Գլխավոր տեղեկություն
Համար
N 599-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 599-Ա

«16» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի 2024 հունվարի 29-ի թիվ 6230-24 գրության հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2024 հունվարի 29-ի թիվ 6230-24 գրության առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11.00-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, ծանուցվել է (ծանուցման փոստային առաքանի թիվ LO116539672AM) Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը, սակայն վերջինս, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչը կամ «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի անունից հանդես գալու իրավասություն ունեցող որևէ անձ լսումներին չի ներկայացել:

Ուսումնասիրելով 2024 հունվարի 29-ի թիվ 6230-24 գրությունը (այսուհետ՝ նաև Գրություն), գնահատելով գրությամբ բարձրացված հարցին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 հունվարի 29-ի թիվ 6230-24 գրության բովանդակությունից պարզվել է, որ «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին պատկանող «Hyundai» մակնիշի «879AX61» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը 2024 թվականի հունվարի 29-ին Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բակում մերկասառույցի պատճառով ենթարկվել է վթարի, այն է՝ թեք ճանապարհին սահք է կատարել և բախվել բակում կայանված մեկ այլ փոխադրամիջոցի, ինչի արդյունքում փոխադրամիջոցը վնասվել է:

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը խնդրել է փոխհատուցել 2024 հունվարի 29-ի թիվ 6230-24 գրության մեջ նկարագրված պատահարի արդյունքում առաջացած վնասը, որը, ըստ դիմողի, կազմում է 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

 Դիմումին կից չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, պատահարը կանխելու անհնարինության, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կարող է հիմնավորվել պատահարը վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը:

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «VII. Երթևեկության արագությունը» բաժնի 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Գրությանը կից չեն ներկայացվել «Hyundai» մակնիշի «879AX61» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, պատահարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան կանխելու անհնարինության, պատահարը տեղի ունենալու պահի դրությամբ փոխադրամիջոցի վիճակը և այն վարողի գործողությունները նույն որոշման պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ փոխադրամիջոցի վնասման պատճառ հանդիսացած պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի՝ 2024 թվականի հունվարի 29-ի թիվ 6230-24 գրությամբ ներկայացված վնասի փոխհատուցման պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

Տ. Ավինյան