Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.02.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0446/05/22

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0446/05/22

Նախագահող դատավոր`

 Ռ.  Մախմուդյան

Դատավորներ`

 Կ. Ավետիսյան

 Ս. Հովակիմյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի փետրվարի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.05.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հովհաննես Գալստյանի ընդդեմ Կոմիտեի՝ 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 279/6 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հովհաննես Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 279/6 վարչական ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 19.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.05.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.07.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ, 203-րդ և 205-րդ հոդվածները և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 84-րդ, 104-րդ, 108-րդ, 401-րդ, 404-րդ և 405-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն վարչական գործով կարևոր է այն փաստը, որ Դատարանը, հայցը բավարարելու հիմքում դնելով լիազորագրի ժամկետի լրանալու հանգամանքը, չի պարզել և ուսումնասիրության առարկա չի դարձրել լիազորագիրը և հիմնվել է միայն հայցադիմումում բերված դրա մասին փաստարկի վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ուկրաինայի քաղաքացի Հովհաննես Գալստյանը «WolksWagen Transporter» մակնիշի տրանսպորտային միջոցը ՀՀ տարածք է ներմուծել 09.11.2019 թվականին թիվ 05100033/091119/0000556431 մաքսային մուտքի օրդերով (այսուհետ՝ Օրդեր), որի համար որպես վերջնաժամկետ սահմանված է եղել 07.05.2020 թվականը:

Օրդերում առկա են մաքսային մարմնի կողմից սահմանված՝ 07.05.2020 թվականի ժամկետը, ԵԱՏՄ խորհրդի որոշումների համաձայն երեք անգամ՝ մինչև 04.11.2020 թվականը, 31.03.2021 թվականը և 30.09.2021 թվականը երկարաձգելու նշագրումները: Նշվածը վկայում է այն մասին, որ Հովհաննես Գալստյանը՝ որպես հայտարարատու, բավարար ժամկետ է ունեցել իրեն տրված լիազորագրի լրանալու պայմաններում, տրանսպորտային միջոցի սեփականատեր Գևորգ Գալստյանի կողմից նոր լիազորագիր ձեռք բերելու համար, սակայն ոչ մի գործողություն չի կատարել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հովհաննես Գալստյանը տեղեկացված լինելով, որ տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետն ավարտվում է 30.09.2021 թվականին, չի ապահովել տրանսպորտային միջոցի արտահանումը կամ ձևակերպումը այլ մաքսային ընթացակարգով, ինչպես նաև չի հանձնել տրանսպորտային միջոցը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման, որի պարագայում պարտավորությունը կհամարվեր չխախտված:

Բացի այդ, տրանսպորտային միջոցը ժամանակավոր պահպանման հանձնելու համար փաստաթղթերը կարող են մաքսային մարմին ներկայացվել էլեկտրոնային տեսքով, ինչի հնարավորությունը թե՛ Հովհաննես Գալստյանը՝ որպես տրանսպորտային միջոցի հայտարարատու, և թե՛ Գևորգ Գալստյանը՝ որպես տրանսպորտային միջոցի սեփականատեր, ունեցել են:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ավտոմեքենան ժամանակավորապես ներմուծվել է ՀՀ տարածք Հովհաննես Գալստյանի կողմից, հետևաբար վերջինիս կողմից այն արտահանելու դեպքում լիազորագրի առկայության պահանջ սահմանված չէ, այսինքն՝ անկախ Գևորգ Գալստյանի կողմից նոր լիազորագիր տալու հանգամանքից, Հովհաննես Գալստյանը կարող էր և պարտավոր էր սահմանված ժամկետում մեքենան արտահանել:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Հովհաննես Գալստյանը հնարավորություն է ունեցել օգտվելու օրենքով իրեն վերապահված իրավունքից, սակայն ցուցաբերել է անգործություն, ինչն էլ հանգեցրել է օրենքով սահմանված պարտավորության խախտմանը:

 Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հովհաննես Գալստյանի կողմից վիճարկվող վարչական ակտը չի համապատասխանում օրենքով հստակ սահմանված վարչական ակտի հիմնավորվածության և որոշակիության հատկանիշներին, ինչը, սակայն, հիմնավոր չէ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության պետի ժ/պ Գոռ Բակլաչյանի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 279/6 որոշումը պարունակում է ՀՀ մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով պահանջվող տեղեկությունները և ամբողջությամբ համապատասխանում է գործող օրենսդրությանը։ Բացի այդ, ինչպես ՀՀ մաքսային օրենսգիրքը, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը մանրամասն պարունակում են վարչական տույժ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները և սույն դեպքում վարչական մարմնի կողմից պահպանվել են այդ պահանջները:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Օրդերում, որպես վճարող, նշված է Հովհաննես Գալստյան, ներմուծվող ապրանք՝ VolksWagen-Transporter, 2007, VIN-WV1 ZZZ7HZ8H006260, Շ.Ծ.(սմ3)-1896, համարանիշ-AH2997HH, ժամանակավոր ներմուծման ժամկետ՝ 07.05.2020 թվական, որը երկարաձգվել է մինչև 30.09.2021 թվականը։ Առկա են վճարողի և վճարումն ընդունողի ստորագրությունները (հատոր 1-ին, գ.թ. 30).

2) Հովհաննես Գալստյանը Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին ուղղված 30.09.2021 թվականի թիվ Մ-5877 դիմումով հայտնել է, որ Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն գալուց Օրդերով ձևակերպել է հորը՝ Գևորգ Գալստյանին պատկանող VolksWagen 2007 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը, որի ժամկետը երկարացվել է մինչև 30.09.2021 թվականը։ Ներկա պահին ի վիճակի չէ վերադառնալ, քանի որ հայրը գտնվում է հիվանդանոցում՝ Քովիդ-19 ախտորոշմամբ (որպես հավաստող նյութեր՝ (Սուրբ Աստվածամայր) Բ/Կ-ի կողմից տրված, 29.09.2021 թվականին կազմված (Տեղեկանք) և 15.10.2021 թվականին կազմված «Էպիկրիզ»), իսկ ինքն առանց հոր չի կարող մեկնել։ Խնդրել է երկարացնել Օրդերի ժամկետը՝ մինչև հոր առողջական խնդիրների բարելավումը։ Ի պատասխան նշյալ դիմումի՝ Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության պետի ժ/պ Արթուր Ղալաչյանի կողմից դիմումատուի նույն՝ 30.09.2021 թվականի թիվ 22-4/61643-2021 գրությամբ, այն մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 24-26, 94-95).

3) Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ-իրավաբան Արմեն Ղազարյանի կողմից 20.10.2021 թվականին կազմված «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ 09․11․2019 թվականին Հովհաննես Գալստյանի կողմից Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով Օրդերով 180 օր ժամկետով, ժամանակավոր ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել «WolksWagen Transporter» մակնիշի տրանսպորտային միջոցը, որի ներմուծման ժամկետը երկարաձգվել է մինչև 30.09.2021 թվականը։ Սահմանված ժամկետում Հովհաննես Գալստյանն այդ տրանսպորտային միջոցը չի արտահանել, չի վերահայտարարագրել մաքսային այլ ընթացակարգով՝ չի կատարել ԵԱՏՄ ՄՕ 264-րդ հոդվածի պահանջները, այսինքն՝ քաղաքացի Հովհաննես Գալստյանի գործողություններում առկա են ՀՀ ՄՕ 199-րդ հոդվածով նախատեսված խախտման հատկանիշներ։ Արձանագրության մեջ առկա է հետևյալ նշումը՝ արձանագրությունը կազմվել է իրավախախտողի բացակայությամբ (հատոր 1-ին, գ.թ. 83-84).

4) Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Հովհաննես Գալստյանին հասցեագրված 22.10.2021 թվականի թիվ 22-4/67223-2021 ծանուցագրով հայտնել է, որ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը տեղի է ունենալու 23․11․2021 թվականին, ժամը 12:30-ին Արևելյան մաքսատուն-վարչության վարչական շենքում (հասցե՝ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44) (հատոր 1-ին, գ.թ. 81).

5) Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 279/6 որոշման համաձայն՝ քննելով Ուկրաինայի քաղաքացի Հովհաննես Գալստյանի կողմից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը, որոշվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտում կատարելու համար վերջինիս ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 2.612.987 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 17-22)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի և 27-րդ հոդվածի 1-ի մասի խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն արդյո՞ք կարող է հաստատված համարվել այնպիսի ապացույցի հիման վրա, որը գործի նյութերում բացակայում է։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը` շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի` դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը, եզրահանգում` որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝ հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Օրենսդիրը, ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելուն: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը՝ ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: ՀՀ վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստել է, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատմանն ուղղված դատական վերահսկողությունը պետք է ուղղված լինի այդ ակտի ընդունման հիմքում ընկած բոլոր փաստական և իրավական հիմքերի ստուգմանը (տե՛ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03․03․2022 թվականի որոշումը)։

Ամփոփելով վերոգրյալը և վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը դատարանը որոշում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Նշվածից հետևում է, որ կողմերի ներկայացրած ապացույցների, իսկ անհրաժեշտության դեպքում դատարանի նախաձեռնությամբ, ի պաշտոնե գործելու սկզբունքի շրջանակներում, ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում է միայն դատարանի մոտ ձևավորվում ներքին համոզմունք ներկայացված հայցը բավարարելու կամ մերժելու կապակցությամբ։ Ընդ որում՝ դատարանի մոտ ձևավորված ներքին համոզմունքն իր օբյեկտիվ դրսևորումը պետք է ունենա դատական ակտի պատճառաբանական մասում՝ դատական ակտի հիմնավորվածության ու պատճառաբանվածության պարտադիր պահպանման ենթակա պահանջները ապահովված համարելու համար։

Այսինքն՝ դատարանը, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը հաստատված կամ հերքված համարելու համար պետք է իր տիրապետության տակ՝ գործի նյութերում, ունենա համապատասխան փաստի հաստատումը կամ հերքումը հիմնավորող ապացույց, որի հետազոտման և գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքը պետք է արտացոլվի դատական ակտի պատճառաբանական մասում տեղ գտած հիմնավորումներում, որի պարագայում միայն դատարանի կողմից կայացված դատական ակտը կարող է լինել իրավաչափ և օրենսդրության պահանջներին համապատասխանող։ Հակառակ դեպքում, եթե որևէ փաստի հաստատված լինելը դատարանը հիմնավորում է այնպիսի ապացույցով, որը գործի նյութերում բացակայում է, ապա այն հանգեցնում է դատարանի՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտականության խախտման։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հովհաննես Գալստյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 279/6 վարչական ակտը:

Դատարանը 19.07.2022 թվականի վճռով բավարարել է Հովհաննես Գալստյանի հայցը՝ պատճառաբանելով, որ «(...) սույն դեպքում առկա է եղել օբյեկտիվ այլ պատճառ, այն է՝ առկա չի եղել համապատասխան լիազորագիր հայցվորի կողմից այլ անձին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան արտահանելու համար, իսկ սեփականատերը հիվանդության պատճառով եղել է մեկուսացված:

Վերոգրյալ ամբողջի հիման վրա Դատարանը գտնում է, որ գործով պատասխանող վարչական մարմինը չի իրականացրել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

(...) վարչական մարմինը պարտավոր էր վարույթի ընթացքում ապահովել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, մասնավորապես, պարտավոր էր բացահայտել հայցվորի կամ մեքենայի սեփականատիրոջ մեղքի առկայությունը կամ բացակայությունը կատարված արարքում, այնինչ, Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բացակայում է հայցվորի մեղքը, քանի որ վերջինիս լիազորագրի ժամկետն ավարտվել է 28092021 թ-ին, իսկ մեքենայի սեփականատեր հանդիսացող նրա հայրը նույն ամսաթվին ընդունվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի թերապևտիկ բաժանմունք՝ Քովիդ-19 հիվանդության ախտորոշմամբ և հայցվորին չի տրամադրել նոր լիազորագիր, որպիսի պայմաններում վերջինս չէր կարող մեղքի որևէ ձևի դրսևորմամբ կատարել իրավախախտումը, քանի որ չէր կարող նաև կանխատեսել դեպքերի նման ընթացքը: Իսկ մեղքի բացակայությունը կատարված արարքում հանգեցնում է անձի վարչական պատասխանատվության բացառմանը»։

Վերաքննիչ դատարանը 22.05.2023 թվականի որոշմամբ մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը, և Դատարանի 19.07.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) պատասխանողը պատշաճ դիտարկման չի արժանացրել այն հանգամանքը, որ հայցվոր Հովհաննես Գալստյանն իր հորը՝ Գևորգ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան ՀՀ տարածք է ներմուծել հոր կողմից տրված լիազորագրի հիման վրա, որի գործողության ժամկետը, համաձայն սույն գործում առկա նյութերի, լրանում է 28.09.2021 թվականին, այսինքն, այն օրը, երբ Գևորգ Գալստյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի թերապևտիկ բաժանմունք՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբով՝ ասոցացված Քովիդ-19 (միջին ծանր աստիճանի)։ Վերաքննիչ դատարանն այնուհետև արձանագրում է, որ Հովհաննես Գալստյանի կողմից տրանսպորտային միջոցի ներմուծումն իրականացնելու պայմաններում հենց վերջինս է պարտավոր եղել որպես հայտարարատու՝ սահմանված մաքսային կանոնին համապատասխան նաև արտահանել։ Այլ հարց է, որ ներմուծված տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող Գևորգ Գալստյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա տրանսպորտային միջոցը փաստացի տնօրինող և օգտագործող Հովհաննես Գալստյանը տրված լիազորագրի ժամկետը լրանալու պայմաններում արդյոք կկարողանար նշված տրանսպորտային միջոցը արտահանել, վարել կամ այլ կերպ շահագործել, իսկ վերջինիս հայրը, ով համարվում է այն իրավասու սուբյեկտը, ով կարող էր հայցվորին տրամադրել այդպիսի լիազորագիր, գտնվել է հիվանդանոցային պայմաններում՝ Քովիդ-19 ախտորոշմամբ։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորը, տրանսպորտային միջոցի ներմուծման երկարաձգված ժամկետը լրանալու ժամանակ արդեն իսկ չի ունեցել հնարավորություն՝ նույն տրանսպորտային միջոցը արտահանելու կամ այլ կերպ շահագործելու և այս դեպքում հատկանշական է ընդգծել այն հանգամանքը, որ հայցվորը ենթադրելով, թե ինչ հետևանքներ են իրեն սպասվում սահմանված ժամկետի խախտման համար, ստիպված է եղել ավտոմեքենան ավտոտարհանիչով (քանի որ վերջինս արդեն իրավասու չէր մեքենան վարել անձամբ) տանել Բագրատաշենի մաքսային անցակետ՝ ՀՀ սահմանը անցնելու նպատակով, սակայն ժամկետի լրացած լինելու պատճառով ստացել է մերժում և մեքենան Բագրատաշենի մաքսային անցակետում թողնելով, վերադարձել է»։

 

Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հովհաննես Գալստյանը Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն գալուց Օրդերով ձևակերպել է հորը՝ Գևորգ Գալստյանին պատկանող VolksWagen-Transporter, 2007 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը, ժամանակավոր ներմուծման ժամկետը՝ 07.05.2020 թվական, որը երկարաձգվել է մինչև 30.09.2021 թվականը։

Հովհաննես Գալստյանը 30.09.2021 թվականին Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին ուղղված թիվ Մ-5877 դիմումով հայտնել է, որ ի վիճակի չէ վերադառնալ, քանի որ հայրը գտնվում է հիվանդանոցում՝ Քովիդ-19 ախտորոշմամբ, ներկայացրել է համապատասխան ապացույցներ, և խնդրել է երկարացնել Օրդերի ժամկետը՝ մինչև հոր առողջական խնդիրների բարելավումը։

Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության պետի ժ/պ Արթուր Ղալաչյանի կողմից նույն օրվա թիվ 22-4/61643-2021 գրությամբ Հովհաննես Գալստյանի դիմումը մերժվել է։

Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության պետի ժ/պ Գոռ Բակլաչյանի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 279/6 որոշմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտում կատարելու համար Հովհաննես Գալստյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2.612.987 ՀՀ դրամի չափով տուգանքի։

Այնուհետև Հովհաննես Գալստյանը վիճարկման հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կոմիտեի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 279/6 վարչական ակտը:

Տվյալ դեպքում ստորադաս դատարաններն արձանագրել են, որ կատարված զանցանքում Հովհաննես Գալստյանի մեղքը բացակայում է, և հետևաբար վերջինս ոչ իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության։ Նշվածը հիմնավորել են նրանով, որ Հովհաննես Գալստյանին տրված լիազորագրի գործողության ժամկետը լրացած է եղել, և վերջինս, իրենից անկախ հանգամանքներում չի կարողացել ներմուծված մեքենան արտահանել սահմանված ժամկետում։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը, այն է՝ Հովհաննես Գալստյանի մեղքի բացակայությունը, ստորադաս դատարանները հաստատված են համարել` հիմք ընդունելով Գևորգ Գալստյանի կողմից Հովհաննես Գալստյանին տրված լիազորագրի գործողության ժամկետը լրացած լինելու հանգամանքը։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններում նշված այն հանգամանքին, ըստ որի՝ «լիազորագրի գործողության ժամկետը, համաձայն սույն գործում առկա նյութերի, լրացել է 28.09.2021 թվականին», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նշված լիազորագիրը, որը դրվել է ստորադաս դատարանների դատական ակտերի պատճառաբանությունների հիմքում, սույն գործի նյութերում բացակայում է։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումում, ինչպես նաև մի շարք այլ դիմումներում հայցվորը հիշատակել է վերոնշյալ լիազորագրի մասին այն համատեքստում, ըստ որի՝ լիազորագրի ժամկետը լրացած է եղել, սակայն, ինչպես արդեն իսկ նշվեց, տվյալ փաստաթուղթը՝ որպես ինքնուրույն գրավոր ապացույց, սույն գործի նյութերում բացակայում է։

Նշված հանգամանքը Կոմիտեի կողմից վկայակոչվել է նաև վերաքննիչ բողոքում հետևյալ կերպ՝ «կարևորում ենք այն փաստը, որ Դատարանը հայցը բավարարելու հիմքում դնելով լիազորագրի ժամկետի լրանալու հանգամանքը չի պարզել, ուսումնասիրության առարկա չի դարձրել լիազորագիրը և հիմնվել է միայն հայցադիմումում բերված դրա մասին փաստարկի վրա», սակայն Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով որևէ անդրադարձ չի կատարել նշված փաստարկին, ընդհակառակը՝ Վերաքննիչ դատարանը ևս նշված լիազորագիրը դրել է բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների հիմքում։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով բողոքարկվող՝ Վերաքննիչ դատարանի 22.05.2023 թվականի որոշման հիմքում, որպես հայցվոր Հովհաննես Գալստյանի մեղքի բացակայությունը հիմնավորող ապացույց, վկայակոչվել է Գևորգ Գալստյանի կողմից Հովհաննես Գալստյանին մեքենան ՀՀ տարածք ներմուծելու համար տրված լիազորագիրը, որի գործողության ժամկետը եղել է լրացած, մինչդեռ վկայակոչված լիազորագիրը գործի նյութերում բացակայում է, ուստի ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը, առանց հետազոտելու նշված լիազորագիրը, գնահատել է այն՝ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի և 27-րդ հոդվածի 1-ի մասի պահանջները:

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև վիճարկվող վարչական ակտի իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան չլինելու հարցին և արձանագրել է, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» (ներկայումս «ներքին սպառման համար բացթողում») մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները կազմում են ՀՀ մաքսային սահմանով այդ ապրանքների տեղափոխման համար օրենքով սահմանված մաքսատուրքի, մաքսային մարմիններին վճարվող` ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և պետական տուրքի հանրագումարը:

Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկվող որոշումը պետք է պարունակեր նաև հիմնավորումներ ՀՀ մաքսային տարածք ներմուծված և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների, ինչպես նաև տվյալ ապրանքների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության հաշվարկի վերաբերյալ, մանրամասնելով, թե ինչպես է ստացվել տվյալ մաքսային վճարների մեծությունը, ուստի վիճարկվող վարչական ակտը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, ուստիև նման վարչական ակտը չի կարող համարվել իրավաչափ:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է ՀՀ մաքսային օրենսգրքի «Մաքսային կանոնների խախտումները և պատասխանատվությունը դրանց համար» վերտառությամբ 38-րդ գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նույն գլխին չհակասող մասով։ Ինչպես իրավացիորեն նշել է նաև Վերաքննիչ դատարանը, նշվածը չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների, այդ թվում՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշման նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, մասնավորապես՝ այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունում կայացված յուրաքանչյուր վարչական ակտ պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս համատեքստում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները վերաբերում են նրան, որ վիճարկվող վարչական ակտը որոշակի չէ, քանի որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի համար պարզ, հասկանալի և ըմբռնելի չի կարող լինել իրեն առաջադրված տուգանքի չափը։

Այսպես Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտում նշվել է, որ Օրդերով VolksWagen Transporter մակնիշի, 2007 թվականին թողարկված, շարժիչի ծավալը՝ 1896սմ3, (vin-WV1 ZZZ7HZ8H006260) նույնականացման համարով ավտոմեքենան ազատ շրջանառության համար բաց թողնվելու դեպքում կառաջանա մաքսատուրք՝ 4.793.847 ՀՀ դրամ, բնապահպանական վճար՝ 432.126 ՀՀ դրամ, որոնց «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով էլ՝ 2.612.987 ՀՀ դրամ, նշանակվել է տուգանք։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը, այն է՝ Կոմիտեի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 279/6 որոշումը, պարունակում է տվյալներ՝ նշանակված տուգանքի չափի և դրա ձևավորման վերաբերյալ, ուստիև նման մեկնաբանությամբ վարչական ակտը չի կարող համարվել ոչ որոշակի և ոչ իրավաչափ։

Այլ հարց է, որ կատարված հաշվարկի և հիմք ընդունված թվերի ոչ հավաստի լինելու վերաբերյալ գործին մասնակցող անձանց մոտ կասկածներ առկա լինելու և հիմնավորված հակափաստարկներ ներկայացված լինելու դեպքում դատարանն իրավասու է քննարկել և, հաստատված համարելու պայմաններում, անվավեր ճանաչել վարչական ակտը, սակայն սույն դեպքում նման դիրքորոշում չի ներկայացվել անգամ հայցադիմումում, իսկ դրանց բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կատարած վերլուծությունները հիմնավոր չեն, քանի որ վարչական ակտը որոշակի է։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանի որոշումը չի պարունակում հիմնավորում այն մասին, թե ինչ իրավանորմի խախտում է թույլ տվել վարչական մարմինը վիճարկվող վարչական ակտը կայացնելիս։ Հետևաբար վիճարկվող վարչական ակտի՝ Վերաքննիչ դատարանի արձանագրած անվավերության այս հիմքը ևս հիմնավոր չէ։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հիման վրա կատարված զանցանքում Հովհաննես Գալստյանի մեղքի առկայությունը պարզելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.05.2023 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան