Գլխավոր տեղեկություն
Համար
N 326-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2024 թվականի N 326-Ն

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 326-Ն որոշման

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը, որոնք կարևոր օբյեկտների գնահատման դեպքում դիտարկվում են օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շրջակա միջավայրի օբյեկտների, բնութագրերի հետ միասին։

2. Սույն փաստաթղթում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ (այսուհետ՝ օբյեկտ)` միջուկային տեղակայանք, ռադիոակտիվ թափոնների թաղման կետ (գերեզմանոց), ռադիոակտիվ թափոնների պահեստարան, որում պահվող նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 ՏԲք և/կամ դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 ՏԲք.

2) արտանախագծային վթար՝ վթար, որն առաջացել է նախագծային վթարների ցանկում չներառված ելակետային պատահարի հետևանքով կամ ուղեկցվում է անվտանգության համակարգերի լրացուցիչ խափանումներով (եզակի խափանման սկզբունքից առավել), անձնակազմի սխալ որոշումների իրականացմամբ, որոնք կարող են բերել ծանր հետևանքի կամ միջուկային վառելիքի վնասման.

3) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ՝ կարգավորող մարմին)` մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորման և թույլտվության, միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության և պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրավասությամբ.

4) ծանր վթար՝ նախագծային առավելագույն սահմանը գերազանցող արտանախագծային վթար (օրինակ՝ ատոմակայանի դեպքում՝ միջուկային վառելիքի վնասվածքով ուղեկցվող վթար), որի դեպքում կարող է գերազանցվել ռադիոակտիվ նյութերի շրջակա միջավայր արտանետման թույլատրելի վթարային սահմանը․

5) միջամտման աշխատանքային մակարդակ՝ վթարային ճառագայթահարման իրավիճակի առաջացման ժամանակ կանխարգելվիք դոզայի մակարդակ, որի դեպքում իրականացվում են համապատասխան պաշտպանական միջոցառումներ․

6) նախագծային վթար՝ վթար, որի համար նախագծով որոշված են ելակետային պատահարներն ու վերջնական վիճակը, նախատեսված են անվտանգության համակարգերը, որոնք հաշվի առնելով անվտանգության համակարգերի եզակի խափանման սկզբունքը կամ անձնակազմի կողմից թույլ տրված եզակի սխալը, ելակետային պատահարի հետ միասին, ապահովում են դրա հետևանքների սահմանափակումը` նման վթարների համար որոշված սահմաններում․

7) ներկայացուցչական անձ՝ առավելագույն ճառագայթահարման ենթարկված բնակչության կազմից անձ, որի ստացած ճառագայթահարման դոզան հանդիսանում է ներկայացուցչական․

8) ռադիոիզոտոպային կազմ՝ օբյեկտից դեպի շրջակա միջավայր արտանետված կամ արտանետվելիք ռադիոիզոտոպների քանակը և պարունակությունը։ Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների և գերեզմանոցների համար ռադիոիզոտոպային կազմը ներառում է նաև միգրացիայի հետևանքով շրջակա միջավայրում հայտնված ռադիոիզոտոպները.

9) ռադիոիզոտոպների միգրացիա՝ բնական երևույթների հետևանքով ռադիոիզոտոպների տեղաշարժը շրջակա միջավայրում.

10) վթար՝ օբյեկտի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ, որի ժամանակ տեղի է ունեցել անվտանգ շահագործման սահմանները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի ելք և (կամ) իոնացնող ճառագայթման տարածում՝ նախագծով նախատեսված բնականոն շահագործման սահմաններից դուրս: Վթարը բնութագրվում է ելակետային պատահարով, զարգացման ուղիներով և հետևանքներով.

11) օբյեկտի բնականոն շահագործում՝ օբյեկտի շահագործում նախագծով սահմանված շահագործման սահմաններում ու պայմաններում։

 

2․ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

3. Օբյեկտի շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման նպատակն է որոշել ներկայացուցչական անձի ճառագայթահարման սպասվելիք դոզան, որը շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության հիմնական բնութագիրն է։

4. Շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացվում է օբյեկտի նախատեսվող գործունեության հետևյալ տեսակների համար՝

1) հրապարակի ընտրություն.

2) կառուցում.

3) շահագործում.

4) շահագործումից հանում (ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված գերեզմանոցների դեպքում՝ փակում)։

5. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատման արդյունքները ենթակա են փորձաքննության, ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 640 որոշմանը համապատասխան, որպես շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մաս։

6. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա»-«ը» պարբերություններով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության փորձաքննությունն իրականացնում է օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված լիազոր մարմինը՝ որպես փորձագետ փորձաքննության գործընթացում ներգրավելով ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ունեցող անձի։

7. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացվում է օբյեկտի բնականոն շահագործման և հնարավոր վթարային իրավիճակների համար։

8. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները՝

1) ռադիոիզոտոպային կազմի ընտրությունը և հիմնավորումը.

2) շրջակա միջավայրում ռադիոիզոտոպների տարածման մեթոդների և մոդելների ընտրությունը.

3) ճառագայթահարման ուղիների ընտրությունը և հիմնավորումը.

4) ճառագայթահարման ենթարկվող ներկայացուցչական անձի ընտրության հիմնավորումը.

5) օբյեկտի բնականոն շահագործման և հնարավոր վթարային իրավիճակներում ներկայացուցչական անձի սպասվելիք ճառագայթահարման դոզայի գնահատումը։

9. Ներկայացուցչական անձի սպասվելիք ճառագայթահարման դոզայի գնահատումից հետո իրականացվում է գնահատված արժեքի համեմատություն դոզայի սահմանային և դոզայի բաժնեմասի թույլատրելի արժեքների հետ և մշակվում է համապատասխան եզրակացություն՝ սահմանված թույլատրելի արժեքներին բավարարելու կամ չբավարարելու վերաբերյալ։

 

3․ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՕԲՅԵԿՏԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

10. Օբյեկտի նախատեսվող գործունեության դեպքում ներկայացուցչական անձի ճառագայթահարման սպասվելիք տարեկան դոզան արտահայտվում է հետևյալ բանաձևով․

 

𝐸 = 𝐸inh + 𝐸im + 𝐸gr + 𝐸ing + 𝐸s,

 

որտեղ՝

𝐸՝ ներկայացուցչական անձի ճառագայթահարման սպասվելիք տարեկան արդյունարար դոզան (Զվ/տարի),

𝐸inh՝ օդի ներշնչմամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան (Զվ/ տարի),

𝐸im՝ մթնոլորտ արտանետված ռադիոակտիվ աերոզոլների ուղիղ ազդեցությամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան (Զվ/ տարի),

𝐸gr՝ հողային շերտում առկա ռադիոիզոտոպների ուղիղ ազդեցության հետևանքով ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան (Զվ/ տարի),

𝐸ing՝ ռադիոիզոտոպներ պարունակող սննդամթերքի օգտագործման հետևանքով ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան (Զվ/ տարի),

𝐸s՝ մակերևույթային ջրային ավազանների հատակի նստվածքներում առկա ռադիոիզոտոպների ուղիղ ազդեցության հետևանքով ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան (Զվ/ տարի)։

11. Օդի ներշնչմամբ (𝐸in) և մթնոլորտ արտանետված ռադիոակտիվ աերոզոլների ուղիղ ազդեցությամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան (𝐸im ) որոշվում է՝ հիմք ընդունելով oբյեկտի բնականոն շահագործման պայմաններում շրջակա միջավայր մթնոլորտային արտանետումների հետևանքով օդում ռադիոիզոտոպների պարունակության տարեկան միջին արժեքը (Բք/կգ)։

12. Հողային շերտում առկա ռադիոիզոտոպների ուղիղ ազդեցությամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան (𝐸gt ) որոշվում է՝ հիմք ընդունելով oբյեկտի բնականոն շահագործման պայմաններում շրջակա միջավայր մթնոլորտային արտանետումների և հեղուկ արտահոսքերի հետևանքով հողային շերտում կուտակված ռադիոիզոտոպների պարունակությունը (Բք/կգ կամ Բք/մ2

13. Ռադիոիզոտոպներ պարունակող սննդամթերքի օգտագործմամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան որոշվում է հետևյալ բաղադրիչների հիման վրա՝

1) միրգ/բանջարեղենում և կանաչեղենում ռադիոիզոտոպների պարունակություն (Բք/կգ).

2) կենդանածին մթերքում (մսամթերք, կաթնամթերք) ռադիոիզոտոպների պարունակություն (Բք/կգ).

3) ջրային կենդանատեսակներում ռադիոիզոտոպների պարունակություն (Բք/կգ)։

14. Մակերևույթային ջրային ավազանների հատակի նստվածքներում առկա ռադիոիզոտոպների ուղիղ ազդեցությամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան որոշվում է՝ հիմք ընդունելով նստվածքներում ռադիոիզոտոպների պարունակությունը (Բք/կգ):

15. Ներկայացուցչական անձի ճառագայթահարման սպասվելիք տարեկան դոզան, ինչպես նաև ազդեցության գոտում` հողային շերտում, միրգ/բանջարեղենում, կանաչեղենում, կենդանածին մթերքում և ջրային կենդանատեսակներում ռադիոիզոտոպների պարունակությունը գնահատվում են ռադիոիզոտոպների տարածման մոդելների օգտագործմամբ։ Օդում ռադիոիզոտոպների պարունակության տարեկան միջին արժեքը գնահատվում է մթնոլորտային դիսպերսիոն մոդելների միջոցով։

 

4․ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՕԲՅԵԿՏԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 

16. Վթարային իրավիճակներում շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացվում է օբյեկտի նախագծային, արտանախագծային և հնարավոր ծանր վթարների սցենարների համար։

17. Վթարի դեպքում շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշմամբ սահմանված պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների համակարգը և չափանիշները, ինչպես նաև վթարային իրավիճակներում միջամտման աշխատանքային մակարդակները և դրանցից բխող միջամտման գործողությունները։

18. Օբյեկտի վթարով պայմանավորված, շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցությունը որոշվում է՝ հիմք ընդունելով հետևյալ պայմանները՝

1) ներկայացուցչական անձը մշտապես բնակվում է մոտակա բնակավայրում՝ ճառագայթահարման տեսանկյունից առավել անբարենպաստ վայրում.

2) եղանակային պայմաններն առաջացնում են առավել ծանր ճառագայթային հետևանքներ.

3) ճառագայթային հետևանքների գնահատման համար կիրառվում է այն ռադիոիզոտոպային կազմը, որը շրջակա միջավայրի և ներկայացուցչական անձի համար առաջացնում է առավել ծանր ճառագայթային հետևանքներ։

19. Գործող ԱԷԿ-ի նախագծային վթարների դեպքում ներկայացուցչական անձի սպասվելիք արդյունարար դոզայի և վահանաձև գեղձի համարժեք դոզայի թույլատրելի արժեքները սահմանում է կարգավորող մարմինը։

20. Շահագործվող և նոր օբյեկտների նախագծային վթարների ժամանակ ճառագայթային հետևանքները ներկայացուցչական անձի վրա չպետք է գերազանցեն պլանավորված ճառագայթահարման իրավիճակների դեպքում բնակչության ճառագայթահարման համար ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշմամբ սահմանված թույլատրելի արժեքները։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական: