Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 598-Ա

«16» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գևորգ Մարգարյանի 2024 հունվարի 26-ի թիվ Դ-12068-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2024 հունվարի 26-ի թիվ Դ-12068-24 դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11.00-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, ծանուցվել է (ծանուցման փոստային առաքանի թիվ LO116512142AM) դիմումատու Գևորգ Մարգարյանը, ով լսումներին չի ներկայացել:

Ուսումնասիրելով 2024 հունվարի 26-ի թիվ Դ-12068-24 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դրան կից ներկայացված լուսանկարները, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 հունվարի 26-ի թիվ Դ-12068-24 դիմումի բովանդակությունից պարզվել է, որ Գևորգ Մարգարյանը հանդիսանում է «Honda» մակնիշի «77KS747» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վարորդը և 2024 թվականի հունվարի 13-ին Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում առկա փոսի պատճառով վնասվել է փոխադրամիջոցի անիվը: Ներկայացված Դիմումի պահանջը հանդիսացել է նկարագրված պատահարի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցումը, որը, ըստ դիմումատուի, կազմում է 55000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ, որից 45000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես անիվի արժեք, իսկ 10000 (տասը հազար) ՀՀ դրամը՝ որպես փոխադրամիջոցի տարհանման ծառայության արժեք:

Դիմումին կից չեն ներկայացվել «Honda» մակնիշի «77KS747» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի պատկանելության վերաբերյալ ապացույցներ (հաշվառման վկայագրի և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեններ), սակայն Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում առկա տվյալներից պարզվել է, որ Դիմումի առարկա փոխադրամիջոցը հանդիսանում է Լիանա Նիկողոսյանի սեփականությունը:

Դիմումին կից չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, պատահարը կանխելու անհնարինության, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կարող է հիմնավորվել պատահարը վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը:

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավանորմերի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ գույքը վնասվելու հանգամանքով պայմանավորված՝ վնասի փոխհատուցման պահանջի իրավունքը պատկանում է վնասված գույքի սեփականատիրոջը, որպիսին, քննարկվող պարագայում, Գևորգ Մարգարյանը չի հանդիսանում: Նշված հանգամանքը վնասի փոխհատուցման պահանջն իրավասու անձի կողմից ներկայացված լինելու հարցի պարզման շրջանակներում գնահատելու արդյունքում պարզվում է, որ Դիմումը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմումը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, բացի այդ չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, պատահարը կանխելու անհնարինության, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ փոխադրամիջոցի վնասման պատճառ հանդիսացած պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գևորգ Մարգարյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի հունվարի 26-ի թիվ Դ-12068-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

Տ. Ավինյան