Գլխավոր տեղեկություն
Համար
N 283-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2024

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2024 թվականի N 283-Լ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-770-31.01.2024-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-770-31.01.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-770-31.01.2024-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) նպատակը, ըստ նախագծի ընդունման հիմնավորման, ներկայումս միայն մայրաքաղաքային սփռում ունեցող՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի հեռարձակումն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները.

1. ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքային սփռման գծով հեռարձակման տարեկան ծախսը կազմում է 18.0 մլն դրամ, իսկ հանրապետական սփռման գծով՝ 72.0 մլն դրամ: Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեից կհանգեցնի 64.8 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը) լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, սակայն ինչպես ՀՀ 2024 թ. պետական բյուջեով, այնպես էլ ՀՀ 2024-2026 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն: Կառավարությունը չի առարկում նախագծի ընդունմանը, եթե «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի հեռարձակումը հանրապետության ողջ տարածքով իրականացվի ՓԲԸ-ին տրամադրվող ընդհանուր բյուջետային հատկացումների շրջանակում՝ առանց լրացուցիչ միջոցների հատկացման:

2. Անդրադառնալով նախագծի ընդունման հիմնավորմանը՝ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:

Նախագծի հիմնավորմամբ հետապնդվող նպատակը հասկանալի և ընդունելի է, սակայն հարկ ենք համարում նշել, որ նախագծի ընդունումը չի ամրագրում նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված «Առաջին լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի երաշխավորված հեռարձակումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

3. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները` նախագծի 2-րդ հոդվածի՝

1) վերնագրում «Անցումային դրույթներ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» բառերով.

2) 1-ին մասում «պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով.

3) 2-րդ մասում «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ» բառերով:

Ամփոփելով վերոնշյալը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման հիմնավորումը և նրանով հետապնդվող նպատակի օրենսդրական կարգավորումը վերանայման ու հստակեցման կարիք ունեն: