Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.03.15/6(389) Հոդ.101
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 փետրվարի 2011 թ.

 թիվ 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՌԱՐԿԱՅԱԶՈՒՐԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. փետրվարի 11
ք. Երևան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի փետրվարի 8-ի

թիվ 25-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԱՌԱՐԿԱՅԱԶՈՒՐԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից (այսուհետ՝ բանկ) առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգը, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով գործառնությունների կասեցման ընթացակարգը:

2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում բանկի կողմից թանկարժեք մետաղների, ոսկերչական իրերի և այլ արժեքների ի պահ ընդունման գործառնությունների վրա:

3. Սույն կարգի իմաստով մետաղ են համարվում ոսկին, արծաթը, պլատինը և պալադիումը։

4. Սույն կարգի իմաստով առարկայազուրկ մետաղական հաշիվը (այսուհետ` մետաղական հաշիվ) ցպահանջ կամ ժամկետային հաշիվ է, որը նախատեսված է առարկայազուրկ մետաղի (այսուհետ` մետաղ) հաշվառման համար, որում այդ մետաղի համար նշվում են միայն համապատասխան մետաղի հարգը և կշիռը, և չեն նշվում այլ անհատական տվյալներ: Առարկայազուրկ մետաղական հաշիվները կարող են բացվել միայն 0,9995 և ավելի հարգի մետաղների համար։

5. Մետաղական հաշիվներում հաշվառվող մետաղի հաշվառումն իրականացվում է oրական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության դրամով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից տվյալ մետաղի համար հայտարարված հաշվարկային գինը, իսկ բացակայության դեպքում՝ Թանկարժեք մետաղների անկախ մարմնի (LBMA) պաշտոնական կայքում (https://www.lbma.org.uk/) ներկայացված տվյալ օրվա համար համապատասխան մետաղի գծով ձևավորված արժեքը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով։ Ընդ որում, Թանկարժեք մետաղների անկախ մարմնի (LBMA) պաշտոնական կայքում տվյալ օրվա տարբեր ժամանակահատվածների համար համապատասխան մետաղի գծով տարբեր արժեքներ ներկայացված լինելու դեպքում հիմք է ընդունվում օրվա երկրորդ կեսի համար ձևավորված արժեքը։

6. Մետաղների գնանշումը իրականացվում է համապատասխան մետաղի 1 գրամի կամ 1 տրոյական ունցիայի արժեքով՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով։ Հաճախորդին հաշվի մնացորդը ներկայացվում է կշռային և դրամային արտահայտությամբ` գրամների դեպքում` ստորակետից հետո երկու նիշի, իսկ տրոյական ունցիաների դեպքում` երեք նիշի ճշտությամբ։

 

ԳԼՈՒԽ 2. ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

7. Բանկը մետաղական հաշիվներ բացելու և վարելու գործառնությունը սկսելու կամ այն դադարեցնելու որոշում ընդունելու դեպքում պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին՝ բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից որոշումը ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկը պետք է տեղեկացվի յուրաքանչյուր անկանխիկ մետաղի տեսակով հաշիվներ բացելու և վարելու կամ դադարեցնելու որոշման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով՝ Սի-Բի-ԷՅ-նեթ համակարգի միջոցով:

8. Մետաղական հաշիվների բացման և վարման ծառայություններ մատուցող բանկը հաշվի բացման պահին և վարման ամբողջ ընթացքում պետք է ունենա համապատասխան մետաղով թղթակցային հաշիվ հետևյալ բանկերից առնվազն մեկում՝

1) թանկարժեք մետաղների քլիրինգային համակարգին (հիմնադրված «Lոնդոն Փրեշըզ Մետալս Քլիրինգ Լիմիթիդ» կազմակերպության կողմից) միացած քլիրինգ իրականացնող առնվազն մեկ բանկում (այսուհետ` քլիրինգ իրականացնող բանկ), կամ

2) քլիրինգ իրականացնող բանկում համապատասխան հարգով և մետաղի տեսակով մետաղական հաշիվ (հաշիվներ) ունեցող առնվազն մեկ բանկում, կամ

3) մետաղական հաշիվների բացման և վարման ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ բանկում, որը սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված բանկերից առնվազն մեկում ունի համապատասխան մետաղով թղթակցային հաշիվ:

9. Մետաղական հաշիվների բացման կամ պայմանագրի կնքման վերաբերյալ բանկերի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդում, հայտարարությունում, առաջարկում, օֆերտայում կամ օֆերտա անելու հրավերում պետք է նշվի, որ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

10. Բանկերը մետաղական հաշիվներով իրականացնում են հետևյալ գործառնությունները.

1) մետաղական հաշվի համալրում` հաշվի բացման կամ մնացորդի ավելացման նպատակով բանկից մետաղ գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով կամ հաճախորդի, կամ այլ անձի՝ նույն բանկում կամ այլ բանկում առկա նույն մետաղի մետաղական հաշվից մետաղի անկանխիկ փոխանցման միջոցով,

2) մետաղական հաշվի ելքագրում` հաշվի փակման կամ մնացորդի նվազեցման նպատակով մետաղական հաշվում առկա անկանխիկ մետաղը բանկին վաճառելու միջոցով կամ հաճախորդի, կամ այլ անձի՝ նույն բանկում կամ այլ բանկում առկա նույն մետաղի մետաղական հաշվին անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:

11. Բանկերի կողմից մետաղական հաշիվներով չեն կարող իրականացվել սույն կարգի 10-րդ կետով սահմանված գործառնություններից բացի այլ գործառնություններ, այդ թվում` մետաղական հաշվի վարկավորում, ինչպես նաև մետաղական հաշիվների համալրում կամ ելքագրում ոչ դրամական միջոցներով, բացառությամբ միջբանկային փոխանցումների, որոնց դեպքում անկանխիկ մետաղներով թղթակցային հաշիվների համալրումը կամ ելքագրումը կարող է իրականացվել համապատասխան հարգի ձուլակտորների միջոցով: Մետաղական հաշիվները կարող են գրավադրվել:

12. Ժամկետային մետաղական հաշվի պայմանագրով բանկը պարտավոր է մետաղական հաշվում առկա անկանխիկ մետաղը կամ դրա մի մասը ելքագրել հաճախորդի պահանջով` Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 917-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ պայմանագրով նախատեսված` իրավաբանական անձանց կողմից վերադարձման այլ պայմաններով բացված մետաղական հաշիվների:

13. Բանկերը կարող են սահմանել մետաղական հաշիվ բացելու, ինչպես նաև հաշիվը համալրելու համար անհրաժեշտ անկանխիկ մետաղի նվազագույն քանակի պահանջ:

14. Մետաղական հաշիվներով տոկոսների վճարում նախատեսվելու դեպքում հաշվարկված տոկոսների վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով` վճարման օրվա դրությամբ անկանխիկ մետաղի համար տվյալ բանկի կողմից սահմանված գնանշմանը համապատասխան կամ հաճախորդի ցանկությամբ` տվյալ բանկի կողմից այդ օրվա գնանշման համաձայն ավելացվում է հաճախորդի մետաղական հաշվին (միաժամանակ իրականացնելով անկանխիկ մետաղի առք և վաճառք):

15. Մետաղական հաշիվների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 50-րդ գլխի կանոնները՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված առանձնահատկությունները։

16. Ֆիզիկական անձանց հետ կնքվող մետաղական հաշվի պայմանագրում աչքի ընկնող և ընդգծված ձևով (այլ տառատեսակով, մեծ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով) նշվում է, որ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

17. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված անկանխիկ մետաղի գնման կամ վաճառքի դեպքերում բանկը հաճախորդին տրամադրում է անկանխիկ մետաղի առք ու վաճառքի գործառնությունները հաստատող անդորրագիր՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիuի 8-ի թիվ 293-Ն որոշման Հավելված 1-ի համաձայն, ընդ որում, հետևյալ դաշտերում լրացվում է՝

1) գործարքի տեսակը` «անկանխիկ մետաղի (նշվում է մետաղի տեսակը) առք» կամ «անկանխիկ մետաղի (նշվում է մետաղի տեսակը) վաճառք»,

2) գնված գումարը` գումարը թվերով և բառերով և վաճառված անկանխիկ մետաղի հարգը և կշիռը` գրամներով կամ տրոյական ունցիաներով կամ

3) վաճառված գումարը` գումարը թվերով և բառերով և գնված անկանխիկ մետաղի հարգը և կշիռը` գրամներով կամ տրոյական ունցիաներով:

18. Սույն կարգով սահմանված մետաղական հաշիվների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունիսի 24-ի թիվ 142-Ն որոշման Հավելվածի պահանջները։

 

ԳԼՈՒԽ 3. ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Կենտրոնական բանկը կարող է ժամանակավոր կասեցնել բանկի մետաղական հաշիվներով գործառնությունների իրականացումը, եթե․

1) տվյալ գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը չեն համապատասխանում օրենքների, այլ իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին, կամ

2) բանկը չունի անկանխիկ մետաղով գործող թղթակցային հաշիվ սույն կարգի 8-րդ կետով սահմանված բանկերից մեկում, կամ

3) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկի կողմից մետաղական հաշիվների բացման և վարման գործունեությամբ զբաղվելը կարող է էականորեն վտանգել բանկի ավանդատուների և (կամ) վարկառուների շահերը, և (կամ) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը։

20. Յուրաքանչյուր տեսակի անկանխիկ մետաղով մետաղական հաշիվներ վարելը և դրանցով գործառնությունների իրականացումը ժամանակավորապես կասեցնելու մասին ընդունվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշում, որում նշվում են ժամանակավոր կասեցման հիմքերը և ժամկետները կամ գործառնությունների իրականացման իրավունքի վերականգման պայմանները։

21. Բանկը կարող է կրկին դիմել Կենտրոնական բանկ առարկայազուրկ մետաղական հաշիվներով գործունեությունը վերսկսելու միջնորդությամբ, եթե Բանկի կողմից վերացվել են գործունեության ժամանակավոր կասեցման հիմքերը։

22. Եթե Բանկի կողմից հաշիվներ վարելը և դրանցով գործառնությունների իրականացումը Կենտրոնական բանկի կողմից կասեցվել է սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով, ապա Կենտրոնական բանկի որոշումը բանկին ծանուցելու օրվան հաջորդող օրվանից երկու տարվա ընթացքում բանկը չի կարող բացել և վարել առարկայազուրկ մետաղական հաշիվներ, այդ թվում՝ այլ բանկերի անկանխիկ մետաղով թղթակցային հաշիվներ։

23. Ժամանակավոր կասեցման գործողության ընթացքում բանկն իրավունք ունի սպասարկել կասեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման ծանուցման օրվա դրությամբ առկա մետաղական հաշիվները` իրականացնելով սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գործառնությունները, մինչև դրանց մարումը կամ Կենտրոնական բանկի որոշման համաձայն դրանց այլ բանկի փոխանցումը:

(հավելվածը խմբ. 20.02.24 թիվ 37-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.02.2024, թիվ 37-Ն 14.03.2024, թիվ 25-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան