Գլխավոր տեղեկություն
Համար
N 570-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.580
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2017 թվականի N 570-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ, թեմատիկ հարկային ԵՎ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց 27.10.22 N 1659-Ն, 28.03.24
N 420-Ն)

 

 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 332-րդ հոդվածի 5-րդ մասին և 336-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 28.03.24 N 420-Ն)

1. Հաստատել՝

1) հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2) հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

3) հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 27.10.22 N 1659-Ն, լրաց. 28.03.24 N 420-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 570-Ն որոշման

(գլխագիրը փոփ. 27.10.22 N 1659-Ն)

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կանոնակարգվում են հարկային մարմնի կողմից` ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման հետ կապված ընդհանուր հարաբերությունները:

2. Ռիսկի համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3. Սույն հավելվածի իմաստով ռիսկը հարկ վճարողի կողմից հարկման օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելուն կամ դրանք պակաս ցույց տալուն կամ հարկերը ճիշտ չհաշվարկելուն կամ դրանք չվճարելուն կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջներ չկատարելուն ուղղված գործողության կամ անգործության և դրանց արդյունքում պետությանը վնաս հասցնելու հավանականությունն է՝ հաշվի առնելով հասցված կամ ակնկալվող վնասների մեծությունն ու ծանրության աստիճանը:

 

III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռիսկի համակարգը հիմնված է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկների, հաշվարկային փաստաթղթերի տվյալների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այլ տեղեկությունների հիման վրա հարկ վճարողի գործունեության` ըստ ռիսկայնության աստիճանի գնահատման և դասակարգման վրա:

5. Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների, հաշվարկային փաստաթղթերի տվյալների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այլ տեղեկությունների հիման վրա ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ`

Քայլ 1. հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների խմբավորում (դասակարգում).

Քայլ 2. ռիսկային չափանիշների ձևավորում և դրանց ռիսկայնության աստիճանի (միավորի) հաշվարկման բանաձևերի սահմանում.

Քայլ 3. ռիսկային չափանիշների հիման վրա` հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի (միավորի) որոշում.

Քայլ 4. ռիսկայնության աստիճանի (միավորի) որոշման արդյունքներով` հարկ վճարողների` բարձր, միջին և ցածր խմբերի դասակարգում:

(5-րդ կետը լրաց., փոփ. 25.05.23 N 807-Ն)

 

IV. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ (ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ)

 

6. Հարկ վճարողների խմբեր ձևավորելու նպատակով հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների ամբողջ բազան դասակարգվում է հետևյալ երեք խմբի`

1) ավելացված արժեքի հարկ վճարողներ.

2) շրջանառության հարկ վճարողներ.

3) 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված այլ հարկ վճարողներ:

7. Հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի գնահատման նպատակով ընտրվում են 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների խմբերը:

(7-րդ կետը փոփ. 25.05.23 N 807-Ն)

 

 

V. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Ռիսկային չափանիշների ընտրության և դրանց ռիսկային միավորների արդյունավետ հաշվարկման նպատակով հաշվի են առնվում հետևյալ հիմնական սկզբունքները`

1) յուրաքանչյուր հարկ վճարող պետք է ունենա իր գործունեության տեսակին, կատարված գործարքներին և հարկման ռեժիմին բնորոշ և կիրառելի ռիսկային չափանիշներ.

2) ռիսկային չափանիշներն ըստ իրենց կարևորության ենթակա են տարբերակման:

(8-րդ կետը խմբ. 25.05.23 N 807-Ն)

 

VI. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

9. Ռիսկային չափանիշների ընտրությունը հիմնված է հարկային մարմնի տվյալների բազայում առկա հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների, դրանց վերլուծության արդյունքների, հարկ վճարողի թույլ տված օրենսդրական պահանջների խախտումների և այլ տեղեկությունների վրա:

(9-րդ կետը փոփ. 25.05.23 N 807-Ն)

10. Ռիսկային չափանիշների ընտրության ժամանակ հաշվի է առնվում, թե որքանով է տվյալ չափանիշն ընդգծում և վեր հանում ռիսկը:

11. Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են վերցվել հետևյալ ռիսկային չափանիշները`

1) շահութաբերության (եկամտաբերության) մակարդակը.

2) ստուգման արդյունքները.

3) նախկինում կատարված ստուգումների առկայությունը.

4) շահույթի բացակայությունը կամ վնասի առկայությունը.

5) նախորդ տարիների շահութաբերության (եկամտաբերության) մակարդակների համադրման ցուցանիշները.

6) ակտիվների, նվազեցվող կորուստների, փոխառությունների, հիմնական միջոցների, հարկվող շահույթի, վնասի, համախառն եկամտի ցուցանիշների համադրման արդյունքները.

7) հաշվարկային փաստաթղթերի և հարկային հաշվարկների տվյալների համադրման ցուցանիշները.

8) ներմուծման տվյալների և հարկային հաշվարկների տվյալների համադրման ցուցանիշները.

9) գործունեության ոլորտները, ինչպես նաև տարբեր վայրերի առկայությունը.

10) իրացման շրջանառության, ձեռքբերումների, համախառն եկամտի տեսակները և ծավալները.

11) հարկային հաշվարկների ուշացման կամ ճշգրտված հաշվարկների առկայությունը, որոնց դեպքում առկա է հայտարարագրված հարկային պարտավորության նվազում.

12) հարկային արտոնությունների կիրառման առկայությունը.

13) իրացման և ձեռքբերման ցուցանիշների համադրման արդյունքները.

14) հետաձգված հարկերի առկայությունը.

15) արտաքին տնտեսական գործունեության առկայությունը.

16) ընդհանուր ծախսերի և որոշ ծախսերի համադրման ցուցանիշները, տեսակարար կշիռները.

17) միաժամանակ հարկման տարբեր ռեժիմների առկայությունը (ընդհանուր հարկման, հատուկ հարկման և այլն).

18) միջին ամսական աշխատավարձի համադրման արդյունքները.

19) մեկ աշխատողի հաշվով իրացման շրջանառության, հարկվող շահույթի (եկամտի) ցուցանիշները.

20) արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները:

(11-րդ կետը լրաց. 25.05.23 N 807-Ն)

 

VII. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ

 

12. Ռիսկային չափանիշներն ըստ իրենց կարևորության ենթակա են տարբերակման երեք խմբի` բարձր, միջին և ցածր: Տարբերակումը կատարվում է ռիսկային չափանիշներին համապատասխան կշիռներ տալու եղանակով, որն ընդգրկում է 0.5-1.5 թվերի միջակայքը, այդ թվում`

1) բարձր խումբ. ընդգրկում է 1.3 - 1.5 թվերի միջակայքը.

2) միջին խումբ. ընդգրկում է 0.8 - 1.2 թվերի միջակայքը.

3) ցածր խումբ. ընդգրկում է 0.5 - 0.7 թվերի միջակայքը:

12.1. Սույն գլխի դրույթները չեն տարածվում 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշի վրա:

(12.1-ին կետը լրաց. 25.05.23 N 807-Ն)

 

VIII. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

13. Ռիսկային չափանիշների` ըստ կարևորության տարբերակումից հետո հաշվարկվում է դրանց ռիսկայնության առավելագույն միավորը: Վերջինիս որոշման նպատակով, սույն մեթոդաբանության կիրառման առումով, որպես առավելագույն սահման, հիմք է վերցվել ամենաբարձր եռանիշ թիվը` 999-ը:

14. Յուրաքանչյուր ռիսկային չափանիշի առավելագույն միավորը հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով`

ՉԱՄ = ԱՍ x (ՉԿ/ԿՀ),

որտեղ`

ՉԱՄ-ը չափանիշի առավելագույն միավորն է,

ԱՍ-ն առավելագույն սահմանն է,

ԿՀ-ն բոլոր չափանիշների կշիռների հանրագումարն է,

ՉԿ-ն տվյալ չափանիշին տրված կշիռն է:

15. Հնարավոր է, որ չափանիշներն ունենան գնահատման մի քանի միջակայքեր, հետևաբար, ըստ այդ միջակայքերի՝ ռիսկային տարբեր միավորներ: Նման դեպքերում ավելի բարձր միավորը ցույց է տալիս ավելի բարձր ռիսկ:

16. Յուրաքանչյուր չափանիշի առավելագույն միավորի հաշվարկումից հետո որոշվում են տվյալ չափանիշի միջակայքերի ռիսկային միավորները:

16.1. Սույն գլխի դրույթները չեն տարածվում 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշի վրա:

(16.1-ին կետը լրաց. 25.05.23 N 807-Ն)

 

IX. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՌԻՍԿԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 25.05.23 N 807-Ն)

 

17. Հարկ վճարողների ռիսկայնության միավորը հաշվարկվում է որպես առանձին չափանիշների ռիսկային միավորների հանրագումար, որը հարկային մարմնի սահմանած կարգով կարող է փոփոխվել 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքների հիման վրա:

(17-րդ կետը խմբ. 25.05.23 N 807-Ն)

18. Գնահատված ռիսկային միավորները, ինչպես նաև 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքները պահվում են հարկային մարմնի տվյալների բազայում:

(18-րդ կետը խմբ. 25.05.23 N 807-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 807-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 807-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 807-Ն)

22. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 807-Ն)

23. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 807-Ն)

 

X. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ՝ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 25.05.23 N 807-Ն)

 

24. Ըստ ռիսկային միավորների նվազման հաջորդականության` հարկ վճարողները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի:

25. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են հարկ վճարողների 20 տոկոսը, միջին ռիսկայնության խմբում` 30 տոկոսը, իսկ ցածր ռիսկայնության խմբում` 50 տոկոսը:

(25-րդ կետը փոփ. 25.05.23 N 807-Ն)

26. Սույն հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հարկ վճարողները, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են ցածր ռիսկայնության խմբում:

(26-րդ կետը փոփ. 25.05.23 N 807-Ն)

27. Օրենքով պարտադիր աուդիտի ենթակա, սակայն աուդիտ չանցած, ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պարտավորություն ունեցող, սակայն ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակած հարկ վճարողները, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են բարձր ռիսկայնության խմբում:

28. Հարկ վճարողների ռիսկայնության գնահատման նպատակով տարբեր հարկային հաշվարկների ռիսկայնության գնահատականները չեն ընդհանրացվում կամ միջինացվում: Եթե հարկ վճարողը հարկային հաշվարկների տարեկան ռիսկային միավորների արդյունքում միաժամանակ տարբեր հաշվարկների մասով ընդգրկվել է տարբեր ռիսկային խմբերում, ապա տվյալ հարկ վճարողի ռիսկային խումբը որոշվում է դրանցից ամենաբարձրով:

29. Ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների պլանավորման գործընթացի նկարագրությունը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որով կանոնակարգվող գործընթացի հիմնական քայլերն են՝

1) պլանավորվող ժամանակահատվածի համար ստուգման ենթակա հարկ վճարողների թվի որոշումը.

2) 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքների հիման վրա ռիսկային միավորների հանրագումարի փոփոխությունների իրականացումը.

3) ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրանքը, որի ժամանակ նախապատվությունը տրվում է ավելի բարձր ռիսկայնության միավոր ունեցող հարկ վճարողներին, իսկ միևնույն ռիսկային միավորներ հավաքած հարկ վճարողներից առաջնահերթությունը տրվում է՝

ա. ավելի մեծ շրջանառություն ունեցող հարկ վճարողներին,

բ. ավելի վաղ ստուգված հարկ վճարողներին.

4) համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրի կազմման համար հարկ վճարողների միասնական ցանկի ձևավորումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ և 337-րդ հոդվածների պահանջները:

(29-րդ կետը փոփ., խմբ. 25.05.23 N 807-Ն)

 

XI. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

30. Ռիսկի համակարգի համար հիմք է հարկային մարմնի տեղեկատվական բազան, որում առկա են ռիսկի համակարգի կիրարկման համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում` հարկ վճարողների մասին անհրաժեշտ տեղեկատվություն (ռեգիստր), նրանց կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներ, ինչպես նաև այլ տեղեկություններ:

(30-րդ կետը փոփ. 25.05.23 N 807-Ն)

(հավելվածը փոփ. 27.10.22 N 1659-Ն, լրաց., փոփ., խմբ. 25.05.23 N 807-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին

տեղակալ

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 570-Ն որոշման

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է հարկային մարմնի կողմից` ռիսկի վրա հիմնված տրանսֆերային գնագոյացման ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման ընդհանուր նկարագիրը:

2. Ռիսկի համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3. Սույն հավելվածի իմաստով ռիսկը հարկ վճարողի կողմից իրականացված վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու արդյունքում շահութահարկի և (կամ) բնօգտագործման վճար ռոյալթիի հաշվարկման և վճարման ոչ ամբողջական լինելու հավանականությունն է:

 

III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռիսկի համակարգը հիմնված է հարկ վճարողների կողմից իրականացված գործարքների տվյալներով հարկ վճարողի գործունեության, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման մասով ներկայացման ենթակա փաստաթղթերի` ըստ ռիսկայնության աստիճանի գնահատման և դասակարգման վրա:

5. Հարկ վճարողների կողմից իրականացված գործարքների հիման վրա ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ`

Քայլ 1. հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների խմբավորում (դասակարգում).

Քայլ 2. ռիսկային չափանիշների ձևավորում և դրանց հիման վրա` ըստ գործարքների հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի որոշում.

Քայլ 3. ռիսկայնության աստիճանի որոշման արդյունքներով` հարկ վճարողների` բարձր, միջին և ցածր խմբերի դասակարգում:

 

IV. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ (ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ)

 

6. Հարկ վճարողների խմբեր ձևավորելու նպատակով հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների ամբողջ բազան դասակարգվում է հետևյալ երկու խմբի`

1) ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ.

2) 1-ին ենթակետում չնշված այլ հարկ վճարողներ:

7. Հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի գնահատման նպատակով ընտրվում է 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված հարկ վճարողների խումբը` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

V. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Ռիսկային չափանիշների ընտրությունը հիմնված է հարկային մարմնում առկա տեղեկատվության, ինչպես նաև այլ տեղեկատվական աղբյուրներում (այդ թվում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 367-րդ հոդվածով սահմանված) առկա հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների, տրանսֆերային գնագոյացման մասով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերլուծության արդյունքների վրա:

9. Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են վերցվել հետևյալ ռիսկային չափանիշները`

1) ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ծավալը ոչ ռեզիդենտ անձանց հետ.

2) փոխկապակցված կողմերի միջև գործարքների առկայությունը և դրանց ծավալը.

3) գործարքի կողմերից մեկի շահութահարկի և (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հանգամանքը.

4) գործարքի կողմերից մեկի ռոյալթի վճարող համարվելու հանգամանքը.

5) հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների հետ գործարքների առկայությունը.

6) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ոչ ռեզիդենտ անձի միջև ծախսերի բաշխման և գործարքի իրականացման առկայությունը և ծավալը.

7) վերահսկվող գործարքների վերաբերյալ հարկ վճարողի ծանուցման առկայությունը.

8) տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման չներկայացումը հարկային մարմին.

9) տրանսֆերային գնագոյացման հաշվարկի առկայությունը.

10) նախկինում կատարված տրանսֆերային գնագոյացման ստուգումների առկայությունը և դրանց արդյունքները:

 

VI. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ

 

10. Ռիսկային չափանիշներն ըստ իրենց կարևորության ենթակա են տարբերակման երեք խմբի` բարձր, միջին և ցածր: Տարբերակումը կատարվում է ռիսկային չափանիշներին համապատասխան կշիռներ տալու եղանակով, որն ընդգրկում է 0.5-1.5 թվերի միջակայքը, այդ թվում`

1) բարձր խումբ. ընդգրկում է 1.3 - 1.5 թվերի միջակայքը.

2) միջին խումբ. ընդգրկում է 0.8 - 1.2 թվերի միջակայքը.

3) ցածր խումբ. ընդգրկում է 0.5 - 0.7 թվերի միջակայքը:

 

VII. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Ռիսկային չափանիշների` ըստ կարևորության տարբերակումից հետո հաշվարկվում է դրանց ռիսկայնության առավելագույն միավորը: Վերջինիս որոշման նպատակով, սույն մեթոդաբանության կիրառման առումով, որպես առավելագույն սահման, հիմք է վերցվել ամենաբարձր եռանիշ թիվը` 999-ը:

12. Յուրաքանչյուր ռիսկային չափանիշի առավելագույն միավորը հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով`

 

ՉԱՄ = ԱՍ x (ՉԿ/ԿՀ),

 

որտեղ`

ՉԱՄ-ը չափանիշի առավելագույն միավորն է,

ԱՍ-ն առավելագույն սահմանն է,

ԿՀ-ն բոլոր չափանիշների կշիռների հանրագումարն է,

ՉԿ-ն տվյալ չափանիշին տրված կշիռն է:

13. Հնարավոր է, որ չափանիշներն ունենան գնահատման մի քանի միջակայքեր, հետևաբար, ըստ այդ միջակայքերի՝ ռիսկային տարբեր միավորներ: Նման դեպքերում ավելի բարձր միավորը ցույց է տալիս ավելի բարձր ռիսկ:

14. Յուրաքանչյուր չափանիշի առավելագույն միավորի հաշվարկումից հետո որոշվում են տվյալ չափանիշի միջակայքերի ռիսկային միավորները:

15. Հարկ վճարողի ռիսկայնության ընդհանուր միավորը հաշվարկվում է որպես առանձին չափանիշների ռիսկային միավորների հանրագումար:

16. Ստուգումների պլանավորման նպատակով հիմք է ընդունվում հարկ վճարողի ռիսկայնության ընդհանուր միավորը:

 

VIII. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻԱՎՈՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ՝ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

17. Ըստ ռիսկայնության ընդհանուր միավորների նվազման հաջորդականության` հարկ վճարողները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի:

18. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են հարկ վճարողների 20 տոկոսը, միջին ռիսկայնության խմբում` 30 տոկոսը, իսկ ցածր ռիսկայնության խմբում` 50 տոկոսը:

19. Ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների պլանավորման գործընթացի նկարագրությունը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որով կանոնակարգվող գործընթացի հիմնական քայլերն են՝

1) պլանավորվող ժամանակահատվածի համար ստուգման ենթակա հարկ վճարողների թվի որոշումը.

2) ըստ ռիսկայնության ընդհանուր միավորի ստուգման ենթակա հարկ վճարողների թվի՝ հարկ վճարողների ընտրանքը, որի ժամանակ նախապատվությունը տրվում է ավելի բարձր ռիսկայնության միավոր ունեցող հարկ վճարողներին, իսկ միևնույն ռիսկային միավորներ հավաքած հարկ վճարողներից առաջնահերթությունը տրվում է ավելի մեծ շրջանառություն ունեցող հարկ վճարողներին.

3) տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագրի կազմման համար հարկ վճարողների միասնական ցանկի ձևավորումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ և 337-րդ հոդվածների պահանջները:

(հավելվածը լրաց. 27.10.22 N 1659-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 25-ի N 570-Ն որոշման

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԹԵՄԱՏԻԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է հարկային մարմնի կողմից` ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման հետ կապված ընդհանուր նկարագիրը:

2. Ռիսկի համակարգի նպատակն է թեմատիկ ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա:

 

2. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3․ Սույն հավելվածի իմաստով ռիսկը հարկ վճարողի կողմից հարկման օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելուն կամ դրանք պակաս ցույց տալուն կամ հարկերը ճիշտ չհաշվարկելուն կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջներ չկատարելուն ուղղված գործողության կամ անգործության և դրանց արդյունքում հարկային իրավախախտում կատարելու հավանականությունն է՝ հաշվի առնելով դրա հետևանքով պետությանը հասցված կամ ակնկալվող վնասների մեծությունն ու ծանրության աստիճանը:

 

3. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4․ Ռիսկի համակարգը հիմնված է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկների, հայտարարագրերի, հաշվարկային փաստաթղթերի տվյալների, հարկային մարմնի տեղեկատվական բազայում հավաքագրվող տեղեկությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված կամ ձեռք բերված այլ տեղեկությունների հիման վրա հարկ վճարողի գործունեության ռիսկայնության գնահատման վրա:

5․ Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են ռիսկային չափանիշների հիման վրա։

 

4. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ

 

6․ Սահմանված չափանիշների ռիսկայնության որոշման արդյունքներով` կախված թեմատիկ հարկային ստուգման նպատակից, վերլուծության ուղղվածությունից և այլ չափանիշներից` հարկ վճարողները կարող են խմբավորվել ըստ հարկման համակարգի, գործունեության ոլորտի և այլն:

 

5. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

7․ Ռիսկային չափանիշների ընտրությունը հիմնված է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների, հարկային մարմնի տեղեկատվական բազայում հավաքագրվող տեղեկությունների, օրենքով սահմանված կարգով ստացված կամ ձեռք բերված այլ տեղեկությունների, դրանց վերլուծության արդյունքների, հարկ վճարողի թույլ տված օրենսդրական պահանջների խախտումների վրա:

8․ Ռիսկի համակարգի կիրառման առումով հիմք են ընդունվում հետևյալ ռիսկային չափանիշները կամ դրանցից մեկը`

1) իրացման և ձեռքբերման ցուցանիշների համադրման արդյունքները.

2) շահութաբերության (եկամտաբերության) կամ վերադիրի մակարդակը․

3) հաշվարկային փաստաթղթերի տվյալների, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների կամ հարկային մարմնին հայտնի դարձած (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների համադրման արդյունքները․

4) հարկման տարբեր համակարգերի առկայությունը (ընդհանուր հարկման, հատուկ հարկման և այլն).

5) նախկինում կատարված ստուգումների (ուսումնասիրությունների) կամ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները.

6) գործունեության ոլորտները, գործունեության վայրերը, ինչպես նաև դրանց առանձնահատկությունները (այդ թվում՝ կապված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի, անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության, կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների հետ և այլն)․

7) հարկային մարմնի կողմից ստացված կամ ձեռք բերված տեղեկությունների վերլուծության արդյունքները.

8) հաշվարկային փաստաթղթերի քանակի կամ դրանցով արտացոլված արժեքների կամ բովանդակության, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերում արտացոլվող այլ տվյալների համադրման արդյունքները.

9) հաշվարկային փաստաթղթերում արտացոլված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների գների վերլուծության արդյունքները, ինչպես նաև հարկային մարմնին հայտնի դարձած (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) գների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքները․

10) աշխատողների քանակի կամ պաշտոնների կամ մասնագիտությունների կամ աշխատաժամերի կամ աշխատողների գծով եկամտային հարկով հարկման օբյեկտի կամ հարկման բազայի վերլուծության կամ համադրման արդյունքները.

11) իրացման շրջանառության, համախառն եկամտի և գրանցված աշխատողների համադրման արդյունքները.

12) ակցիզային դրոշմանիշերի կամ դրոշմապիտակների կամ հսկիչ նշանների ստացման կամ օգտագործման կամ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) կամ օտարման (այդ թվում` արտահանման) վերլուծությունների արդյունքները.

13) պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող տեղեկությունների համադրման արդյունքները.

14) տնտեսական գործունեության նույն տեսակն ունեցող հարկ վճարողների գործունեության ցուցանիշների և տվյալների համադրման արդյունքները.

15) արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները.

16) վարչական կամ քրեական վարույթում կամ օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ արդյունքում որպես ապացույց ստացված բացատրությունների, ցուցմունքների կամ այլ տեղեկությունների առկայությունը.

17) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ գրավոր ստացված տեղեկությունների (այդ թվում՝ երրորդ անձից կամ այլ անձանցից ստացված տեղեկություններ, դիմում-բողոքներ և այլն) առկայությունը:

 

6. ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

9․ Յուրաքանչյուր ռիսկային չափանիշ իր մեջ պարունակում է գնահատման ենթակա մեկ կամ մի քանի ռիսկային ցուցիչներ:

10․ Ռիսկային չափանիշները կարող են գնահատվել օրական, շաբաթական, ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան կամ ցանկացած այլ պարբերականությամբ:

(հավելվածը լրաց. 28.03.24 N 420-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.03.2024, N 420-Ն 29.03.2024, N 570-Ն
25.05.2023, N 807-Ն 26.05.2023, N 570-Ն
27.10.2022, N 1659-Ն 28.10.2022, N 570-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան