Գլխավոր տեղեկություն
Համար
N 384-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2024-10.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2024 թվականի N 384-Լ

 

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բուսաբուծության աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 384-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացման և գյուղատնտեսական կարևորագույն արտադրատեսակների ներկրումից կախվածության նվազեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունում բուսաբուծության ոլորտի նախանշված թիրախային ցուցանիշներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելացնել բուսաբուծական արտադրանքի ծավալները` խթանելով ցանքատարածությունների ընդլայնումը:

2. Հայաստանի Հանրապետությունում առկա են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և միջին բերքատվության բարձրացման մեծ հնարավորություններ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս խթանել ըստ մշակության առավել նպաստավոր տարածաշրջանների որոշ մշակաբույսերի ցանքերի իրականացումը և ագրոտեխնիկական սահմանված միջոցառումների կիրառման շնորհիվ արտադրողականության բարձրացումը՝ նպաստելով նաև բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

3. Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) համախառն արտադրանքի ավելացումն ապահովելու համար անհրաժեշտ է գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացնել շուրջ 11 500 հեկտարով (գարնանացան հացահատիկային մշակաբույսերը` 10 000 հեկտարով, որից եգիպտացորենը՝ 1000 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 1500 հեկտարով), իսկ բազմամյա խոտաբույսերինը` 2800 հեկտարով (առվույտ և կորնգան)։

4. Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով և դրանց մշակության համար փոխհատուցել մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք և սերմ) համար ծախսերի մինչև 50 տոկոս։

5. Բուսաբուծության աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:

6. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։

7․ Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).

3) Հայաստանի Հանրապետության համայնքները (այսուհետ՝ համայնք).

4) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ շահառու), ընդ որում, միևնույն ֆիզիկական անձը և անհատ ձեռնարկատերը միաժամանակ չի կարող հանդիսանալ ծրագրի շահառու։

8. Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսավարողը՝ համաձայն N 1 աղյուսակում ներառված մշակաբույսերի, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

9․ Ծրագիրն իրականացվում է հետևյալ պայմաններով՝

1) ծրագրի շրջանակներում խթանվում է N 1 աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը, որը պետք է իրականացվի N 1 աղյուսակում սահմանված Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի (համայնքի) տարածքում.

2) յուրաքանչյուր շահառու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք.

3) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը (բացառությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքն Ամասիա համայնքի վերին ենթաշրջանում (նախկին Արփի համայնք) պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը), եգիպտացորենի ցանքը Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում պետք է կատարվի մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները.

4) անհրաժեշտության դեպքում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն, միաժամանակ ըստ մշակաբույսերի անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին խորհրդատվություն ներկայացված է NN 2, 3, 4 և 5 աղյուսակներում.

5) յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 11,0 մլն դրամ (110 000 դրամ X 100 հա) գումարը (հաշվի առնելով ծրագրով սահմանված մեկ հեկտարի հաշվով առավելագույն փոխհատուցման գումարը՝ 11․0 մլն դրամ).

6) ծրագրի շրջանակներում թույլատրվում է խառը ցանքերի իրականացումը, ընդ որում, փոխհատուցումը տրամադրվում է հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով.

7) ծրագրի շահառուները նույն հողամասի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության նպատակով կարող են օգտվել նաև ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նախատեսված աջակցությունից, սակայն միևնույն հողատարածքում միևնույն մշակաբույսի մշակության համար չեն կարող օգտվել պետական աջակցության այլ ծրագրերից։

10․ Յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված ծախսերի 50 տոկոս փոխհատուցման գումարը հաշվարկվում է տվյալ մշակաբույսի ցանքատարածության մեկ հեկտար մակերեսի վրա հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով, որոնք ներկայացված են NN 6, 7, 8, 9 աղյուսակներում (հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզերից հարցումների արդյունքում ճշտված հանրապետության միջին շուկայական գները)՝

1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) կազմում են 140 000 դրամ, իսկ եգիպտացորենինը՝ 170 000 դրամ.

2) հատիկաընդեղեն մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 200 000 դրամ.

3) բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) յուրաքանչյուր մեկ հեկտար մակերեսի վրա առաջին տարվա ցանքի և մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 220 000 դրամ։

11․ Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ սահմանաչափերով՝

1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ.

2) հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ.

3) բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։

12․ Շահառուները մինչև ցանքի իրականացումը ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։

13. Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը, կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը).

3) գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմնին փոխանցելու մասին.

4) հայտարարություն (հայտարարության ձևաչափը սահմանվում է համայնքի կողմից)՝ միևնույն հողակտորի վրա նույն նպատակի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին տեղեկացված լինելու վերաբերյալ:

14․ Ծրագրի 13-րդ կետում ներկայացվող տեղեկատվության, ինչպես նաև իրականացված մոնիթորինգով արձանագրված փաստացի կատարված ցանքերի մակերեսների վերաբերյալ պատասխանատվությունը կրում է համայնքապետարանը։

15. Բնակավայրի վարչական ղեկավարը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), ստեղծում շահառուների շտեմարան: 13-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելու կամ դրանք թերի ներկայացնելու պարագայում պայմանագիր չի կնքվում, որի մասին համայնքի ղեկավարն առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է շահառուին։

16․ Պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում նախարարության կայքում։ Պայմանագրում ամրագրվում է դրույթ՝ հողամասի կադաստրային ծածկագրի, մշակաբույսի տեսակի (տեսակների), սորտի (սորտերի) կատարվելիք ցանքատարածության մակերեսի վերաբերյալ, ընդ որում, պայմանագրում ամրագրվածից պակաս կատարված ցանքի դեպքում փոխհատուցումը կտրամադրվի համայնքի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքով պարզված փաստացի կատարված ցանքի դիմաց։

17. Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները: Անհրաժեշտության դեպքում շահառուից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր։

18. Համայնքի ղեկավարը ծրագրի 15-րդ կետում նշված պայմանագրերի պատճենները պայմանագրերի կնքումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ։

19. Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից իրականացվում է համատարած մոնիթորինգ՝ մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքը։ Մոնիթորինգի իրականացման կարգը մշակում և հաստատում է նախարարությունը և մինչև տվյալ տարվա ապրիլի 20-ը տրամադրում համայնքին և մարզպետարանին։

20. Հանձնաժողովը ծրագրի շրջանակներում կատարված ցանքատարածություններում մոնիթորինգն իրականացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն՝ նախարարության կողմից մշակված ու հաստատված համայնքին և մարզպետի աշխատակազմին տրամադրված ձևաչափով։

21. Ծրագրի 19-րդ կետով սահմանված կարգի համաձայն մշակաբույսի ցանքատարածություններում մինչև բերքահավաքը մարզպետի աշխատակազմը նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում, մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի մարզի շահառուների թվի առնվազն 20 %-ը։

22. Մարզպետի աշխատակազմը մոնիթորինգից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված ընտրանքային մոնիթորինգի արդյունքները և ներկայացնում է նախարարություն՝ ծրագրի 20-րդ կետով նախատեսված ձևաչափով։

23. Նախարարությունն ամփոփում է ծրագրի 20-րդ կետում նշված տեղեկատվությունը և մոնիթորինգի արձանագրությունները՝ դրանք ստանալուց հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքում ի հայտ եկած անճշտությունների դեպքում վերադարձվում է համայնքին՝ առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և կրկին դիմում ներկայացնելու նպատակով կամ փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցում համայնքների հաշվեհամարներին, ընդ որում, ներկայացված փաստաթղթերի հիման վրա փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցվում են համայնքների հաշվեհամարներին մինչև 2024 թվականի նախավերջին աշխատանքային օրը ներառյալ։

24. Համայնքները ծրագրի 23-րդ կետով նախատեսված գումարներն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում են շահառուների բանկային հաշվեհամարներին կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա բանկային կամ փոստային ծառայության միջոցով և 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։

25. Մարզպետարանի կողմից ներկայացված մոնիթորինգի բացասական արդյունքների առկայության դեպքում (ծրագրի պայմանների կամ 15-րդ կետում նշված պայմանագրի դրույթների խախտում) տվյալ պայմանագրի շրջանակում փոխհատուցման գումար չի տրամադրվում, իսկ տրամադրված լինելու դեպքում նախարարության կողմից համայնքին ներկայացվում է պետական բյուջե հետվերադարձման պահանջ շահառուին փոխհատուցված (համայնքին գումարը հետ է վերադարձնում շահառուն) գումարների մասով։

26․ Հետվերադարձման պահանջ ներկայացվելու դեպքում շահառուի կողմից համայնքին 1-ամսյա ժամկետում գումարները չվճարելու պարագայում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

27․ Նախարարությունը մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը ուսումնասիրում է համայնքների կողմից ծրագրի 24-րդ կետում ներկայացված փաստաթղթերը, և անճշտությունների առկայության դեպքում համայնքներին առաջարկվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարել համապատասխան ճշգրտումներ ու տեղեկատվություն ներկայացնել նախարարություն։ Ճշգրտումից հետո շահառուներին չփոխանցված գումարները 1-ամսյա ժամկետում ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

28․ Նախարարությունը մինչև 2024 թվականի նախավերջին աշխատանքային օրը ներառյալ մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարները փոխհատուցված գումարի 3%-ի չափով փոխանցում է համայնքների հաշվեհամարներին։

29. Համայնքները մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը նախարարություն են ներկայացնում ամփոփ հաշվետվություն՝ ծրագրի շրջանակում ըստ մշակաբույսերի կատարված ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի վերաբերյալ։

30. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝

1) շրջանառու միջոցների գների թանկացումները.

2) եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքի կորուստը.

3) շահառուների կողմից պահանջված ագրոտեխնիկական միջոցառումների ոչ պատշաճ իրականացումը․

4) ոռոգման ջրի ոչ բավարար հասանելիությունը։

31. Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են՝

1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովագրության հնարավորությունը.

2) ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումը.

3) շահառուների մասնագիտական կարողությունների բարելավումը՝ խորհրդատվության միջոցով.

4) մոնիթորինգի իրականացումը։

32. Ծրագրի ֆինանսական գնահատականը՝

1) ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) ծրագրի իրականացման նախնական արժեքը կկազմի շուրջ 1․208 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք են հանդիսացել ծրագրով նախատեսված (գարնանացան հացահատիկային մշակաբույսերի` շուրջ 10 000 հեկտար, այդ թվում՝ եգիպտացորենի՝ 1000 հեկտար, հատիկաընդեղեն մշակաբույսերի` 1500 հեկտար, բազմամյա խոտաբույսերի` 2800 հեկտար) մշակաբույսերի մշակության համար փոխհատուցվող գումարները և համայնքներին մոնիթորինգի իրականացման համար տրվող գումարները (հաշվարկվել է փոխհատուցվող գումարի 3․0 %-ը` շուրջ 35․2 մլն դրամ).

3) ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տարեկան փաստացի բյուջեով նախատեսված կամ առկա ֆինանսական միջոցների չափով տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով.

4) հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակում հանրապետությունում ըստ մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսի սահմանափակում նախատեսված չէ՝ ցանքատարածությունների մակերեսը կարող է գերազանցել ծրագրի շրջանակում գնահատված մակերեսը։

33. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) մշակվող վարելահողերի տարածքները կավելանան 14 300 հեկտարով, այդ թվում՝ գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կավելանան 11 500 հեկտարով, որից եգիպտացորենը՝ 1000 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 1500 հեկտարով), բազմամյա խոտաբույսերինը` 2800 (առվույտ, կորնգան) հեկտարով.

2) գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 26 000 տոննայով, բազմամյա խոտաբույսերինը` շուրջ 25 000 տոննայով.

3) կնվազեն ներմուծման ծավալները.

4) ինքնարժեքի նվազում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին.

5) շահառուների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում:

 

Աղյուսակ N 1

 

Ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի մշակաբույսերի տեսակների մշակությունը

 

Հայաստանի Հանրապետության մարզը

Մշակաբույսը

Արագածոտն

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան ցորեն և գարի, վարսակ, հաճար)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Արմավիր

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան գարի, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ

Արարատ

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան գարի, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ

Գեղարքունիք

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան գարի, գարի, վարսակ, հաճար)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Լոռի

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան ցորեն և գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Կոտայք

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան ցորեն և գարի,

վարսակ, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Շիրակ

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան ցորեն և գարի,

վարսակ, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Սյունիք

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան ցորեն և գարի,

վարսակ, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Վայոց ձոր

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան ցորեն և գարի, վարսակ, հաճար)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ, կորնգան

Տավուշ

հացահատիկային մշակաբույսեր (գարնանացան գարի, հաճար, եգիպտացորեն)

հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ)

առվույտ

 

Աղյուսակ N 2

 

Հացահատիկային մշակաբույսերի մշակության համար կատարվող աշխատանքները

 

Աշխատանքի անվանումը

Ագրոտեխնիկական պահանջները

Հիմնական պարարտացում

Գոմաղբ,

Ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ*

Խոր վար

25-27 սմ խորությամբ

Հողի նախացանքային մշակություն

Կուլտիվացիա

10-12 սմ խորությամբ

հարթեցում

Հարթեցում (գլանակում)

Ցանք

180-250 կգ/հա**

Ոռոգում

-

Պայքար հիվանդությունների,

վնասատուների և մոլախոտային

բուսականության դեմ

Սրսկումները կատարել՝ հետևելով եղանակային

պայմաններին, ինչպես նաև օգտագործել աճի խթանիչներ

Սնուցում

Ազոտական պարարտանյութ

Բերքահավաք

Հատիկի լրիվ հասունացման փուլ

 

____________________

* Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել

** գարնանցան գարի՝ 180-200 կգ/հա, գարնանացան ցորեն՝ 220-250 կգ/հա, վարսակ 180-200 կգ/հա, հաճար՝ 180-200 կգ/հա

 

Աղյուսակ N 3

 

Եգիպտացորենի մշակության համար կատարվող աշխատանքները

 

Աշխատանքի անվանումը

Ագրոտեխնիկական պահանջները

Երեսվար

15-20 սմ խորությամբ

Հիմնական պարարտացում

Գոմաղբ, Ֆոսֆորական

Կալիումական պարարտանյութ *

Խոր վար

25-27 սմ խորությամբ

Հողի

նախացանքային

մշակություն

Կուլտիվացիա

(2 անգամ)

10-12 սմ խորությամբ

10-12 սմ խորությամբ ազոտական 100 կգ +

կրկնակի սուպերֆոսֆատ 65 կգ

հարթեցում

Հարթեցում (գլանակում)

Ցանքս

70x30 սխեմայով, 20 կգ ցանքի նորմայով,

6-8 սմ խորությամբ

Ոռոգում

-

Միջշարային մշակություն

(2 անգամ) + սնուցում

ազոտական պարարտանյութ

Պայքար հիվանդությունների,

վնասատուների և մոլախոտային

բուսականության դեմ

3-4 անգամ

Բերքահավաք

Հատիկի լրիվ հասունացման փուլ

 

____________________

*Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել

 

Աղյուսակ N 4

 

Հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության համար կատարվող աշխատանքները

 

Աշխատանքի անվանումը

Ագրոտեխնիկական պահանջները

Հիմնական պարարտացում

Գոմաղբ

ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ*

Խոր վար

25-30 սմ խորությամբ

Հողի նախացանքային

մշակություն

Կուլտիվացիա 10-12 սմ խորությամբ

Ցանք

-

Ոռոգում

-

Միջշարային տարածքների 1-ին

կուլտիվացիա

-

Միջշարային տարածքների

2-րդ կուլտիվացիա

8-10 սմ խորությամբ

Սնուցում

ազոտական պարարտանյութ

Քաղհան փխրեցում (ձեռքով)

-

Պայքար հիվանդությունների,

վնասատուների և մոլախոտային

բուսականության դեմ

2-3 անգամ

Բերքահավաք

-

 

____________________

*Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել

 

Աղյուսակ N 5

 

Առվույտի և կորնգանի (1-ին տարվա) մշակության համար կատարվող աշխատանքները

 

Աշխատանքի անվանումը

Ագրոտեխնիկական պահանջները

Պարարտացում

(օրգանական պարարտանյութ)

Գոմաղբ 20-25 տոննա

Խոր վար

25-30 սմ խորությամբ

Հողի

նախացանքային

մշակություն

Կուլտիվացիա

10-12 սմ խորությամբ

Տափանում, հարթեցում

Հարթեցում (գլանակում)

Ցանքս*

առվույտ

20-25 կգ

կորնգան

150-170 կգ

Ոռոգում

-

Պայքար հիվանդությունների

և վնասատուների դեմ

-

Բերքահավաք

առվույտ

Բերքահավաքն իրականացնել ծաղկման

փուլում, հատուկենտ ծաղիկների

երևալուն պես

կորնգան

Հակավորում

-

Հակի բարձում և բեռնաթափում

-

 

____________________

*Նպատակահարմար է ցանքն իրականացնել ենթացանքով (գարի, ցանքի նորմա՝ 100-120 կգ/հա)

 

Աղյուսակ N 6

 

Հաշվարկ

Մեկ հեկտար հացահատիկային մշակաբույսերի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)

 

Աշխատանքի անվանումը

Արժեքը

(հազ. դրամ)

Վար

35

Ցանք

15

Բերքահավաք

35

Սերմ

55

Ընդամենը

140

 

Աղյուսակ N 7

 

Հաշվարկ

Մեկ հեկտար եգիպտացորենի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)

 

Աշխատանքի անվանումը

Արժեքը

(հազ. դրամ)

Վար

35

Ցանք

20

Բերքահավաք

35

Սերմ

80

Ընդամենը

170

 

Աղյուսակ N 8

 

Հաշվարկ

Մեկ հեկտար հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)

 

Աշխատանքի անվանումը

Արժեքը

(հազ. դրամ)

Վար

35

Ցանք

15

Բերքահավաք

50

Սերմ

100

Ընդամենը

200

Աղյուսակ N 9

 

Հաշվարկ

Մեկ հեկտար բազմամյա խոտաբույսեր (առվույտ, կորնգան) մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)

 

Աշխատանքի անվանումը

Արժեքը

(հազ. դրամ)

առվույտ

կորնգան

Վար

35

35

Ցանք

15

15

Բերքահավաք

110

95

Սերմ

60

75

Ընդամենը

220

220

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ