 թվականին ժամը 17։26-ին հանձնվել է «ՀայՓոստ» ԲԲԸ-ի Չարենցի թիվ 1բ հասցեում գտնվող 0025 մասնաճյուղ։

Բողոքաբերը Դատարանի 08.02.2023 թվականի վճիռը փոստային առաքման միջոցով ստացել է 25.03.2023 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ ներկայացրել է 21.04.2023 թվականին, հետևաբար Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու մեկամսյա դատավարական ժամկետը բաց թողնելու վերաբերյալ եզրահանգումներն անհիմն են և չպատճառաբանված։

Վերաքննիչ դատարանի 22.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերոնշյալ իրավական նորմերի խախտմամբ կայացնելը հանգեցրել է բողոքաբերի դատավարական իրավունքների խախտման և արդարադատության բուն էության խաթարման։ Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը, սխալ գնահատելով քաղաքացիական գործում առկա վերաքննիչ բողոքն ուղարկելու վերաբերյալ ապացույցը, չիրականացնելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, հանգել է սխալ հետևության։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 08.02.2023 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am կայք) հրապարակվել է 14.03.2023 թվականին.

2) Դատարանի 08.02.2023 թվականի ամսաթվով վճիռն ուղարկվել է նաև գործին մասնակցող անձ Սվետլանա Ալեքսանյանին, մինչդեռ գործում բացակայում է այդ վճիռը Սվետլանա Ալեքսանյանին ուղարկելու համար փոստային ծառայությանը սահմանված ժամկետում հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը.

3) թիվ ALO108597885AM հանձնման ծանուցագրի համաձայն՝ Դատարանի վճիռը Սվետլանա Ալեքսանյանն ստացել է 25.03.2023 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 187).

4) Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը Սվետլանա Ալեքսանյանը փոստային առաքման եղանակով ներկայացրել է 22.04.2023 թվականին՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը, քանի որ Դատարանի վճիռն ստացվել է «24.03.2023 թվականին» (հատոր 7-րդ, գ.թ. 4-14)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերն անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս Bellet v. France գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):

Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (տե՛ս Pеrez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 27):

Բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար ու ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգելու ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

-  իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ Վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը Վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե՛ս «ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մարինե Ասրյանի, Ասատուր Գրիգորյանի, անհատ ձեռնարկատեր Սալվինա Հայրապետյանի, Նարինե Բաբայանի, Հովհաննես Խաչիկյանի թիվ ԵԴ/14539/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

Նույն որոշմամբ ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ։ (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոք ներկայացրած անձը բաց է թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, ապա պարտավոր է ներկայացնել ոչ միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, այլ նաև՝ իր կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին գնահատելու ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի հստակեցրել և չի սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման պատճառների հարգելի լինելու հիմքերը, այնուամենայնիվ, այդ պատճառները պետք է հանդիսանան ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ և (կամ) սուբյեկտիվ այնպիսի պատճառներ, որոնց առկայությունը պայմանավորել է անձի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո բողոքարկման իրավունքի իրացման իրավաչափությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանով են իրական խոչընդոտ հանդիսացել դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման համար (տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 08.02.2023 թվականին կայացրել է վճիռ, որը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է միայն 14.03.2023 թվականին (հիմք` «www.court.am»)։

Դատարանի 08.02.2023 թվականի ամսաթվով վճիռն ուղարկվել է նաև գործին մասնակցող անձ Սվետլանա Ալեքսանյանին, մինչդեռ գործում բացակայում է այդ վճիռը Սվետլանա Ալեքսանյանին ուղարկելու համար փոստային ծառայությանը սահմանված ժամկետում հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը:

Գործում առկա է վերը նշված վճիռը Սվետլանա Ալեքսանյանին ուղարկելու վերաբերյալ Դատարանի գրությունը, իսկ թիվ ALO108597885AM հանձնման ծանուցագրի համաձայն՝ Դատարանի վճիռը Սվետլանա Ալեքսանյանն ստացել է 25.03.2023 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 186,187):

Դատարանի 08.02.2023 թվականի ամսաթվով վճռի դեմ վերաքննիչ բողոքը Սվետլանա Ալեքսանյանը փոստային առաքման եղանակով ներկայացրել է 22.04.2023 թվականին՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը, քանի որ Դատարանի վճիռն ստացվել է «24.03.2023 թվականին» (հատոր 7-րդ, գ.թ. 4-21):

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «(...)Դատարանի 08.02.2023թ. վճիռը դատական իշխանության տեղեկատվական համակարգում հրապարակվել է 14.03.2023թ., գործի նյութերում բացակայում է այն հրապարակման հաջորդ օրը բողոք բերած անձին ուղարկելու կամ առձեռն հանձնելու փաստը հաստատող ապացույց, իսկ վերջինս վճիռն ստացել է 25.03.2023թ., հետևաբար՝ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետն սկսել է հոսել 27.03.2023թ. (26.03.2023թ. եղել է ոչ աշխատանքային օր), որպիսի պայմաններում բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 27.04.2023թ. ներառյալ, սակայն վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն 28.04.2023թ. (...)», գտել է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Սվետլանա Ալեքսանյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և՛ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և՛ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե՛ վճռի հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն:

Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթն ու այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը:

Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Դատարանը պատշաճ չի իրականացրել ինչպես դատական ակտի հրապարակման, այնպես էլ այն գործին մասնակցող անձ Սվետլանա Ալեքսանյանին հասանելի դարձնելու իր պարտականությունը, քանի որ 08.02.2023 թվականին նշանակել է վճռի հրապարակման օր, մինչդեռ վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է միայն 14.03.2023 թվականին:

Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սվետլանա Ալեքսանյանը Դատարանի վճռի օրինակն ստացել է միայն 25.03.2023 թվականին (հիմք՝ թիվ ALO108597885AM հանձնման ծանուցագիրը)։ Այսինքն՝ Դատարանի 08.02.2023 թվականի վճիռը Սվետլանա Ալեքսանյանին հասանելի է դարձել միայն 25.03.2023 թվականից, որ ամսաթվից սկսած մեկամսյա ժամկետում՝ 22.04.2023 թվականին, փոստային առաքման եղանակով ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա այն չի բխում գործում առկա ապացույցներից, քանի որ գործի նյութերում առկա վերաքննիչ բողոքի ծրարի վրայի փոստային կնիքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սվետլանա Ալեքսանյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է 22.04.2023 թվականին, ավելին՝ Սվետլանա Ալեքսանյանի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացված www.haypost.am պաշտոնական կայքից կատարված որոնման արդյունքներից պարզ է դառնում, որ նշված ծածկագրով առաքանին Վերաքննիչ դատարանին է ուղարկվել 21.04.2023 թվականին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սվետլանա Ալեքսանյանի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ որպես դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ վկայակոչված հանգամանքը վերը նշված դիրքորոշումների և փաստերի համատեքստում հանդիսանում է հարգելի օբյեկտիվ պատճառ, քանի որ այդ հանգամանքն առաջացել է Սվետլանա Ալեքսանյանի կամքից անկախ, որը վերջինիս զրկել է օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական գործողությունը կատարելու հնարավորությունից։

Վերը նշված հանգամանքները պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

 Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերը նշված հիմքով Սվետլանա Ալեքսանյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Սվետլանա Ալեքսանյանի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Սվետլանա Ալեքսանյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 22.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական: