Գլխավոր տեղեկություն
Համար
N 318-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2024 թվականի N 318-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԶԱՌԻԹԱՓԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ԶԱՌԻԹԱՓԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64–րդ հոդվածի 5-րդ մասը, 698-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետն ու 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):

2. Սահմանել, որ՝

1) կազմակերպության իրավահաջորդն ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

3. Կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 33 հասցեում գտնվող` 15107800.0 դրամ սկզբնական և 903000.0 դրամ հաշվեկշռային արժեքով 168.1 քառ. մետր մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.035 հեկտար հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12072016-10-0006 վկայական, տրված՝ 2016 թվականի հուլիսի 12-ին) ընկերությանն են հանձնվում անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով:

4. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50.0 հազ. դրամ, որը բաժանված է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5.0 հազ. դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

5. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ընկերության պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում կազմակերպել՝

ա. վերակազմավորման կարգի և պայմանների, փոխանցման ակտի հաստատումը,

բ. ընկերության կանոնադրության հաստատումը, գործադիր մարմնի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) ձևավորումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում ապահովել՝

ա. ընկերության պետական գրանցումը,

բ. կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:

8. Ընկերության խորհրդի ձևավորման հարցը վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


07.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ