Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-206-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.02.2009-05.02.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1427
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

 Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության իրավական հիմքերը, բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, աշխատանքի և զբաղվածության ազատ ընտրության և գործազուրկների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքները:

Հոդված 2.

 Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական
 պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը


1. Բնակչության զբաղվածությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

Հոդված 3.

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների
 և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զբաղվածությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված, եկամտի ստացման նպատակ հետապնդող գործունեություն է, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 4.

 Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

 

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).

2) գործատուի աշխատանքային գործունեությունը.

3) անհատ ձեռնարկատիրական գործունեությունը.

4) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.

5) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:

Հոդված 5.

 Զբաղված և չզբաղված անձինք

1. Զբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված են սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով:

2. Չզբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված չեն սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով:

Հոդված 6.

 Աշխատանք փնտրող անձինք

 

Աշխատանք փնտրող են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն:

Հոդված 7.  Գործազուրկները

Գործազուրկ են համարվում աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի տեսակների), աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում:

Հոդված 8.  Աշխատանք փնտրող անձանց հաշվառումը, գործազուրկի կարգավիճակի
 կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և հաշվառումից հանումը

1. Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Զբաղվածության պետական ծառայության կողմից կասեցվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց գործազուրկի կարգավիճակը` մասնագիտական ուսուցման դասընթացների, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքների տևողության ողջ ժամանակահատվածում:

3. Զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է անձանց գործազուրկի կարգավիճակը մասնագիտական ուսուցման դասընթացները, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:

4. Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե նա՝

1) դարձել է զբաղված սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով, բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի.

2) ճանաչվել է հաշմանդամ կամ լրացել է ապահովագրական կենսաթոշակի (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի) իրավունք տվող տարիքը.

3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ զբաղվածության պետական ծառայության հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաև երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչև երեք տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի.

6) մահացել է:

Հոդված 9.  Հարմար աշխատանքը
 

1. Հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը՝ հաշվի առնելով առաջարկվող աշխատանքի վարձատրության չափը և աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

2. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող գործազուրկ անձանց համար, որոնց զբաղվածության պետական ծառայության կողմից հնարավոր չի եղել ապահովել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքով, հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ վերամասնագիտացում:

3. Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է զբաղվածության պետական ծառայության կողմից մինչև վեց ամիս ժամկետով կազմակերպվող նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցում:

4. Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար, որոնք հրաժարվել են սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

5. Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 10.

 Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության նպատակը

1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է:

2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) և իրականացնում իր կառուցվածքում գործող զբաղվածության պետական ծառայության միջոցով:

Հոդված 11.

 Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

1) աշխատանքի կամավորությունը և զբաղմունքի ազատ ընտրությունը.

2) անձանց զբաղվածության ապահովումը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

3) պետության պարտավորությունն անձանց զբաղվածության իրավունքի իրացման համար պայմանների ստեղծման հարցում.

4) մասնագիտական ուսուցման համակարգի կողմնորոշումը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան.

5) աշխատուժի ազատ տեղաշարժի (ներքին և արտաքին) ապահովումը.

6) սոցիալական գործընկերությունը.

7) գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանությունը:

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 12.

 Բնակչության զբաղվածության պետական կարգավորումը
 

1. Բնակչության զբաղվածության պետական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի հաշվեկշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում ֆինանսավարկային, ներդրումային, հարկային և ժողովրդագրական քաղաքականության միջոցով՝ հաշվի առնելով աշխատաշուկայի իրավիճակը և սպասվող կառուցվածքային փոփոխությունները:

2. Բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը` բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

3. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը բաղկացած է զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերից, որոնք ներառում են՝

1) տարածքային և հանրապետական աշխատաշուկայի վերլուծությունը և կանխատեսումը.

2) ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, իրականացման ժամանակացույցը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը` ըստ մարզերի.

3) սպասվելիք արդյունքները:

4. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը մշակում է լիազորված մարմինը:

5. Լիազորված մարմինը բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը և դրանց վերաբերյալ հանրապետական համաձայնեցման կոմիտեի եզրակացությունը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեում ներառելու և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար:

6. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են օրենքով:

Հոդված 13.

 Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը

1. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`

1) գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերը.

2) զբաղվածության աջակցության պետական ծրագրերը:

2. Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերն են`

1) գործազրկության նպաստի վճարումը.

2) սույն օրենքի 19-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին կետով նախատեսված առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցումը.

3) առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.

4) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-37-Ն)

5) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների նյութական ծախսերի հատուցումը.

6) երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.

7) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.

8) թաղման նպաստի վճարումը:

3. Զբաղվածության աջակցության պետական ծրագրերն են`

1) սույն օրենքի 19-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին կետով նախատեսված ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցումը.

2) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.

3) սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց (բացառությամբ 5-րդ կետի) աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.

4) ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար տրամադրվող ֆինանսական աջակցությունը.

5) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը:

4. Սույն հոդվածում նշված ծրագրերը ֆինանսավորվում են սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

(13-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-243-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-37-Ն)

 

Հոդված 14.

 Աշխատուժի տեղաշարժը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականության իրականացումը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, առողջապահական, տարերային աղետի և այլ անբարենպաստ պայմանների դեպքում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը՝ նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 15.

 Զբաղվածության պետական ծառայության հիմնական լիազորությունները

1. Զբաղվածության պետական ծառայությունն իրավունք ունի՝

1) գործատուներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից ստանալու տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ.

2) աշխատանք փնտրող անձանց ուղեգրելու գործատուների մոտ՝ համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.

3) օգտագործելու զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի համար հատկացված միջոցները.

4) անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով իրավասու մարմիններից ստանալու տեղեկություններ նրանց զբաղվածության, կենսաթոշակ ստանալու և պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարած լինելու մասին:

2. Զբաղվածության պետական ծառայությունը պարտավոր է՝

1) կատարել վերլուծական հետազոտություններ, կանխատեսել աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկություններ աշխատուժի շուկայի վիճակի մասին.

2) աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքների հիման վրա լիազորված մարմին ներկայացնել նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների վերաբերյալ առաջարկություններ.

3) իրականացնել աշխատուժի արտաքին և ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրեր, օժանդակել աշխատանք փնտրող անձանց ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին ապահովել անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող մասնագետներով.

4) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակել տեղեկատվություն՝ թափուր աշխատատեղերի մասին.

5) իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառումը.

6) տալ գործազուրկի կարգավիճակ և նշանակել գործազրկության նպաստ՝ սույն օրենքով սահմանած կարգով.

7) կասեցնել կամ դադարեցնել գործազուրկի կարգավիճակը, հանել նրան հաշվառումից՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

8) կասեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

9) վերականգնել անձի կասեցված գործազուրկի կարգավիճակը, գործազրկության նպաստի վճարումը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

10) մշակել զբաղվածության ամենամյա պետական ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը.

11) իրականացնել աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը.

12) կազմակերպել գործազուրկների մասնագիտական ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

13) կազմակերպել սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված անձանց մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

14) կազմակերպել սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված անձանց մասնագիտական ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

15) իրականացնել սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

16) հատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների նյութական ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

17) տրամադրել ֆինանսական աջակցություն՝ գործազուրկներին և հաշմանդամներին ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

18) կազմակերպել երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

19) աջակցել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանը` ապահովելով անհրաժեշտ աշխատուժով.

20) տալ առաջարկություն՝ իրավասու մարմնին սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրման մասին, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

21) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-37-Ն)

22) վճարել թաղման նպաստ առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում: Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

23) զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն՝ (տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի համար ծախսված ֆինանսական միջոցների մասին.

24) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներին գրավոր հարցման հիման վրա տրամադրել տեղեկատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման մասին:

3. Զբաղվածության պետական ծառայության կողմից բնակչությանը և գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:

4. Զբաղվածության պետական ծառայության ուղեգրերն աշխատանք փնտրող անձի և գործատուի միջև կրում են միջնորդային բնույթ: Զբաղվածության պետական ծառայությունն իր իրավասության շրջանակներում տրամադրում է տեղեկություն և իրականացնում խորհրդատվություն օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց, ինչպես նաև իրականացնում միջնորդություն նրանց և օտարերկրյա պետությունների գործատուների միջև:

(15-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-243-Ն,  26.12.08 ՀՕ-37-Ն)


 

Հոդված 16.

 Համաձայնեցման կոմիտեները

 

1. Բնակչության զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով զբաղվածության պետական ծառայության նախաձեռնությամբ ձևավորվում են հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներ:

2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների, գործատուների միությունների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչները:

3. Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների, հասարակական կազմակերպությունների, գործատուների միությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչները:

4. Տարածքային համաձայնեցման կոմիտեները քննարկում են բնակչության զբաղվածության տարածքային ծրագրերի նախագծերը և դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություն են ներկայացնում զբաղվածության պետական ծառայություն:

5. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն քննարկում է բնակչության զբաղվածության հանրապետական ծրագրի նախագիծը և դրա վերաբերյալ համապատասխան եզրակացություն է ներկայացնում բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնող լիազորված մարմին:

6. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներն իրավունք ունեն զբաղվածության պետական ծառայությունից ստանալու տեղեկատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման մասին:

7. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգը և լիազորություններն իրենց իրավասության շրջանակներում սահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ` հիմք ընդունելով լիազորված մարմնի հաստատած օրինակելի կանոնադրությունը:

Հոդված 17.

 Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական
 քաղաքականության իրականացմանը

1. Գործատուները զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով կարող են տեղեկություններ տալ զբաղվածության պետական ծառայություն` իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերի, սպասվող կառուցվածքային փոփոխությունների և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին:

2. Գործատուներն իրավունք ունեն՝

1) աշխատուժի ազատ ընտրության.

2) զբաղվածության պետական ծառայությունից ստանալու անվճար տեղեկատվություն աշխատուժի շուկայի վիճակի մասին.

3) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս աշխատավարձի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 18.

 Հասարակական աշխատանքների կազմակերպումը

 

1. Հասարակական աշխատանքներ են համարվում մասնագիտական որակավորում չպահանջող, սոցիալական օգտակար ուղղվածություն ունեցող համընդհանուր մատչելի ժամանակավոր աշխատանքները:

2. Փոխհատուցվող հասարակական աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է դրամային կամ բնաիրային ձևով:

3. Դրամային փոխհատուցմամբ կատարվող հասարակական աշխատանքը վարձատրվող հասարակական աշխատանք է:

4. Աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար զբաղվածության պետական ծառայությունը տրամադրում է անհրաժեշտ աշխատուժ:

5. Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր:

6. Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների հաշվին:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:



 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ


Հոդված 19.

 Աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների իրավական երաշխիքները

 

1. Աշխատանք փնտրող անձինք իրավունք ունեն՝

1) զբաղվածության պետական ծառայությունից անվճար ստանալու բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ անվճար խորհրդատվության.

2) զբաղվածության պետական ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ անվճար տեղեկությունների ստացման, հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.

3) զբաղվածության պետական ծառայության պաշտոնատար անձանց և գործատուների գործողությունների և անգործության վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:

2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության, իսկ երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք` վերամասնագիտացման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. (մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-243-Ն)

4. Գործազուրկները, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքներից բացի, սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն նաև՝

1) անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման (մասնագիտական կրթություն և որակավորում ունեցողները), անվճար նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողները), որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.

3) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.07 ՀՕ-243-Ն)


 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԽՄԲԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՏՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ


 

Հոդված 20.

 Աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և նրանց տրվող
 լրացուցիչ երաշխիքները

 

1. Սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների իրավունք ունեն աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը.

1) հաշմանդամները.

2) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած և վերադառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն դիմած անձինք.

3) աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.

5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց սույն օրենքի 28-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավունքը ձեռք բերելու տարիքին մնացել է մինչև հինգ տարի.

6) երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք.

7) փախստականները:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով զբաղվածության պետական ծառայությունը հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների հետ համատեղ մշակում և իրականացնում է մասնագիտական ուսուցման, ինչպես նաև աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագրեր:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծրագրերն իրականացվում են սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և պայմաններով:


Գ Լ ՈՒ Խ  6

 

 ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 21.

 Գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության
 պետական քաղաքականությունը


Գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է սոցիալական ապահովագրության և սոցիալական աջակցության միջոցով:

Հոդված 22.

 Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրությունը
 

1. Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրությունն իրավունքների, պարտավորությունների և երաշխիքների համակարգ է, որն ապահովում է գործազրկությունից ապահովագրված և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության դեպքում իրավական և սոցիալական երաշխիքներ` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության իրավունքից սույն հոդվածի առաջին մասում նշված անձն օգտվում է աշխատանքից ազատվելու և գործազուրկ ճանաչվելու պահից` ընդգրկվելով պարտադիր սոցիալական ապահովագրության, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ծրագրերում:

Հոդված 23.

 Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության սկզբունքները

Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության սկզբունքներն են՝

1) ապահովագրված անձանց կողմից իրենց իրավունքների իրացման պետական երաշխիքների տրամադրումը.

2) աշխատանքային պայմանագրով և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով աշխատողների՝ գործազրկությունից սոցիալական ապահովագրության պարտադիրությունը.

3) գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության միջոցների նպատակային օգտագործումը.

4) սոցիալական համերաշխությունը և սոցիալական արդարության ապահովումը.

5) գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորման պարտադիրությունը.

6) մասնագիտական ուսուցման դասընթացներում գործազրկության նպաստի չափից ոչ ցածր կրթաթոշակի տրամադրումը.

7) սոցիալական գործընկերության պարտադիրությունը:

Հոդված 24.

 Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության
 ենթակա անձինք

Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա են հետևյալ անձինք.

1) գործատուները.

2) վարձու աշխատողները, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված անձանց.

3) անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 25.

 Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ոչ ենթակա անձինք
 

Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա չեն`

1) աշխատող տարիքային կենսաթոշակառուները.

2) աշխատող հաշմանդամները.

3) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրությունից ազատված զբաղված անձինք:

Հոդված 26.

 Գործազրկության դեպքում սոցիալական աջակցությունը
 

1. Գործազրկության դեպքում սոցիալական աջակցության իրավունք ունեն այն անձինք, ովքեր չունեն սույն օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասում նշված մեկ տարուց ավել ապահովագրական ստաժ:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն ընդգրկվելու մեկ տարուց ավել ապահովագրական ստաժ չունեցող անձանց համար սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող զբաղվածության աջակցության պետական ծրագրերում:

Հոդված 27.

 Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց
 գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության  իրավունքը

 

 Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության իրավունքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ


Հոդված 28.

 Գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության երաշխիքները

 

1. Գործազուրկ անձանց երաշխավորվում է՝

1) առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում գործազրկության նպաստի վճարում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) կրթաթոշակի վճարում՝ մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում:

2. Հաշմանդամներին երաշխավորվում է կրթաթոշակի վճարում մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնման դասընթացներում սովորելու ընթացքում:

3. Սույն օրենքի 29-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն գործազուրկները, ովքեր ունեն առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ, և որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի, ունեն լրացուցիչ սոցիալական երաշխիքների իրավունք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-37-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-37-Ն)

(28-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-37-Ն)

Հոդված 29.

 Գործազրկության նպաստի նշանակման պայմանները


1. Գործազրկության նպաստ է նշանակվում գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձանց, ովքեր չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անձանց) և ունեն առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ:

2. Զբաղվածության պետական ծառայությունը սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց գործազրկության նպաստ է նշանակում գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից:

3. Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս:

4. Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:

5. Գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում գործազրկության նպաստի ստացման առավելագույն տևողությունը սահմանվում է 12 ամիս:

6. Եթե անձը գործազուրկի կարգավիճակ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նա գործազրկության նպաստի ստացման իրավունք կարող է ունենալ, եթե զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո ձեռք է բերել առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ:

Հոդված 30.

 Գործազրկության նպաստի չափը

 

Գործազրկության նպաստի չափը սահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով:

Հոդված 31.

 Կրթաթոշակի չափը
 

1. Զբաղվածության պետական ծառայության ուղեգրերով նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման, վերամասնագիտացման կամ որակավորման բարձրացման ուղարկվող գործազուրկ անձանց ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ:

2. Ամսական կրթաթոշակի չափը սահմանվում է՝

1) գործազրկության նպաստ ստացող անձանց համար՝ նշանակված գործազրկության նպաստի 120 տոկոսի չափով.

2) գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեցող անձանց համար՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

3. Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար:

Հոդված 32.

 Գործազրկության նպաստի վճարումը լիազորագրով

Գործազրկության նպաստը լիազորագրով կարող է վճարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


 

Հոդված 33.

 Անցած ժամանակահատվածի համար գործազրկության նպաստի վճարումը
 

1. Նշանակված, բայց հարգելի (հիվանդություն և այլն) պատճառով առավելագույնը երեք ամիս չստացած գործազրկության նպաստի գումարը միանվագ կարող է վճարվել վճարման իրավունքը ծագելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու ամսվան հաջորդող ամսում:

2. Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման: Նշված դեպքում չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ:

 

Հոդված 34.

 Կալանավորված անձի չստացած գործազրկության նպաստի վճարումը
 

Իրավասու մարմինների կողմից կալանավորված անձի մինչև կալանավորման կամ դատապարտման օրը չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ՝ սույն օրենքի 32-րդ հոդվածում նշված լիազորագրի հիման վրա:

Հոդված 35.

 Բնակության վայրը փոխելու դեպքում գործազրկության նպաստի վճարումը
 

Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաստառու գործազուրկի գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, և նոր բնակավայրում շարունակվում է նպաստի վճարումը կասեցման օրվանից:

Հոդված 36.

 Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան
 դեպքում թաղման նպաստի վճարումը
 

Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ՝ գործազրկության նպաստի եռապատիկի չափով՝ դիմումը և օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն ներկայացնելու դեպքում:

Հոդված 37.

 Նպաստառու գործազուրկի մահվան պատճառով չստացած գործազրկության նպաստի վճարումը

1. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին:

2. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է, եթե սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից որևէ մեկը գործազուրկի մահից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներկայացրել է դիմում:

Հոդված 38.

 Գործազրկության նպաստի վճարման կասեցումը, վերականգնումը
 և  դադարեցումը
  

1. Գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում ընդգրկվում է վարձատրվող հասարակական աշխատանքներում, տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի կամ զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնակցում է մասնագիտական ուսուցման դասընթացներին` վարձատրվող հասարակական կամ ժամանակավոր աշխատանքի՝ մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությանը համապատասխան ժամկետով:

2. Եթե գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից:

3. Զբաղվածության պետական ծառայության կողմից երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում՝ դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:

4. Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ՝

1) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

2) գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար, եթե չներկայանալը կապված չէ գործազուրկի հիվանդության հետ.

3) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.

4) գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով.

5) գործազուրկը հրաժարվել է զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնագիտական ուսուցումից հետո ձեռք բերած մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանքից.

6) օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճռով գործազուրկին ազատազրկելու մասին դատարանի դատավճիռը, կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվել է հարկադիր բուժման.

7) գործազուրկը մահացել է:

Ազատազրկման կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման վայրից վերադառնալուց հետո գործազրկության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:

5. Եթե անձը գործազրկության նպաստ ստանալու, ինչպես նաև մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն ստանալու պահին զբաղված է եղել սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներով փաստաթղթեր, ապա նրա կողմից ստացած գործազրկության նպաստը կամ կրթաթոշակը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ստացած ֆինանսական միջոցներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 39.

 Բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ֆինանսավորումը
 

Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 

(39-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-243-Ն)


 

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ


Հոդված 40.

 Զբաղվածության ոլորտի տեղեկատվական բազան
 

1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի հասցեականության ապահովման, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունավետ իրականացման նպատակով զբաղվածության պետական ծառայությունը ստեղծում է տեղեկատվական բազա:

2. Տեղեկատվական բազան ներառում է տեղեկատվություն՝ զբաղվածության ոլորտում իրականացվող պետական և ոչ պետական ծրագրերի վերաբերյալ:

3. Զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ընթացքում զբաղվածության պետական ծառայությունը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ


Հոդված 41.

 Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
 

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ


Հոդված 42.

 Օրենքի ուժի մեջ մտնելը
 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի դեկտեմբերի 26-ի «Բնակչության զբաղվածության մասին» ՀՕ-93 Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչև օրենքը գործողության մեջ դնելը ծագած հարաբերությունները շարունակվում են, և դրանց նկատմամբ կիրառվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

4. Մինչև զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

Հայաստանի Հանրապետության
  Նախագահ
    

Ռ. Քոչարյան

2005 թ. նոյեմբերի 25
      Երևան
    ՀՕ-206-Ն