Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-232
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.02.2009-04.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.06/34(166) Հոդ.831
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին (այսուհետ` Օրենսգիրք) համապատասխան սահմանում է բաժնետիրական ընկերությունների իրավական վիճակը, նրանց ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման կարգը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ապահովում է բաժնետերերի, պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կամ ստեղծվող բաժնետիրական ընկերությունների վրա:

3. Բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է Օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

4. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային, ապահովագրական և այլ գործունեության բնագավառներում բաժնետիրական ընկերությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման կարգի և իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով և իրավական ակտերով:

5. Մասնավորեցման նպատակով պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման, ընկերությունների ստեղծման, լրացուցիչ բաժնետոմսերի, պարտատոմսերի թողարկման առանձնահատկությունները սահմանվում են մասնավորեցումը (ապապետականացումը) կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

6. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

(1-ին հոդվածը փոփ., լրաց. 29.05.02 ՀՕ-366-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 2. ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

1. Բաժնետիրական ընկերություն (այսուհետ` Ընկերություն) է համարվում առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

2. Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Ընկերությունը կարող է ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ:

Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

4. Ընկերությունն ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Այն ստեղծվում է առանց ժամկետի սահմանափակման, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում:

6. Ընկերությունը կարող է ունենալ իր ֆիրմային անվանումով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք: Վերջինս կարող է պարունակել նաև Ընկերության ֆիրմային անվանումն այլ լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:

7. Ընկերությունը կարող է ունենալ իր ֆիրմային անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ և օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ:

(2-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-40-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ և ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

2. Ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետերերի պարտավորությունների համար:

3. Ընկերության բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

4. Եթե Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ է հանդիսանում բաժնետերերի կամ այլ անձանց գործունեությունը (անգործությունը), որոնք ունեն Ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իրավունք կամ Ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորություններ, ապա Ընկերությանը պատկանող գույքը չբավարարելու դեպքում այդ բաժնետերերի կամ այլ անձանց վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն` Ընկերության պարտավորությունների համար:

Վերոհիշյալ բաժնետերերի կամ այլ անձանց գործողությունները (անգործությունը) համարվում են Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ միայն այն դեպքում, եթե նրանք օգտագործել են իրենց այդ իրավունքը կամ հնարավորությունները Ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, նախօրոք իմանալով, որ այդ պատճառով Ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:

5. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունն իր հերթին պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության և համայնքների պարտավորությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ և ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

 

1. Ընկերությունն ունի հայերեն ֆիրմային անվանում, որը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» (կամ) «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը:

Ընկերության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև Ընկերության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք Ընկերությունը կամ նրա հիմնադիրները համարում են անհրաժեշտ:

2. Ընկերությունը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը և (կամ) դրա հապավումը նաև այլ լեզուներով:

3. Ընկերության ֆիրմային անվանման գրանցման, օգտագործման և իրավական պաշտպանության կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

4. Ընկերության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է Ընկերության պետական գրանցումը:

5. Ընկերությունը կարող է ունենալ փոստային հասցե, որով նրա հետ հնարավոր է կապ պահպանել: Ընկերության փոստային հասցեով կամ գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ընկերությունն իրավունք ունի օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

Ընկերության մասնաճյուղ է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը, ներառյալ` ներկայացուցչական գործառույթները:

Ընկերության ներկայացուցչություն է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է Ընկերության շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:

Օտարերկրյա պետություններում Ընկերության առանձնացված ստորաբաժանումների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Ընկերության առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման մասին որոշումներն ընդունվում են Ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) (այսուհետ` խորհուրդ) կողմից: Ընկերության առանձնացված ստորաբաժանումը հիմնադրված է համարվում համապատասխան որոշման ընդունման պահից:

3. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա:

Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գույքը տրամադրում է դրանք ստեղծած Ընկերությունը: Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գույքը հաշվառվում է ինչպես դրանց առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ Ընկերության հաշվեկշռում:

Մասնաճյուղի և ներկայացուցչության ղեկավարները նշանակվում են Ընկերության կողմից և գործում են վերջինիս տված լիազորագրերի հիման վրա:

4. Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:

5. Մասնաճյուղերը և ներկայացուցչությունները գործում են դրանք ստեղծած Ընկերության անունից: Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության համար պատասխանատվությունը կրում է դրանք ստեղծած Ընկերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ

 

1. Ընկերությունն իրավունք ունի օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ստեղծել հիմնարկներ:

Ընկերության հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերության ստեղծած կազմակերպությունը:

Օտարերկրյա պետություններում հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Ընկերության հիմնարկների հիմնադրման մասին որոշումներն ընդունում է խորհուրդը: Ընկերության հիմնարկը հիմնադրված է համարվում համապատասխան որոշման ընդունման պահից:

3. Ընկերության հիմնարկներն իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության հաստատած կանոնադրությունների հիման վրա:

Հիմնարկների գույքը տրամադրում է դրանք ստեղծած Ընկերությունը: Հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, Ընկերության հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը: Հիմնարկի գույքը հաշվառվում է ինչպես դրա առանձին հաշվեկշռում, այնպես էլ Ընկերության հաշվեկշռում:

Հիմնարկի ղեկավարներին նշանակում է Ընկերությունը:

4. Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ հիմնարկների մասին:

5. Հիմնարկները գործում են դրանք ստեղծած Ընկերության անունից: Հիմնարկների գործունեության համար պատասխանատվությունը կրում է դրանք ստեղծած Ընկերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԴՈՒՍՏՐ և ԿԱԽՅԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ընկերությունն իրավունք ունի ունենալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող դուստր և կախյալ տնտեսական ընկերություններ: Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ մասնակցությունը կատարվում է այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) ընկերություն կամ ընկերակցություն նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ` օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշել այդ ընկերության որոշումները:

Ընկերությունը մեկ այլ (հիմնական) ընկերության կամ ընկերակցության նկատմամբ համարվում է կախյալ, եթե մյուս (գերակշռող, մասնակցող) ընկերությունը կամ ընկերակցությունն ունի այդ ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը:

 3. Եթե ընկերությունը համարվում է դուստր կամ կախյալ մեկ այլ ընկերության նկատմամբ, որն իր հերթին դուստր կամ կախյալ է երրորդ տնտեսական ընկերության կամ ընկերակցության նկատմամբ, ապա առաջին ընկերությունը դուստր կամ կախյալ է ճանաչվում նաև երրորդի նկատմամբ: Սույն դրույթը կիրառվում է հիմնական տնտեսական ընկերության (ընկերակցության) և դուստր կամ կախյալ ընկերության միջև հետագայում ծագող հարաբերությունների բոլոր հաջորդական դեպքերի նկատմամբ:

 4. Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության (ընկերակցության) պարտավորությունների համար:

Հիմնական ընկերությունը (ընկերակցությունը), որը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունի, նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար:

Հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքն ամրագրված է նրանց միջև կնքված պայմանագրում կամ ծագում է օրենքով չարգելված այլ ձևով:

5. Դուստր ընկերության բաժնետերերը (մասնակիցները) իրավունք ունեն հիմնական ընկերությունից (ընկերակցությունից) պահանջել հատուցելու վերջինիս մեղքով դուստր ընկերությանը պատճառված վնասները:

Վնասները համարվում են պատճառված հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե դրանք վրա են հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:

6. Հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը համարվում է առաջացած հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:

7. Սույն հոդվածի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) ենթակա է պատասխանատվության, եթե նա գիտեր կամ կարող էր իմանալ համապատասխան հետևանքների առաջացման մասին:

 8. Տնտեսական ընկերությունը կամ ընկերակցությունը, որը ձեռք է բերել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը, պարտավոր է օրենքով սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել այդ մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Ընկերությունները կարող են լինել բաց և փակ, որը պետք է արտահայտվի Ընկերության կանոնադրության և ֆիրմային անվանման մեջ:

2. Ընկերությունը համարվում է բաց, եթե նրա բաժնետերերն իրավունք ունեն օտարել իրենց պատկանող բաժնետոմսերն առանց մյուս բաժնետերերի համաձայնության: Նման Ընկերությունն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն և դրանց ազատ վաճառք: Բաց Ընկերությունը կարող է անցկացնել նաև իր թողարկած բաժնետոմսերի փակ բաժանորդագրություն:

 Բաց Ընկերությունների բաժնետերերի քանակը չի սահմանափակվում:

3. Ընկերությունը համարվում է փակ, եթե Ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա բաժնետերերի (այդ թվում` հիմնադիրների) կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Փակ Ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք:

Փակ Ընկերությունը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 բաժնետեր: Եթե բաժնետերերի թիվը 49-ից ավելի է դարձել, ապա Ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ համապատասխանաբար կրճատի իր բաժնետերերի քանակը: Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով:

Փակ Ընկերության բաժնետերն ունի այդ Ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք: Եթե Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից ոչ մեկը չի օգտվում նախապատվության իր իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու կամ դրանից հրաժարվելու մասին որոշումը կայացնում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ` ժողով), եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Փակ Ընկերության բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքի իրականացման կարգը և ժամկետները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Նախապատվության իրավունքի ժամկետը չի կարող բաժնետոմսերի վաճառքի առաջարկման պահից 30 օրից պակաս և 60 օրից ավելի լինել:

 

Գ Լ ՈՒ Խ  II.

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Ընկերությունը կարող է ստեղծվել նոր Ընկերության հիմնադրման և գոյություն ունեցող իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) միջոցով:

Ընկերությունն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

 1. Ընկերության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է Ընկերության հիմնադիր ժողովի որոշմամբ:

Ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից Ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում, ինչի մասին տեղեկությունները պետք է պարունակվեն Ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն: Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրման մասին որոշումը (գրավոր) կայացնում է այդ անձը` միանձնյա:

2. Ընկերության հիմնադիրները կնքում են Ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է`

ա) տեղեկություններ հիմնադիրների մասին`

- ֆիզիկական անձանց համար` անունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները,

- իրավաբանական անձանց համար` լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները.

բ) Ընկերության ստեղծման կապակցությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը.

գ) Ընկերության կանոնադրական կապիտալի չափը.

դ) հիմնադիրների միջև տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակներն ու դասերը, դրանց վճարման չափը և կարգը.

ե) յուրաքանչյուր հիմնադրի կողմից ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը.

զ) Ընկերության ստեղծման հետ կապված հիմնադիրների իրավունքները և պարտականությունները.

է) մինչև Ընկերության հիմնադիր ժողովի անցկացումը հիմնադիրներին ներկայացնելու համար լիազորված ֆիզիկական անձի անունը.

ը) Ընկերությունը չկայացած համարվելու կամ նրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` Ընկերության ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետևանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումն ըստ հիմնադիրների.

թ) Ընկերությունը չկայացած համարվելու կամ նրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` հիմնադիրներին բաժնետոմսերի դիմաց իրենց կատարված վճարների վերադարձման կարգը:

Ընկերության ստեղծման մասին պայմանագիրը հիմնադիր փաստաթուղթ չէ:

3. Ընկերության հիմնադրման ժամանակ նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջև:

4. Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերության հիմնադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ` ավագանու համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

 

1. Ընկերության հիմնադիրներ կարող են հանդիսանալ նրա հիմնադրման մասին որոշում ընդունած ֆիզիկական և իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունն Ընկերությունում օրենքով արգելված կամ սահմանափակված է:

2. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել Ընկերության բաժնետեր` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հանդես գալ որպես Ընկերության բաժնետերեր:

3. Ընկերության հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև Ընկերության պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Ընկերությունը պատասխանատվություն է կրում իր ստեղծման հետ կապված հիմնադիրների պարտավորությունների համար միայն այն դեպքում, եթե նրա ստեղծման վերաբերյալ հիմնադիրների գործունեությունը հավանության է արժանանում ժողովում:

4. Օտարերկրյա անձինք կարող են հիմնադրել Ընկերություն և անդամակցել նրան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար իրավունքներով: Օտարերկրյա անձանց մասնակցությամբ Ընկերությունների ստեղծման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ՀՈԴՎԱԾ 12. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ

 

1. Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը (այսուհետ` հիմնադիր ժողով) գումարվում է բաժնետոմսերի տեղաբաշխումը և բաժնետոմսերի դիմաց բաժնետերերի կողմից վճարումները կատարելուց հետո` 3 ամսվա ընթացքում:

2. Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների, ինչպես նաև բաժնետերերի 3/4-ը:

3. Հիմնադիր ժողովը`

ա) հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները.

բ) ընդունում է որոշում Ընկերության հիմնադրման մասին.

գ) հաստատում է Ընկերության կանոնադրական կապիտալի (այսուհետ` կանոնադրական կապիտալ) չափը.

դ) հաստատում է Ընկերության կանոնադրությունը.

ե) ընտրում է Ընկերության խորհուրդ.

զ) ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող).

է) ձևավորում է գործադիր մարմին կամ նշանակում է գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար.

ը) լսում է հիմնադիրների և (կամ) նրանց կողմից լիազորված անձի հաշվետվությունը:

Սույն կետի «ա», «գ» և «ը» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների 3/4-ով:

Սույն կետի «բ» և «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների միաձայնությամբ:

Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

Հիմնադիր ժողովն իրավունք ունի քննարկել և որոշումներ ընդունել նաև այն հարցերի վերաբերյալ, որոնք Ընկերության կանոնադրությամբ վերապահված են ժողովի իրավասությանը:

4. Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրի գրավոր որոշումը պետք է պարունակի դրույթներ` սույն հոդվածի 3-րդ կետի «ա-է» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) և նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման մարմնին (մարմիններին):

6. Համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերության հիմնադրման մասին համայնքի ղեկավարի որոշումը պետք է պարունակի դրույթներ` սույն հոդվածի 3-րդ կետի «ա-է» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ:

8. Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծվող Ընկերության ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են փոխարկման արդյունքում տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 50-ից ավելի տոկոսին տիրապետող բաժնետերեր:

Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծված Ընկերության հիմնադիր ժողովում սույն հոդվածի 3-րդ կետի «բ» և «ը» ենթակետերով սահմանված որոշումները կարող են չընդունվել:

Սույն հոդվածի 3-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների 3/4-ով:

(12-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-167-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-40-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 13. ՉԿԱՅԱՑԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընկերությունը համարվում է չկայացած`

ա) եթե սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում չի գումարվել հիմնադիր ժողովը.

բ) եթե Ընկերություն հիմնադրելու մասին որոշումն ընդունվելու պահից վեց ամսվա ընթացքում Ընկերությունը սահմանված կարգով չի գրանցվել.

գ) Ընկերության պետական գրանցումը մերժելու դեպքում (եթե մերժումը 3 ամսվա ընթացքում չի բողոքարկվել դատարան, կամ բողոքը մերժվել է, և այդ որոշումը մտել է օրինական ուժի մեջ):

2. Չկայացած Ընկերության հիմնադիրներին բաժնետոմսերի դիմաց կատարված վճարները վերադարձվում են Ընկերության ստեղծման հետ կապված պարտավորությունների նկատմամբ պատասխանատվությունն ըստ հիմնադիրների բաշխելուց հետո` համաձայն Ընկերության ստեղծման մասին պայմանագրի:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթն Ընկերության կանոնադրությունն է (այսուհետ` կանոնադրություն): Սույն օրենքին համապատասխան` մեկ հիմնադրի ստեղծած Ընկերությունը գործում է այդ հիմնադրի հաստատած կանոնադրության հիման վրա:

Կանոնադրության պահանջները պարտադիր են Ընկերության բաժնետերերի և նրա բոլոր մարմինների համար:

2. Կանոնադրությունը սահմանում է`

ա) Ընկերության ֆիրմային անվանումը` լրիվ, կրճատ.

բ) Ընկերության գտնվելու վայրը.

գ) կանոնադրական կապիտալի չափը.

դ) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի դասերը.

ե) Ընկերության կողմից տեղաբաշխման ենթակա (հայտարարված) բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի դասերը.

զ) յուրաքանչյուր տեսակի և դասի բաժնետոմսերով հավաստվող իրավունքները.

է) յուրաքանչյուր տեսակի և դասի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.

ը) Ընկերության կառավարման մարմինների կազմավորման կարգը, կազմն ու իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ` այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

թ) ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը.

ժ) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

3. Բաժնետիրոջ պահանջով Ընկերությունը պարտավոր է 5-օրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Ընկերությունը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ: ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

1. Կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը կատարվում է ժողովի որոշմամբ, որն ընդունվում է դրան մասնակցած` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կամ անվանատերերի ձայների 3/4-ով, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում` ժողովին մասնակցած` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կամ անվանատերերի ձայների մեծամասնությամբ կամ խորհրդի միաձայն որոշմամբ:

2. Եթե կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը սահմանափակում են բաժնետերերի իրավունքները, ապա այն բաժնետերերը, որոնք դեմ են քվեարկել այդ որոշմանը կամ չեն մասնակցել քվեարկությանը, իրավունք ունեն պահանջել Ընկերությունից հետ գնել իրենց բաժնետոմսերը` սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Ընկերությունը ենթակա է պետական գրանցման իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

2. Կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Ընկերության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է ժողովի որոշմամբ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով Ընկերության վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:

Օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության միաձուլման կամ միացման ձևով վերակազմակերպումը կարող է իրականացվել միայն լիազորված պետական մարմնի թույլտվությամբ:

3. Ընկերությունը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

Ընկերությունն այլ Ընկերության հետ միացման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված են համարվում` միացող Ընկերության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

4. Ընկերության վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո` 30 օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ` վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների իրավահաջորդության մասին:

5. Վերակազմակերպվող Ընկերության պարտատերն իրավունք ունի Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում գրավոր ծանուցմամբ հետևյալ ժամկետներում`

ա) միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձևով վերակազմակերպման մասին ծանուցման պահից` 30 օրվա ընթացքում.

բ) բաժանման կամ առանձնացման ձևով վերակազմակերպման մասին ծանուցման պահից` 60 օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ

 

1. Ընկերությունների միաձուլում է համարվում նոր ընկերության ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող ընկերությունների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող ընկերությունների դադարմամբ:

2. Միաձուլվող ընկերությունները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միաձուլվող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգը և պայմանները, ինչպես նաև միաձուլվող յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի և (կամ) այլ արժեթղթերի:

3. Միաձուլմանը մասնակցող ընկերությունների բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովը համարվում է միաձուլման արդյունքում ստեղծվող ընկերության հիմնադիր ժողով, որը հրավիրվում է միաձուլման պայմանագրում նշված մարմնի կողմից և ժամկետներում ու որոշումներ է ընդունում` սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված հարցերի վերաբերյալ:

4. Ընկերությունների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան:

5. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

(19-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-40-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 20. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

1. Ընկերությունների միացում է համարվում մեկ կամ մի քանի ընկերությունների դադարումը` դրանց իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ այլ ընկերության:

2. Միացմանը մասնակցող ընկերությունները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միացող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները, ինչպես նաև միացող յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգն այն ընկերության բաժնետոմսերի և (կամ) այլ արժեթղթերի, որին միանում են:

3. Միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնետերերի (միացմանը մասնակցող ընկերությունների բաժնետերերի համատեղ) ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում միացման հետևանքով ընդլայնված ընկերության կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հարցերով:

4. Ընկերությունների միացման դեպքում միացած ընկերություններից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են միացման հետևանքով ընդլայնված ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան:

5. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ

 

1. Ընկերության բաժանում է համարվում Ընկերության դադարումը` նրա բոլոր իրավունքների և պարտականությունների` նոր ստեղծվող ընկերություններին փոխանցմամբ:

2. Բաժանման մասին որոշումը պետք է ընդունվի բաժանվող Ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև բաժանման կարգը և պայմանները, բաժանիչ հաշվեկշիռը, ինչպես նաև բաժանվող Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի:

3. Բաժանման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները հաստատվում են այդ ընկերությունների հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաև սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված հարցերի վերաբերյալ:

4. Ընկերության բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված ընկերություններին` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Բաժանմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ հաշվեկշիռը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին: Բաժանվող Ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը կատարվում է բաժանման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումից հետո:

(21-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-40-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 22. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ

 

1. Ընկերության առանձնացում է համարվում նոր ընկերության (ընկերությունների) ստեղծումը` նրան (նրանց) վերակազմակերպվող Ընկերության իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց վերակազմակերպվող Ընկերության դադարման:

2. Առանձնացման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմակերպվող Ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև առանձնացման կարգը և պայմանները, բաժանիչ հաշվեկշիռը, ինչպես նաև վերակազմակերպվող Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի:

3. Առանձնացման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները հաստատվում են նոր ստեղծվող ընկերությունների հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունում նաև սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված հարցերի վերաբերյալ:

4. Ընկերության առանձնացման դեպքում նրա իրավունքների և պարտականությունների մի մասը փոխանցվում է նոր ստեղծված ընկերություններին` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Առանձնացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ հաշվեկշիռը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

(22-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-40-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 23. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Ընկերության վերակազմավորում է համարվում նրա կազմակերպական-իրավական ձևի փոփոխությունը:

2. Ընկերությունը կարող է վերակազմավորվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ առևտրային կոոպերատիվի:

3. Վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմավորման ձևով վերակազմակերպվող Ընկերության ժողովում, որը պետք է հաստատի վերակազմավորման կարգը և պայմանները, վերակազմավորման ձևով վերակազմակերպվող Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) և/կամ այլ արժեթղթերի, ինչպես նաև փոխանցման ակտը:

4. Վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատվում է նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովում, որը որոշումներ է ընդունում նաև ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:

5. Ընկերության վերակազմավորման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:

6. Վերակազմավորմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով փոխանցման ակտը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՄԻԱՁՈՒԼՄԱՆ (ՄԻԱՑՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

1. Սույն օրենքի 19-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված կարգով հաստատված միաձուլման (միացման) պայմանագիրն օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

2. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների միջև, ստորագրվում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից և ենթակա է հաստատման` նրանց ընդհանուր ժողովների կողմից:

Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`

ա) մասնակից կողմերի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.

բ) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը և պայմանները.

գ) միաձուլվող (միացող) ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը` բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով.

դ) միաձուլվող (միացվող) ընկերությունների բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ ստանալու կարգը և պայմանները.

ե) համատեղ ժողովում քվեարկության կարգը.

զ) միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը.

է) այլ տեղեկություններ` միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԸ և ԲԱԺԱՆԻՉ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

 

1. Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ` վիճարկվող պարտավորությունները:

2. Բաժանիչ հաշվեկշիռը պետք է ապահովի վերակազմակերպվող Ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող ընկերությունների բաժնետերերի բաժնեմասերին համապատասխանող գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխումը` վերակազմակերպման հետևանքով ստեղծված ընկերությունների միջև:

3. Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված Ընկերության իրավահաջորդին, ապա վերակազմակերպման հետևանքով ստեղծված իրավաբանական անձինք վերակազմակերպված Ընկերության պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

4. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնորեն բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Ընկերության վերակազմակերպման որոշմանը դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերն իրավունք ունի պահանջել բաժնետոմսերի շուկայական արժեքի սահմանում և իրեն պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում` սույն օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված կարգով: Բաժնետերը չի կարող պահանջել բաժնետոմսերի շուկայական արժեքի սահմանում, եթե սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ուղարկված ծանուցումը պարունակում է դրույթ` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հետգնման գնի վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքով հետգնման պահանջը բաժնետիրոջ կողմից ներկայացվում է վերակազմակերպվող Ընկերությանը, որն այն ուղղում է վերակազմակերպման մասին որոշմամբ սահմանված իրավահաջորդին` վերջինիս կողմից հետգնումն իրականացնելու համար:

3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ միացման հետևանքով ընդլայնվող ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջև` բաժնետոմսերի շուկայական արժեքով: Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի տվյալ տեսակի (դասի) յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) համար: Եթե վերակազմակերպվող ընկերություններից որևէ մեկի միևնույն տեսակի (դասի) արժեթղթերի սեփականատերերի քանակը 50 կամ ավելի է, ապա վերակազմակերպվող յուրաքանչյուր ընկերության արժեթղթերի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է անկախ գնահատողի կողմից:

(26-րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-96-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 27. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

1. Լուծարումն Ընկերության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Ընկերությունը կարող է լուծարվել`

ա) ժողովի որոշմամբ, ներառյալ` այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով նա ստեղծվել էր, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել էր.

բ) դատարանի կողմից Ընկերության գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.

գ) օրենքով սահմանված այլ հիմքերով:

3. Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում կայացնում է ժողովը` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:

Ժողովը հաստատում է նաև ամփոփիչ հաշվեկշիռը, ընդունում է որոշումներ` լուծարման կարգի և ժամկետների, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի բաշխման կարգի մասին:

Լուծարման հանձնաժողովի ստեղծման պահի դրությամբ Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր հանդիսացող բաժնետերերն իրավունք ունեն ընդգրկվել լուծարման հանձնաժողովի կազմում կամ նշանակել իրենց լիազոր ներկայացուցչին:

Լուծարման հանձնաժողովի անդամները կարող են վարձատրվել` ժողովի որոշմամբ սահմանված կարգով:

4. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում` լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

5. Ընկերության բաժնետերերը, այլ արժեթղթերի տերերն ու պարտատերերն իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության լուծարմանն առնչվող բոլոր փաստաթղթերին:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Ընկերության գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող Ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

2. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում Ընկերության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է Ընկերության լուծարման գործընթացի սկիզբ:

3. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է Ընկերության գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին Ընկերության լուծարման մասին:

4. Լուծարման ընթացքում Ընկերությունն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ` միայն Ընկերության պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

Լուծարվող Ընկերության գույքի օտարմանը կամ պարտքերի մարմանն ուղղված բոլոր գործողությունները կարող են իրականացվել միայն լուծարման հանձնաժողովի համաձայնությամբ:

5. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող Ընկերության գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

6. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է ժողովը:

7. Եթե լուծարվող իրավաբանական անձի դրամական միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջների բավարարման համար, ապա լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է իրավաբանական անձի գույքի վաճառքը:

8. Լուծարման հանձնաժողովը լուծարվող Ընկերության պարտատերերին վճարումներ է կատարում Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման պահից:

Դատարանի վճռի հիման վրա Ընկերությունից բռնագանձման ենթակա գումարները վճարվում են Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:

9. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին Ընկերությունը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, Ընկերության գույքը բաշխվում է բաժնետերերի միջև` սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով:

10. Լուծարվող Ընկերության պարտավորությունների վերաբերյալ պարտատիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում Ընկերության գույքը ենթակա չէ բաժանման բաժնետերերի միջև` մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

11. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է ժողովը:

12. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին` Ընկերության լուծարման պետական գրանցում կատարելու համար:

13. Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

 

ՀՈԴՎԱԾ 29. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՄԻՋև

 

1. Պարտատերերի հանդեպ լուծարվող Ընկերության պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքը լուծարման հանձնաժողովը բաշխում է բաժնետերերի միջև` հետևյալ հաջորդականությամբ`

առաջին հերթին կատարվում են վճարումներն այն բաժնետոմսերի դիմաց, որոնք պետք է հետ գնվեն սույն օրենքի 57-րդ հոդվածին համապատասխան.

երկրորդ հերթին վճարվում են արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվարկված, բայց չվճարված շահութաբաժինները.

երրորդ հերթին կատարվում են արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումները.

չորրորդ հերթին կատարվում է լուծարվող Ընկերության մնացած գույքի բաշխումը հասարակ (սովորական) և բոլոր տեսակների արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի միջև:

2. Գույքի բաշխումը յուրաքանչյուր հերթով իրականացվում է նախորդող հերթի լրիվ բաշխումն ավարտելուց հետո:

Կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի առանձին դասերի լուծարային արժեքի վճարումներն իրականացվում են կանոնադրությամբ սահմանված հերթականությամբ, և յուրաքանչյուր հերթի արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումները կատարվում են նախորդ հերթի լուծարային արժեքի լրիվ վճարումից հետո:

Եթե Ընկերության տրամադրության տակ գտնվող գույքը չի բավարարում արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվարկված, բայց չվճարված շահութաբաժինները բոլոր բաժնետերերին վճարելու համար, ապա գույքը բաշխվում է բաժնետերերի միջև` նրանց պատկանող նման տեսակի բաժնետոմսերի քանակին համամասնորեն:

Եթե Ընկերության տրամադրության տակ գտնվող գույքը չի բավարարում կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքը բոլոր բաժնետերերին վճարելու համար, ապա գույքը բաշխվում է բաժնետերերի միջև` նրանց պատկանող նման տեսակի բաժնետոմսերի քանակին համամասնորեն:

 

Գ Լ ՈՒ Խ  III.

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 30. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

 

1. Կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:

2. Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը:

3. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Կանոնադրական կապիտալն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

Ընկերություն հիմնադրելիս նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջև:

(30-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-40-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 31. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ

 

1. Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել փաստաթղթային (տպագրական եղանակով պատրաստված) կամ ոչ փաստաթղթային ձևի անվանական բաժնետոմսեր և պարտատոմսեր: Ընդ որում, բաժնետոմսերի թողարկման փաստաթղթային ձևը բաժնետոմսերի հավաստագիրն է:

Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել օրենքով նախատեսված այլ արժեթղթեր:

2. Սույն օրենքի իմաստով արժեթղթերի միևնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ (անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ) ունեցող արժեթղթերը:

Ընկերության կողմից թողարկված հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:

Ընկերության որոշակի տեսակի ամեն մի արտոնյալ բաժնետոմս պետք է ունենա միևնույն անվանական արժեքը:

3. Ընկերության թողարկած միևնույն տեսակի արժեթղթերը պետք է ունենան թողարկման միևնույն ձևը:

(31-րդ հոդվածը փոփ. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 32. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ

 

1. Ընկերությունը կարող է թողարկել հասարակ (սովորական), ինչպես նաև մեկ կամ մի քանի տեսակի արտոնյալ բաժնետոմսեր:

Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի նրա կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

2. Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի VI գլխի դրույթներին համապատասխան, ընդ որում` Ընկերության կողմից փաստաթղթային ձևով բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում բաժնետոմս ձեռք բերած անձին (բաժնետիրոջը) պետք է տրվի դրա հավաստագիրը:

3. Բաժնետոմսն անբաժանելի է: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:

4. Կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող որոշակի տեսակի (դասի) բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի, ինչպես նաև մեկ բաժնետիրոջը տրամադրվող ձայների առավելագույն թվի սահմանափակումներ` տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով: Սույն սահմանափակումները պետք է վերաբերեն միևնույն տեսակի (դասի) բաժնետոմսերի բոլոր սեփականատերերին հավասարապես և չեն կարող կիրառվել առանձին բաժնետիրոջ կամ բաժնետերերի խմբի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 33. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ և ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ

 

1. Բաժնետերերի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի (տեղաբաշխված բաժնետոմսերի) քանակը և անվանական արժեքը սահմանվում են կանոնադրությամբ:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև հայտարարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը: Դրանք այն բաժնետոմսերն են, որոնք Ընկերությունը կարող է տեղաբաշխել, բացի տեղաբաշխված բաժնետոմսերից:

Կանոնադրությունը պետք է սահմանի Ընկերության կողմից տեղաբաշխվող յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսի սեփականատերերի իրավունքները: Կանոնադրության մեջ նշված դրույթների բացակայության դեպքում Ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել տվյալ տեսակի հայտարարված բաժնետոմսեր:

Կանոնադրությամբ կարող է նախատեսվել Ընկերության կողմից հայտարարված բաժնետոմսերի տեղաբաշխման կարգը և պայմանները:

2. Սույն հոդվածով նախատեսված` հայտարարված բաժնետոմսերի վերաբերյալ դրույթների հետ կապված կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունում է ժողովը:

Եթե Ընկերությունն իրականացնում է արժեթղթերի տեղաբաշխում, որոնք կարող են փոխարկվել Ընկերության որոշակի տեսակի (տեսակների) բաժնետոմսերի, ապա տվյալ տեսակի (տեսակների) բաժնետոմսերի քանակը չպետք է փոքր լինի այն քանակից, որն անհրաժեշտ է տեղաբաշխված արժեթղթերի փոխարկման համար` դրանց շրջանառության ողջ ժամկետում:

Ընկերությունն իրավունք չունի որոշումներ ընդունել այն բաժնետոմսերով տրամադրվող իրավունքների սահմանափակման մասին, որոնց կարող են փոխարկվել Ընկերության կողմից տեղաբաշխված արժեթղթերը` առանց այդ արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 34. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ընկերությունը կարող է ժողովի որոշմամբ փոփոխել կանոնադրական կապիտալի չափը: Կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը սահմանվում է օրենքով և կանոնադրությամբ:

Կանոնադրական կապիտալի փոփոխման հարցով ժողովի գումարման մասին ծանուցումը պետք է պարունակի`

ա) կանոնադրական կապիտալի փոփոխման շարժառիթները, եղանակն ու չափը.

բ) կանոնադրության փոփոխման նախագիծը` կապված կանոնադրական կապիտալի փոփոխման հետ.

գ) բաժնետոմսերի քանակը և դրանց անվանական արժեքի ընդհանուր գումարը, որը պետք է ստացվի կանոնադրական կապիտալի փոփոխման արդյունքում.

դ) նոր տեսակի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում` դրանց տեղաբաշխման կարգը և ժամկետները, բաժնետերերի իրավունքները` ըստ այդ և նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի:

2. Կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունները գրանցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմինը` օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 35. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ

 

1. Ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել իր կանոնադրական կապիտալը:

2. Բաց Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում:

Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահմանվի`

ա) լրացուցիչ տեղաբաշխվող հասարակ (սովորական) և յուրաքանչյուր տեսակի արտոնյալ բաժնետոմսերի քանակը` այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում.

բ) լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները, այդ թվում` դրանց ձեռքբերման նախապատվություն ունեցող բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի միջև տեղաբաշխվող բաժնետոմսերի արժեքը:

3. Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունը կանոնադրական կապիտալը չի կարող մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:

4. Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը`

ա) շահույթի մի մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ.

բ) ընկերության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքից կանոնադրական կապիտալի, պահուստային կապիտալի և արտոնյալ բաժնետոմսերի լուծարային ու անվանական արժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող մասը լրիվ կամ մասնակի փոխանցելով կանոնադրական կապիտալ:

5. Բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով Ընկերությունը չի կարող ավելացնել կանոնադրական կապիտալն ավելի, քան ժողովի հաստատած վերջին հաշվեկշռում կամ վերջին աուդիտի արդյունքներով սահմանված զուտ ակտիվների արժեքն է:

6. Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է ժողովը կամ խորհուրդը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նրան տրված է այդ իրավասությունը:

7. Ընկերությունը կարող է ավելացնել կանոնադրական կապիտալը նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով: Մեկ տարուց ոչ պակաս ժամկետում բաժնետոմսերի հավաստագիրը փոխանակելու նպատակով կամ համապատասխան գրառում կատարելու համար չդիմելու դեպքում հավաստագրերը համարվում են անվավեր, եթե այդ մասին նշված է կանոնադրության մեջ:

8. Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել նաև իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար:

9. Մասնավորեցման նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացման առանձնահատկությունները (լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով) սահմանվում են մասնավորեցումը (ապապետականացումը) կարգավորող օրենքներով:

(35-րդ հոդվածը խմբ. 08.06.04 ՀՕ-95-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 36. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

 

1. Կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է կատարվել`

ա) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ.

բ) բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, այդ թվում` սույն օրենքով նախատեսված դեպքերում, դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ:

Կանոնադրական կապիտալի նվազեցումը բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով թույլատրվում է, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Կանոնադրական կապիտալի նվազեցման նպատակով Ընկերության կողմից բաժնետոմսեր կարող են ձեռք բերվել միայն բաժնետոմսերի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, այդ նպատակով Ընկերությանն առաջարկված բաժնետոմսերի ձեռքբերումն Ընկերության պարտականությունն է: Եթե ձեռքբերման առաջարկված բաժնետոմսերի քանակը գերազանցում է համապատասխան որոշմամբ սահմանված քանակը, ապա բաժնետերերից բաժնետոմսերը գնվում են նրանց առաջարկներին համամասնորեն:

2. Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել կանոնադրական կապիտալը, եթե դրա հետևանքով կանոնադրական կապիտալի չափը ավելի կփոքրանա օրենքով սահմանված նվազագույն չափից: Ընկերության կողմից կանոնադրական կապիտալը սույն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հիմք է Ընկերության լուծարման:

Կանոնադրական կապիտալի չափի նվազեցման դեպքում 1 տարուց ոչ պակաս ժամկետում բաժնետոմսերի հավաստագիրը փոխանակելու նպատակով կամ համապատասխան գրառում կատարելու համար չդիմելու դեպքում հավաստագրերը համարվում են անվավեր, եթե այդ մասին նշված է կանոնադրության մեջ:

3. Կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:

4. Կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում Ընկերությունը գրավոր ծանուցում է այդ մասին իր պարտատերերին: Պարտատերերն իրավունք ունեն ծանուցումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

5. Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրության փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օրը լրանալուց հետո և սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պարտատերերի բոլոր առաջացած պահանջների բավարարման դեպքում:

Կանոնադրական կապիտալի նվազեցման կապակցությամբ բաժնետերերին վճարումները, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի, կատարվում են կանոնադրության պետական գրանցումից հետո:

6. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման:

(36-րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-95-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՍԱՐԱԿ (ՍՈՎՈՐԱԿԱՆ) ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ընկերության յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:

Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերը սույն օրենքի և կանոնադրության համաձայն իրավունք ունի`

ա) մասնակցել ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) մասնակցել Ընկերության կառավարմանը.

գ) ստանալ շահութաբաժիններ` Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

դ) առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

ե) ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

զ) ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.

է) հանդես գալ առաջարկություններով ժողովներում.

ը) ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.

թ) դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.

ժ) Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքի իր հասանելիք մասը.

ժա) ունենալ կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

2. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատիրոջը չի կարող տրամադրվել նրան պատկանող հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքից և քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:

Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումներն Ընկերության կողմից չեն երաշխավորվում:

3. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը պարտավոր են չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությունները: Գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկը սահմանում է խորհուրդը:

Բաժնետերերը կարող են կրել կանոնադրությամբ նախատեսված և օրենքին ու այլ իրավական ակտերին չհակասող այլ պարտավորություններ: Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը կարող են չկատարել կանոնադրությամբ սահմանված լրացուցիչ պարտականությունները, եթե նա դեմ է քվեարկել կամ չի մասնակցել տվյալ հարցով քվեարկությանը:

 

ՀՈԴՎԱԾ 38. ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել հաստատագրված կամ փոփոխական շահութաբաժնով, կուտակման, փոխարկելի և այլ տեսակի արտոնյալ բաժնետոմսեր, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը չունեն ձայնի իրավունք ժողովում, եթե արտոնյալ բաժնետոմսերի որոշակի դասերի համար սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Ընկերության որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերն իրենց սեփականատեր բաժնետերերին տրամադրում են միևնույն իրավունքները:

Սույն կետի երկրորդ մասով նախատեսված` ձայնի իրավունք ունենալու դեպքերում քվեարկությունների ժամանակ արտոնյալ բաժնետոմսն իր սեփականատեր բաժնետիրոջը տալիս է մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

2. Կանոնադրությամբ պետք է սահմանվի Ընկերության կողմից տեղաբաշխվող և հայտարարված յուրաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժինը և լուծարային արժեքը (որը վճարվում է Ընկերության լուծարման ժամանակ): Արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը և լուծարային արժեքը սահմանվում են դրամական տեսքով կամ որպես տոկոսադրույք` այդ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը և լուծարային արժեքը համարվում են սահմանված նաև այն դեպքում, եթե կանոնադրությամբ նախատեսված է դրանց որոշման կարգը:

Եթե Կանոնադրությամբ չի նախատեսված արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը, ապա դրանց սեփականատերերը հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերի հետ շահութաբաժիններ ստանալու հավասար իրավունք ունեն:

Եթե կանոնադրությամբ նախատեսված են արտոնյալ բաժնետոմսերի երկու կամ ավելի դասեր, ապա կանոնադրությամբ պետք է սահմանվի նաև շահութաբաժինների և լուծարային արժեքի վճարման հերթականությունը` յուրաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսի համար: Կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ կամ մասնակի չվճարված շահութաբաժինը, որի մեծությունը սահմանված է կանոնադրությամբ, կուտակվում և վճարվում է հետագայում (կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսեր): Կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև որոշակի դասերի արտոնյալ բաժնետոմսերի, Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի կամ այլ դասերի արտոնյալ բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունները և պայմանները:

3. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ժողովում ունեն ձայնի իրավունք, եթե քննարկվում են Ընկերության վերակազմակերպման կամ լուծարման հարցեր:

Որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ժողովում ձեռք են բերում ձայնի իրավունք, եթե քննարկվում են կանոնադրության փոփոխման կամ լրացման հետ կապված այն որոշումները, որոնք սահմանափակում են այդ դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները, ներառյալ` այլ դասերի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժինների և /կամ/ լուծարային արժեքի սահմանումը կամ ավելացումը, ինչպես նաև այլ դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին շահութաբաժինների և /կամ/ լուծարային արժեքի վճարման հերթականության արտոնությունների տրամադրումը:

4. Առանձին դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը, որոնց հասանելիք շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, բացառությամբ կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի, իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել այն ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, որը հետևում է տարեկան այն ժողովին, որում չի ընդունվել որոշում` այդ դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինները վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում` դրանք չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու մասին: Այդ իրավունքը դադարում է տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով շահութաբաժինների առաջին վճարումից հետո:

Առանձին դասերի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել այն ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, որը հետևում է տարեկան այն ժողովին, որում չի ընդունվել որոշում` այդ դասի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց բոլոր կուտակված շահութաբաժինները վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում` դրանք չվճարելու կամ ոչ լրիվ ծավալով վճարելու մասին: Այդ իրավունքը դադարում է տվյալ դասի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով բոլոր կուտակված շահութաբաժինների վճարումից հետո:

5. Կանոնադրությամբ առանձին դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար կարող է նախատեսվել ձայնի իրավունք, եթե կանոնադրությամբ նախատեսված է նաև տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունը հասարակ (սովորական) բաժնետոմսերի: Ընդ որում, նման արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերը պետք է ունենա ձայների այնպիսի քանակ, որը չպետք է գերազանցի ձայների այն քանակը, որը նա կունենար արտոնյալ բաժնետոմսերը հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկման դեպքում:

6. Արտոնյալ բաժնետոմսերը հասարակ (սովորական) բաժնետոմսերով փոխարկելիս Ընկերությունը պետք է մարի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ բոլոր պարտքերը կամ նրանց համաձայնությամբ պարտավորվի վճարել պարտքերն այլ ձևով:

7. Երեք հաջորդական տարիների ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահութաբաժնի չվճարելը կարող է հիմք հանդիսանալ Ընկերությունը դատական կարգով լուծարելու համար:

8. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերն օգտվում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ», «դ», «է» և «ը» ենթակետերով սահմանված իրավունքներից` սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իսկ «բ», «ե», «զ», «թ» և «ժ» ենթակետերով սահմանված իրավունքներից` հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերի հետ հավասար իրավունքներով:

9. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը կրում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 39. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

 

1. Բաժնետոմսերի հավաստագիրն անվանական արժեթուղթ է, որը հավաստում է Ընկերության մեկ կամ մի քանի բաժնետոմսերի նկատմամբ դրանց տիրապետողի (տիրապետողների) սեփականության իրավունքը:

2. Բաժնետիրոջը տրվում են առանձին հավաստագրեր` հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսերի առանձին տեսակների համար: Հավաստագրերը տրվում են բաժնետոմսերի արժեքը վճարելուց հետո:

3. Բաժնետոմսերի հավաստագիր տալու, այն փոխարինելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

4. Բաժնետոմսերի հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) «Բաժնետոմսերի հավաստագիր» անվանումը և հերթական համարը.

բ) Ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.

գ) կանոնադրական կապիտալի չափը, այդ տեսակի թողարկված բաժնետոմսերի քանակը և գումարային անվանական արժեքի չափը.

դ) հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի տեսակը, անհրաժեշտության դեպքում` թողարկման ժամկետը: Ընկերության կողմից մի քանի դասի արտոնյալ բաժնետոմսերի թողարկման դեպքում յուրաքանչյուր դաս պետք է ունենա իր տարբերակիչ անվանումը.

ե) բաժնետոմսի յուրաքանչյուր տեսակի պետական գրանցման համարը.

զ) տվյալ հավաստագրով հավաստվող բաժնետոմսերի թիվը, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը, ինչպես նաև դրանց գումարային անվանական արժեքը.

է) հավաստագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը.

ը) հավաստագրով ներկայացված բաժնետոմսի (բաժնետոմսերի) գրանցված սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` անունը).

թ) խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները), իսկ եթե ռեեստրը վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա նաև վերջինիս համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունը), ինչպես նաև այդ կազմակերպության պետական գրանցման տվյալները, լրիվ անվանումն ու գտնվելու վայրը.

ժ) տեղեկություններ` հավաստագրով ներկայացված բաժնետոմսերով հավաստվող իրավունքների և /կամ/ դրանց սահմանափակումների մասին, ներառյալ` ժողովում քվեարկության իրավունքի կամ բաժնետոմսերի փոխանցման սահմանափակումները.

ժա) Ընկերության կնիքի դրոշմվածքը, իսկ եթե ռեեստրը վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա նաև վերջինիս կնիքի դրոշմվածքը:

5. Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի փոխանցման կամ գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում այդ բաժնետոմսերի հավաստագիրը վերադարձվում է և համարվում է չեղյալ: Նոր տիրապետողի անվանմամբ (անվամբ) տրվում է բաժնետոմսերի նոր հավաստագիր: Բաժնետոմսերի նոր հավաստագրեր են տրվում նաև նոր և նախկին տիրապետողների անվանումներով` հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի մասնակի փոխանցման դեպքում: Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում բաժնետոմսերի նոր հավաստագիրը տրվում է գրանցված բաժնետիրոջ նոր անվանմամբ (անվամբ):

6. Հավաստագիրը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 40. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ և ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ

 

1. Ընկերությունն իրավունք ունի համաձայն իր կանոնադրության թողարկել պարտատոմսեր և օրենքով սահմանված այլ արժեթղթեր:

Պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է խորհրդի որոշմամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկումն ու տեղաբաշխումն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած Ընկերությունից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոսադրույք կամ այլ գույքային իրավունքներ` Ընկերության սահմանած ժամկետներում:

Պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն դրանց մարման ձևը, ժամկետները և պայմանները:

Պարտատոմսերը պետք է ունենան անվանական արժեք: Ընկերության թողարկած բոլոր ապահովված պարտատոմսերի անվանական արժեքների գումարը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալը, կամ այն ապահովման գումարը, որը տրամադրված է Ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով:

Ընկերությունը կարող է թողարկել միաժամանակյա, ինչպես նաև տարաժամկետ (Ընկերության կողմից սահմանված ժամկետային հաջորդականությամբ) մարման ժամկետով պարտատոմսեր: Պարտատոմսերի մարումն իրականացվում է դրամով կամ այլ գույքով` համաձայն պարտատոմսերի թողարկման մասին որոշման:

Ընկերությունն իրավունք ունի թողարկել`

ա) Ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր.

բ) երրորդ անձանց կողմից պարտատոմսերի թողարկման համար տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր.

գ) առանց ապահովման պարտատոմսեր:

Առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է Ընկերության պետական գրանցումից առնվազն երեք տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն Ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռները:

Ընկերությունը կարող է թողարկել ինչպես անվանական, այնպես էլ ըստ ներկայացնողի պարտատոմսեր:

Ընկերությունը պարտավոր է վարել իր կողմից տեղաբաշխված անվանական պարտատոմսերի սեփականատերերի ռեեստրը: Կորցրած անվանական պարտատոմսը վերականգնում է Ընկերությունը` ողջամիտ վճարի դիմաց: Կորցրած` ըստ ներկայացնողի պարտատոմսի սեփականատիրոջ իրավունքները վերականգնում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Ընկերությունը կարող է ընձեռել պարտատոմսերի վաղաժամկետ մարման հնարավորություն` դրանց սեփականատերերի ցանկությամբ: Այդ դեպքում պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն մարվող գումարի մեծությունը և այն ժամկետը, որից սկսած պարտատոմսերը կարող են ներկայացվել վաղաժամկետ մարման:

3. Ընկերությունը կարող է թողարկել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնք տալիս են Ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռքբերման իրավունք: Ընդ որում, Ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, եթե ըստ տեսակների և դասերի հայտարարված բաժնետոմսերի քանակը պակաս է նշված տեսակների և դասերի բաժնետոմսերի այն քանակից, որոնք անհրաժեշտ են փոխարկվող պարտատոմսերը և այլ արժեթղթերն Ընկերության բաժնետոմսերի փոխարկելու հնարավորությունն ապահովելու համար:

4. Պարտատոմսերի տոկոսը վճարվում է դրանց վրա նշված ժամկետում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` անկախ Ընկերության ֆինանսական վիճակից և ստացված շահույթից (բացի շահույթում մասնակցող պարտատոմսերից): Եթե պարտատոմսերը տեղաբաշխվում են անվանական արժեքից ցածր գներով, ապա տարեկան տոկոսները պարտատոմսի սեփականատիրոջը կարող են չվճարվել, ինչը պետք է սահմանվի պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ և նշված լինի պարտատոմսում:

Պարտատոմսերով տոկոսները չվճարելու կամ սահմանված ժամկետում պարտատոմսերը չմարելու դեպքում Ընկերությունը կարող է լուծարվել դատական կարգով:

5. Պարտատոմսը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) «Պարտատոմս» անվանումը և հերթական համարը.

բ) Ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.

գ) կանոնադրական կապիտալի չափը.

դ) թողարկման ժամկետը.

ե) պարտատոմսի անվանական արժեքը.

զ) այդ տեսակի պարտատոմսերի թողարկված քանակը և գումարային անվանական արժեքի չափը.

է) պարտատոմսերի մարման ժամկետը, մարվող գումարը և վճարվող տոկոսադրույքները կամ դրանց հաշվարկման կարգը, տոկոսադրույքների վճարման կարգը.

ը) անվանական պարտատոմսերի համար` պարտատոմսի սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` անունը).

թ) խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները).

ժ) պարտատոմսի ձևը և դրա հետ կապված իրավունքները, այդ թվում` փոխարկվող պարտատոմսերի համար` Ընկերության բաժնետոմսերի փոխարկման իրավունքը.

ժա) Ընկերության կնիքի դրոշմվածքը:

6. Տպագրական եղանակով պատրաստված պարտատոմսը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:

(40-րդ հոդվածը փոփ. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 41. ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ

 

1. Ընկերության աշխատակիցներին կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել աշխատակցի բաժնետոմսեր, որոնք կարող են լինել հասարակ (սովորական) կամ արտոնյալ: Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության աշխատակիցների միջև` այդ նպատակի համար աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին` Ընկերության կողմից իր բաժնետերերից հետ գնած բաժնետոմսերից:

Աշխատակցի բաժնետոմսերի մասը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

2. Աշխատակցի բաժնետոմսը Ընկերության աշխատակցին արտոնյալ պայմաններով վաճառված անվանական բաժնետոմս է: Աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 3 տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրվանից:

3. Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջև վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել, բայց ոչ պակաս 25 տոկոսից:

4. Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, բացի կենսաթոշակի անցնելու դեպքերից, Ընկերությունը նախապատվության իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը շուկայական գնով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս:

Աշխատակցի բաժնետոմսերի մահացած տիրոջ ժառանգորդները, եթե գործում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված սահմանափակումները, իրավունք ունեն Ընկերությունից պահանջել դրանց հետգնումը շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջել դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից:

5. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նշված սահմանափակման, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող հասարակ (սովորական) կամ տարբեր դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար:

Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության հասարակ (սովորական) և համապատասխան դասի արտոնյալ արժեթղթի անվանական արժեքից:

6. Աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման, դրանց դիմաց վճարման և աշխատակիցների արտոնությունների սահմանման կարգի մասին որոշումը կայացնում է ժողովը:

 

ՀՈԴՎԱԾ 42. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄԸ

 

1. Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման միջոց կարող են լինել գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, մտավոր սեփականությունը:

2. Ընկերության հիմնադրման ժամանակ նրա բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն մինչև Ընկերության պետական գրանցումը:

Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:

3. Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարման ձևը սահմանվում է Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի, ինչպես նաև Ընկերության կողմից թողարկվող այլ արժեթղթերի դիմաց` դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ:

Լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ, որոնց դիմաց վճարումը նախատեսված է միայն դրամական միջոցներով, պետք է վճարվի դրանց անվանական արժեքի առնվազն 25 տոկոսը:

Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, ձեռքբերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով, եթե արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

Հրապարակային վաճառքի միջոցով տեղաբաշխվող արժեթղթերի դիմաց վճարումը կատարվում է միայն դրամական միջոցներով` լրիվ արժեքով:

4. Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց հիմնադիրների կողմից վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ` խորհրդի որոշմամբ և ենթակա է գնահատման` անկախ գնահատողի կողմից:

Խորհրդի որոշմամբ կարող են սահմանափակումներ դրվել Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարվող գույքի տեսակների վրա:

5. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել, ներառյալ` Ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում:

6. Եթե լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս է, ապա բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ և դրանց արժեքը ժամանակին չվճարած բաժնետերերը զրկվում են բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում Ընկերության բաժնետերերի ռեեստրում: Դրամական միջոցները և այլ գույքը, որոնք վճարվել են բաժնետոմսերի դիմաց, բաժնետիրոջը չեն վերադարձվում:

Եթե լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս չէ, ապա կատարվում է բաժնետոմսերի քանակի վերահաշվարկ, այնպես, որ բաժնետոմսերի քանակի և ձեռքբերման արժեքի արտադրյալը չգերազանցի դրանց համար արդեն վճարված գումարը: Մնացած բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ, և բաժնետերերը զրկվում են դրանց նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում Ընկերության բաժնետերերի ռեեստրում:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել դրամական տույժեր` բաժնետոմսի դիմաց վճարման պարտավորությունների չկատարման համար:

Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Ժողովը հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և համապատասխան փոփոխություններ է կատարում կանոնադրությունում:

 

ՀՈԴՎԱԾ 43. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ և ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ

 

1. Ընկերությունում ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրությամբ սահմանված չափով, բայց ոչ պակաս կանոնադրական կապիտալի 15 տոկոսից: Եթե պահուստային հիմնադրամը կազմում է կանոնադրությամբ սահմանված չափից ավելի փոքր մեծություն, ապա հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթից` առնվազն 5 տոկոսի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը և այլ միջոցները դրա համար չեն բավարարում:

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:

2. Օրենքով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ հիմնադրամներ:

3. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվեկշռի կամ աուդիտորական վերստուգման տվյալներով` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը: Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից, ապա Ընկերությունը պարտավոր է ընդունել որոշում լուծարման մասին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման մասին որոշումը չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև լիազորված պետական մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարում` դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  IV.

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 44. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳԻՆԸ

 

1. Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, բայց ոչ պակաս անվանական արժեքից:

Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումն Ընկերության հիմնադրման ժամանակ իրականացվում է հիմնադիրների կողմից` բաժնետոմսի անվանական արժեքով:

2. Ընկերությունն իրավունք ունի լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխել դրանց շուկայական արժեքից ցածր, եթե`

ա) տեղաբաշխումն իրականացվում է Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսեր ունեցող բոլոր բաժնետերերի կողմից նման բաժնետոմսեր ձեռք բերելու նախապատվության իրենց իրավունքն իրականացնելիս.

բ) բաժնետոմսերի տեղաբաշխման համար Ընկերությունն օգտվում է տեղաբաշխողի (միջնորդի) ծառայություններից: Տեղաբաշխման գինն այս դեպքում կարող է շուկայական արժեքից ցածր լինել միայն տեղաբաշխողին (միջնորդին) վճարվող վարձատրության չափով, որը պետք է սահմանվի որպես տոկոսադրույք` տեղաբաշխվող բաժնետոմսի գնի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 45. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ԳԻՆԸ

 

1. Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որն իրականացվում է Ընկերության արժեթղթերի փոխարկումը բաժնետոմսերի ապահովելու համար, կատարվում է միայն այդ փոխարկման միջոցով: Փոխարկման կարգը սահմանվում է փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ:

2. Ընկերությունն իրականացնում է բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը դրանց շուկայական արժեքով, բացառությամբ`

ա) բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի, հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող Ընկերության բոլոր բաժնետերերին տեղաբաշխման դեպքի, պայմանով, որ վերջիններս իրականացնում են բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրենց իրավունքը: Այդ դեպքում արժեթղթերի տեղաբաշխումը կարող է իրականացվել դրանց անվանական արժեքով.

բ) եթե բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման համար Ընկերությունն օգտվում է տեղաբաշխողի (միջնորդի) ծառայություններից: Տեղաբաշխման գինն այս դեպքում կարող է շուկայական արժեքից ցածր լինել միայն տեղաբաշխողին (միջնորդին) վճարվող վարձատրության չափով, որը պետք է սահմանվի որպես տոկոսադրույք` տեղաբաշխվող բաժնետոմսի փոխարկվող արժեթղթի տեղաբաշխման գնի նկատմամբ:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման այն դեպքի վրա, երբ պարտատոմսերի մարման պայմաններով նախատեսված է դրանց անվանական արժեքի մարումը կամ փոխարկումն Ընկերության բաժնետոմսերի:

 

ՀՈԴՎԱԾ 46. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՁևԵՐԸ

 

1. Բաց Ընկերությունն իրավունք ունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխում` բաց կամ փակ բաժանորդագրության միջոցով:

Փակ Ընկերությունն իրավունք չունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխում` բաց բաժանորդագրության միջոցով կամ այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ թվով անձանց:

Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը` բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերն Ընկերության բաժնետոմսերի փոխարկման միջոցով, իրականացվում է Ընկերության բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված կարգով:

2. Բաց Ընկերության կողմից իրականացվող բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ձևերը (բաց կամ փակ բաժանորդագրություն) սահմանվում են ժողովի որոշմամբ:

3. Ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 47. ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Ընկերության բաժնետերերն ունեն կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով և «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

Բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող Ընկերության արժեթղթերի սեփականատերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում:

2. Ընկերության կողմից բաց բաժանորդագրության միջոցով քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման դեպքում Ընկերության բաժնետերերը չունեն քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք: Եթե տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվելու է դրամական միջոցներով, ապա կանոնադրությունն Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի համար կարող է նախատեսել քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք` իրենց պատկանող քվեարկող բաժնետոմսերի քանակին համամասնորեն:

3. Ժողովն իրավունք ունի որոշել չկիրառելու քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի սույն հոդվածի 2-րդ կետում նշված նախապատվության իրավունքը, ինչպես նաև սահմանել այդ որոշման գործողության ժամկետը: Նման որոշումներն ընդունվում են ժողովի կողմից` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ:

Նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման գործողության ժամկետը սահմանում է ժողովը, բայց որոշման ընդունման պահից ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի վրա, որոնք ձեռք են բերել ձայնի իրավունք` սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

(47-րդ հոդվածը փոփ. 27.04.04 ՀՕ-66-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 48. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերեր հանդիսացող բաժնետերերը պետք է սույն օրենքով ժողովի գումարման մասին սահմանված կարգով Ընկերության դրամական վճարման ենթակա քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն սկսվելու օրվանից առնվազն 30 օր առաջ ծանուցվեն սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքի` իրենց կողմից իրականացման հնարավորության մասին:

Ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի`

ա) տեղաբաշխվող քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի քանակի մասին.

բ) տեղաբաշխվող քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման գնի (այդ թվում` տեղաբաշխվող քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող Ընկերության բաժնետերերի համար տեղաբաշխման գնի) մասին.

գ) Ընկերության բաժնետերերի կողմից նախապատվության իրավունքով ձեռք բերվող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի քանակի որոշման կարգի, ինչպես նաև այդ իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին:

2. Բաժնետերն իրավունք ունի իրականացնել իր նախապատվության իրավունքը լրիվ ծավալով կամ մասնակիորեն` քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկող արժեթղթերի ձեռքբերման մասին Ընկերությանը գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով, որը պետք է բովանդակի`

ա) բաժնետիրոջ լրիվ ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը), պետական գրանցման տվյալները (անձնագրային տվյալները), գտնվելու (բնակության) վայրը.

բ) ձեռք բերվող բաժնետոմսերի և /կամ/ արժեթղթերի քանակը.

գ) բաժնետոմսերի և /կամ/ արժեթղթերի դիմաց վճարման մասին փաստաթուղթը:

Ծանուցումը պետք է ներկայացվի Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն սկսելու օրվանից ոչ ուշ, քան մեկ օր առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ  V.

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 49. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և կանոնադրությամբ:

Ընկերությունը պարտավոր է վճարել բաժնետոմսերի յուրաքանչյուր տեսակի (դասի) համար հայտարարված շահութաբաժինները` դրամով, իսկ կանոնադրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ գույքով, այդ թվում՝ տվյալ Ընկերության բաժնետոմսերով:

2. Շահութաբաժինները վճարվում են Ընկերության զուտ շահույթից (կուտակված շահույթից): Որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինները կարող են վճարվել հատուկ այդ նպատակով ստեղծված Ընկերության հիմնադրամների հաշվից:

3. Ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի` միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի` տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է ժողովը` խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող ավելի լինել խորհրդի առաջարկածից և պակաս լինել` արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից:

Եթե ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափն ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և դասերի սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա այդ տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:

Եթե ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափն ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և դասերի սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա այդ տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:

Ժողովն իրավունք ունի որոշում ընդունել առանձին տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չվճարելու, իսկ արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, նաև շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին:

4. Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի` շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է խորհրդի` միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունման պահից 30 օր անց:

Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`

ա) միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` Ընկերության այն բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Ընկերության բաժնետերերի ռեեստրում` խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.

բ) տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` Ընկերության այն բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Ընկերության բաժնետերերի ռեեստրում` Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին (այսուհետ` տարեկան ժողով) մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ:

(49-րդ հոդվածը լրաց. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 50. ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել (հայտարարել) տեղաբաշխված բաժնետոմսերով շահութաբաժինների վճարման մասին, եթե`

ա) լրիվ չի վճարվել կանոնադրական կապիտալը.

բ) Ընկերությունը հետ չի գնել բոլոր բաժնետոմսերը` սույն օրենքի 58-րդ հոդվածի դրույթներին համապատասխան.

գ) շահութաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկության) հայտանիշներին, կամ դրանք ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով.

դ) Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից կամ կպակասի շահութաբաժինների վճարման հետևանքով:

2. Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել (հայտարարել) շահութաբաժինների վճարման մասին տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի և այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար սահմանված չէ շահութաբաժնի չափը, եթե շահութաբաժիններն ամբողջությամբ վճարելու որոշում չի ընդունված արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն դասերի դիմաց, որոնց համար շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ:

3. Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել (հայտարարել) շահութաբաժինների վճարման մասին տեղաբաշխված այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, եթե շահութաբաժիններն ամբողջությամբ վճարելու որոշում չի ընդունված արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն դասերի դիմաց, որոնք վերոհիշյալ արտոնյալ բաժնետոմսերի նկատմամբ շահութաբաժիններ ստանալու առաջնահերթության իրավունք են տալիս:

 

Գ Լ ՈՒ Խ  VI.

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 51. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ

 

1. Բաժնետիրական ընկերություններն իրենց թողարկած բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել մասնագիտացված կազմակերպությանը, որն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: Ռեեստրում նշվում են յուրաքանչյուր գրանցված անձի (բաժնետիրոջ, անվանատիրոջ) մասին տեղեկություններ, ինչպես նաև գրառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները:

(պարբերությունն ուժը կորցրել է 11.10.07 ՀՕ-202-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 11.10.07 ՀՕ-202-Ն)

3. Ռեեստրի վարումը և պահպանումը մասնագիտացված կազմակերպությանը հանձնած Ընկերությունն ազատվում է այն վարելու և պահպանելու համար սահմանված պատասխանատվությունից:

4. Բաժնետերը, անվանատերերը պարտավոր են Ընկերության ռեեստրը վարողին ժամանակին տեղեկացնել իրեն վերաբերող սույն հոդվածով սահմանված տվյալների փոփոխության մասին: Նշված տվյալները բաժնետիրոջ, անվանատիրոջ կողմից չներկայացնելու դեպքում Ընկերությունը և ռեեստր վարող մասնագիտացված կազմակերպությունը պատասխանատվություն չեն կրում բաժնետիրոջը պատճառված վնասի համար:

(51-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 52. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումը կատարվում է Ընկերության բաժնետիրոջ կամ անվանատիրոջ պահանջով` օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու պահից` երեք օրվա ընթացքում:

2. Ռեեստրում գրառում կատարելու մերժում չի թույլատրվում, բացառությամբ օրենքով և իրավական ակտերով սահմանված դեպքերի: Նման մերժման դեպքում ռեեստր վարողը դրանում գրառում կատարելու պահանջը ներկայացնելու պահից հինգ օրվա ընթացքում գրառում պահանջող անձին հիմնավորված ծանուցում է մերժման մասին:

Ռեեստրում գրառման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ռեեստր վարողը պարտավոր է համապատասխան գրառում կատարել դրանում:

 

ՀՈԴՎԱԾ 53.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԸ

 

Ընկերության բաժնետիրոջ, անվանատիրոջ պահանջով Ընկերության բաժնետերերի ռեեստր վարողը պարտավոր է հաստատել Ընկերության բաժնետիրոջ, անվանատիրոջ սեփականության իրավունքը` այդ անձին ռեեստրից համապատասխան քաղվածք տրամադրելով, որում նշվում են`

ա) Ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.

բ) կանոնադրական կապիտալի չափը, այդ տեսակի թողարկված բաժնետոմսերի քանակը և գումարային անվանական արժեքի չափը.

գ) բաժնետոմսի յուրաքանչյուր տեսակի պետական գրանցման համարը, եթե «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրանք ենթակա են պետական գրանցման.

դ) բաժնետոմսերի թիվը, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը, ինչպես նաև դրանց գումարային անվանական արժեքը.

ե) քաղվածքը տալու տարին, ամիսը, ամսաթիվը.

զ) բաժնետիրոջ, անվանատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` անունը).

է) խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները), իսկ եթե ռեեստրը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա նրա համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունը), ինչպես նաև այդ կազմակերպության պետական գրանցման տվյալները, լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

ը) Ընկերության կնիքի դրոշմվածքը, իսկ եթե ռեեստրը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա տվյալ կազմակերպության կնիքի դրոշմվածքը.

թ) այլ տեղեկություններ` քաղվածք պահանջող անձի դիմումով:

Ընկերության բաժնետերերի ռեեստրից քաղվածքը արժեթուղթ չի հանդիսանում:

(53-րդ հոդվածը փոփ. 08.06.04 ՀՕ-95-Ն, 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VII.

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԳՆՈՒՄԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

ՀՈԴՎԱԾ 54. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

1. Կանոնադրական կապիտալի նվազեցման մասին ժողովի որոշմամբ Ընկերությունն իրավունք ունի Ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու նպատակով ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասը, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Ընկերությունն իրավունք չունի բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցման նպատակով իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում ընդունել, եթե շրջանառության մեջ մնացող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կնվազի սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից:

2. Ընկերությունն իրավունք ունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը խորհրդի որոշմամբ, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Խորհուրդն իրավունք չունի տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման մասին որոշում ընդունել, եթե շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կնվազի կանոնադրական կապիտալի 90 տոկոսից:

3. Ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցման մասին ժողովի որոշման հիման վրա ձեռք բերված` Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը մարվում են դրանց ձեռքբերման ժամանակ:

Խորհրդի որոշմամբ ձեռք բերված տեղաբաշխված բաժնետոմսերը ձայնի իրավունք չեն տալիս, չեն հաշվարկվում ձայների քանակի հաշվարկման ժամանակ և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն դրանց ձեռքբերման պահից մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցման մասին, կամ ձեռք բերված բաժնետոմսերի մարման հաշվին Ընկերության մնացած բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման մասին` անփոփոխ պահելով կանոնադրությամբ սահմանված կանոնադրական կապիտալը:

4. Բաժնետոմսերի ձեռքբերման մասին որոշմամբ պետք է սահմանվեն`

ա) ձեռք բերվող բաժնետոմսերի տեսակները և դասերը.

բ) ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը` ըստ դրանց տեսակների և դասերի.

գ) ձեռքբերման գինը, վճարման ժամկետները և ձևը.

դ) ժամկետը, որի ընթացքում իրականացվելու է բաժնետոմսերի ձեռքբերումը:

Բաժնետոմսերը վճարվում են դրամական միջոցներով, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ժամկետը, որի ընթացքում իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերումը, չի կարող 30 օրից պակաս լինել: Ընկերության կողմից հասարակ (սովորական) բաժնետոմսերի ձեռքբերման գինը որոշվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

Յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերը, եթե այդ տեսակի կամ դասի բաժնետոմսերի ձեռքբերման մասին որոշում է ընդունվել, իսկ Ընկերությունը պարտավոր է ձեռք բերել դրանք: Եթե բաժնետերերի հայտերով վաճառքի համար առաջարկվող բաժնետոմսերի քանակը գերազանցում է Ընկերության կողմից սույն հոդվածի սահմանափակումների հաշվառմամբ ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը, ապա բաժնետոմսերը ձեռք են բերվում ներկայացված հայտերին համամասնորեն:

5. Ընկերությունը պարտավոր է ծանուցել բաժնետերերին, որոնք տնօրինում են Ընկերության համապատասխան տեսակի և դասի բաժնետոմսեր, այդ բաժնետոմսերը ձեռք բերելու իր որոշման մասին` դրանց ձեռքբերման ժամկետի սկզբից առնվազն 30 օր առաջ: Ծանուցումը պետք է բովանդակի սույն հոդվածի 4-րդ կետի առաջին մասում սահմանված տեղեկությունները:

6. Արտոնյալ բաժնետոմսերի ձեռքբերումն իրականացվում է կանոնադրությամբ նախատեսված կամ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող շուկայական գնով:

 

ՀՈԴՎԱԾ 55.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Ընկերությունն իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերը, եթե`

ա) լրիվ չի վճարվել կանոնադրական կապիտալը.

բ) ձեռքբերման պահի դրությամբ Ընկերության վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկության) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով.

գ) բաժնետոմսերի ձեռքբերման պահին Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալի, պահուստային հիմնադրամի և տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի` կանոնադրությամբ սահմանված լուծարային արժեքի ու դրանց անվանական արժեքի տարբերության ընդհանուր գումարից կամ կպակասի բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով:

2. Ընկերությունն իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված որոշակի դասերի արտոնյալ բաժնետոմսերը, եթե`

ա) լրիվ չի վճարվել կանոնադրական կապիտալը.

բ) ձեռքբերման պահի դրությամբ Ընկերության վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկության) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով.

գ) բաժնետոմսերի ձեռքբերման պահին Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալի, պահուստային հիմնադրամի և տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի` կանոնադրությամբ սահմանված լուծարային արժեքի ու դրանց անվանական արժեքի տարբերության ընդհանուր գումարից, որոնց սեփականատերերը ձեռք բերվող արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ արտոնյալ բաժնետոմսի լուծարային արժեքն ստանալու առաջնահերթության իրավունք ունեն, կամ կպակասի բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով:

3. Ընկերությունն իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը, եթե նրա կողմից հետ չեն գնվել բոլոր այն բաժնետոմսերը, որոնց հետգնման պահանջը ներկայացված է սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 56. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ) և ԲԱԺԱՆՈՒՄԸ

 

1. Ընկերությունն իրավունք ունի ժողովի որոշմամբ համախմբել (կոնսոլիդացնել) տեղաբաշխված բաժնետոմսերը, որի արդյունքում Ընկերության երկու կամ ավելի բաժնետոմսերը փոխարկվում են նույն տեսակի (դասի) մեկ նոր բաժնետոմսի: Այդ դեպքում կանոնադրության մեջ կատարվում են Ընկերության տեղաբաշխված և հայտարարված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի համապատասխան փոփոխություններ:

Համախմբման (կոնսոլիդացման) հետևանքով կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում վերջիններս ենթակա են հետգնման Ընկերության կողմից դրանց` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքով:

2. Ընկերությունն իրավունք ունի ժողովի որոշմամբ բաժանել տեղաբաշխված բաժնետոմսերը, որի արդյունքում Ընկերության տեղաբաշխած մեկ բաժնետոմսը փոխարկվում է նույն տեսակի (դասի) երկու կամ ավելի բաժնետոմսերի: Այդ դեպքում կանոնադրության մեջ կատարվում են Ընկերության տեղաբաշխված և հայտարարված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի համապատասխան փոփոխություններ:

 

ՀՈԴՎԱԾ 57.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ

 

1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն Ընկերությունից պահանջել բաժնետոմսերի հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնումը, եթե`

ա) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին` սույն օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, և նշված բաժնետերերը քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ նշված խոշոր գործարք կնքելու դեմ, կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.

բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները, և նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:

2. Ընկերությունից իրենց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է Ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա, այն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը պարունակում է հարցեր, որոնց ընդունումը կարող է հանգեցնել բաժնետերերի իրավունքների` սույն հոդվածի 1-ին կետում նշված սահմանափակմանը:

3. Ընկերության կողմից բաժնետոմսերի հետգնումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, որը որոշվում է առանց բաժնետոմսի գնահատման և հետգնման պահանջի իրավունք տվող Ընկերության գործողությունների հետևանքով առաջացող փոփոխությունները հաշվի առնելու:

 

ՀՈԴՎԱԾ 58. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ընկերությունը պարտավոր է տեղեկացնել բաժնետերերին` նրանց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի և իրականացման կարգի մասին:

2. Ժողովի մասին ծանուցումը, որի օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնց վերաբերյալ քվեարկությունը կարող է սույն օրենքով սահմանված կարգով հանգեցնել բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացմանը, պետք է պարունակի սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները: Ծանուցումը պետք է պարունակի նաև տեղեկություններ բաժնետոմսերի հետգնման գնի մասին, եթե վերջինս սահմանված կարգով մինչ այդ որոշված է:

Նշված որոշումների ընդունման պահից` 7-օրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է ծանուցել հետգնման իրավունք ունեցող բաժնետերերին` նրանց մոտ Ընկերությունից բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման և հետգնման կարգի մասին:

3. Բաժնետիրոջ` իրեն պատկանող բաժնետոմսերը հետգնելու մասին գրավոր պահանջը, որը պարունակում է տեղեկություններ հետգնման ներկայացված բաժնետոմսերի քանակի և բաժնետիրոջ բնակության (գտնվելու) վայրի մասին, ներկայացվում է Ընկերությանը` ժողովի կողմից համապատասխան որոշումների ընդունման պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետի ավարտից հետո Ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում հետգնել բաժնետոմսերը` հետգնման գրավոր պահանջ ներկայացրած բաժնետերերից:

5. Բաժնետոմսերի հետգնումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ կետի առաջին մասում նշված ծանուցման մեջ սահմանված գնով, իսկ եթե սահմանված չէ նման գին, ապա այն սահմանվում է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահի դրությամբ:

Բաժնետոմսերի հետգնմանն ուղղվող միջոցների գումարը չի կարող գերազանցել Ընկերության զուտ ակտիվների արժեքի 10 տոկոսը: Զուտ ակտիվների արժեքը սահմանվում է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահի դրությամբ: Եթե բաժնետերերի պահանջով հետգնման ենթակա բաժնետոմսերի գումարային արժեքը գերազանցում է այն գումարը, որն Ընկերությունը կարող է տրամադրել բաժնետոմսերի հետգնման համար, ապա բաժնետոմսերը հետ են գնվում բաժնետերերի ներկայացված պահանջներին համամասնորեն:

6. Եթե բաժնետերը համաձայն չէ հետգնման գնի հետ, ապա նա իրավունք ունի բաժնետոմսերի վերագնահատման պահանջով դիմել դատարան` Ընկերության կողմից բաժնետերերին վճարումը կատարելու սահմանված օրից երեք ամսվա ընթացքում:

7. Սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով հետգնված բաժնետոմսերն ուղղվում են Ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված արժեթղթերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 59. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Գույքի շուկայական արժեք է համարվում, ներառյալ` Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:

2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի որոշմամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի, այլ մարմնի կամ անձի կողմից:

Եթե մեկ կամ մի քանի գործարքներում, որոնց համար պահանջվում է սահմանել գույքի շուկայական արժեք, շահագրգիռ անձ է հանդիսանում խորհրդի անդամը, ապա գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի այն անդամների որոշմամբ, որոնք չունեն շահագրգռվածություն նշված գործարքում: Հիսուն և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում գույքի շուկայական արժեքը որոշվում է խորհրդի` գործարքի կնքմամբ շահագրգռվածություն չունեցող, անկախ անդամների կողմից:

3. Գույքի շուկայական արժեքի սահմանման համար` անկախ գնահատողի ծառայություններից Ընկերությունը կարող է օգտվել խորհրդի որոշմամբ:

4. Անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված` Ընկերության բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի հետգնման դեպքերում:

5. Ընկերության բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:

Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Ընկերության զուտ ակտիվների արժեքը, ինչպես նաև այն գինը, որն Ընկերության բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) արժեթղթերի համար համաձայն է վճարել Ընկերության գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք Ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր:

Սույն կետով որոշվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է Ընկերության զուտ ակտիվների արժեքը հիմք ընդունելով:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII.

 

ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 60. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ և ՕՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

 

1. Խոշոր են համարվում`

ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ Ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են Ընկերության կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսը.

բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է հանդիսանում Ընկերության հասարակ (սովորական) կամ հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը կազմում է Ընկերության կողմից արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 և ավելի տոկոսը:

2. Խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 61. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ և ՕՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

1. Խոշոր գործարք կնքելու մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքը և որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն: Այդ դեպքում խորհրդի դուրս եկած անդամների ձայները հաշվի չեն առնվում:

Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունել` հարցը ժողովում քննարկելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ մասով սահմանված դեպքում, ինչպես նաև եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից` դրան մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի) ձայների 3/4-ով:

3. Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանելու մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  IX.

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 62. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Ընկերության գործարքներում շահագրգիռ անձ է համարվում խորհրդի անդամը, Ընկերության կառավարման մարմիններում այլ պաշտոն զբաղեցնող անձը կամ բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) իր (իրենց) հետ համագործակցող անձանց հետ միասին տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին, եթե վերոհիշյալ անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք (ամուսինները, ծնողները, երեխաները, քույրերը, եղբայրները), ինչպես նաև նրանց հետ համագործակցող բոլոր անձինք`

ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ մասնակցում են գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.

բ) տիրապետում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.

գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի կառավարման մարմիններում:

Սույն օրենքի իմաստով փոխկապակցված են համարվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով այդպիսիք ճանաչված անձինք:

(62-րդ հոդվածը փոփ. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 63. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի 62-րդ հոդվածում նշված անձինք պարտավոր են տեղեկություններ տրամադրել խորհրդին, վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին) և Ընկերության աուդիտն իրականացնող անձին`

ա) այն իրավաբանական անձանց մասին, որոնցում նրանք ինքնուրույն կամ նրանց հետ փոխկապակցված անձի (անձանց) հետ համատեղ տիրապետում են քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.

բ) այն իրավաբանական անձանց մասին, որոնց կառավարման մարմիններում նրանք պաշտոններ են զբաղեցնում.

գ) կնքված կամ կնքման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ:

 

ՀՈԴՎԱԾ 64. ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Մինչև 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը` գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

2. 500 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը` գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող, խորհրդի անկախ անդամների ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի անկախ անդամ է համարվում այն անձը, որը չի հանդիսանում Ընկերության միանձնյա գործադիր մարմին` տնօրեն, գլխավոր տնօրեն (այսուհետ` միանձնյա գործադիր մարմին), կամ Ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի` վարչության, տնօրինության (այսուհետ` կոլեգիալ գործադիր մարմին) անդամ, և որի ամուսինը, ծնողները, երեխաները, քույրերը և եղբայրները պաշտոններ չեն զբաղեցնում Ընկերության կառավարման մարմիններում:

Խորհուրդը շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու համար պետք է գա այն եզրակացության, որ`

- գործարքը կնքելու հետևանքով Ընկերության կողմից ստացված վճարը պակաս չէ գործարքի արդյունքում Ընկերության կողմից գործարքի մյուս կողմին փոխանցվող գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքից, կամ`

- գործարքը կնքելու հետևանքով Ընկերության ձեռք բերված գույքի, ստացված ծառայության կամ Ընկերության համար կատարված աշխատանքի դիմաց վճարը չի գերազանցում նշված գույքի, ծառայության կամ աշխատանքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը:

3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ, եթե`

ա) գործարքով վճարման ենթակա գումարը և գործարքի առարկա հանդիսացող գույքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը գերազանցում են Ընկերության ակտիվների արժեքի 2 տոկոսը.

բ) գործարքը և/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է Ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:

4. Գործարքի կնքումը, որում առկա է շահագրգռվածությունը, և որը բավարարում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին, կարող է կնքվել առանց ժողովի որոշման, եթե`

ա) գործարքն Ընկերությանը շահագրգիռ անձի կողմից տրամադրվող փոխառություն է.

բ) գործարքն Ընկերության և գործարքի մյուս կողմի միջև արդյունք է բնականոն տնտեսական գործունեության, որը կնքվել է մինչև սույն օրենքի 62-րդ հոդվածի դրույթներին համապատասխան շահագրգռվածության ճանաչումը (որոշում չի պահանջվում մինչև հաջորդ ժողովի գումարման օրը):

Եթե ժողովի անցկացման օրվա դրությամբ անհնար է կանխատեսել Ընկերության և գործարքի մյուս կողմի բնականոն տնտեսական գործունեության ընթացքում շահագրգռվածության հնարավորությունը, ապա սույն հոդվածի 3-րդ կետի պահանջները համարվում են կատարված, եթե ժողովը որոշում կընդունի Ընկերության և մյուս կողմի միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման մասին, որով կսահմանվի կնքվող գործարքների բնույթը և գործարքների առավելագույն արժեքը:

5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` գործարքում շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ:

6. Եթե գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, միևնույն ժամանակ Ընկերության գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք է հանդիսանում, ապա դրա կնքումն իրականացվում է` հաշվի առնելով նաև սույն օրենքի VIII գլխի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 65. ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը և կնքվել է սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանելու մասին:

2. Շահագրգիռ ճանաչված անձն Ընկերության առջև պատասխանատվություն է կրում Ընկերությանը պատճառված վնասների չափով: Եթե պատասխանատվության ենթակա է մի քանի անձ, ապա նրանք Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

Անձը ազատվում է սույն կետով սահմանված պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ գործարքի կնքմամբ Ընկերությունը կկրի վնասներ:

3. Շահագրգռվածության առկայության դեպքում Ընկերության գործարքների կնքման վերաբերյալ սույն գլխի պահանջները չեն կիրառվում, եթե`

ա) բոլոր բաժնետերերի կողմից իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը.

բ) իրականացվում է բաժնետոմսերի փոխարկվող այլ արժեթղթերի փոխարկումը.

գ) տեղաբաշխված բաժնետոմսերն Ընկերության կողմից ձեռք բերելու դեպքում, եթե տվյալ տեսակի (դասի) բաժնետոմսերի բոլոր սեփականատերերն ունեն հավասար իրավունք` համամասնորեն վաճառելու իրենց պատկանող տվյալ տեսակի (դասի) բաժնետոմսերը:

4. Եթե Ընկերության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր կամ անվանատեր է հանդիսանում միայն մեկ անձ, ապա շահագրգռվածության առկայության դեպքում սույն գլխի պահանջները չեն կիրառվում:

5. Փակ Ընկերության (որի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի քանակը չի գերազանցում 10-ը) կանոնադրությունը կարող է նախատեսել դրույթներ` սույն գլխի նորմերի պահանջները մասնակի կամ ամբողջությամբ չկիրառելու մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  X.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

 

ՀՈԴՎԱԾ 66. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

 

1. Ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:

Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի տարեկան ժողով: Առաջին տարեկան ժողովը գումարվում է առաջին ֆինանսական տարվա ավարտից հետո:

Տարեկան ժողովը գումարվում է կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան Ընկերության հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում:

Տարեկան ժողովից բացի գումարվող ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ժողովները գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:

2. Ժողովի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և կարգը, ինչպես նաև բաժնետերերին ժողովի անցկացման մասին ծանուցման կարգը, բաժնետերերին տրամադրվող նյութերի ցանկը սահմանում է խորհուրդը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 67. ԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ժողովի իրավասությանն են պատկանում`

ա) կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

բ) Ընկերության վերակազմակերպումը.

գ) Ընկերության լուծարումը.

դ) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.

ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

զ) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

է) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.

ը) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև Ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման ճանապարհով կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը.

թ) Ընկերության գործադիր մարմնի (միանձնյա կամ կոլեգիալ) ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, եթե կանոնադրությամբ այդ իրավունքը վերապահված չէ խորհրդին.

ժ) Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

ժա) Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.

ժբ) Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը: Նշված հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Եթե սահմանված ժամկետում տարեկան ժողովը տեղի չի ունեցել, ապա արտահերթ ժողով կարող է հրավիրվել միայն Ընկերության լուծարման կամ սույն ենթակետում նշված հարցերը քննարկելու համար: Նշված հարցերով հրավիրված արտահերթ ժողովում այլ հարցեր քննարկվել չեն կարող, բացառությամբ սույն ենթակետում նշված հարցերով կայացված որոշումներով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքերի.

ժգ) սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի Ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.

ժդ) ժողովի վարման կարգը.

ժե) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.

ժզ) Ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը, ներառյալ` զանգվածային լրատվության համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարության ձևով.

ժէ) բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիան), բաժանումը.

ժը) գործարքների կնքման մասին որոշման ընդունումը` սույն օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

ժթ) գործարքների կնքման մասին որոշման ընդունումը` սույն օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում.

ի) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

իա) Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց (խորհրդի նախագահի կամ անդամի, տնօրենի, գլխավոր տնօրենի կամ վարչության, տնօրինության անդամի) աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.

իբ) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.

իգ) դուստր և կախյալ ընկերություններին մասնակցությունը.

իդ) հոլդինգային ընկերությունների, առևտրային կազմակերպությունների այլ միությունների հիմնադրումը.

իե) հոլդինգային ընկերություններում, առևտրային կազմակերպությունների այլ միություններում մասնակցությունը.

իզ) սույն օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ որոշումների ընդունումը.

իէ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշումների ընդունումը:

Ժողովի` «իբ-իե» ենթակետերով սահմանված իրավասություններն իրականացվում են, եթե դրանք կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ վերապահված չեն խորհրդին:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է ժողովի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել խորհրդին կամ գործադիր մարմնին, բացառությամբ սույն կետի երկրորդ մասով սահմանված հարցերի:

Ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին կետի «իգ» և «իե» ենթակետերով սահմանված հարցերով որոշումների ընդունումը կարող է փոխանցվել Ընկերության գործադիր մարմնին, իսկ «է», «թ», «ի» և «իբ - իե» ենթակետերով սահմանված հարցերով` խորհրդին:

3. Ժողովն իրավունք չունի քննարկել և որոշումներ ընդունել այն հարցերի շուրջ, որոնք սույն օրենքով չեն սահմանվել որպես նրա իրավասություն:

(67-րդ հոդվածը լրաց. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 68. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ժողովում ձայնի իրավունքից օգտվում են`

ա) Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը.

բ) Ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը` սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված դեպքերում:

Ձայնի իրավունք տվող (քվեարկող) բաժնետոմս է համարվում այն հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսը, որն իր սեփականատիրոջը տալիս է քվեարկվող հարցի վերաբերյալ քվեարկությանը մասնակցելու իրավունք: Եթե արտոնյալ բաժնետոմսն իր սեփականատիրոջը տալիս է մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք, ապա քվեարկող բաժնետոմսերի քանակի հաշվարկման ժամանակ նշված արտոնյալ բաժնետոմսերի տրված յուրաքանչյուր ձայն հաշվառվում է որպես առանձին քվեարկող բաժնետոմս:

2. Ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով ձայների ավելի շատ քանակ սահմանված չէ:

3. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «ժգ», «ժզ», «ժէ-ի» ենթակետերում թվարկված հարցերով որոշումներն ընդունում է ժողովը` միայն խորհրդի ներկայացմամբ, եթե սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «դ», «զ» և «ժթ» ենթակետերում թվարկված հարցերով որոշումներն ընդունում է ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով:

5. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «ը» ենթակետերում սահմանված հարցերով որոշումներն ընդունում է ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:

6. Եթե Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր կամ անվանատեր է հանդիսանում միայն մեկ անձ, ապա ժողովի որոշումները կարող են ընդունվել այդ անձի գրավոր որոշմամբ: Բաժնետեր իրավաբանական անձի որոշումը պետք է ընդունվի վերջինիս կանոնադրությամբ նման լիազորություններ ունեցող մարմնի կողմից:

7. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «ը» ենթակետերում սահմանված հարցերով պետությանը պատկանող բաժնետոմսերով Ընկերությունների ընդհանուր ժողովներում լիազորված պետական մարմինը (մարմինները) կամ վերջիններիս կողմից լիազորված անձը (անձինք) մասնակցում են որոշումների ընդունմանը` միայն Կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում:

8. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «ը» ենթակետերում սահմանված հարցերով համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերությունների ընդհանուր ժողովներում համայնքի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձը մասնակցում է որոշումների ընդունմանը` միայն համայնքի ղեկավարի (ավագանու համաձայնությամբ) համապատասխան որոշման առկայության դեպքում:

9. Ժողովի վարման կարգի մասին որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած ներքին փաստաթղթերով:

10. Ժողովն իրավունք չունի փոփոխել օրակարգը, ինչպես նաև որոշումներ ընդունել օրակարգում չընդգրկված հարցերի վերաբերյալ:

11. Ժողովի ընդունած որոշումների մասին տեղեկությունները, ինչպես նաև քվեարկության արդյունքները պետք է ներկայացվեն Ընկերության բաժնետերերին սույն օրենքով և Կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` այդ որոշումներն ընդունելու պահից` 45 օրվա ընթացքում:

12. Եթե ժողովի որոշումն ընդունվել է Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի կամ անվանատերերի միաձայնությամբ, ապա սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ կետով, 68-րդ հոդվածի 10-րդ կետով, 69-րդ հոդվածի 4-րդ կետով, 70-րդ հոդվածի 2-6-րդ կետերով, 71-րդ հոդվածով, 73-րդ հոդվածով, 74-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ-չորրորդ մասերով, 2-րդ կետով և 4-րդ կետի առաջին մասով, 75-րդ հոդվածով և 79-81-րդ հոդվածներով սահմանված պահանջները չպահպանելը չի կարող հիմք հանդիսանալ այդ հիմքերով որոշումներն անվավեր ճանաչելու համար:

13. Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել սույն օրենքի, այլ իրավական ակտերի և կանոնադրության պահանջների խախտմամբ ժողովի ընդունած որոշումը: Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել ժողովի որոշումը, եթե այդ բաժնետիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա և թույլ տված խախտումներն էական չեն:

 

ՀՈԴՎԱԾ 69. ԺՈՂՈՎԻ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ (ՀԱՐՑՄԱՆ) ՄԻՋՈՑՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով: Տարեկան ժողովը, ինչպես նաև սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետով սահմանված դեպքում հրավիրված արտահերթ ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:

2. Հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված ժողովի որոշումն օրինական ուժ ունի, եթե քվեարկությանը մասնակցել է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կեսից ավելին:

3. Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է սույն օրենքի 79-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող քվեաթերթիկների օգտագործմամբ:

4. Հեռակա կարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին` լրացրած քվեաթերթիկները Ընկերության կողմից ընդունումն ավարտելու պահից առնվազն 30 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 70. ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Ժողովին մասնակցելու իրավունք ունեն`

ա) Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը (անվանատերերը)` իրենց պատկանող բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով.

բ) Ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը (անվանատերերը)` իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով.

գ) Ընկերության բաժնետեր չհանդիսացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով.

դ) Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը).

ե) Ընկերության աուդիտն իրականացնող անձը (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ժողովի նյութերում):

2. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ժողով գումարելու մասին որոշման ընդունումը և ավելի ուշ, քան ժողովի գումարումից 60 օրից ավելի:

Եթե ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում է ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:

3. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու համար բաժնետոմսերի անվանատերը պարտավոր է ցուցակը կազմելու տարով, ամսով, ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը:

4. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը պետք է տվյալներ պարունակի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և նրան պատկանող բաժնետոմսերի, ըստ դրանց տեսակների և դասերի մասին:

5. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով Ընկերության այն բաժնետերերին, որոնք գրանցված են Ընկերության բաժնետերերի ռեեստրում և տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսին:

Ընկերության բաժնետիրոջ պահանջով Ընկերությունը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք` ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում նրա ընդգրկման մասին:

6. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բաժնետերերի խախտված օրինական իրավունքները և շահերը վերականգնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 71. ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

1. Սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված անձինք ծանուցվում են ժողովի գումարման մասին` նրանց համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու, իսկ ժողովի գումարման մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում` նաև այն հրապարակելու միջոցով, եթե կանոնադրությամբ ծանուցման այլ ձև նախատեսված չէ:

Ժողովի գումարման մասին ծանուցման ձևը, այդ թվում` նաև մամուլի այն միջոցը, որում պետք է հրապարակվի ծանուցումը, սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ:

Եթե կանոնադրությամբ ծանուցման որոշակի ձև սահմանված չէ, ապա բաժնետերերի ծանուցումը ժողովի մասին, ինչպես նաև քվեաթերթիկների տրամադրումը սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց իրականացվում է պատվիրված նամակներ ուղարկելու միջոցով կամ անձամբ հանձնելով:

2. Ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու ժամկետները սահմանվում են կանոնադրությամբ:

Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունը պարտավոր է ժողովի գումարման մասին իր բաժնետերերին սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ծանուցել ժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ:

3. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`

ա) Ընկերության ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.

բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

դ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.

ե) բաժնետերերի ծանոթանալու կարգը ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին, որոնք պետք է ներկայացվեն բաժնետերերին ժողովը նախապատրաստելու ընթացքում:

4. Տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունները և նյութերը ներառում են`

ա) Ընկերության տարեկան հաշվետվությունը.

բ) Ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) և Ընկերության աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը.

գ) տեղեկություններ խորհրդի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) առաջադրվող թեկնածուների մասին.

դ) կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը կամ կանոնադրության նախագիծը նոր խմբագրությամբ:

Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև բաժնետերերին` ժողովը նախապատրաստելու ընթացքում ներկայացվելիք այլ տեղեկությունների լրացուցիչ ցանկ:

5. Ժողովը հեռակա քվեարկությամբ գումարելիս ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր բաժնետերերին քվեաթերթիկների և ժողովի օրակարգի հետ մեկտեղ ուղարկվում են սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները և նյութերը:

6. Եթե Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված անձն արժեթղթերի անվանատեր է, ապա ժողովի գումարման մասին ծանուցումն ուղարկվում է նրան: Վերջինս պարտավոր է ծանուցումն ուղարկել այն անձանց, որոնց շահերը նա ներկայացնում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ նրա և այդ անձանց միջև կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 72. ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ընկերության բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր է (են) հանդիսանում, Ընկերության ֆինանսական տարվա ավարտից հետո` 30 օրվա, կամ կանոնադրությամբ սահմանված այլ, ավելի երկար ժամկետի ընթացքում, իրավունք ունի (ունեն) երկուսից ոչ ավելի առաջարկություններ ներկայացնել տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամության թեկնածուներ: Առաջարկվող թեկնածուների քանակը չի կարող գերազանցել այդ մարմիններում անդամների սահմանված քանակը:

2. Տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր` նշելով հարցի առաջարկման հիմքերը, հարցը մտցնող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը` ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի, և առաջարկության հեղինակի (հեղինակների) ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը:

3. Խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամության թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս, այդ թվում` ինքնաառաջադրման դեպքում, նշվում է թեկնածուի անունը, նրա Ընկերության բաժնետեր լինելու կամ չլինելու փաստը, նրան պատկանող Ընկերության բաժնետոմսերի քանակը` ըստ տեսակների և դասերի, նրան առաջադրող Ընկերության բաժնետերերի անունները (անվանումները), վերջիններիս պատկանող Ընկերության բաժնետոմսերի քանակը` ըստ տեսակների և դասերի:

4. Խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկները և որոշում ընդունել դրանք տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելու կամ ընդգրկելը մերժելու մասին` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում: Խորհուրդը կարող է որոշում ընդունել ներկայացված առաջարկները տարեկան ժողովի օրակարգում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին միայն այն դեպքում, եթե`

ա) առաջարկ ներկայացրած բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից խախտվել է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը.

բ) առաջարկ ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տնօրինում Ընկերության սույն հոդվածի 1-ին կետով սահմանված քանակի քվեարկող բաժնետոմսերին.

գ) լրիվ չեն կամ բացակայում են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տվյալները.

դ) առաջարկը չի համապատասխանում սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին:

5. Խորհրդի հիմնավորված որոշումը` ներկայացված առաջարկը տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին, ուղարկվում է առաջարկը կամ թեկնածու ներկայացրած բաժնետիրոջը (բաժնետերերին)` որոշումն ընդունելու պահից 3 օրվա ընթացքում:

6. Խորհրդի որոշումը` ներկայացված առաջարկը տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին, կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 73. ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Ժողովի նախապատրաստման ընթացքում խորհուրդը, իսկ սույն օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում` ժողովը գումարող անձինք, որոշում են`

ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.

բ) ժողովի օրակարգը.

գ) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

դ) ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը.

ե) բաժնետերերին ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը.

զ) քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով:

 

ՀՈԴՎԱԾ 74. ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎԸ

 

1. Արտահերթ ժողովը գումարվում է խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության` առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:

Արտահերթ ժողովի գումարման վերաբերյալ խորհրդի որոշմամբ սահմանվում է արտահերթ ժողովի գումարման ձևը` բաժնետերերի համատեղ ներկայությամբ կամ հեռակա կարգով քվեարկության միջոցով: Խորհուրդը չի կարող իր որոշմամբ փոխել ժողովի գումարման ձևը, եթե սույն կետում նշված արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջը ցուցում է բովանդակում ժողովի գումարման ձևի մասին:

Արտահերթ ժողովի` հեռակա կարգով քվեարկությամբ գումարման մասին խորհրդի որոշմամբ պետք է սահմանվեն`

ա) քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը.

բ) Ընկերության բաժնետերերին` քվեաթերթիկները և բաժնետերերին տրամադրվող տեղեկությունները և նյութերը առաքելու տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) բաժնետերերի կողմից լրացված քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու վերջին ժամկետի տարին, ամիսը, ամսաթիվը:

Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության` առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում խորհուրդը պետք է արտահերթ ժողովը գումարի պահանջը ներկայացնելու պահից` 45 օրվա ընթացքում:

2. Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության` առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջում պետք է ձևակերպված լինեն այն հարցերը, որոնք առաջարկվում են ընդգրկել ժողովի օրակարգում և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը:

Խորհուրդն իրավունք չունի փոփոխություններ մտցնել Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության` առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից առաջարկվող օրակարգում, ինչպես նաև փոփոխել օրակարգի քննարկման ենթակա հարցերի առաջարկվող ձևակերպումները, բացառությամբ այն դեպքի, երբ առաջարկվող օրակարգի հարցերը սույն օրենքով և կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ժողովի իրավասության առարկա:

3. Եթե արտահերթ ժողով գումարելու պահանջը ներկայացվում է Ընկերության` առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից, ապա այն պետք է պարունակի պահանջը ներկայացնող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը` ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի:

Արտահերթ ժողով գումարելու պահանջը պետք է ստորագրված լինի ժողովը գումարելու պահանջ ներկայացրած անձի (անձանց) կողմից:

4. Արտահերթ ժողովի գումարման կամ արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը պետք է ընդունվի Ընկերության գործադիր մարմնի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության` առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջը ներկայացնելու ամսաթվից` 10 օրվա ընթացքում:

Խորհուրդն արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին որոշում կարող է ընդունել միայն այն դեպքում, եթե`

ա) խախտվել է սույն օրենքով սահմանված արտահերթ ժողովի գումարման պահանջը ներկայացնելու կարգը.

բ) արտահերթ ժողովի գումարման պահանջը ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տնօրինում Ընկերության` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված քանակի քվեարկող բաժնետոմսերը.

գ) արտահերթ ժողովի օրակարգի հարցերից ոչ մեկը չի վերաբերում սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված ժողովի իրավասությանը.

դ) ժողովի օրակարգում ընդգրկելու համար առաջարկված հարցը չի համապատասխանում սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին:

5. Արտահերթ ժողովի գումարման կամ դրա գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումն ուղարկվում է պահանջը ներկայացրած անձանց որոշման ընդունման պահից` եռօրյա ժամկետում:

Արտահերթ ժողովի գումարման կամ արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

6. Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետում խորհուրդն արտահերթ ժողովի գումարման մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում դրա գումարումը մերժելու մասին, ապա արտահերթ ժողովը կարող են գումարել ժողովի գումարման մասին պահանջը ներկայացրած անձինք:

Նշված դեպքերում արտահերթ ժողովը կարող է որոշում ընդունել փոխհատուցելու ժողովի գումարման հետ կապված ծախսերը` Ընկերության միջոցների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 75. ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

1. Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում ստեղծվում է հաշվիչ հանձնաժողով, որի քանակական կազմը և անդամները, ինչպես նաև լիազորությունների ժամկետը սահմանվում են ժողովի որոշմամբ` խորհրդի ներկայացմամբ:

2. Հաշվիչ հանձնաժողովի կազմը չի կարող 3 հոգուց պակաս լինել: Հաշվիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել խորհրդի անդամները, Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը), Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը) կամ Ընկերության տնօրինության, վարչության անդամները, ինչպես նաև այն անձինք, որոնք առաջադրված են այդ պաշտոնների թեկնածուներ:

3. 500-ից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում հաշվիչ հանձնաժողովի գործառույթների կատարումը կարող է դրվել Ընկերության մասնագիտացված գրանցողի վրա:

4. Հաշվիչ հանձնաժողովը որոշում է ժողովի քվորումը, բաժնետերերին և նրանց ներկայացուցիչներին բացատրություններ է տալիս ժողովում օրակարգի հարցերի քվեարկման կարգի վերաբերյալ, ապահովում է քվեարկության սահմանված կարգը և բաժնետերերի` քվեարկությանը մասնակցելու իրավունքը, իրականացնում է ձայների հաշվարկը, ամփոփում է քվեարկության արդյունքները, դրանց վերաբերյալ կազմում է արձանագրություն և Ընկերության արխիվ է փոխանցում քվեաթերթիկները:

 

ՀՈԴՎԱԾ 76. ԲԱԺՆԵՏԻՐՈՋ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԺՈՂՈՎՈՒՄ

 

1. Ընկերության բաժնետերը ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով:

Բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել իր լիազոր ներկայացուցչին կամ անձամբ մասնակցել ժողովին:

Ժողովում բաժնետիրոջ ներկայացուցիչը գործում է Օրենսգրքի, օրենքի կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև գրավոր ձևով կազմված լիազորագրի հիման վրա: Լիազորագիրը պետք է պարունակի տեղեկություններ բաժնետիրոջ և նրա ներկայացուցչի մասին (անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, անձնագրային կամ պետական գրանցման տվյալները): Լիազորագրերը պետք է ձևակերպված լինեն Օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով:

Բաժնետիրոջ ներկայացուցիչը կարող է մասնակցել ժողովում միայն լիազորագրի առկայության դեպքում:

Նույն բաժնետիրոջ կողմից տրված երկու և ավելի լիազորագրերի առկայության դեպքում ուժի մեջ է համարվում վերջին լիազորագիրը:

Ընկերության բաժնետեր հանդիսացող իրավաբանական անձանց ղեկավարները ժողովին ներկայանում են առանց լիազորագրի:

2. Եթե Ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են ժողովում մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվանից, ամսից, ամսաթվից հետո, բայց մինչև ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ապա նշված ցուցակում ընդգրկված բաժնետերը պարտավոր է իրենից բաժնետոմսեր ձեռք բերած անձանց տրամադրել քվեարկելու լիազորագիր կամ ժողովում քվեարկել բաժնետոմսերի նոր սեփականատիրոջ ցուցումներին համաձայն: Նշված կարգը կիրառվում է նաև բաժնետոմսի յուրաքանչյուր հաջորդ փոխանցումների ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 77. ԺՈՂՈՎԻ ՔՎՈՐՈՒՄԸ

 

1. Ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին:

Եթե ժողովը տևում է մեկ օրից ավելի, ապա յուրաքանչյուր օրվա համար իրականացվում է ժողովի մասնակիցների գրանցում:

2. Եթե Ընկերության բաժնետերերին սույն օրենքով սահմանված կարգով քվեաթերթիկներ են ուղարկվել, ապա քվորումի հաշվարկման և քվեարկության արդյունքների ամփոփման համար Ընկերության կողմից հաշվի են առնվում նաև մինչև ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահն ստացված քվեաթերթիկներով տրամադրվող ձայները:

3. Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Նոր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:

Չկայացած ժողովի փոխարեն գումարվող նոր ժողովն իրավասու է, եթե մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 30-ից ավելի տոկոսին:

Ընկերության բաժնետերերի ծանուցումը նոր ժողովի գումարման մասին կատարվում է սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, իսկ սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում` ժողովի գումարման օրվանից առնվազն 10 օր առաջ:

Եթե քվորումի բացակայության պատճառով չկայացած ժողովի գումարման ամսաթիվը տեղափոխվում է 20 օրից պակաս ժամկետով, ապա այդ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի նոր ցուցակ չի կազմվում:

 

ՀՈԴՎԱԾ 78. ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՈՒՄ

 

Քվեարկությունը ժողովում իրականացվում է «Ընկերության մեկ քվեարկող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքով, բացառությամբ խորհրդի անդամների ընտրության և սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի, երբ կիրառվում է գումարային (կումուլյատիվ) քվեարկության սկզբունքը:

«Ընկերության մեկ քվեարկող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքը կիրառելիս արտոնյալ բաժնետոմսերի տված ձայների քանակի հաշվարկն իրականացվում է սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 79. ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ

 

1. Քվեարկությունները կատարվում են քվեաթերթիկների միջոցով` 50-ից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերության ժողովում:

Ընկերությունը, որն ունի 500-ից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր), պարտավոր է բաժնետերերին քվեաթերթիկներ տրամադրել սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում և ընդունել դրանք սույն օրենքի 77-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Քվեաթերթիկներն ուղարկվում են բաժնետերերին պատվիրված նամակով կամ հանձնվում են անձամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը հաստատվում է խորհրդի որոշմամբ: Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ մասով նախատեսված դեպքի, քվեաթերթիկները տրվում են ժողովին մասնակցելու համար գրանցված բաժնետիրոջը (նրա ներկայացուցչին)` ժողովի քվորումի առկայության դեպքում:

3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) Ընկերության ֆիրմային անվանումը.

բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և նրա քննարկման հերթականությունը.

դ) քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ» և «ձեռնպահ»: Գումարային (կումուլյատիվ) քվեարկության անցկացման դեպքում քվեաթերթիկը պետք է նախատեսի քվեարկության կարգի առանձնահատկությունները.

ե) լրացված քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, եթե բաժնետերը քվեարկում է հեռակա կարգով.

զ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրվի բաժնետիրոջ (ներկայացուցչի) կողմից.

է) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը:

Խորհրդի, վերստուգող հանձնաժողովի անդամի (վերստուգողի) ընտրության դեպքում քվեաթերթիկը պետք է թեկնածուների անունից բացի նրանց մասին պարունակի նաև անհատականացնող այլ տվյալներ:

 

ՀՈԴՎԱԾ 80. ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Քվեաթերթիկների միջոցով քվեարկության դեպքում հաշվառվում են ձայներն այն հարցերի վերաբերյալ, որտեղ քվեարկողի կողմից թողնված է քվեարկության միայն մեկ տարբերակ: Նշված պահանջի խախտմամբ լրացված քվեաթերթիկները համարվում են անվավեր և ձայների հաշվառման ժամանակ հաշվի չեն առնվում: Եթե քվեաթերթիկը բովանդակում է քվեարկության դրված մի քանի հարցեր, ապա նշված պահանջի խախտումը մեկ կամ մի քանի հարցի նկատմամբ չի բերում ամբողջ քվեաթերթիկի անվավեր ճանաչմանը:

 

ՀՈԴՎԱԾ 81. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Քվեարկության արդյունքներով Ընկերության հաշվիչ հանձնաժողովի կամ հանձնաժողովի գործառույթները կատարող անձի կողմից քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները կամ հանձնաժողովի գործառույթները կատարող անձը:

2. Արձանագրությունը կազմելուց և այն ստորագրելուց անմիջապես հետո քվեաթերթիկները զմռսում է հաշվիչ հանձնաժողովը կամ հանձնաժողովի գործառույթները կատարող անձը և հանձնում Ընկերության արխիվ` պահպանության համար:

3. Քվեարկության արդյունքները հայտարարվում են տվյալ ժողովում, կամ ժողովի ավարտից հետո բաժնետերերը տեղեկացվում են քվեարկության արդյունքներին` հաշվետվության հրապարակման կամ այն բաժնետերերին ուղարկելու միջոցով:

Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություններին:

 

ՀՈԴՎԱԾ 82. ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ժողովի արձանագրությունը կազմվում է ժողովի ավարտից 5 օրվա ընթացքում` առնվազն երկու օրինակով, որոնք ստորագրում են ժողովի նախագահը և քարտուղարը: Ժողովի նախագահը պատասխանատվություն է կրում ժողովի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

2. Արձանագրության մեջ նշվում են`

ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

բ) Ընկերության` տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի ձայների գումարային քանակը.

գ) ժողովին մասնակցած բաժնետերերին պատկանող ձայների գումարային քանակը.

դ) ժողովի նախագահը (նախագահությունը) և քարտուղարը (քարտուղարությունը), ժողովի օրակարգը:

Արձանագրությունը պետք է պարունակի ժողովում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, ժողովի ընդունած որոշումները:

Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ ժողովի արձանագրություններին:

 

Գ Լ ՈՒ Խ  XI.

 

ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 83. ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

1. Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով և կանոնադրությամբ վերապահված են ժողովի բացառիկ իրավասությանը:

Խորհուրդը պետք է ստեղծվի 50 և ավելի բաժնետեր ունեցող Ընկերությունում:

Մինչև 50 բաժնետեր ունեցող Ընկերությունում խորհուրդ չստեղծվելու դեպքում, նրա իրավասություններն իրականացնում է ժողովը: Այդ դեպքում կանոնադրությունը պետք է դրույթներ պարունակի այն անձի կամ Ընկերության այն մարմնի մասին, որն իրավունք ունի որոշումներ ընդունել սույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետի «բ-դ» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ:

2. Ժողովի որոշմամբ խորհրդի անդամների համար կարող է սահմանվել պարգևավճար և /կամ/ փոխհատուցում նրանց այն ծախսերի դիմաց, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Պարգևավճարի և /կամ/ փոխհատուցման չափը և վճարման կարգը սահմանվում են ժողովի որոշմամբ:

3. Ընկերությունը վարում է խորհրդի անդամների ռեեստր, որը բաց է Ընկերության բաժնետերերի ծանոթացման համար և խորհրդի անդամների մասին պարունակում է հետևյալ տվյալները`

ա) անունը և ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.

բ) աշխատանքի և /կամ/ բնակության վայրն ու հեռախոսահամարը.

գ) զբաղմունքը, մասնագիտությունը և կրթությունը.

դ) խորհրդի կազմում ընտրվելու տարին, ամիսը, ամսաթիվը և խորհրդի անդամությունից ազատվելու տարին, ամիսը, ամսաթիվը (եթե դա տեղի է ունեցել).

ե) քանի անգամ է վերընտրվել խորհրդի կազմում.

զ) Ընկերության քվեարկող բաժնետոմսերի քանակը, որը պատկանում է Ընկերության բաժնետեր հանդիսացող խորհրդի անդամին.

է) տեղեկություններ այլ իրավաբանական անձանց մասին, որոնցում նշված անձն զբաղեցնում է ղեկավար պաշտոններ (խորհրդի նախագահ կամ անդամ, տնօրեն, գլխավոր տնօրեն կամ վարչության, տնօրինության անդամ և այլն).

ը) կանոնադրությամբ կամ խորհրդի կանոնակարգով նախատեսված այլ տվյալներ:

 

ՀՈԴՎԱԾ 84. ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

բ) տարեկան և արտահերթ ժողովների գումարումը, բացառությամբ սույն օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի.

գ) ժողովների օրակարգի հաստատումը.

դ) ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ժողովների նախապատրաստման ու գումարման հետ և վերապահված են խորհրդի իրավասությանը` սույն օրենքի X գլխի դրույթներին համապատասխան.

ե) սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «ժգ», «ժզ», «ժէ-ի» ենթակետերով նախատեսված հարցերի ներկայացումը ժողովների քննարկմանը.

զ) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի ավելացումը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նրան տրված են այդպիսի լիազորություններ.

է) պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

ը) գույքի շուկայական արժեքի որոշումը` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով.

թ) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերումը.

ժ) Ընկերության գործադիր մարմնի ձևավորումը, դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության, տնօրինության անդամների վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգն ու պայմանները, եթե կանոնադրությամբ այդ իրավունքները վերապահված են խորհրդին.

ժա) Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների վերաբերյալ ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը.

ժբ) Ընկերության աուդիտն իրականացնող անձի վճարման չափի սահմանումը.

ժգ) Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ ժողովին առաջարկությունների նախապատրաստումը.

ժդ) Ընկերության բաժնետոմսերով միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահութաբաժինների չափի և վճարման կարգի սահմանումը.

ժե) Ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը.

ժզ) Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

ժէ) դուստր և կախյալ ընկերությունների ստեղծումը, այդ Ընկերություններին մասնակցությունը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ այդ իրավասությունը վերապահված է խորհրդին և, եթե այդ մասնակցությունն իրենից խոշոր գործարք չի ներկայացնում.

ժը) Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, հիմնարկների ստեղծումը.

ժթ) այլ կազմակերպություններին մասնակցելը, եթե այդ մասնակցությունն իրենից խոշոր գործարք չի ներկայացնում.

ի) Ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը` սույն օրենքի VIII գլխում նախատեսված դեպքերում.

իա) սույն օրենքի IX գլխով նախատեսված գործարքների կնքումը.

իբ) Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.

իգ) ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.

իդ) Ընկերության հաստիքացուցակի հաստատումը.

իե) սույն օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

2. Խորհրդի բացառիկ իրավասության ենթակա հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության գործադիր մարմնի լուծմանը: 

Սույն օրենքի 83-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ մասով նախատեսված դեպքում խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերը ենթակա են ժողովի իրավասությանը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «զ», «թ», «ժգ», «իբ-իդ» ենթակետերով նախատեսված հարցերի, որոնք կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ կարող են փոխանցվել Ընկերության գործադիր մարմնի լուծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 85. ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ժողովի կամ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում արտահերթ ժողովի կողմից` սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի անդամների լիազորությունները դադարում են խորհրդի հաջորդ կազմի ընտրվելուց հետո:

Խորհրդի անդամների լիազորությունների ընդհանուր տևողությունը չի սահմանափակվում:

Ժողովը կարող է որոշում ընդունել խորհրդի ցանկացած անդամի (բոլոր անդամների) լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

Եթե խորհրդի անդամներն ընտրված են գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ, ապա ժողովի` լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումը կարող է ընդունվել միայն խորհրդի բոլոր անդամների վերաբերյալ:

2. Ընկերության այն բաժնետերերը, որոնք ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել խորհրդի կազմում կամ դրանում նշանակել իրենց ներկայացուցչին: Այդ իրավունքը վերապահվում է նաև անվանատերերին:

Յուրաքանչյուր բաժնետեր խորհրդում կարող է զբաղեցնել միայն մեկ տեղ:

3. Խորհրդի ընտրությունները 500 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում իրականացվում են գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ:

Մինչև 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում խորհրդի ընտրությունները կարող են իրականացվել գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Գումարային (կումուլյատիվ) քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քվեարկող բաժնետոմս ունի խորհրդի ընտրվող (վերընտրվող) անդամների քանակին հավասար ձայների քանակ:

Բաժնետերը քվեարկության ընթացքում իրավունք ունի ձայները տրամադրել մեկ թեկնածուին կամ բաշխել մի քանի թեկնածուների միջև:

Խորհրդի կազմում ընտրված են համարվում ձայների առավելագույն քանակ ստացած թեկնածուները:

4. Խորհրդի քանակական կազմը սահմանվում է ժողովի որոշմամբ, բայց չի կարող 3 անդամից պակաս լինել:

Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իրավունք ունեն ընդգրկվել խորհրդի կազմում առանց ընտրության:

5. Խորհրդի անդամ կարող է լինել Ընկերության բաժնետեր չհանդիսացող անձը, եթե կանոնադրությամբ դա արգելված չէ:

Ընկերության գործադիր մարմնի ներկայացուցիչները չեն կարող խորհրդում մեծամասնություն կազմել:

Խորհրդի անդամների նկատմամբ կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով կարող են նախատեսվել նաև այլ սահմանափակումներ և պահանջներ:

 

ՀՈԴՎԱԾ 86. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

1. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները, խորհրդի անդամների կազմից` իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Մինչև 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում խորհրդի նախագահի և տնօրենի (գլխավոր տնօրենի) պաշտոնները կարող են համատեղվել:

Բացառությամբ սույն կետի երրորդ մասով նշված դեպքի, խորհրդի նախագահը չի կարող Ընկերությունում այլ վճարովի պաշտոն զբաղեցնել:

2. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

դ) նախագահում է ժողովներում, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

3. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները խորհրդի որոշմամբ կատարում է խորհրդի անդամներից մեկը:

 

ՀՈԴՎԱԾ 87. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

 

1. Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը իր նախաձեռնությամբ` խորհրդի անդամի, Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի, Ընկերության գործադիր մարմնի, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված այլ անձանց պահանջով: Խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած` խորհրդի կանոնակարգով: Խորհուրդը կարող է հեռակա քվեարկությամբ (հարցման միջոցով) ընդունել որոշումներ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Եթե խորհրդի անդամների թիվը նվազում է կանոնադրությամբ սահմանված թվի կեսից, ապա Ընկերությունը պետք է այն լրացնելու նպատակով արտահերթ ժողով գումարի, որի մասին որոշումը կայացնում է խորհուրդը: Այդ, ինչպես նաև ժողովի գումարմամբ պայմանավորված այլ որոշումներից բացի, խորհուրդն այլ որոշումներ ընդունելու իրավունք չունի:

3. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով, կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով այլ բան նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը խորհրդի մեկ անդամից մյուսին (այդ թվում` ցանկացած երրորդ անձի) չի թույլատրվում:

Խորհրդի նախագահն ունի որոշիչ ձայնի իրավունք, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 5-օրյա ժամկետում:

Արձանագրությունում նշվում են`

ա) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.

բ) նիստին ներկա անձինք.

գ) նիստի օրակարգը.

դ) քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները.

ե) նիստում ընդունված որոշումները:

Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

 

ՀՈԴՎԱԾ 88. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՁՆՅԱ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է Ընկերության գործադիր մարմնի` միանձնյա գործադիր մարմնի կամ Ընկերության միանձնյա գործադիր մարմնի և Ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի կողմից:

Եթե կանոնադրությամբ միաժամանակ նախատեսված են միանձնյա և կոլեգիալ գործադիր մարմիններ, ապա կանոնադրությամբ պետք է սահմանազատվի դրանցից յուրաքանչյուրի իրավասությունը: Այդ դեպքում անձը, որն իրականացնում է միանձնյա գործադիր մարմնի գործառույթները, իրականացնում է նաև կոլեգիալ գործադիր մարմնի նախագահի գործառույթները:

2. Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով և կանոնադրությամբ ժողովի և խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերի:

Ընկերության գործադիր մարմինը կազմակերպում է ժողովի և խորհրդի որոշումների կատարումը:

Ընկերության գործադիր մարմինների ձևավորումն ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կատարվում է ժողովի որոշմամբ, եթե կանոնադրությամբ այդ հարցերը վերապահված չեն խորհրդի իրավասությանը:

Ժողովի որոշմամբ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել առևտրային կազմակերպության (կառավարող կազմակերպության) կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի):

Միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարող կազմակերպության կամ կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով և Ընկերության ու նրանցից յուրաքանչյուրի հետ կնքված պայմանագրով: Ընկերության անունից պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

Եթե խորհրդի նախագահի և միանձնյա գործադիր մարմնի պաշտոնները զբաղեցնում է միևնույն անձը, ապա պայմանագիրը տնօրենի, գլխավոր տնօրենի հետ խորհրդի որոշմամբ կնքում է խորհրդի անդամներից մեկը:

3. Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը)`

ա) տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Ընկերության անունից.

բ) ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

զ) բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

ը) իրականացնում է Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը կամ հետգնումը, եթե ժողովի որոշմամբ կամ կանոնադրությամբ այդ լիազորությունը տրված է գործադիր մարմնին.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին.

ժա) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել Ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի) նաև այլ իրավասություններ:

4. Միանձնյա գործադիր մարմինը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամներն այլ կազմակերպություններում կարող են վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն խորհրդի համաձայնությամբ:

5. Ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը:

 

ՀՈԴՎԱԾ 89. ԿՈԼԵԳԻԱԼ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Կոլեգիալ գործադիր մարմինը գործում է կանոնադրության, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված Ընկերության ներքին փաստաթղթերի (կանոնակարգերի, աշխատակարգերի և այլ փաստաթղթերի) հիման վրա, որոնք սահմանում են կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը:

2. Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերն արձանագրվում են: Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները ներկայացվում են խորհրդին, Ընկերության վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին), Ընկերության աուդիտն իրականացնող անձին` վերջիններիս պահանջով:

3. Ընկերության վարչությունը ներառում է Ընկերության տնօրենին (գլխավոր տնօրենին), նրա տեղակալին (տեղակալներին), գլխավոր հաշվապահին, ինչպես նաև Ընկերության այլ պաշտոնատար անձանց:

Ընկերության տնօրինության կազմը սահմանում է Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը):

4. Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերը կազմակերպում և վարում է Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), որն ստորագրում է նիստի որոշումները և արձանագրությունը: Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը) պատասխանատվություն է կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

 

ՀՈԴՎԱԾ 90. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՏՆՕՐԵՆԻ (ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ), ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐԻՉ-ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ և ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Խորհրդի անդամները, Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), վարչության ու տնօրինության անդամները, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպությունը և կառավարիչն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով Ընկերության շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և Ընկերության նկատմամբ իրենց պարտականությունները կատարեն բարեխիղճ ու ողջամիտ կերպով:

2. Խորհրդի անդամները, Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), վարչության ու տնօրինության անդամները, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպությունը և կառավարիչն ու օրենքով սահմանված այլ անձինք Ընկերության առջև պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությանը պատճառած վնասի համար` Օրենսգրքով, սույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

Ընկերությանը հասցված վնասի դիմաց պատասխանատվությունից ազատվում են խորհրդի կամ վարչության ու տնօրինության այն անդամները, որոնք Ընկերությանը վնասներ պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել:

Խորհրդի կամ Ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության ու տնօրինության անդամների հրաժարականը, պաշտոնից հետ կանչելը կամ ազատելը չի ազատում նրանց` Ընկերությանը պատճառած վնասի համար պատասխանատվությունից:

Խորհրդի կամ Ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության ու տնօրինության անդամների, կառավարիչ-կազմակերպության և կառավարչի պատասխանատվության հիմքերի և չափի որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն գործարար շրջանառության սովորույթները և գործի համար կարևոր նշանակություն ունեցող մյուս հանգամանքները:

3. Եթե սույն հոդվածի դրույթներին համապատասխան Ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում մի քանի անձ, ապա նրանք Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

4. Անձն ազատվում է սույն հոդվածով սահմանված` Ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ իր գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությունը կկրի վնասներ:

5. Ընկերությունը կամ Ընկերության այն բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) Ընկերության տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի մեկ և ավելի տոկոսին, իրավունք ունի (ունեն) խորհրդի անդամների, տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության ու տնօրինության անդամների, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպության և կառավարչի դեմ հայցով դիմել դատարան` Ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով:

(90-րդ հոդվածը փոփ. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  XII.

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 91. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԸ)

 

1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ժողովն ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող):

Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) իրավասությունները և ստուգումների անցկացման կարգը սահմանվում են սույն օրենքով և Կանոնադրությամբ:

Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին ու կանոնադրությանը:

Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կանոնադրությամբ, ինչպես նաև ժողովի կողմից հաստատված ներքին փաստաթղթով` վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կանոնակարգով:

2. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրականացնում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ` ցանկացած ժամանակ, ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև Ընկերության` քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:

Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրավունք ունի պահանջել արտահերթ ժողովի գումարում` սույն օրենքի 74-րդ հոդվածին համապատասխան:

Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով նրան պետք է ներկայացվեն Ընկերության, նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:

3. Վերստուգող հանձնաժողովի անդամներին (վերստուգողին) ընտրում է ժողովը` 3 տարի ժամկետով:

Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) հաշվետու է ժողովին:

Վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) վարձատրության և /կամ/ ծախսերի փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ժողովի որոշմամբ:

Վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող է լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ցանկացած ֆիզիկական անձ:

Ընկերության վերստուգող հանձնաժողովի քանակական կազմը սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ, բայց չի կարող 3 հոգուց պակաս լինել:

Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ Ընկերության վերստուգող հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել վերստուգողի վրա:

Վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության կամ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցերի քվեարկությանը 50 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերություններում չեն մասնակցում խորհրդի անդամներին, ինչպես նաև տնօրենին (գլխավոր տնօրենին), վարչության ու տնօրինության անդամներին պատկանող բաժնետոմսերը:

4. Վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կազմից` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 92. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԸ

 

1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով Ընկերությունը կարող է ներգրավել աուդիտն իրականացնող անձի` աուդիտորի (կազմակերպության կամ ֆիզիկական անձի), որը գույքային շահերով կապված չէ Ընկերության կամ նրա բաժնետերերի հետ` կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր:

Սույն օրենքի 96-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը (տեղեկությունները) հրապարակելուց առաջ բաց Ընկերությունը պարտավոր է տարեկան հաշվետվության, տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի հավաստիությունը վերստուգելու համար ներգրավել աուդիտորի, որը գույքային շահերով կապված չէ Ընկերության կամ նրա բաժնետերերի հետ:

Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն աուդիտորի կողմից կարող է իրականացվել նաև Ընկերության` քվեարկող բաժնետերերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր բաժնետերերի պահանջով: Այդ դեպքում աուդիտորի ծառայությունները վճարում են ստուգում պահանջող բաժնետերերը:

2. Ընկերության աուդիտն իրականացնող անձին հաստատում է ժողովը: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքում է խորհրդի նախագահը: Խորհուրդը որոշում է աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը:

3. Սույն հոդվածի 1-ին կետի երրորդ մասով սահմանված դեպքում Ընկերության աուդիտն իրականացնող անձին ընտրում և նրա հետ պայմանագիր են կնքում ստուգումը պահանջող բաժնետերերը:

4. Ընկերության աուդիտն իրականացնող անձին ներկայացվող պահանջները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 93. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԻ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) կամ Ընկերության աուդիտն իրականացնող անձն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների հիման վրա պատրաստում է եզրակացություններ, որոնք պետք է պարունակեն`

ա) Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը.

բ) Ընկերության հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը.

գ) Ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակող տեղեկությունների հավաստիության հաստատումը.

դ) Ընկերության կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության համապատասխանության հաստատումը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին.

ե) ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկատվություններ:

2. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) Ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է տարեկան ժողովին: Ընկերության տարեկան հաշվեկշռի հաստատման ժամանակ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությունը պարտադիր է:

 

Գ Լ ՈՒ Խ  XIII.

 

ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 94. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Ընկերությունը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը) պատասխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև Ընկերության բաժնետերերին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին Ընկերության մասին տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար` օրենքին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը համապատասխան:

2. Տարեկան ժողովի հաստատմանը ներկայացվող տարեկան հաշվետվության, տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի հավաստիությունը պետք է հաստատվի Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությամբ: Նշված փաստաթղթերը, սույն օրենքի 96-րդ հոդվածին համապատասխան հրապարակելուց առաջ, պետք է ստուգվեն, և դրանց հավաստիությունը պետք է հաստատվի Ընկերության և Ընկերության բաժնետերերի հետ ընդհանուր գույքային շահեր չունեցող աուդիտն իրականացնող անձի կողմից:

3. Ընկերության տարեկան հաշվետվությունը ենթակա է նախնական հաստատման խորհրդի կողմից` տարեկան ժողովի գումարման ամսաթվից առնվազն 30 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 95. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ և ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Ընկերությունը պարտավոր է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում պահպանել`

ա) Ընկերության պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը, կանոնադրությունում կատարված լրացումները և փոփոխությունները, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, Ընկերության հիմնադրման մասին որոշումը և պայմանագիրը.

բ) Ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ Ընկերության գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերը.

գ) ժողովի և կառավարման այլ մարմինների հաստատած` Ընկերության ներքին փաստաթղթերը.

դ) Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները.

ե) Ընկերության տարեկան հաշվետվությունները.

զ) Ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրերը.

է) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը (հաշվապահական հաշվեկշիռները, շահույթի և վնասների հաշիվները, աուդիտորական եզրակացությունները և այլն).

ը) պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունները.

թ) ժողովների, խորհրդի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները.

ժ) հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները և քվեաթերթիկները.

ժա) Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի, պետական և տեղական ինքնակառավարման ֆինանսական վերահսկում իրականացնող մարմինների եզրակացությունները.

ժբ) Ընկերության փոխկապակցված անձանց (նրանց պատկանող բաժնետոմսերի քանակի մասին նշումով), ինչպես նաև Ընկերության նշանակալից և խոշոր բաժնետերերի ցուցակները.

ժգ) Ընկերության կնքած պայմանագրերը.

ժդ) սույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, կանոնադրությամբ, ներքին փաստաթղթերով, ժողովի, խորհրդի և Ընկերության կառավարման այլ մարմինների որոշումներով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Ընկերությունը պահպանում է սույն հոդվածի 1-ին կետով նշված փաստաթղթերը` իր գտնվելու վայրում:

3. Ընկերությունը պարտավոր է իր բաժնետերերին հնարավորություններ ընձեռել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերին ծանոթանալու համար, բացառությամբ գաղտնի տեղեկությունների, ինչպես նաև կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունների, միանձնյա գործադիր մարմնի հրամանների և հրահանգների: Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները և միանձնյա գործադիր մարմնի հրամանները և հրահանգները, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկությունները տրամադրվում են միայն խորհրդի անդամներին և վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին)` վերջիններիս պահանջով:

4. Բաժնետիրոջ պահանջով Ընկերությունը հնգօրյա ժամկետում պարտավոր է նրան տրամադրել սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի պատճենները, բացի սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերից: Պատճեններ տրամադրելու համար վճարի չափը, որը սահմանում է Ընկերությունը, չի կարող դրանց պատրաստման և փոստային առաքման ծախսերից ավելի լինել:

Ընկերության յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի անվճար ստանալ վերջին տարեկան հաշվետվության և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացության պատճենները:

(95-րդ հոդվածը փոփ. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 96. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Բաց Ընկերությունը պարտավոր է հրապարակել մամուլի միջոցներով`

ա) Ընկերության տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների հաշիվը.

բ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` Ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը.

գ) տարեկան ժողովի գումարման մասին հայտարարությունը` սույն օրենքով սահմանված կարգով.

դ) սույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Ընկերությունը, ներառյալ` փակ Ընկերությունը, իր թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում պարտավոր է հրապարակել տեղեկություններ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ծավալով և կարգով:

(96-րդ հոդվածը փոփ. 11.10.07 ՀՕ-202-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  XIV.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 97. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի ապրիլի 30-ի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա լրացումներով և փոփոխություններով:

3. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը, սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցով:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված` բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ նորմեր պարունակող այլ իրավական ակտերը, քանի դեռ դրանք սույն օրենքին չեն համապատասխանեցվել, կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված բաժնետիրական ընկերությունները վերագրանցման ենթակա չեն: Նրանց կանոնադրությունները գործում են սույն օրենքին չհակասող մասով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
27 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-232

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան