Գլխավոր տեղեկություն
Համար
N 2297-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2297-Լ

 

 ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.02.24 N 279-Լ)

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 29.02.24 N 279-Լ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2297-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 29.02.24 N 279-Լ)

 

1. Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին (այսուհետ՝ շահառու)՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արդյունավետ կազմակերպման հարցում։

(1-ին կետը փոփ. 29.02.24 N 279-Լ)

      1.1. Սույն միջոցառման շրջանակներում անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներ են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողները։ Սույն միջոցառման շրջանակներում զինծառայողը համարվում է զոհված նաև այն դեպքում, եթե նա մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:

(1.1-ին կետը լրաց. 29.02.24 N 279-Լ)

2. Միջոցառման շրջանակում շահառուն երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով առցանց եղանակով կամ առձեռն Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն) է ներկայացնում դիմում։

3. Երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով շահառուի և տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է աջակցության տրամադրման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

4. Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում երեխայի խնամքն իրականացնող անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը։

5. Պայմանագրի հիման վրա յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով օրական առնվազն վեց ժամով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104000 դրամը։

6. Սույն միջոցառման 5-րդ կետով սահմանված գումարը տրամադրվում է շահառուին՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը։

7. Շահառուն ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված գումարը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է դայակին կամ հաստատությանը և փոխանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ինչն էլ հիմք է հանդիսանում հաջորդ ամսվա վճարման համար:

8. Միջոցառման շրջանակներում աջակցությունը տրամադրվում է՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Միջոցառման շրջանակներում աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի երեք տարին լրանալը, անկանխիկ եղանակով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

10․ Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման։

11. Շահառուի և դայակի կամ հաստատության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի փոփոխության կամ լուծման դեպքում շահառուն այդ մասին տեղեկացնում է տարածքային կենտրոնին՝ փոփոխությունը կատարելուց կամ պայմանագիրը լուծելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացնելով փոփոխված պայմանագրի պատճենը։

(հավելվածը փոփ., լրաց. 29.02.24 N 279-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.02.2024, N 279-Լ 01.03.2024, N 2297-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան